Սյունիքը և Իրանը. հաղորդակցային կապից դեպի ռազմավարական անվտանգային փոխկախվածություն. Մաս 2

Սյունիքի նկատմամբ Իրանի ռազմավարական ընկալումը պայմանավորված է ոչ միայն դրա տնտեսական կամ տարանցիկ ներուժով, այլև այն հանգամանքով, որ Հայաստանի հարավային այս տարածքի զարգացումները կարող են անդրադառնալ Իրանի հյուսիսային շրջանների անվտանգային միջավայրի և Հարավային Կովկասում ձևավորվող ուժային հարաբերակցության վրա։

Այս խորապատկերում Հայաստան-Իրան սահմանը Թեհրանի համար ունի առանձնահատուկ ռազմավարական նշանակություն. Հայաստանի միջոցով Իրանը պահպանում է Հարավային Կովկասի հետ անմիջական ցամաքային կապն ու դեպի հյուսիս և արևմուտք հաղորդակցվելու այլընտրանքային հնարավորություն՝ առանց ադրբեջանական կամ թուրքական տարածքով անցնող երթուղիներից կախվածության։

Այդ այլընտրանքը կարևոր է ոչ միայն հաղորդակցային հնարավորությունների, այլև Իրանի հյուսիսային ուղղությամբ ռազմավարական մանևրի հնարավորության պահպանման համար՝ նվազեցնելով երրորդ երկրների տարածքային ու քաղաքական ազդեցությունից կախվածությունը։ Հետևաբար, Հայաստանի հետ անմիջական կապի պահպանումը Թեհրանի համար դուրս է գալիս զուտ տնտեսական կամ տրանսպորտային շահերի շրջանակից և ներառվում Իրանի հյուսիսային ռազմավարական միջավայրի պահպանման ավելի լայն հաշվարկում։

Իրանի համար առավել զգայուն է ոչ այնքան հաղորդակցային ենթակառուցվածքների զարգացումը, որքան դրանց շուրջ արտատարածաշրջանային դերակատարների երկարաժամկետ ներկայության ձևավորումը։ Եթե Սյունիքում հաղորդակցային նախագծերի իրականացումն ուղեկցվում է արտատարածաշրջանային ուժի երկարաժամկետ կազմակերպչական, տնտեսական կամ կառավարչական ներգրավվածությամբ, ապա գործընթացը Թեհրանի համար այլևս չի սահմանափակվում տրանսպորտային հաղորդակցության ընդլայնմամբ․ այն կարող է վերածվել Իրանի հյուսիսային ռազմավարական միջավայրի պայմանները փոխող գործոնի՝ մեծացնելով արտաքին ուժերի ներգործության հնարավորությունը տարածաշրջանում։

Կարդացեք նաև

Այս ընկալման մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու» (TRIPP) իրականացման հետ կապված անվտանգային ռիսկերի գնահատումը։ Իրանի համար հատկապես զգայուն է Հայաստանի հարավում ամերիկյան երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունը, քանի որ այն կարող է վերափոխել Իրանի հյուսիսային ռազմավարական միջավայրի պայմանները և ընդլայնել արտաքին ուժերի ներգործության հնարավորությունը տարածաշրջանում։

Այդ պատճառով TRIPP-ի նշանակությունը Թեհրանի համար չի սահմանափակվում հաղորդակցային գործառույթով. այն դիտարկվում է նաև դրա հնարավոր անվտանգային հետևանքների, Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական հավասարակշռության և Իրանի հյուսիսային անվտանգային միջավայրի հնարավոր փոփոխության տեսանկյունից։

Միաժամանակ, Իրանի դիրքորոշումը չի տեղավորվում հաղորդակցությունների նկատմամբ պարզ «կողմ» կամ «դեմ» վերաբերմունքի շրջանակում. որոշիչ է այն, թե նոր հաղորդակցային կապերի ձևավորումն ինչպիսի քաղաքական և անվտանգային միջավայր կձևավորի Իրանի հյուսիսային ուղղության շուրջ, ինչպես կանդրադառնա Հայաստանի հետ ռազմավարական հաղորդակցության նշանակության վրա և որքանով կնպաստի արտատարածաշրջանային դերակատարների երկարաժամկետ ներգրավվածության խորացմանը։

Այս հաշվարկում TRIPP-ի շուրջ Երևանի և Թեհրանի միջև փոխըմբռնման աստիճանն ու դրա իրականացման ձևաչափը կարող են առանցքային նշանակություն ստանալ, քանի որ դրանցից է կախված՝ հաղորդակցային նոր ուղին կմնա՞ Իրանի համար կառավարելի զարգացում, թե՞ կվերածվի նոր անվտանգային և ռազմավարական ռիսկի։

Այսպիսով, Սյունիքի վերաբերյալ Իրանի դիրքորոշումն ընկալելու ելակետը ոչ թե հաղորդակցությունների նկատմամբ «կողմ» կամ «դեմ» վերաբերմունքն է, այլ դրանց շուրջ ձևավորվող ռազմավարական միջավայրի գնահատումը։ Այդ հաշվարկում առանցքային է ոչ միայն Հայաստան–Իրան անմիջական հաղորդակցության պահպանումը, այլև այն, թե Սյունիքում ձևավորվող հաղորդակցային միջավայրը որքանով է պահպանելու Հայաստանի ռազմավարական ինքնուրույնությունը և սահմանափակելու արտաքին ուժերի ու տարածաշրջանային մրցակիցների ազդեցության ընդլայնման հնարավորությունը։

Եթե հաղորդակցությունների զարգացումը չի փոխում Իրանի հյուսիսային ուղղության անվտանգային պայմաններն ի վնաս նրա շահերի և չի ստեղծում արտաքին ուժերի երկարաժամկետ ռազմավարական ներկայության նախադրյալներ, ապա այդ գործընթացը կարող է Թեհրանի համար մնալ կառավարելի։ Հակառակ դեպքում այն կարող է Իրանի հաշվարկում վերածվել անվտանգային և ռազմավարական ռիսկի։

Այս դիտանկյունից Իրանի անվտանգային շահերն ու մտահոգությունները Հայաստանի համար կարող են դառնալ ոչ թե հաղորդակցային քաղաքականության սահմանափակող գործոն, այլ սեփական ռազմավարական հաշվարկի բաղադրիչ։

Հայաստանի շահը Սյունիքում նոր հաղորդակցային հնարավորությունների ձևավորումն է այնպիսի պայմաններում, երբ դրանց զարգացումը միաժամանակ ընդլայնում է երկրի արտաքին կապերն ու ռազմավարական ընտրության հնարավորությունները, պահպանում է Հայաստան–Իրան անմիջական հաղորդակցության նշանակությունը և չի ստեղծում որևէ արտաքին ուժի գերիշխող ներկայության կամ նոր ռազմավարական կախվածության նախադրյալներ։

Այդ պայմաններում հայ-իրանական շահերի մասնակի համընկնումը կարող է նպաստել Հայաստանի ռազմավարական դիրքի ամրապնդմանը՝ Սյունիքի հաղորդակցային ներուժը վերածելով ոչ միայն տնտեսական հնարավորության, այլև ռազմավարական ռեսուրսի և ընդլայնելով Հայաստանի անվտանգային ճկունությունն ու աշխարհաքաղաքական մանևրի հնարավորությունները։

TRIPP. հաղորդակցային նախագիծը և Հայաստանի ռազմավարական ինքնուրույնության հարցը

TRIPP-ի ռազմավարական նշանակության գնահատումը պահանջում է հստակ տարանջատել նախագծի իրավական բնույթը և դրա հնարավոր աշխարհաքաղաքական հետևանքները։ Իրավական առումով TRIPP-ը Հայաստանի տարածքում հաղորդակցային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հայ-ամերիկյան համագործակցության շրջանակ է։

Սակայն դրա ռազմավարական նշանակությունը չի սահմանափակվում նախատեսվող երթուղիներով կամ ակնկալվող տնտեսական արդյունքով. այն պետք է գնահատել նաև նախագծի իրականացման արդյունքում Հայաստանի տարածքում ձևավորվող երկարաժամկետ կառավարչական, տնտեսական և աշխարհաքաղաքական պայմանների շրջանակում։

2026 թվականի մայիսին հրապարակված, իսկ հունիսի 1-ին ԱՄՆ-ի և հունիսի 4-ին Հայաստանի կողմից ստորագրված շրջանակային համաձայնագիրը TRIPP-ը ձևակերպում է որպես Հայաստանի տարածքում հաղորդակցային կապերի զարգացման և տարածաշրջանային ու միջազգային տրանսպորտային կապակցվածության ընդլայնման նախագիծ։ Համաձայնագիրը միաժամանակ ամրագրում է Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը TRIPP-ի իրականացման տարածքների նկատմամբ, սակայն նախատեսում է նաև TRIPP Development Company-ի ստեղծում, որում ամերիկյան կողմին վերապահվում է 74 տոկոս վերահսկիչ մասնակցություն, իսկ Հայաստանին՝ 26 տոկոս։

Ըստ համաձայնագրի՝ նախագծի իրականացման տարածքների նկատմամբ ընկերությանը տրամադրվելու են նաև հողօգտագործման և կառուցապատման բացառիկ իրավունքներ՝ սկզբնական 49 տարվա ժամկետով։

Այս երկու դրույթների համադրությունն է, որ TRIPP-ի հարցը դուրս է բերում զուտ ենթակառուցվածքային շրջանակից և վերածում ռազմավարական խնդրի։ Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության իրավական պահպանումը ինքնին չի երաշխավորում, որ իր տարածքում ձևավորվող ռազմավարական ենթակառուցվածքի զարգացման, կառավարման և երկարաժամկետ գործարկման նկատմամբ որոշիչ ազդեցությունն ամբողջությամբ կմնա պետական վերահսկողության ներքո։

Ընդհակառակը, TRIPP Development Company-ում ամերիկյան կողմի 74 տոկոս վերահսկիչ մասնակցությունը և նախագծի իրականացման տարածքների նկատմամբ 49 տարվա բացառիկ իրավունքները ձևավորում են երկարաժամկետ կառավարչական և տնտեսական ազդեցության այնպիսի կառուցվածք, որի պարագայում պետք է տարբերակել Հայաստանի իրավական իրավազորությունը և ենթակառուցվածքի նկատմամբ դրա փաստացի ռազմավարական վերահսկողությունը։

Այդ վերահսկողության իրական մակարդակը կախված է ոչ միայն հայկական կողմին վերապահված իրավասություններից, այլև նախագծի կառավարման կառուցվածքից՝ հատկապես որոշումների կայացման և դրանց գործադրման վրա Հայաստանի ազդեցությունից, ինչպես նաև այն հնարավորությունից, թե որքանով է կարող պետությունը մասնակցել ենթակառուցվածքի զարգացման առաջնահերթությունների սահմանմանը և պաշտպանել դրա հետ կապված երկարաժամկետ ռազմավարական շահերը։

Համաձայնագրով նախատեսված կառավարչական մեխանիզմներն ու մի շարք վերապահված հարցերի շուրջ փոխադարձ համաձայնության պահանջը կարող են որոշակիորեն ապահովել այդ ազդեցության հնարավորությունը, սակայն դրանք ինքնին չեն երաշխավորում Հայաստանի որոշիչ դերակատարումը։ Հետևաբար, TRIPP-ի գնահատման առանցքը պետք է լինի ոչ միայն այն, թե ինչ իրավական կարգավիճակ է պահպանվում Հայաստանի տարածքում, այլև՝ որքանով է պետությունը փաստացի կարողանում ազդել իր տարածքում ձևավորվող ռազմավարական ենթակառուցվածքի կառավարման և դրա հետ կապված երկարաժամկետ որոշումների վրա։

TRIPP-ի ռազմավարական նշանակությունը պայմանավորված է ոչ միայն Հայաստանի տարածքում նոր հաղորդակցային ենթակառուցվածքի ձևավորմամբ, այլև դրա հնարավոր ազդեցությամբ Սյունիքի ռազմավարական դիրքի, տարածաշրջանային հաղորդակցային համակարգերի և ուժերի հարաբերակցության վրա։ Նախագծի շուրջ ձևավորվող երկարաժամկետ կառավարչական և տնտեսական ներգրավվածությունը կարող է հաղորդակցային ենթակառուցվածքին հաղորդել ավելի լայն քաղաքական և ռազմավարական նշանակություն։

Հետևաբար, TRIPP-ի գնահատումը պետք է դուրս գա դրա տնտեսական և տրանսպորտային արդյունավետության սահմաններից և ներառի ավելի կարևոր այն հարցը, թե նախագիծը ինչպիսի աշխարհաքաղաքական վերադասավորումներ կարող է առաջ բերել Հարավային Կովկասում և Հայաստանի շուրջ ձևավորվող ռազմավարական միջավայրում։

TRIPP-ի աշխարհաքաղաքական չափումը և Հայաստանի ռազմավարական ռիսկը

TRIPP-ի ռազմավարական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է տարբերակել դրա տնտեսական գործառույթը և այն աշխարհաքաղաքական հետևանքները, որոնք կարող են բխել նախագծի իրականացման եղանակից։ Շրջանակային համաձայնագիրը TRIPP-ը ներկայացնում է որպես Հայաստանի տարածքում հաղորդակցային կապերի զարգացման, միջազգային և միջպետական տրանսպորտային կապակցվածության ընդլայնման, առևտրի և ներդրումների խթանման գործիք։

Միաժամանակ այն նախագծին հաղորդում է ավելի լայն տարածաշրջանային նշանակություն՝ դրա իրականացումը կապելով Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման, տնտեսական ինտեգրման և արտաքին կապերի ընդլայնման նպատակների հետ։

Նախագծի աշխարհաքաղաքական նշանակությունը պայմանավորված է ոչ միայն այն հոսքերով, որոնք կարող են անցնել դրա միջոցով, այլև այն երկարաժամկետ ներկայությամբ, որը կարող է ձևավորվել նախագծի շուրջ։ Ենթակառուցվածքի զարգացման և կառավարման գործընթացում ամերիկյան կողմի համակարգային ներգրավվածությունը նրան հնարավորություն է տալիս մասնակցելու ոչ միայն նախագծի իրականացմանը, այլև դրա զարգացման առաջնահերթությունների ու հետագա գործառնական միջավայրի ձևավորմանը։

Այդ պատճառով TRIPP-ը երկարաժամկետ հեռանկարում կարող է խորացնել ԱՄՆ-ի տնտեսական և ենթակառուցվածքային ներգրավվածությունը Հարավային Կովկասում՝ ստեղծելով տարածաշրջանային հաղորդակցային ճարտարապետության ձևավորման վրա նրա ազդեցության ընդլայնման նախադրյալներ։ Միևնույն ժամանակ, այս հնարավոր ազդեցությունը դեռևս չի կարելի նույնացնել տարածաշրջանային հաղորդակցությունների նկատմամբ ձևավորված համակարգային վերահսկողության հետ։ Դրա իրական ծավալը կախված կլինի նրանից, թե նախագծի շուրջ ձևավորվող ներգործությունը որքանով կարող է դուրս գալ առանձին ենթակառուցվածքի շրջանակից և տարածվել տարածաշրջանային տնտեսական ու հաղորդակցային գործընթացների վրա։

Այս հնարավոր ազդեցության իրական ծավալն առավել հստակ է դառնում տարածաշրջանային հաղորդակցային համակարգերի փոխկապակցվածության պայմաններում։ Նախագիծը կարող է ներառվել Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաղորդակցային կապի ընդլայնման ավելի լայն օրակարգում՝ միաժամանակ կապվելով Կասպից ծովից դեպի Անատոլիա և Եվրոպա ձգվող Արևելք–արևմուտք երթուղիների ու դրանց շուրջ ձևավորվող ռազմավարական կապերի հետ։

Այդ դեպքում TRIPP-ը չի սահմանափակվի Հայաստանի տարածքով անցնող առանձին երթուղու գործառույթով. այն կարող է փոխել Սյունիքի դիրքը տարածաշրջանային հաղորդակցային համակարգում և, դրա հետ մեկտեղ, ազդել Հարավային Կովկասում հաղորդակցությունների, տնտեսական հոսքերի և դրանց շուրջ ձևավորվող ազդեցությունների հարաբերակցության վրա։

Սակայն այդ հետևանքները չպետք է դիտարկել որպես ինքնաբերաբար կանխորոշված արդյունք։ Դրանց իրական ծավալը կախված կլինի այն բանից, թե TRIPP-ը ինչ տեղ կզբաղեցնի Հայաստանի և տարածաշրջանի հաղորդակցային ընդհանուր ճարտարապետության մեջ, ինչպես նաև նրանից, թե նախագծի շուրջ ձևավորվող ազդեցությունը որքանով կպահպանվի դրա անմիջական շրջանակներում կամ կվերածվի ավելի լայն տարածաշրջանային գործոնի։

Այստեղ է, որ ի հայտ է գալիս Հայաստանի հիմնական ռազմավարական ռիսկը։ Այն պայմանավորված չէ ո՛չ նոր հաղորդակցային կապերի ձևավորմամբ, ո՛չ էլ արտաքին դերակատարի ներգրավվածությամբ ինքնին, այլ այն զարգացումների կուտակային ազդեցությամբ, որոնց պայմաններում նախագծի տնտեսական արդյունավետությունը կարող է ժամանակի ընթացքում նպաստել դրա շուրջ տնտեսական հոսքերի և շահերի կենտրոնացմանը։

Այդ կենտրոնացումը, զուգորդվելով երկարաժամկետ կառավարչական ներգրավվածության և TRIPP-ի միջոցով ձևավորվող հաղորդակցային ուղղության տնտեսական ու քաղաքական նշանակության աճի հետ, կարող է աստիճանաբար խորացնել դրանից բխող կախվածությունը և սահմանափակել Հայաստանի ռազմավարական մանևրի հնարավորությունները։

Եթե TRIPP-ի տնտեսական և քաղաքական նշանակությունը սկսի անհամաչափորեն գերակշռել Հայաստանի հաղորդակցային մյուս ուղղությունների համեմատությամբ և հաղորդակցային համակարգը փաստացի կենտրոնանա մեկ առանցքի շուրջ, ապա այն կարող է ձևավորել արդեն ոչ միայն ենթակառուցվածքային, այլև ռազմավարական կախվածության նախադրյալներ։

Հայաստանի համար, որը Արցախի կորստից հետո զրկվել է ռազմավարական խորությունից և ունի սահմանափակ թվով կենսունակ հաղորդակցային այլընտրանքներ, նման կախվածությունը ժամանակի ընթացքում կարող է վերածվել քաղաքական մանևրի հնարավորությունների էական սահմանափակման՝ նվազեցնելով անհրաժեշտության դեպքում սեփական ռազմավարական առաջնահերթությունները վերանայելու ազատությունը։

Հետևաբար, Հայաստանի համար TRIPP-ի ռազմավարական գնահատման առանցքային չափանիշը չպետք է լինի նախագծի ինքնին դրական կամ բացասական գնահատումը։ Առավել կարևոր է պարզել, թե դրա իրականացման արդյունքում ընդլայնվո՞ւմ են Հայաստանի ռազմավարական ընտրություններն ու մանևրի հնարավորությունները, թե՞, հակառակը, աստիճանաբար սահմանափակվում են։

TRIPP-ը Հայաստանի համար կարող է մնալ հաղորդակցային հնարավորություն այնքան ժամանակ, քանի դեռ այն ներառված է տարբեր հաղորդակցային ուղղությունների վրա հիմնված համակարգում և չի վերածվում այնպիսի կենտրոնական առանցքի, որի արդյունավետությունը սկսում է պայմանավորել երկրի ռազմավարական ընտրությունները։ Ուստի, Հայաստանի համար իրական ռիսկը ոչ թե TRIPP-ի իրականացումն է ինքնին, այլ այնպիսի հաղորդակցային կառուցվածքի ձևավորումը, որի պայմաններում նախագիծը կարող է աստիճանաբար վերածվել ռազմավարական կախվածության աղբյուրի

Թուրքիա-Ադրբեջան. Սյունիքի շուրջ ձևավորվող աշխարհաքաղաքական և անվտանգային համակարգը 

Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական հետաքրքրությունը Սյունիքի նկատմամբ չի սահմանափակվում Հայաստանի տարածքով հաղորդակցային կապի ստեղծման խնդրով։ Դրա հիմքում ընկած է ավելի լայն աշխարհաքաղաքական հաշվարկ, որի առանցքում, մի կողմից, Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև անմիջական հաղորդակցության ապահովումն է, մյուս կողմից՝ այդ կապի ներառումը Կասպից ծովից դեպի Թուրքիա և Եվրոպա ձգվող ավելի լայն հաղորդակցային համակարգում։ Այս հաղորդակցային ուղղությունը համահունչ է նաև Միջին միջանցքի տրամաբանությանը, որի շրջանակում Ադրբեջանն ու Թուրքիան ձգտում են ընդլայնել իրենց դերակատարությունը Ասիա–Եվրոպա ցամաքային հաղորդակցություններում։

Հաղորդակցային այդ հաշվարկի խորքում ընկած է պանթյուրքական գաղափարախոսությամբ պայմանավորված ավելի լայն աշխարհաքաղաքական տեսլական, որի շրջանակում Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև Հայաստանի տարածքով կայուն ցամաքային կապի ձևավորումը կարող է ամբողջացնել Թուրքիայի և Ադրբեջանի աշխարհագրական կապը՝ այն վերածելով շարունակական հաղորդակցային շղթայի՝ դեպի Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետություններ։

Այդ կապի ընդլայնումը ոչ միայն ամրապնդում է Անկարա-Բաքու առանցքի տարածական և տնտեսական կապակցվածությունը, այլև նախադրյալներ է ստեղծում «թյուրքական աշխարհի» առավել սերտ քաղաքական, տնտեսական և հաղորդակցային ինտեգրման համար, որի կարևոր հենասյուներից են Թյուրքական պետությունների կազմակերպության շուրջ ձևավորվող համագործակցությունն ու Միջին միջանցքի զարգացումը։ Այս խորապատկերում Սյունիքը Թուրքիայի և Ադրբեջանի համար ձեռք է բերում ոչ միայն տարանցիկ, այլև ընդգծված աշխարհաքաղաքական նշանակություն, քանի որ Հայաստանի հարավով ձևավորվող կապը կարող է դառնալ այդ ավելի լայն ինտեգրացիոն տարածականության առանցքային օղակներից մեկը։

Հետևաբար, Սյունիքի նկատմամբ թուրք-ադրբեջանական հետաքրքրությունը չի կարելի գնահատել միայն հաղորդակցության արդյունավետության կամ տնտեսական շահի չափանիշներով. դրա հիմքում առկա է տարածաշրջանում սեփական աշխարհաքաղաքական ազդեցության ընդլայնման ավելի լայն ռազմավարական հաշվարկ։

Սյունիքի նկատմամբ թուրք-ադրբեջանական «միջանցքային» մոտեցումը պետք է դիտարկել ոչ միայն որպես հաղորդակցային կապի ձևավորման, այլև դրա շուրջ հատուկ քաղաքական և անվտանգային ռեժիմ հաստատելու ձգտում։ «Միջանցք» հասկացությունն այս պարագայում չի վերաբերում պարզապես ճանապարհի կամ երթուղու գոյությանը. այն ենթադրում է հաղորդակցության այնպիսի կարգավիճակ, որի դեպքում տվյալ ուղղության գործարկումը հնարավորինս դուրս է մնում այն պետության լիարժեք վերահսկողությունից, որի տարածքով անցնում է երթուղին։

Ադրբեջանի դիրքորոշումները հենց այս խորապատկերում են կարևոր. Բաքուն տարբեր փուլերում առաջ է մղել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան հատուկ կարգավիճակով հաղորդակցության գաղափարը՝ ներառյալ հայկական մաքսային և անվտանգային վերահսկողության սահմանափակման կամ բացառման պահանջները։

Այս մոտեցման խորքում ոչ թե պարզապես հաղորդակցության ապահովումն է, այլ այնպիսի ռազմավարական ուղղության ձևավորման ձգտումը, որի գործարկման և կառավարման նկատմամբ Հայաստանի ինքնիշխան վերահսկողությունը կարող է էապես սահմանափակվել։ «Միջանցքային» տրամաբանության հետ կապված այս պահանջները բացահայտում են Բաքու–Անկարա առանցքի նախընտրած ռազմավարական մոդելի էությունը։

Այս հարցի անվտանգային նշանակությունն առավել հստակ է դառնում թուրք-ադրբեջանական հարաբերությունների խորացող ռազմաքաղաքական բնույթի ֆոնին։ 2021 թվականի Շուշիի հռչակագիրը երկու պետությունների հարաբերությունները ձևակերպում է որպես դաշնակցային հարաբերություններ և նախատեսում է խորհրդակցություններ ու փոխադարձ աջակցություն այն իրավիճակներում, երբ կողմերից մեկի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը կամ անվտանգությանը սպառնալիք է առաջանում, ինչպես նաև ռազմական համագործակցության, համատեղ զորավարժությունների և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում փոխգործակցության խորացում։

Այսպիսով, Սյունիքի նկատմամբ թուրք-ադրբեջանական նպատակադրումը ձևավորվում է ոչ թե պարզապես հաղորդակցային կամ տնտեսական օրակարգի, այլ փոխադարձ անվտանգային պարտավորություններով ամրապնդված ռազմաքաղաքական մերձեցման պայմաններում։ Այդ հանգամանքը հաղորդակցային նախագծերին և դրանց շուրջ ձևավորվող վերահսկողության ու գործարկման պայմաններին հաղորդում է ավելի լայն անվտանգային նշանակություն, քանի որ դրանք կարող են դառնալ ոչ միայն տնտեսական կապերի, այլև թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական կապակցվածության ամրապնդման գործիք։

Սյունիքի դեպքում սա նշանակում է, որ թուրք-ադրբեջանական ռազմավարական նպատակադրումը պետք է դիտարկել ձևավորվող անվտանգային միջավայրի տրամաբանության շրջանակում, որտեղ Հայաստանի հարավային ուղղության նկատմամբ նրանց աշխարհաքաղաքական հավակնությունները զուգորդվում են երկու պետությունների միջև արդեն իսկ ինստիտուցիոնալացված ռազմաքաղաքական գործընկերությամբ։

Թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական մերձեցումը վերջին տարիներին ձեռք է բերել նաև արտատարածաշրջանային բաղադրիչ՝ խորացնելով Պակիստանի հետ ձևավորված պաշտպանական և ռազմատեխնիկական կապերը։ 2020 թվականի պատերազմի ընթացքում Պակիստանի քաղաքական և դիվանագիտական աջակցությունը Ադրբեջանին դրսևորվեց արդեն ձևավորված պաշտպանական ու ռազմատեխնիկական համագործակցության պայմաններում։

Հետպատերազմյան շրջանում այդ կապերը շարունակեցին խորանալ՝ ընդգրկելով ռազմական համագործակցություն, համատեղ զորավարժություններ և պաշտպանական արդյունաբերության ոլորտում փոխգործակցություն, իսկ Ադրբեջան–Թուրքիա–Պակիստան եռակողմ ձևաչափի ձևավորումն ու զարգացումը այդ հարաբերություններին հաղորդեց նաև բազմակողմ ինստիտուցիոնալ հենք՝ ընդլայնելով դրանց ռազմաքաղաքական բովանդակությունն ու աշխարհագրական ընդգրկումը։

Արդյունքում, Ադրբեջանի ռազմաքաղաքական կապերի աշխարհագրությունը հետևողականորեն ընդլայնվում է՝ թուրք-ադրբեջանական երկկողմ առանցքին ավելացնելով Հարավային Ասիայի խոշոր ռազմավարական դերակատարի հետ ինստիտուցիոնալացված պաշտպանական կապ։

Այս արդեն ձևավորված ռազմաքաղաքական կապերին նոր ռազմավարական չափում կարող է հաղորդել Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի ստորագրած Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը։ Թեև Ադրբեջանը դեռևս համաձայնագրի մասնակից չէ, դրա շրջանակի հետագա ընդլայնումը՝ Ադրբեջանին ներառելու ուղղությամբ, կարելի է դիտարկել որպես իրատեսական սցենար։ Եթե ապագայում Ադրբեջանը միանա այս ձևաչափին, ապա արդեն գոյություն ունեցող Ադրբեջան–Թուրքիա–Պակիստան ռազմաքաղաքական համագործակցությունը կարող է կապվել Սաուդյան Արաբիայի հետ ձևավորվող հավաքական պաշտպանության համակարգի հետ՝ ստեղծելով Մերձավոր Արևելքից և Հարավային Ասիայից մինչև Հարավային Կովկաս ձգվող ավելի լայն ռազմաքաղաքական փոխկապակցվածության հնարավորություն։

Դա դեռևս չի նշանակում միասնական ռազմական բլոկի ձևավորում, սակայն կարող է ընդլայնել Ադրբեջանի արտաքին անվտանգային հենարանները, էապես մեծացնել Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական կշիռը տարածաշրջանում և փոփոխել տարածաշրջանային զսպման տրամաբանությունն ու ուժերի հարաբերակցությունը։

Հայաստանի համար առավել զգայուն հանգամանքն այն է, որ նման զարգացումների պայմաններում Սյունիքի նկատմամբ թուրք-ադրբեջանական ռազմավարական նպատակադրումը կարող է ստանալ ավելի լայն աշխարհաքաղաքական հենք՝ միահյուսվելով Մերձավոր Արևելքից և Հարավային Ասիայից դեպի Հարավային Կովկաս ընդլայնվող ռազմաքաղաքական կապերի հետ, ինչը կարող է մեծացնել Հայաստանի հարավային ուղղության նկատմամբ արտաքին ճնշումների և անվտանգային բարդությունների խորացման հավանականությունը։

Շարունակելի

Արամ Շահնազարյան
Քաղաքական վերլուծաբան-Իրանի հարցերով փորձագետ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930