Տաշքենդ-Բաքու․ Միջին միջանցքն ու ոսկին՝ առաջնահերթությա՞մբ. Ուզբեկստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են հավերժական բարեկամության մասին, և ոչ միայն
Օգոստոսի 24-ին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բարձրագույն միջպետական խորհրդի երրորդ նիստում հայտարարել է Կասպից ծովում միասնական օպերատորով առանձին երկկողմ միջանցք ստեղծելու շահագրգռվածության մասին։
Դեպի ծով ելք չունեցող Կենտրոնական Ասիայի ամենաբնակեցված երկիրը խիստ շահագրգռված է արտաքին առևտրի ուղիների դիվերսիֆիկացմամբ։ Դա լավ հասկանում են Բաքվում՝ առաջ մղելով մուլտիմոդալ տրանսպորտային երթուղիները՝ շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը, ինչին ամեն կերպ աջակցում են Եվրամիությունը, ԱՄՆ-ը և Թուրքիան։
Ավելին, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ադրբեջանական ընկերությունները մտնում են Ուզբեկստանում ոսկու հանքավայրերի մշակման, արծաթի հանքաքարերի վերամշակման և հազվագյուտ մետաղների արդյունահանման հեռանկարային նախագծերի մեջ։
Մասնավորապես, AzerGold ընկերությունը նախատեսում է մասնակցել Քաշքադարիի մարզի Կիտաբի շրջանում Ակբա ոսկու հանքավայրի շահագործմանը, ինչպես նաև երկրաբանահետախուզական աշխատանքներ կիրականացնի Նավոյի մարզի Նուրատայի շրջանում գտնվող հեռանկարային տեղամասերում։ «Ուզբեկ Երկրաբանահետախուզության» տվյալներով՝ պետական ռեգիստրում ընդգրկված ոսկու պաշարները նշված հանքավայրում գերազանցում են 13 տոննան, իսկ հետագա հետախուզությունը կարող է բացահայտել ևս մինչև 50 տոննա։
Եվս մեկ նախագիծ նախատեսում է հազվագյուտ մետաղների արդյունահանում Նավոյի, Տաշքենդի և Ջիզակի մարզերում։ Այստեղ որպես գործընկեր հանդես կգա նաև Ուզբեկստանում հայտնի Neqsol Holding-ը՝ միջազգային հոլդինգային ընկերություն, որն ավելի քան տասը երկրներում ակտիվներ ունի և իրականացնում է արդյունաբերական, թվային ու ենթակառուցվածքային նախագծեր։ Նաև Նամանգանի շրջանում նախատեսվում է կառուցել արծաթի հանքաքարի հարստացման գործարան՝ Sur Gold and Silver Project-ի շրջանակներում համագործակցության շրջանակներում։

SOCAR պետական նավթային ընկերությունը մտադիր է դուրս գալ Ուզբեկստանի մանրածախ շուկա և այնտեղ տեղակայել բենզալցակայանների սեփական ցանցը։ Այս մասին Ուզբեկստանի և Ադրբեջանի տարածաշրջանների 4-րդ համաժողովի ընթացքում հայտնել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միկայիլ Ջաբարովը։ Կարակալպակստանի Մույնակի և Կունգրադի շրջաններում (Արալյան ծովի ափին) և հարևան Խորեզմի մարզում կառուցվում են 8 բենզալցակայաններ, որոնցից հինգն արդեն շահագործման են հանձնվել երկու երկրների նախագահների մասնակցությամբ։
Հիշեցնենք՝ 2025 թվականի հուլիսին Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը, SOCAR-ը և «Ուզբեկնեֆտեգազը» համաձայնագիր են ստորագրել Ուզբեկստանի արևմուտքում գտնվող Ուստյուրտի սարահարթում ածխաջրածնային ռեսուրսների յուրացման ընթացքում արտադրանքի բաժանման մասին։ Փաստաթուղթը նախատեսում է ածխաջրածինների երկրաբանական հետախուզում, մշակում և արդյունահանում վեց նավթագազային բլոկներում՝ Բոյտերակ, Տերենգկուդուկ, Բիրգորի, Խարոյ, Կարակալպոկ և Կուլբոյ։
SOCAR-ը 30 տոկոս բաժնեմասով հանդես է գալիս որպես օպերատոր երկրաբանահետախուզական աշխատանքների փուլում, իսկ մայիսին BP-ն ստացել է 40 տոկոս բաժնեմաս։ Ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում է մոտ 2 միլիարդ դոլար։

Ֆինանսական հատվածում Ադրբեջանի միջազգային բանկի (ABB) ռեսուրսները միանում են Տաշքենդի «Դավր Բանկի» կապիտալին։ Agalarov Development-ը հանդիսանում է Sea Breeze Uzbekistan խոշոր առողջարանային նախագծի գործընկերը Տաշքենդի մարզի Բոստանլիկի շրջանում։ Ցանկը շարունակում են Ֆերգանայում և Տաշքենդում համատեղ ներդրվող ոսկերչական արտադրությունները, բնակելի համալիրները, հինգաստղանի հյուրանոցը, STEM դպրոցների ցանցը և Նոր Տաշքենդի «Ադրբեջան» զբոսայգին և այլն։
Ուզբեկստանցի տնտեսագետ, Տնտեսական զարգացման աջակցության կենտրոնի գիտական ղեկավար Յուլիյ Յուսուպովը նշում է, որ Ուզբեկստանի արտահանումը Ադրբեջան 2025 թվականին աճել է 211,6 միլիոն դոլարից մինչև 719 միլիոն դոլար։ Ընդ որում, այդ գումարից 508 միլիոն դոլարը բաժին է ընկել ոսկուն, որը նախորդ տարիներին Ուզբեկստանում ադրբեջանական գնումների մեջ չի հայտնվել։
Ուզբեկստանից արտահանումն Ադրբեջան մնացել է մոտավորապես նույն մակարդակի վրա՝ 211 միլիոն դոլար։ Ուստի, Յու. Յուսուպովի գնահատմամբ, «այդ թվերի հետևում առևտրային հարաբերություններում առաջընթաց չկա»։ Ավելորդ չէ նշել, որ Ուզբեկստանի ներդրումների, արդյունաբերության և առևտրի նախարարության տվյալներով՝ այս տարվա հունվար-հունիս ամիսներին ոսկերչական իրերի արտահանումը կազմել է ռեկորդային 685 միլիոն դոլար՝ 2,8 անգամ գերազանցելով 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Շ. Միրզիոևի կարծիքով՝ համատեղ տարանցիկ-միջանցքային նախաձեռնությունները թույլ կտան ուզբեկ արտահանողներին «բեռները ձևակերպել «մեկ պատուհանի» սկզբունքով և կրճատել նավահանգիստներում բյուրոկրատական ուշացումները, ինչը կբարձրացնի երթուղու մրցունակությունը»։ Պաշտոնական հայտարարության համաձայն՝ Բաքուն և Տաշքենդը քննարկում են Կասպից ծովում համատեղ նավատորմի գործարկման արագացումը, «ինչը նախկինում արդեն մշակվել էր նեղ կազմով»։
Բանակցությունների հիմնական արդյունքները դարձան «Հավերժական բարեկամության պայմանագրի» ստորագրումը և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար «ճանապարհային քարտեզի» ընդունումը։ Գործընկերության առաջնահերթ ուղղություններից են համատեղ ներդրումային ընկերության միջոցների ներգրավումը, ինչպես նաև էներգետիկայի, քիմիական և թեթև արդյունաբերության, ագրոարդյունաբերական համալիրի համատեղ նախագծերը։
Տաշքենդի նախաձեռնած միասնական օպերատորը կոչված է պարզեցնելու և արագացնելու միջանցքի ծովային հատվածում փոխադրման մասնակիցների փոխգործակցությունը, թեև դեռևս չի հստակեցվում, թե կոնկրետ որ կառույցը կարող է կատարել նման օպերատորի գործառույթները և ինչ ժամկետներում է նախատեսվում դրա ստեղծումը։
ՌԴ-ն շրջանցելու վերաբերյալ այս և այլ առաջարկություններն ուղղակիորեն բխում են Տրանսկասպյան 10-րդ ֆորումի առաջարկություններից, որը կազմակերպել է ԱՄՆ Կասպյան քաղաքական կենտրոնը՝ Պետդեպարտամենտի և ԱՄՆ Առևտրի պալատի հովանու ներքո։ Այս միջոցառման, ինչպես նաև նույն շարքի բազմաթիվ այլ միջոցառումների նպատակը Ռուսաստանի հետ սահմանակից Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ավելի սերտ ինտեգրումն էր՝ իհարկե, Սպիտակ տան գերիշխող դերի պայմաններում։ Նույն իմաստով պետք է դիտարկել նաև Կասպից ծովում միայն Ադրբեջանի հետ համատեղ առևտրային նավատորմի ստեղծման նախաձեռնությունը։
«Ծովային» նախաձեռնությունը նշանակում է կայուն հասանելիություն ստանալ Ադրբեջանի ցամաքային-տարանցիկ ենթակառուցվածքին, որն իր հերթին՝ շահագրգռված է Կենտրոնական Ասիայից լրացուցիչ տարանցիկ բեռներով՝ դեպի Թուրքիա և Վրաստանի Սևծովյան նավահանգիստներ, որտեղից ենթադրվում է լաստանավային հաղորդակցություն հաստատել Բուլղարիայի և Ռումինիայի հետ։
Հուլիսի սկզբին Ուզբեկստանի ներդրումների, արդյունաբերության և առևտրի նախարար Լազիզ Կուդրատովն այցելել է Անակլիայի, Փոթիի, Բաթումի նավահանգիստներ, ինչպես նաև Փոթիի ազատ արդյունաբերական գոտի։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են համագործակցության ծրագրերը, և, ըստ նախագահ Միրզիոևի մամուլի ծառայության, Ուզբեկստանը նախատեսում է արդեն 2027 թվականին շահագործման հանձնել 500 հազար տոննա հզորությամբ լոգիստիկ կենտրոնը Փոթիի նավահանգստում։
Ճիշտ է, միևնույն ժամանակ ոչինչ չի ասվում կոնկրետ օպերատորի ընտրության, ներդրողների և նախագծի արժեքի մասին, չկա նաև հայտարարված հզորության համապատասխանության կարևոր հարցի պատասխանը տարեկան փոխադրումների ծավալներին, նույնիսկ հաշվի առնելով դրանց ենթադրվող աճը։
Այնուամենայնիվ, նմանատիպ նախագծեր մշակվում են նաև թուրքական որոշ նավահանգիստների հետ, մինչդեռ Ուզբեկստանում նախատեսվում է ստեղծել խոշոր լոգիստիկ կենտրոններ Թերմեզում (Աֆղանստանի հետ սահմանին), Յանգիուլում, Ախանգարանում և Խանաբադում (Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի հետ սահմաններից ոչ հեռու) մինչև 2020-2030-ականների սահմանը։
Արևելագետ-թուրքագետ Վլադիմիր Ավատկովը նշում է. «գրեթե ամբողջ նոր լոգիստիկան կառուցվում է՝ որպես այլընտրանք, այլ ոչ թե որպես լրացում ռուսական երթուղիներին։ Ուզբեկստանը չի հրաժարվում Մոսկվայի հետ կապերից, սակայն աստիճանաբար հնարավորություն է ստանում արտաքին աշխարհի հետ առևտուր անել Չինաստանի, Կասպից ծովի, Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով»։ Միջին միջանցքի գծով ընթացող բուռն քննարկումների և սկսված աշխատանքների «այլընտրանքային» բնույթը դրսևորվում է նաև ամերիկյան հիմնադրամների հետ նրանց ավելի ու ավելի լայն փոխհարաբերություններում։
Այսպես, ս.թ. օգոստոսի 8-ին՝ Տաշքենդում բանակցություններից քիչ առաջ և Վաշինգտոնում Թրամփի, Ալիևի և Փաշինյանի հանդիպման տարելիցին, պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Trans-Caspian Enterprise Fund տրանս-կասպյան ներդրումային-վարկային հիմնադրամն արդեն սկսել է աշխատանքը։ Հիմնադրամն ունի տնօրենների խորհուրդ, իսկ ԱՄՆ-ը ի սկզբանե դրա համար հատկացրել է 201 մլն դոլար՝ պետական միջոցների հաշվին։
Ըստ երևույթին, հետագայում այդ միջոցները կավելանան նաև առևտրային ֆինանսավորման հաշվին։ Իսկ TRIPP+ Enterprise Fund-ից աճող ամերիկյան այս հիմնադրամի աշխատանքի աշխարհագրությունը, ինչպես հետևում է ցուցանակի փոփոխությունից, բնավ չի սահմանափակվում հայկական Սյունիքի 42 կիլոմետրանոց լեռնային հատվածով՝ այսպես թե այնպես ընդգրկելով նախկին Խորհրդային Անդրկովկասի և Միջին Ասիայի բոլոր երկրները։
Դմիտրի Նեֆյոդով
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

