Բագրատ սրբազանը պետք է ասի՝ ո՞վ է պնդել, որ ինքն առաջադրվի որպես վարչապետի թեկնածու. այդ շարժման տապալման սկիզբը դրվեց այդտեղից. Վահագն Վարագյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը հասարակական գործիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ընդդիմությունը պետք է իր առաջ ազնիվ լինի՝ ի՞նչ խնդիր ենք լուծում՝ այս իշխանությունից ազատվելո՞ւ, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենա, թե՞ իշխանություն վերցնելու: 
  • Ես կարծում եմ, որ, այո՛, ընտրություններով հնարավոր չէ իշխանափոխություն անել, որովհետև ժողովրդական խոսք կա՝ սելավի բերածը սելավն էլ պետք է տանի: Ինչպես եկել են, այնպես էլ պետք է գնան:
  • Ո՞վ է հիմա հիշում, որ Կանդազը նստած է: Բազմաթիվ մարդիկ են բանտերում նստած: Ընդդիմությունը հայտնվեց Պառլամենտում, արդեն 40 օր է անցել, բայց ընդդիմությունը դեռ հանձնաժողովի նախագահ է ընտրում: Իրենք ընկել են Նիկոլ Փաշինյանի օրակարգի մեջ ու շարժվում են այդ օրակարգով: Փաշինյանն Արցախը հանձնել է, 5000 տղաներ են զոհվել նրա գործողությունների արդյունքում, Տավուշից տարածքներ է հանձնել թշնամուն, էսքան աղետ է բերել, ու հիմա պարզում ենք՝ թալանե՞լ է, թե՞ ոչ: Կողքներդ նայե՛ք, կտեսնեք՝ ինչքան են թալանել…
  • Հարց եմ տալիս ընդդիմությանը՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ ունե՞ք, թե՞ չէ: 8 տարի ես միշտ փողոցում եմ եղել բոլոր փողոցային պայքարների ժամանակ, որևէ ամբիցիա չեմ ունեցել, հիմա էլ չունեմ: Նիկոլ Փաշինյանին բոլորս գիտենք, ինչքա՞ն կարելի է ասել՝ սա է արել, նա է արել: Նրան հեռացնելու պլանը ո՞րն է: Մեր ընդդիմությունը պլան չունի:

Կարդացեք նաև

  • Առջևում ՏԻՄ ընտրություններն են: Ընդդիմությունն ասում է՝ մասնակցելու են. դա ինչո՞վ է մոտեցնում Նիկոլ Փաշինյանի իշխանազրկումը, եթե ՏԻՄ-ում որոշում կայացնողները Նիկոլ Փաշինյանն ու իրավապահներն են: Գլխավոր չարիքը թողած՝ մանր-մունր պրոցեսներ են ցույց տալիս՝ պայքարի իմիտացիա ստեղծելով: Մարդու ձեռքին ավտոմատ է, դուք բռունցքներով դուրս եք եկել նրա դեմ: Դա չի ստացվելու:
  • 2018-ից անցել է 8 տարի, բայց այնքան ժամանակ չի անցել, որ մարդիկ բան չհիշեն: Էն մարդիկ, ովքեր Սերժ Սարգսյանին մեղադրում են Նիկոլին իշխանություն տալու մեջ, 2018-ին կա՛մ մասնակցել են հեղափոխությանը, կա՛մ լուռ համաձայն են եղել դրան: Ու «Ինչո՞ւ Սերժը կալանավորված չէ» ասողներն ավելի անբարոյական են, քան Նիկոլ Փաշինյանը: Ու նման բան ասողները հաճախ այն մարդիկ են, ովքեր պաշտոն են վերցրել Նիկոլ Փաշինյանից, հետո ազատվել են, դարձել ընդդիմադիր ու այսօր հարցեր են տալիս նրան: Հիմա հարց եմ տալիս՝ 2018թ. քանի՞ քաղաքական ուժ կանգնեց Սերժ Սարգսյանի կողքին, որ նա, ինչպես իրենք են ասում, իշխանություն չտա: Ո՛չ ոք: 
  • Սերժ Սարգսյանի ինչի՞ն էր պետք շարունակել մնալ վարչապետ: Նա 35 տարի ծառայել էր այս պետությանը: Բայց այս արհավիրքները կանխազգալով՝ փորձել էր թույլ չտալ, որ Արցախի ու Հայաստանի հետ լինի այն, ինչ եղավ: Դրա համար նա առաջադրվեց: Կարող էր հանգիստ գնալ ու անցնել վաստակած հանգստի, բայց չարեց, չէ՞: 2018-ին ոչ ոք, որևէ ուժ չի կանգնել Սերժ Սարգսյանի կողքին, որ նա կարողանա իշխանություն պահի, ու հիմա եկել, մեղադրում են: 
  • Բագրատ սրբազանը պետք է ասի՝ ո՞վ է պնդել, որ ինքն առաջադրվի որպես վարչապետի թեկնածու, որովհետև այդ շարժման տապալման սկիզբը դրվեց այդտեղից:
  • Սերժի ժամանակվա կոռուպցիոներները որտե՞ղ են՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանի կողքին են, կամ լուռ մի կողմ քաշված՝ շարունակում են փող աշխատել: Էն մարդիկ, ովքեր ասում են՝ կոռուպցիան էր պատճառը, որ եղավ 2018-ը, հայտարարում եմ՝ հիմա էլ կա կոռուպցիա, դե մարդկանց հանե՛ք փողոց, շարժում գեներացրե՛ք…
  • Սերժ Սարգսյանին մերժելու պատճառը եղել են այն արհավիրքները, որոնք Նիկոլ Փաշինյանին բերողները բերել են մեր երկրի գլխին: Բոլոր նրանք, ովքեր ունենալով ռեսուրս, չկանգնեցին Սերժ Սարգսյանի կողքին, որ կանխեն արհավիրքը, հավասարապես պատասխանատվությունը կիսում են Նիկոլի հետ, որովհետև նրանցից շատերը գիտակցում էին՝ ինչ է տեղի ունենում:
  • Սերժ Սարգսյանին մերժում են, որ կարողանան Նիկոլ Փաշինյանին իշխանության պահել, ու դա անում են արտաքին ուժերի հրահանգով: 
  • Մի քանի օր առաջ ես տեսել եմ, որ Տիգրանաշենում տեխնիկա է աշխատում, Նիկոլ Փաշինյանը նախապատրաստական աշխատանքներ է կատարում Տիգրանաշենը հանձնելու համար: Որևէ պառլամենտական քաղաքական ուժ գնացե՞լ է, տեսե՞լ է՝ ինչ է կատարվում, փորձե՞լ են կանխել տեղի ունեցողը… 
  • Այն, ինչ այսօր կատարվում է, իշխանափոխության հոտ չի գալիս: Պառլամենտական ընդդիմադիր ուժերն իշխանափոխություն չեն նախապատրաստում: Արցախի հանձնման ժամանակ քաղաքական ուժերն ի՞նչ են արել

  • Մարդիկ փորձում են խաղի մեջ մնալ, որ երբ Նիկոլ Փաշինյանը դադարի աշխարհաքաղաքական կենտրոնների համար հետաքրքիր լինել, կարողանան իշխանություն վերցնել: Նիկոլ Փաշինյանի իշխանության փոփոխություն իրենք չեն նախատեսում: Սա ազնիվ չէ մեր ժողովրդի նկատմամբ…
  • Լավ օրից չէր, որ Բագրատ սրբազանը շարժում ձևավորեց: Եթե այդ օրերին քաղաքական գործիչները լինեին Կիրանցում և Ոսկեպարում ու չփորձեին մարդ գտնել, որ պատասխանատվությունը բարդեին նրա վրա, Բագրատ սրբազանը շարժումը չէր գլխավորի:
  • Նիկոլ Փաշինյանն ինչ որոշել է հանձնել, հանձնվել է. ընդդիմությունը ոչինչ չի կարողացել կանխել: Ընդդիմությունը պետք է նստի մի սեղանի շուրջ ու փորձի հասնել իշխանափոխության: Մնացած ամեն ինչն իմիտացիա է: Ես ուղղակի շշմած եմ Ազգային ժողովում այսօր հանձնաժողովի նախագահների պաշտոնի համար ընդդիմության պայքարից: Լավ, դա իրենց ի՞նչ է տալիս:
  • Ընտրության գիշերը ժամը 1-ին ձայների հաշվարկը դադարեցվեց: Իշխանափոխություն խոստացող ընդդիմությունը բա չգնա՞ ասի Վահագն Հովակիմյանին՝ հըլը իջի ներքև, տեսնենք՝ ձայների հաշվարկն ինչո՞ւ դադարեցրեցիք: Ինչի՞ փողոց դուրս չեկան ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը, ինչի՞ իրենց հանձնաժողովի անդամներին կոչ չարեցին արձանագրությունները վերցնել, գալ ԿԸՀ-ի մոտ, հասկանալ՝ ինչ է կատարվում, թվերը համեմատել… Միգուցե իրենց ուզածն այն է, որ ժողովուրդը մի օր դուրս գա փողոց ու իշխանությանն ու ընդդիմությանը միասին ուղարկի տուն… Ինձ՝ շարքային քաղաքացուն, ընդդիմադիր ուժերն ասել են՝ գնա ընտրության, որ իշխանափոխություն անենք, ես գնացել եմ: Ես չեմ գնացել ընտրության, որ ինչ-որ ուժեր 30 մանդատ ունենան ԱԺ-ում:
  • Նիկոլ Փաշինյանը քարոզչական դաշտում ամեն ինչ կազմակերպում է: Նա լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց Նարեկ Նալբանդյան գործարարի մասին, ասում է, որ իր նյարդերի վրա ազդում է, հաջորդ օրը լրատվամիջոցներից մեկով տեսանյութ է տարածվում, որ նրան ձերբակալում են, պարզվում է՝ դա 2 տարվա վիդեո է, բայց դա արդեն շատ քչերն են իմանում, արդեն տարածել են… Եվ մարդկանց մոտ կեղծ ընկալում է առաջանում, որ Փաշինյանն ասաց ու արեց՝ իբր Նալբանդյանին կալանավորեցին…

Հիշեցնենք .«Նալբանդյան» օղիների արտադրող, Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, կասկածելի ձևով Սևանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը և Հովիկ Աբրահամյանի տունը սեփականաշնորհած Նարեկ Նալբանդյանին հայրենի Կոտայքի մարզի Արգել գյուղում հիշում են որպես ոչնչով աչքի չընկնող, հոր հետ Չարենցավանի ավազի հանքում աշխատող տղայի:

Շատերի մոտ հարցեր էին ծագում՝ ինչպե՞ս ստացվեց, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի դղյակը հապշտապ հանվեց կալանքից ու 2.5 միլիարդ դրամով վաճառվեց նորահայտ, ըստ մամուլի՝ իշխանամերձ գործարար Նարեկ Նալբանդյանին, որն անընդհատ ընդլայնում է իր բիզնեսները: 

Ըստ «Հետքի», Նալբանդյանը գնել էր նաև Նոր Հաճնի ադամանդի երբեմնի խոշոր գործարանը վարկային միջոցներով՝ 3 միլիոն դոլարով: Նալբանդյանը Փաշինյանի իշխանության օրոք ձեռք է բերել տարատեսակ բիզնեսներ՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, Սևանի ափին գտնվող հյուրանոցը, սուպերմարկետների ցանցեր, «Շիրակ» թռչնաբուծարան, ալրաղացներ: Ընդ որում, ըստ «Հետքի», որոշ բիզնեսներ ձեռք է բերել կամ շուկայականից էժան գներով, կամ էլ՝ ամբողջ գումարը չի վճարել: Նրան են պատկանում կամ առնչվում մի շարք խոշոր սուպերմարկետների ցանցեր, մասնավորապես՝ «88»-ը, «Ծիրան»-ը և «Օազիս»-ը։ «88»-ը սուպերմարկետների մի քանի տասնյակ ցանց է, որը կարճ ժամանակահատվածում (ստեղծվել է 2024 թվականից) մեծացրել է իր ներկայությունը՝ գործարկելով տասնյակ մասնաճյուղեր թե՛ Երևանում, թե՛ ՀՀ տարբեր մարզերում ու քաղաքներում (Գյումրի, Գորիս, Հրազդան, Էջմիածին և այլն)։

Նշենք նաև, որ «88» սուպերմարկետների սրընթաց ընդլայնումը ԶԼՄ-ները կապում էին Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի անվան հետ: 

  • Ինչո՞ւ են շատերն էդպես վախենում «նախկիններ» բառից: Ի՞նչ են արել նախկինները՝ Արցա՞խ են հանձնել, Ջերմուկի գլխին բերել թուրքի՞ն են նստեցրել, երկրի տարածքնե՞րն են տվել… Եթե նախկիններն ինչ-որ բան էլ սխալական արել են, ապա ո՞վ չի սխալվում, բոլորն են սխալական. Նիկոլ Փաշինյանը գիտակցված հայտարարում է՝ ինչ է արել ու ինչ է դեռ անելու, ինչ նոր աղետներ է բերելու:

2023թ. սեպտեմբերի 19-ին՝ Արցախի վրա հարձակման օրը, հայ զինվորը, խրամատում նստած, հետևել է, թե ինչպես են իր հայրենակիցներին ադրբեջանցիները սպանում: Դա ողբերգություն էր: Արցախի ժողովրդին թողեցին մենակ, իսկ իր՝ Փաշինյանի ֆրակցիայի ղեկավարն ասում է՝ սեպտեմբերի 19-ը Հայաստանի իրական անկախության օրն է: Դա ստորության գագաթնակետն է:

  • Ո՞նց կարելի է հաշտվել Բաքվի բանտում պատանդներ ունենալու իրականության հետ: Դա մեզնից յուրաքանչյուրի պատվի ու նամուսի հարցն է, ազգային խայտառակություն, ամոթ: Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, մյուս գերիները Փաշինյանի և Ալիևի գերիներն են: Ոչինչ չեն անում Բաքվից մեր հայրենակիցներին բերելու ուղղությամբ. վստահ եմ՝ պայմանավորված են Ալիևի հետ, որ այդ մարդկանց վերադարձով Արցախի հարցը նորից օրակարգ չգա: Ինչպե՞ս կարելի է հաշտվել այդ իրողության հետ ու գնալ, Պառլամենտում Նիկոլ Փաշինյանին հարցեր տալ:
  • Այսինքն՝ մենք համարում ենք, որ Արցախն անվերադարձ կորսվա՞ծ է: Վաղն այն մարդիկ, ովքեր այդպես են մտածում, Հայաստանը կորցնելուց հետո դրա հետ էլ են հաշտվելու փարիզներում նստած: Ցանկացած քաղաքական գործիչ, ով հայտ է ներկայացնում, պետք է խոսի Արցախի հարցի մասին:
  • Եթե Նիկոլ Փաշինյանը մինչ օրս իշխանության ղեկին է, ուրեմն որևէ պայքար արդյունք չի ունեցել: Տիգրանաշենի հանձնմանը խոչընդոտողներն Արցախի հանձնման, Կիրանցի ու այլ տարածքների հանձնման ժամանակ ազատության մեջ են եղել, որևէ կերպ խոչընդոտե՞լ են դրանց: Թող պայքարի իմիտացիա չստեղծեն: Ամեն ինչ сухой остаток-ով է որոշվում:
  • Նիկոլ Փաշինյանը չի կարող գնալ Սահմանադրության հանրաքվեի, որովհետև Պառլամենտում չունի բավարար ձայներ: Եթե պառլամենտական ընդդիմությունն ինձ ասում է՝ «ՈՉ»-ի ճամբար պետք է ձևավորել, ուրեմն դա նշանակում է, որ Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը դա անելու համար իրեն պակասող 6 մանդատն արդեն ունի: Գնացե՞լ եք Պառլամենտ, ուրեմն գոնե էդ մի ճակատը պահեք, այլապես Նիկոլի հետ միասին կհայտնվեք «ԱՅՈ»-ի ճամբարում: Դուք «ՈՉ»-ի ճամբարի հետ ոչ մի գործ չունեք: Այդ ճամբարը ձևավորելու են արտախորհրդարանական ուժերը:
  • Եթե չլիներ պառլամենտական կառավարման համակարգը, դրա դեմ խոսող ուժերն այսօր Պառլամենտում չէին լինի: Այո՛, միգուցե Սահմանադրության փոփոխություն հիմա մեզ պետք է, բայց դա պետք է քննարկվի Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո: Նիկոլ Փաշինյանն ամեն օր ոտնահարում է Սահմանադրությունը, ու բոլորը պետք է ամեն ինչ անեն երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար: Ովքեր Նիկոլ Փաշինյանի հետ միասին հիմա մտնում են Սահմանադրություն փոխելու դիալոգի մեջ, իրենք Նիկոլ Փաշինյան են:
  • Դատա կենտրոններում հովացման համակարգեր են պետք: Մինչև հիմա չեն ասում՝ ինչո՞ւ են հենց Հրազդանն ընտրել: Եթե պարզվի, որ հովացումն իրականացնելու են Հրազդան գետի ջրերով, դա բերելու է մեծ էկոլոգիական աղետի:

Հիշեցնենք. Հրազդանում ստեղծվող Firebird(Firebird AI) արհեստական բանականության տվյալների կենտրոն ու ԱԲ գերհամակարգչային ֆաբրիկա է: Հիշեցնենք. ամերիկյան հեղինակավոր պարբերականը՝ The Wall Street Journal-ը (WSJ), սեպտեմբերի 4-ին՝ հղում անելով բանակցություններին մասնակցած անձանց, գրել է. «ԱՄՆ-ը օգտագործել է Nvidia-ի չիպերի խոստումը՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործարքը կնքելու համար:

  • Այս իշխանությունները դիտավորյալ սոցիալական խնդիրներ են առաջացնում, որ մարդիկ այլ բաների մասին չմտածեն: Սոցիալական ծանր խնդիր ունեցող մարդը Ղարաբաղի և այլ ազգային հարցերի մասին չի մտածի, չէ՞…

  • Եղբայր, որ ասում ես՝ Տիգրանաշենը հանձնեմ, որ Ջերմուկից դուրս գան ադրբեջանցիները, էդ ադրբեջանցիներին ո՞վ է բերել Ջերմուկ, ո՞ւմ մեղքով են այնտեղ հայտնվել… Լավ, պատերազմ էինք պարտվել, հայ ժողովրդին կազմակերպված պատերազմի էին տարել, բայց դրանից հետո մի տարի ժամանակ եք ունեցել, որ այնպիսի ամրաշինական կառույցներ սարքեիք, որ թուրքը Ջերմուկին մոտ չգար: Ինչո՞ւ չեք արել: Մինչև Քարվաճառի հանձնումը և անգամ դրանից հետո խրամատավորվելու հնարավորություն ունեիք, ինչի՞ չեք արել: Հատուկ չեն արել, որ հիմա Տիգրանաշենը հանձնեն… Ներքին Հանդում մարդիկ թաղում չեն կարողանում անեն, որովհետև թուրքը գերեզմանատանը նստած է: Թուրքիան Ներքին Հանդ բերելու ժամանակ նախագահն ո՞վ է եղել՝ Սերժ Սարգսյա՞նը, Ռոբերտ Քոչարյա՞նը, Լևոն Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ դո՛ւ
  • Եթե ռուսական ռազմաբազան հանի, ու Թուրքիան որոշի Ախուրյան կամ Ամասիա մտնել, ի՞նչ ենք անելու: Էդ հարցերի պատասխանները մենք չունենք:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930