Փաշինյանի խոստովանական ցուցմունքը. 2021թ. մայիսին բանակին չկռվելու քաղաքական հրաման է տրվել, տեղի է ունեցել «ուղիղ պետական դավաճանությո՞ւն»
2023 թվականի հունիսի 27-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքն իրեն ամեն ինչում մեղավոր է զգում, բայց երբ փորձում է ձևակերպել սեփական մեղադրական եզրակացությունը՝ փակուղու առաջ է կանգնում:
Փաշինյանը սպասում է, որ ընդդիմությունը հիմնավոր մեղադրանք առաջադրի
Փաշինյանը նշել էր, որ այդ հարցում ակնկալում է ընդդիմության օգնությունը:
«Ասվում է՝ գնայիր, սա ընդունեիր, չես ընդունել, մեղավոր ես: Դա չլինող բան էր, ոչ թե այն առումով, որ իրականանալի չէր, այլ ճիշտ չէր, չէր կարելի դա անել: Ես նաև ակնկալում եմ, որ ընդդիմությունն օգնի այդ հարցում: Գալիս և ԱԺ–ում ինձ ասում են, որ՝ Կովսականը տվեցիր, հետո ասում են՝ պատերազմը չկանգնեցրիր։ Հետո բացում և տեսնում եմ, որ հեռուստաէկրանին դարձել է Կովսական, բայց բանակցային գործընթացում մնացել է Զանգելան, որը պետք է վերադարձվեր: Հարգելի՛ գործընկերներ, ձեր խնդիրը նրանում է, որ մի նախադասության մեջ ինձ մեղադրում եք, որ Կովսականը հանձնել եմ, մյուս նախադասության մեջ մեղադրում եք, որ Զանգելանը չեմ հանձնել: Սա քաղաքական ձև չէ։ Ես ինձ մեղավոր եմ ճանաչում և զգում, բայց իմ մեղադրական եզրակացությունը գրելիս՝ գալիս և փակուղու առաջ եմ կանգնում, կանգնում եմ՝ Զանգելանի առաջ»,- շարունակել էր Փաշինյանը:
Բայց 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, 3 տարվա ընթացքում, ըստ էության, երկիրը պարտության տարածի և որպես գերագույն գլխավոր հրամանատար ձախողվածի մեղադրականը 44-օրյա պատերազմում պաշտոնավարած և գործող ռազմական ղեկավարությունը, ընդդիմությունն այդպես էլ չգրեցին, թեպետ նրա մեղադրականի համար բավարար հիմքեր կային և կան: Ընդ որում, դրանք ակներև էին հենց ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի տարբեր ժամանակներում արած հայտարարություններում. ինչո՞ւ չէ՝ նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի տարբեր ձևակերպումներում, որոնց մենք մանրամասն անդրադարձել ենք:
Իսկ Փաշինյանը շարունակում է սեփական մեղադրականը գրելու փորձերը և այս առումով մեսիջներ է ուղարկում ընդդիմությանը:
168.am-ը գրել էր, որ դեկտեմբերի 9-ին Իջևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ խաբել է իր կուսակիցներին և ժողովրդին Արցախի հարցի և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված, այսինքն՝ թաքցրել է ճշմարտությունը: Մասնավորապես, Փաշինյանը, ըստ էության, հաստատել էր այն պնդումը, որ Արցախի վերջին իշխանությունները չէ, որ 7-10 օրում Արցախի պետական ինստիտուտները տարել են լուծարման, իհարկե, դարձյալ հիշել էր նախկիններին:
«Կարող եմ հիմա ավելի ազատ խոսել, ցավոք, ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Երբ որ թեկուզ ասում են, որ ԼՂ այդ պահին գործող իշխանությունները լուծարեցին ԼՂ-ն, իրականում այս գործընթացն անխուսափելի էր դարձել 2016-ի օգոստոսին բանակցային գործընթացում տեղի ունեցած բովանդակային փոփոխությունների արդյունքում»,- հայտարարել էր Փաշինյանը: Այսինքն, ըստ նրա, Ղարաբաղում պետական հաստատված կարգի լուծարումը և զրոյացումն անխուսափելի էր: Եվ սա այն դեպքում, երբ Արցախում ադրբեջանական «հակաահաբեկչական» գործողություններից, ՊԲ կազմաքանդումից և հայկական երկրորդ պետության հայաթափումից հետո իշխանական պատգամավորները, իշխանամերձ փորձագետներն իրար հերթ չտալով՝ դրանում մեղադրում էին միայն Արցախի վերջին իշխանություններին՝ հղում անելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի անունից տարածված՝ Արցախի պետական ինստիտուտների լուծարման մասին հայտարարությանը:
Այսինքն, Իջևանում կուսակցականների հետ հավաքին Փաշինյանը, ով իշխանափոխությունից հետո հայտարարում էր, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը շարունակելու է կամ սկսելու է իր կետից, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևն իր համար ընդունելի չէ, և այն անգամ չի կարող քննարկման առարկա լինել, ըստ էության, խոստովանել է, որ գիտակցված խաբել է բոլորին՝ Արցախի, ՀՀ-ի ժողովրդին, իր ընտրողներին, կուսակիցներին, երբ 2019-ին հայտարարել է՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», երբ խոսել է Արցախի ինքնորոշումից, բանակցային սեղան վերադառնալուց, «անջատում՝ հանուն փրկության» բանաձևի իրագործման ապագայից և հնարավորությունից, երբ ինչ-որ ժամանակ Արցախի անվտանգության երաշխավոր է հռչակել Հայաստանին՝ կուսակցական և ոչ կուսակցական փաստաթղթերում:
Խաբել է՝ այդ պահին հանրության շրջանում առկա զգացմունքային ֆոնից օգտվելով՝ այն շահադիտական նպատակներով օգտագործելով հանուն սեփական քաղաքական ծրագրերի և գործարքների:
«Մեր` իշխանության հասնելու պահին մեր արձանագրումը պիտի լիներ այն, որ ըստ էության, այդ էմոցիոնալ ընկալման իրագործումը (Արցախը պահպանելու։- խմբ.) անհնար է: Մենք մեղավոր ենք, որ սրա մասին չենք խոսել մեր ժողովրդի հետ: Խնդիրն այն է, որ ես ինքս էդ պրագմատիկ իրողության հետ չեմ կարողացել հաշտվել մի քանի պատճառներով: Ես հասկացել եմ, որ էմոցիան և ռոմանտիզմը մի բան են, իրականությունն ու պրագմատիզմը` այլ բան: Բայց այդ խոսակցությունը բացելը նշանակում էր՝ ասել, որ՝ գիտե՞ք ինչ, 30 տարի ժամանակ ենք վատնել և ռեսուրսները ծախսել ենք մի խնդրի վրա, որն ի սկզբանե անլուծելի է, այդ թվում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերով»,- Իջևանում ասել էր Փաշինյանը՝ նորից հիշելով 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովը:
Այս նույն ձևակերպումները Փաշինյանը կրկնել է դեկտեմբերի 19-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում՝ ասելով, որ ինքը թաքցրել է ճշմարտությունը հանրությունից, և, որ ընդդիմությունն իր մեղադրանքները չի հիմնավորել, գուցե աննկատ է թողել այն, ինչի համար հիմքեր կային, իսկ Փաշինյանը կարծես թե այլևս փակուղու առաջ չի կանգնում, երբ փորձում է գրել իր մեղադրական եզրակացությունը:
«Ասածս շատ ուղիղ է և վերաբերում է հետևյալին. եթե հիշում եք՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո և նույնիսկ դրանից առաջ, մեզ մեղադրում էին վաճառելու, ծախելու և այլնի մեջ: Դրա տակ ի՞նչ էր հասկացվում, որ մենք վաճառել ենք, հանձնել ենք և այլն, այսինքն՝ խորքում նշանակում է, որ մենք ջանքեր չենք գործադրել, որպեսզի պահպանենք կամ Հայաստանի իրավունքը պաշտպանենք, կամ Լեռնային Ղարաբաղի իրավունքը պաշտպանենք, և այդպես շարունակ, այդ համատեքստում է մեղադրանքը:
Ես նկատի ունեի, որ եթե օբյեկտիվ կամ օբյեկտիվության հետ սահմանակցող մեղադրանք լինի, այն պետք է լինի ուրիշ բանի մասին, որ մինչև այդ կետը մենք ժողովրդի հետ չենք խոսել, եթե շատ կոպիտ ասեմ՝ Լեռնային Ղարաբաղի հարցում մեր պատկերացումների, նկատի ունեմ՝ հայկական պատկերացումների, և ցանկությունների իրականացման անհնարինության մասին: Այսինքն՝ երբ ես ասում եմ՝ մեզ մեղադրում են մի բանում, որում իրականում մենք մեղավոր չենք, մեզ չեն մեղադրում այն բանում, որում մենք կարող ենք կամ ավելի հավանական է, որ մեր մեղավորությունը կհիմնավորվի»,- շեշտել է նա:
Հավելենք, որ դեռ 2021 թվականին էր 168.am-ը գրել, որ նա թաքցրել է պատերազմի փաստը հասարակությունից: Մենք մեկ անգամ չէ, որ մանրամասն ներկայացրել ենք պատերազմական նախազգուշացումների խրոնոլոգիան և Փաշինյանի նախապատերազմյան խոստովանությունը՝ «մեկը դրսից կասի՝ գիտեք ինչ, ծախել են Ղարաբաղը»:
Իսկ Փաշինյանի վերոնշյալ ձևակերպումները, թերևս, պարունակում են տողատակեր և դեռևս չհրապարակված տեղեկություններ, ինչո՞ւ չէ՝ բանակցային գործընթացի, նախապատերազմյան և պատերազմյան ինչ-ինչ պայմանավորվածությունների վերաբերյալ:
Մյուս կողմից, Փաշինյանը կարծես թե ընդունում է, որ հանրությունից ճշմարտությունը թաքցնելը կամ խաբելը ծանր հետևանքներ է ունեցել և պատժելի արարք է և, առաջ ընկնելով, ինքնախոստովանական ցուցմունք է տալիս, որ մեղմի «հանցանքը»:
Վստահ ենք, որ այս թեմայով դեռ շատ բացահայտումներ են լինելու, և դա, կամա թե ակամա, կարող է շարունակի անել հենց Փաշինյանը, իհարկե, նույն 44-օրյա պատերազմի հետ կապված ամբողջական տեղեկություն կարող ենք իմանալ, թերևս, 20-30 տարի հետո: Փաշինյանն ինքն է իր հարցազրույցում ակնարկել այս մասին՝ նշելով. «Մենք սովորաբար կամ ելույթների մեջ բարձրաձայնում ենք եզրակացությունների հատվածները, իսկ թե ինչ պրոցեսներ կան, ինչե՞ր կան, որ բերել են այդ եզրակացությունների, իհարկե, դրանց մի մասը գաղտնի է, մի մասը հույժ գաղտնի է, մի մասը հատուկ կարևորության է: Երբեմն տեղեկատվության հատվածներ կան, որ առաջիկա 50 տարում չի հրապարակվելու: Բայց ես էլի ուզում եմ ասել, որովհետև հետո անընդհատ երկրներում մարդիկ են փոխվում, կառավարություններ են փոխվում, և այլն, և այդպես շարունակ, մենք պետք է նայենք խորքային իմաստներին և շարունակվող քաղաքականություններին»:
Փաշինյանն ինքն իրեն փորձում է համոզել՝ դեռ կարող է լինել առաջնորդ
Պետրոս Ղազարյանին տված Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցում տողատակեր, մեսիջներ պարունակող և ինքնախոստովանական այլ ձևակերպումներ էլ կային:
Առաջին, բացի այն ինքնախոստովանական ցուցմունքներից, որ Արցախի հայաթափման մեջ նաև իր պատասխանատվությունը կա, որ ինքը խաբել է հանրությանը, Փաշինյանը, ըստ էության, խոստովանում է, որ Արցախի և ՀՀ-ի շուրջ քաղաքական, ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական զարգացումները դուրս են եղել և դուրս են իր վերահսկողությունից, որ ինքը չի կարողացել այդ ամենը կանխատեսելիության ռելսերի վրա դնել, որ ինքը ձախողել է՝ որպես առաջնորդ, որովհետև, ըստ նրա, «առաջնորդի կարևոր պարտականությունն այն է, որ լուծում առաջարկի»:
Եվ հիմա Փաշինյանն ինքն իր հետ կռիվ է տալիս՝ փնտրելով արդարացման հիմքեր, թե ինչու է ինքը վատ առաջնորդ, նաև՝ ապացուցելու, որ ինքը դեռ առաջնորդ է կամ կարող է լինել: «Գիտեք՝ այսպիսի բան կա՝ իմաստուն առաջնորդ, իմաստուն քաղաքական գործիչ: Եթե ելնենք իմաստուն քաղաքական գործչի տրամաբանությունից՝ 2019 թվականին արդեն իմաստուն քաղաքական գործչի արձանագրումը պետք է տեսականորեն լիներ դա` 7 տարածքները պետք է հանձնել, Լեռնային Ղարաբաղի ընթացիկ կարգավիճակը զրոյացնել, ինչո՞ւ և ինչպե՞ս՝ ես հետագայում կասեմ՝ ինչու և ինչպես, Լեռնային Ղարաբաղում պետք է հաստատվի մաքսիմում՝ հայ-ադրբեջանական համատեղ կառավարում, և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի որոշակիացում չի լինելու այնքան ժամանակ, մինչև ադրբեջանցիները Լեռնային Ղարաբաղում լինեն մեծամասնություն: Երբ ասում են՝ իմաստուն քաղաքական գործիչ` ի՞նչ նկատի ունեն: Նկատի ունեն, որ նա կարող է կանխատեսել՝ ինչ է լինելու, և ըստ այդմ գործել: Բայց, հետևաբար, նույնիսկ այս 4 արձանագրումից հետո գալու էր 5-րդ հարցը»,- նշել է Փաշինյանը:
Այս համատեքստում նա փորձել է համոզել, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որն առաջարկեր Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը, այդ թվում՝ Մադրիդյան սկզբունքները:
«Այդպիսի մի տարբերակ եղել է միայն 1999 թ.-ին, որը ստորագրելու պարագայում կարելի էր ասել, որ ԼՂ հարցը լուծվել է. դա Մեղրիի և Լեռնային Ղարաբաղի փոխանակման տարբերակն էր, որ դրանով կարելի էր ավարտվել, որ հարցը փակվեց: Այսինքն՝ Մեղրիի շրջանը հանձնվում է Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղը միացվում է Հայաստանին: Դա միակ տարբերակն է եղել, որով կարելի էր արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծենք, մնացած որևէ տարբերակով ԼՂ հարցի լուծում չկար, չէր արձանագրվում հարցի լուծում: Եվ սա, իմ ընկալմամբ, ինչ-որ առումով նաև հատուկ էր արված, որպեսզի ԼՂ հարցը, որպես մահակ, միշտ հնարավոր լինի պահել Հայաստանի Հանրապետության գլխին:
Չգիտեմ, գուցե, ոմանք մտածում էին նաև` Ադրբեջանի գլխին, բայց ես հիմա Հայաստանի մասին եմ խոսում և Հայաստանի մասին եմ ուզում խոսել,-շարունակել է Փաշինյանը՝ հավելելով,- Եթե ունես կանխատեսելի միջավայր կամ հնարավորություն՝ պրոցեսը դարձնել կանխատեսելի, կարող ես քննարկել և որոշում կայացնել», հակառակ դեպքում ամեն ինչ անհնար է դառնում:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ մի կողմից՝ Փաշինյանն ընդունում է՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման իրական հնարավորություն ունեցել կամ դրան հասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մյուս կողմից, կամա թե ակամա, մեղադրում է Վազգեն Սարգսյանին, որ խանգարել է այդ գործընթացին: Մի կողմ թողնենք Մեղրին տալու կամ չտալու հետ կապված հակասական կամ աղավաղված պնդումները:
Ի դեպ, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակն արձագանքել է Փաշինյանի վերջին հարցազրույցին՝ ընդգծելով, որ բանակցային գործընթացի մասին նա կեղծիքի կրկնություն է թույլ տվել: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հիշեցրել էր նաև Մեղրիի հանձնման հետ կապված Ռոբերտ Քոչարյանի ավելի վաղ արված հայտարարությունները:
Մասնավորապես, 2021 թվականի հունիսին Երևանի Էրեբունի վարչական շրջանում հանդիպման ժամանակ արվածը:
«Մեղրիի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնական առաջարկ չի եղել ընդհանրապես։ Իմ նախագահության ժամանակ ես ստացել եմ երեք առաջարկ․ մեկը եղել է ընդհանուր պետություն ստեղծելու մասին, մեկը՝ Քի Վեստի գործընթացը, երբ Հեյդար Ալիևը վերջին պահին չստորագրեց, և վերջինը, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքներն էին։ Պաշտոնական այլ առաջարկ չի եղել։ Մեղրիի փոխանակման առաջարկը եղել է Ալիևի կողմից։ Այդ պատճառով ես հիմա շատ զգույշ եմ վերաբերվում միջանցք բառին, որովհետև նրանց նպատակը շատ ավելի լայն է, քան այն, ինչ առաջին հայացքից կարող է թվալ։ Առաջարկը եղել է Ալիևի կողմից, բայց պաշտոնական ձևակերպում չի ստացել, որովհետև մեր պատասխանը եղել է հետևյալը․ մենք չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը։ Սա շատ հասկանալի ու համոզիչ պատասխան էր։ Սակայն նա, այնուամենայնիվ, միջնորդների միջոցով փորձում էր առաջ տանել այդ գաղափարը, բայց Մինսկի խմբի շրջանակներում սա քննարկման առարկա չի դարձել։ Մեղրիի հարցը հիմա փորձում են կապել հոկտեմբերի 27-ի հետ, իբր Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիճյանը դրան կտրուկ դեմ էին։ Անվտանգության խորհրդի նիստին այս հարցը երբեք չի քննարկվել։ Եթե նրանք դեմ էին, թվում է, թե նրանց սպանությունից հետո այդ առաջարկը պետք է իրականություն դառնար։ Բայց այն ընդհանրապես կորավ։ Որևէ տրամաբանություն այստեղ չկա»,- մանրամասնել էր Ռոբերտ Քոչարյանը:
Այս համատեքստում հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 8-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, հայտարարել էր.
«Վազգենը, համարելով, որ ամենալուրջ ձեռքբերումն ազատագրված հողն է, 1999 թվականի սեպտեմբեր ամսին՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից մեկ ամիս առաջ, այցելում է Մեղրի ու գրում է, որ Մեղրին ամենակարևոր տարածքն է, եթե կուզեք իմանալ՝ Ղարաբաղից ավելի կարևոր: Այսինքն, մարդը, ով համարում է, որ ամենամեծ ստեղծագործությունն ազատագրված տարածքն է, ասում է՝ Մեղրին ավելի կարևոր է: Սա պետական մտածելակերպի բացառիկ դրսևորում է: Այսինքն, պետության շահից ելնելով՝ կարևորությունները հերթականության մեջ դնելու խնդիր է, որը լուծել է Վազգենը: Ինչի էր 1999-ին Վազգենը նույն բանն ասում, որովհետև կար նույն խնդիրը՝ Մեղրիի տարբերակով հարցը լուծելու: Եվ այդ ժամանակ Վազգենը համարում էր, որ Մեղրին ավելի կարևոր է, որ չի կարելի Մեղրիով Լեռնային Ղարաբաղի հարց լուծել: Հիմա էլ խնդիրն էդ հարթության մեջ առաջացավ: Ու ի պատիվ այսօրվա իշխանությունների, նրանք էլ Վազգենի նման գերադասեցին դա, որ չի կարելի Մեղրիով Ղարաբաղի հարց լուծել: Ու դրա համար այդտեղ չգրվեց միջանցք, ու դրա համար թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ արտգործնախարարը ցանկացած հարցազրույցում ասում են՝ միջանցքը մեզ համար կարմիր գիծ է, այնպես, ինչպես Վազգենի համար է միջանցքը եղել կարմիր գիծ»:
Այնուհետև Արամ Զավենի Սարգսյանը նշել էր, թե ՀՀ իշխանությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դրել են մի բայց, այն է՝ «Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության անվտանգության և իրավունքների խնդիրը պիտի լուծվի», որից հետո իր և գործող իշխանությունների դիրքորոշումը հիմնավորելու համար շարունակել էր.
«Տեսեք, որպեսզի Մեղրին չտրվի, որով շահագրգռված էր Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը 2020 թվականի պատերազմից առաջ, և Ալիևն ասում էր՝ եթե չտաք, ուժով եմ վերցնելու, իսկ ՀՀ ռազմավարական դաշնակիցն էլ չէր հակադարձում, և այն, որ չի տրվել Մեղրին, դրան հակադրվել է Արևմուտքը: Այդ հակադրությունը եղել է դիվանագիտական ճնշումներով»:
168.am-ն անդրադարձել էր Վազգեն Սարգսյանի եղբոր այս հայտարարությանը և արել մի քանի ճշտում ու հիշեցրել, օրինակ, 1999-ին ԱՄՆ կատարած այցի շրջանակում Վազգեն Սարգսյանի՝ Նյու Յորքի «Արձագանք» հայկական հեռուստաընկերությանը տված հարցազրույցը, որի ընթացքում նա պատմել էր, որ ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպմանը քննարկվել է Արցախի խնդիրը, առաջարկ է արվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից հետո ապաշրջափակման, ներդրումների դռները բացող քայլերի առնչությամբ:
«Ղարաբաղի հարցի լուծումը, ցավոք սրտի, գրեթե բոլոր քաղաքական հանդիպումների ժամանակ տրվում է՝ որպես անկյունաքար: Ղարաբաղի հարցի լուծմամբ են պայմանավորվում ոչ միայն հայ-ադրբեջանական, այլև հայ-թուրքական հարաբերությունները: Ասել է թե՝ տնտեսական համագործակցություն, ճանապարհների բացում և այլն: Փոխնախագահ Գորի հետ հանդիպման ժամանակ այս հարցը նմանապես հստակ դրվեց: Առաջարկվում է 2000 թվականի ընթացքում արդեն Ադրբեջանի հետ գտնել հարցի լուծման բանալին, եթե ոչ՝ հարցի լուծումը: Հստակ ասվում է՝ Ղարաբաղի հարցի լուծումից հետո տնտեսական համագործակցությունն ավելի կխորանա, և ՀՀ-ի առաջ կբացվեն բլոկադայի, ներդրումների դռները, ինչպես որ հաճախ ասվել է: Մեր դիրքորոշումը հստակ է՝ պատրաստ ենք տարածաշրջանային համագործակցության, համարում ենք, որ մեր երկրի զարգացման ուղին տարածաշրջանային համագործակցությունն է:
Մենք պիտի լավ հարաբերություններ ունենանք մեր բոլոր հարևանների հետ, բայց ոչ ի վնաս մեր ազգային շահերի: Նույն կարգով նաև Թուրքիայի հետ մեր հարաբերությունները: Իհարկե, բլոկադայի վերացումը, ճանապարհների բացումը, առևտրատնտեսական հարաբերությունները դրանք անհրաժեշտ են, բայց ոչ ի վնաս մեր ազգային շահերի, և մենք շատ հստակ արտահայտեցինք մեր դիրքորոշումը: Կարծում եմ, որ մեզ ճիշտ հասկացան: Ղարաբաղի հարցում, թերևս, այսքանը:
Այսինքն, դիրքորոշման մեջ որևէ էական փոփոխություն չկա: Մենք համաձայնություն տվել ենք ԵԱՀԿ ՄԽ-ի վերջին առաջարկության շրջանակներում՝ վերսկսել բանակցությունները, նախագահ Քոչարյանի և նախագահ Ալիևի միջև բանակցություններն ընթանում են: Զուգահեռ բանակցություններն ընթանում են նաև Արտաքին գործերի նախարարների միջև: Տեսնենք, թե դեպի ուր մեզ կհասցնեն այդ բանակցությունները: Նորից եմ կրկնում՝ նախագահի մոտ համոզմունքը նույնն է, ինձ մոտ համոզմունքը նույնն է, որ մենք մեր ազգային շահերի գնով որևէ զիջման չենք գնա: Փոխզիջման համաձայն ենք»,- նշել էր Վազգեն Սարգսյանը:
Իսկ նրա շատ հաճախ մեջբերվող հայտնի տեքստում, Վազգեն Սարգսյանը՝ շեշտելով Մեղրիի կարևորությունը, զգուշացրել էր. «Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող: Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ՝ սուտ է: Մեծ, համաշխարհային սուտ: Նախ՝ չեն տա, հազար ու մի ձև կա չտալու: Ղարաբաղը ապացույց, որ հողը գրիչով չեն վերցնում: Չեն տա:
Եթե տան, ավելի վատ: Որովհետև իրենք շատ են, իրենք այսօր մեզնից ուժեղ են: Տվեցին, գալու են ու մեզ ուտեն: Իրենց թվով: Իրենց տնտեսությամբ: Իրենց փողով: Իրենց խելքով: Իրենց շահով»:
Հիմա ի՞նչ կանխատեսելի միջավայր ստեղծելու մասին է ակնարկում Նիկոլ Փաշինյանը, ինչի՞ դիմաց՝ Մեղրին՝ Հայաստանի Հանրապետության չլուծարմա՞ն, թե՞…
Վերադառնանք Փաշինյանի հիշատակած 2019 թվականին և հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարին Դավոսում տեղի էր ունեցել Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական հանդիպումը: Իսկ նույն տարվա մարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի էին ունեցել Փաշինյանի ու Ալիևի բանակցությունները: Ավելի ուշ Վիեննայում Հայաստանի դեսպանությունում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը որոշ մանրամասներ էր հայտնել այդ հանդիպումից, որը դրական էր գնահատել:
«Ընդհանրապես, մինչև հիմա ընդունված է եղել այդ տրամաբանությամբ մոտենալ խոսակցություններին, գալ այն եզրակացության, թե, լավ` հանդիպեցին, ո՞վ հաղթեց, ո՞վ պարտվեց: Այս խոսակցության կարևոր առանձնահատկությունն այն է, որ խնդիր չի դրվում դուրս գալ և հայտարարել` ես հաղթեցի, դիմացինը պարտվեց… Բայց նաև պարզ է, որ ամեն մեկս ունենք մեր դիրքորոշումները, որոնցում խորապես համոզված ենք, բայց կարո՞ղ ենք փորձել խոսել նաև դիմացինի դիրքորոշման մասին, ի՞նչն է, որ դիմացինի դիրքորոշման մեջ տրամաբանական է, կամ ոչ: Ահա այս իմաստով եմ դրական համարում այս հանդիպումը և, անկեղծ ասած, դեռ չգիտեմ, թե ինչպիսի գնահատական ունի նախագահ Ալիևը, բայց հույս ունեմ, որ մեր գնահատականներն առնվազն տեսանելիորեն և շոշափելիորեն իրարից չեն տարբերվի»,- ընդգծել էր նա:
Հիշեցնենք, որ 2020-ի հոկտեմբերի սկզբին Ալիևը որոշ գաղտնազերծումներ էր արել և Փաշինյանին մեղադրել պայմանավորվածությունը խախտելու մեջ: Կարո՞ղ ենք ենթադրել, որ 2019-ին «իմաստուն առաջնորդը» խոստացել էր, որ Լեռնային Ղարաբաղում պետք է հաստատվի մաքսիմում՝ հայ-ադրբեջանական համատեղ կառավարում, բայց հետո գնաց և Ստեփանակերտում հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Հնարավոր է: Նիկոլ Փաշինյանն առաջինն է խախտել նաև 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունը, երբ դրա ստորագրումից մոտ մեկ ամիս անց միանձնյա որոշել էր Սյունիքից զորքը հետ քաշել և Ադրբեջանին հանձնել Գորիս-Կապան ճանապարհը, բայց այսօր, ըստ Փաշինյանի, Պուտինն է եղել առաջին խախտողը:
Նոր մեղադրանքներ Պաշտպանության նախկին նախարարների և ԳՇ պետի հասցեին
Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Փաշինյանը չի շրջանցել նաև բարձրաստիճան զինվորականությանը:
«Ընդ որում, ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել էլի Սոթք-Խոզնավարի դեպքերի վրա։ Ես այդ ժամանակ հրաժարական եմ տվել, Ազգային ժողովը լուծարվել է, և հունիսի 20-ին նշանակվել են ընտրություններ, այսինքն` իմ հրաժարականը, եթե չեմ սխալվում, ուժի մեջ է մտել մայիսի 10-ին կամ 11-ին։ Դրանից հետո կամ այդ օրերին Հայաստան է այցելել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, Երևանից մեկնել է Բաքու, Բաքվից մեկնել է Մոսկվա։ Ուղղակի ժամանակագրությունն եմ ասում` ոչ մի բան նկատի չունենալով։ Եվ տեղի է ունեցել Սոթք-Խոզնավարը։ Մեծ էր հավանականությունը, որ Հայաստանի կառավարությունն, ասենք, այլ ռեակցիա կտար, ինչի բերումով Հայաստանում ընտրություններ տեղի չէին ունենա, ինչը փաստացի կնշանակեր Հայաստանի Հանրապետության լուծարում։ Մենք հասկանում ենք, չէ՞, դրա քաղաքական հետևանքները։ Այն ժամանակ մեզ շատ մեղադրեցին, թե մենք այն չենք անում, այն չենք անում, բայց մենք հասկանում էինք, որ Հայաստանի Հանրապետության լուծարման խնդիր է դրված։ Զրո արձագանք ՀԱՊԿ-ից և զրո արձագանք Ռուսաստանից։ Ընդ որում, այն ժամանակ էլ մեր ընդդիմությունն ասում էր` լավ չեք դիմել, այս հոդվածի փոխարեն՝ դիմել են ուրիշ հոդվածով, դրա համար էլ ռեակցիա չի եղել։ Եվ կա ուրիշ մեղադրանք, թե Հայաստանի բանակը չի կռվել, ինչի՞ պիտի ՀԱՊԿ-ը կռվի։ Դրանից հետո տեղի ունեցան 2021 թվականի նոյեմբերի իրադարձությունները։ Այդ ժամանակ Հայաստանի բանակը կռվեց»:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ 2021 թվականի մայիսյան ադրբեջանական առաջխաղացումների ժամանակ բանակը չի դիմադրել, չի կռվել: Իսկ այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը Վաղարշակ Հարությունյանն էր, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը՝ Արտակ Դավթյանը:
Բայց Փաշինյանն ավելի հեռուն է գնում և, ըստ էության, տալիս հիմնավորումը՝ ինչու այդ ժամանակ բանակը չի կռվել, որովհետև եթե այլ ռեակցիա լիներ՝ Աժ ընտրությունները տեղի չէին ունենա, և կդրվեր ՀՀ լուծարման հարցը: Մենք հիշում ենք, որ 2021 թվականի փետրվարին Թուրքիայի ղեկավարությունը զգուշացրել էր, որ որևէ ռազմական հեղաշրջում չպետք է լինի, և պետք է տեղի ունենան ԱԺ արտահերթ ընտրությունները: Այսօր, սակայն, 2021 թվականի մայիսին տեղի ունեցած ադրբեջանական առաջխաղացումների գործով կա քրեական գործ, որով անցնում է գեներալ Արայիկ Հարությունյանը, ով այդ ժամանակ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր:
Ի դեպ, 2021 թվականի՝ Ադրբեջանի կողմից մայիսյան առաջխաղացումներից օրեր անց Նիկոլ Փաշինյանն այցելել էր Կութ, 2-րդ բանակային կորպուս, և տեսագրության մեջ երևում է, որ այդ ժամանակ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանը Փաշինյանին ցույց է տալիս ՀՀ ինքնիշխան տարածք մտած ադրբեջանցիներին, ինչ-որ քայլեր անելու առաջարկներ անում, որին Փաշինյանը բացասական պատասխան է տալիս: Բայց, չգիտես՝ ինչու, գեներալը լռում է այս տեսանյութի մասին, թեպետ դրա բովանդակությունը լիովին տեղավորվում է Փաշինյանի՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցի ընթացքում արված վերոնշյալ հայտարարության տրամաբանության մեջ:
Փաշինյանն ասում է, որ 2021 թվականի նոյեմբերյան մարտերի ժամանակ բանակը կռվել է, այդ դեպքում ինչո՞ւ այդ ֆոնին ազատվեց Արշակ Կարապետյանը, ով հոկտեմբերին հայտարարել էր, որ իրեն ազատել են նաև կրակելու հրաման տալու համար: Հիմա, երբ Փաշինյանն ասում է՝ նոյեմբերյան մարտերի ժամանակ բանակը կռվել է, սա ընդունենք որպես հակասական հայտարարությո՞ւն, թե՞ այստեղ նկատի ունի Սուրեն Պապիկյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը, ով փոխարինեց Կարապետյանին:
Մի բան փաստ է՝ Փաշինյանն այսօր ընդունել է, որ ինչ-որ փուլում բանակին քաղաքական շահերից ելնելով թույլ չի տրվել կրակել և դիմադրել ադրբեջանական հարձակումներին: Իսկ Փաշինյանը 2021-ի նոյեմբերի 15-ին Ա.Կարապետյանին ազատելու որոշումից օրեր անց՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում հայտարարել էր.
«Ի բնե հնարավոր չի այնպիսի բան, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման, դա կլինի ուղիղ պետական դավաճանություն»:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ 2021 թվականի մայիսին՝ քաղաքական շահերից ելնելով, տեղի է ունեցել «ուղիղ պետական դավաճանություն»…