Ի՞նչ հարցեր լուծեցին Փաշինյանն ու Ալիևը սեպտեմբերյան մարտերով
2022 թվականի սեպտեմբերյան մարտերի քաղաքական օրակարգը
Մեկ տարի առաջ այս օրը՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ էին ձեռնարկել ՀՀ ինքնիշխան տարածքի ուղղությամբ 4 ուղղություններով, հետագայում, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ԱԺ-ում մարտերի առաջին օրը հայտարարել, երկու-երեք ուղղություն ևս ավելացել է:
Կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում նշված է. «2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, վիրավորվել է 293 զինծառայող և քաղաքացիական 7 անձ, գերեվարվել է 20 զինծառայող»:
Ինչ վերաբերում է տարածքային կորուստներին, ապա սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից օրեր հետո՝ սեպտեմբերի 16-ին, Ջերմուկում ԳՇ պետը հայտարարել էր, որ Ջերմուկի հատվածում հակառակորդը մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8.5 կմ լայնությամբ ճակատով և մինչև 7.5 կմ խորությամբ, այդ օրվա դրությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի մատույցներից 4.5 կմ հեռավորության վրա էր:
Գեներալ Ասրյանը շարունակել էր, որ «հակառակորդն ապահովել է 1-1.5 կմ մխրճման խորություններ Ներքին Հանդի ուղղությամբ, որոշակի դիրքային առավելություն Շորժաների ուղղությամբ, Իշխանասարի ուղղությամբ մոտ 0.5 կմ խորությամբ հաջողություն»:
Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր՝ վերջին գործողությունների հետևանքով հայկական կողմը կորցրել է 50 դիրք:
Այս տեղեկությունն «Ազատության» հետ զրույցում հաստատել էր նաև լրագրող Թաթուլ Հակոբյանը։
«Սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի ընթացքում ադրբեջանական կողմը 50 կետում մտել է, 50 հայկական դիրք է զավթել, որոնցից 17-19-ը, ինչքանով տեղյակ եմ, 19-ը, հավանաբար, Հանդ, Ներքին Հանդ, Ճակատեն հատվածում, մյուսները՝ Ջերմուկի, Վերին Շորժայի, Վարդենիսի, Կուտականի հատվածներում»,- մանրամասնել էր նա՝ հավելելով, որ, ընդհանուր առմամբ, Ադրբեջանն առնվազն 100 կետերում ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք։
Ընդհանուր առմամբ, 2021-2022 թվականներին Ադրբեջանի կողմից վերահսկողության տակ է վերցվել Հայաստանի Հանրապետության մոտ 150 քկմ տարածք:
2022-ի սեպտեմբերյան մարտերին նախորդած և հաջորդած իրադարձություններն ու պաշտոնական հայտարարությունները
168.am-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը, ինչպես նաև՝ ում և ինչ զանգեր են եղել մարտերի օրերին:
Նախ նշենք, որ 2022 թվականի սեպտեմբերյան մարտերից առաջ Ադրբեջանը ապատեղեկատվություններ էր տարածում հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում հայկական կողմից կրակ բացելու վերաբերյալ, սոցցանցերում տեղեկություններ էին շրջանառվում ադրբեջանական զինուժի կուտակումների մասին: Ավելին, լուրեր էին շրջանառվում, որ Իրանն է Ադրբեջանի հետ սահմանին ռազմական տեխնիկա կուտակում:
Իսկ բուն մարտերից մեկ օր առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ին, Նիկոլ Փաշինյանը Աշտարակ քաղաքում քննարկել էր «Ակադեմիական քաղաքի կոնցեպտը»: Ըստ էության, նույն պատկերը, ինչ 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, երբ փորձ էր արվում թաքցնել Ադրբեջանի հարձակման փաստը, թեպետ շատ լավ էլ գիտեին:
Նախ անդրադառնանք մի քանի կարևոր օտարերկրյա այցերին
-2022 թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել էր ԱՄՆ և առնվազն սեպտեմբերի 10-ին դեռ ԱՄՆ-ում է գտնվել:
-Սեպտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել էր Ռուսաստանի Դաշնություն՝ Վլադիվոստոկ, հաջորդ օրը տեղի էր ունեցել Փաշինյանի և Պուտինի հանդիպումը, որի շրջանակում անդրադարձ էր կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հետ կապված նուրբ հարցերին:
-2022 թվականի սեպտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանն ընդունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին:
– Սեպտեմբերյան այցերից առաջ տեղի էր ունեցել Փաշինյանի բրյուսելյան այցը՝ 2022 թվականի օգոստոսի 30-ին, իսկ օգոստոսի 31-ին ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այն տևել էր մոտ չորս ժամ՝ փակ դռների հետևում։ Դրանից առաջ հայտնի էր դարձել, որ Արցախի և Հայաստանի միջև կապը օգոստոսի 31-ից հետո իրականացվելու է նոր միջանցքով, քանի որ արդեն որոշված էր, որ Ադրբեջանին են հանձնվելու Բերձորը և Քաշաթաղի շրջանի գյուղերը:
Ում և ինչ զանգեր են եղել մարտերի օրերին
Սեպտեմբերի 13-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Իրանի նախագահ Ռաիսիի, Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Նույն օրը Փաշինյանը հրավիրել էր նաև ԱԽ նիստ, որի ընթացքում որոշում էր կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
Այդ օրը Փաշինյանը նաև հեռավար մասնակցել էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին և ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 13-ին հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Սեպտեմբերի 15-ին էլ նախարարը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ, նաև՝ ՊՆ-ում ընդունել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Նույնը օրը ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբն էր ժամանել Հայաստան և հանդիպել Սուրեն Պապիկյանին:
Ի դեպ, մարտական գործողություններից հետո՝ սեպտեմբերի 18-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել էր պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը, իսկ սեպտեմբերի 19-ին՝ Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի ղեկավար, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին։
Ինչ ուշագրավ հայտարարություններ արվեցին սեպտեմբերյան մարտերի ֆոնին
Սեպտեմբերյան մարտական գործողություններից օրեր առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ին, Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպմանը խոստովանել էր, որ «պատերազմը կարող էր այլ ելք ունենալ», այն դեպքում, երբ պատերազմից հետո մոտ 2 տարի Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը հասարակությանը համոզում էին, որ 44-օրյա պատերազմը, պարտությունից բացի, չէր կարող այլ ելք ունենալ, քանի որ մեր դեմ միայն Ադրբեջանը չէր կռվում: Իհարկե, ըստ Փաշինյանի, պատերազմում կարող էինք այլ ելք ունենալ և չենք ունեցել բանակի ղեկավարության և զինվորականության մեղքով: Այսինքն՝ մեկ անգամ ևս ազատել էր իրեն թիվ մեկ մեղավորը լինելուց: Միևնույն ժամանակ Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն իրեն գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանը անկեղծորեն խոստովանել էր՝ «հրամանատարներից հրամաններ են եղել, որ ես չեմ կարողանում հասկանալ ոչ քաղաքականապես, ոչ բարոյապես, ոչ ռազմականապես»:
Իսկ արդեն սեպտեմբերի մարտերի օրերին՝ 2022 թվականի սեպտեմբերի 14-ին, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ուշագրավ մեկ այլ հայտարարություն էր արել.
«Գուցե շատերին տարօրինակ կթվա, որ Ադրբեջանն այսպիսով արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյա պատերազմի արդյունքներից: Ես հասկանում եմ, որ հիմա շատ տարօրինակ բան եմ ասում: Հիմա շատ մանրամասներ չեմ կարող ասել, բայց նաև պետք է արձանագրեմ հետևյալը՝ ինչքան էլ մենք երջանիկ չենք 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, բայց ակնհայտ է, որ հենց նոյեմբերի 10-ից սկսած Ադրբեջանը պայքարում է եռակողմ հայտարարության դրույթներն ի չիք դարձնելու համար»:
Այնուհետև Փաշինյանը շարունակել էր, որ Ադրբեջանը պայքարում է եռակողմ հայտարարության երեք հիմնական դրույթների դեմ. առաջինը, որ կա ԼՂ, երկրորդը, որ ԼՂ-ն ունի շփման գիծ, որի պաշտպանությունը և անվտանգությունը երաշխավորում է ՌԴ-ն, և ՌԴ-ն ԼՂ-ի և պաշտպանության գծի, այդ թվում՝ Լաչինի միջանցքի անվտանգության երաշխավորն է, և Լաչինի միջանցքը ստեղծվել է ՝ ԼՂ-ի և Հայաստանի միջև կապ ապահովելու համար:
«Այս 3 դրույթներն ունեն անկյունաքարային նշանակություն, և փաստն այն է, որ Ադրբեջանը պայքարում է այս երեք դրույթների դեմ: Իմ կարծիքով՝ իր դիրքորոշումներում Ադրբեջանը որոշակիորեն խճճվել է, օրինակ՝ ասելով, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, և ինքը Խորհրդային Միության սահմանները չի ճանաչում, այդտեղից տրամաբանական հարց կարող ծագել՝ ինչի՞ հիման վրա են ադրբեջանցիները պնդում, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է: Իմ կարծիքով՝ Ադրբեջանն արտահայտում է 44-օրյա պատերազմի արդյունքներից իր անբավարարվածությունը»,- հավելել էր Փաշինյանը:
Եվ հենց այս հայտարարությունից մոտ 2 ամիս հետո՝ դեկտեմբերի 12-ին, Ադրբեջանը փակեց Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, որը փակ է առ այսօր: Պատահականությո՞ւն, թե՞ զուգադիպություն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերյան մարտերի օրերին սոցիալական ցանցերում և մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին ֆեյսբուքյան իր էջում դա անվանել էր տեղեկատվական դիվերսիա՝ «ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»՝ պնդելով, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրել:
Մինչդեռ նույն օրն ավելի վաղ ԱԺ-ում հայտարարել էր, որ պետք է գնալ հարցերի կարգավորման, և, որ իր վրա վերցրել է պատասխանատվություն՝ ծանր որոշումներ կայացնելու:
«Բայց ծանր որոշումներ չի նշանակում՝ ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ: Մենք այդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը. մենք չենք կարող այսօր վերնագրերի ներքո գրենք՝ «խաղաղության պայմանագիր», տակը ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս անց նոր պատերազմ կսկսի: Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ, շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն՝ 29.800 քկմ տարածքով, ստանա տևական խաղաղություն և անվտանգություն:
Ես շատ հստակ ասում եմ՝ այն որոշումը, որ սա ապահովելու է, ես այդ որոշումը ստորագրելու եմ. ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո ՀՀ-ի հետ»,- շեշտել էր Փաշինյանը:
Ինչ է ստացվում՝ այսօր արդեն իսկ ընդունված թեզերը՝ ՀՀ տարածքային ամբողջականության և Արցախը՝ Ադրբեջանին թողնելու, ընդունվել են սեպտեմբերյան մարտերի արդյունքո՞ւմ: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն ինքն էր հայտարարել, որ «Ադրբեջանն այսպիսով արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյա պատերազմի արդյունքներից՝ հաշվի առնելով, որ ԼՂ-ն ունի շփման գիծ, որի պաշտպանությունը և անվտանգությունը երաշխավորում է ՌԴ-ն»:
Փաշինյանի այս հայտարարությանը հաջորդել էր այդ ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանի հայտարարությունը. «Մենք ունենք հրաման՝ ՀՀ սուվերեն սահմանների վերականգնում: Զինված ուժերի պարտականությունն է՝ կատարել վերադասի հրամանը: Ամեն ինչ անելու ենք, որ դրան հասնենք: Լսել եք բոլորդ, թե Հայաստանի Հանրապետության տարածքը որքան է, այդքանն էլ պիտի ապահովենք»:
Հետաքրքիր է՝ ԳՇ պետի տեղակալը, որն այսօր այլևս զինված ուժերում չէ, վերադաս ասելով՝ ո՞ւմ նկատի ուներ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանին, որը միայն պատերազմի ժամանակ է համարվում ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատար:
Երկրորդ՝ ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածը սահմանում է Զինված ուժերի պարտականությունը: Այն է՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:
Իսկ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ կողմերը պիտի կանգնեն պատերազմի ավարտին ունեցած իրենց դիրքերում: Այսինքն, արդեն իսկ կա տարածքային, դիրքային պարտականությունների և իրավունքների խաթարում, որի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է:
Իսկ 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի արդյունքում մեր տարածքային կորուստները հետևանք են 2021 թվականի մայիսի և նոյեմբերի ադրբեջանական առաջխաղացումների և տարածքային հաջողությունների: Մասնավորապես, 2021-ի նոյեմբերի 16-ին ադրբեջանա-թուրքական տանդեմի համաձայնեցված ռազմական օպերացիան ևս նրանց Նախիջևանի, Զանգեզուրի և Լաչինի միջանցքի հետ կապված նկրտումների համատեքստում էր: Այդ օրերի մարտական գործողությունների արդյունքում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղադրված քարտեզների, թշնամու զինուժը կարողացել էր դուրս գալ առանցքային և ռազմավարական կարևորություն ունեցող բարձունքներ՝ Արևելյան Սևանի լեռների կամ լեռնաշղթայի ուղղությամբ՝ դեպի Քարվաճառ, ինչպես նաև՝ Քիլիսալի լեռան շրջակայքում մարտերի հետևանքով գրավել են մի քանի հայկական դիրք: Ադրբեջանը նպատակ է ունեցել իր վիզուալ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, ինչը, թերևս, մասամբ հաջողվել էր:
Ի դեպ, 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել էր, որ «Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի դեմ, այդ թվում` Նախիջևանի կողմից»:
Թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից նոր հարձակման վտանգը ՀՀ-ի դեմ, ըստ էության, այսօր էլ չեզոքացված չէ, որքան էլ Իրանի պաշտպանության նախարարը հայտարարի, որ տարածաշրջանում նոր պատերազմ չի սկսվի, որքան էլ ադրբեջանական կողմն ինքն էլ լայնամասշտաբ պատերազմի հարցում այդքան էլ շահագրգռված չլինի: Ի վերջո, ռազմական ագրեսիաները հետապնդում են քաղաքական և աշխարհաքաղաքական նպատակ, որին գուցե տարածաշրջանի գլխավոր խաղացողները և գերտերությունները կարողանալու են հասնել, այսպես ասած, քաղաքական ճանապարհով՝ ՀՀ-ի հաշվին և առանց նրա:
Բնական հարց է ծագում՝ ինչ մասշտաբի գործողությունն են համարում պատերազմ, օրինակ, սեպտեմբերյան մարտերի նման գործողությունները հնարավոր է չհամարվեն պատերազմ, ինչպես 2022-ին չհամարվեցին, այդ թվում՝ ՀՀ իշխանությունների կողմից: