Ադրբեջանի ինքնիշխանության գրավականը, կամ` ինչո՞ւ հիմա Ադրբեջանին ձեռնտու չէ զորքը հետ քաշել

Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրել էր Ադրբեջանին արված հայկական կողմի առաջարկը՝ հայ-ադրբեջանական սահմանից հետ քաշել զորքերը, որպեսզի հնարավոր լինի կանխել էսկալացիաները:

Իսկ զորքի հայելային հետքաշման առաջարկ հայկական կողմն անում է դեռ 2021 թվականի մայիսից և սպասում է ադրբեջանական արձագանքին: Մասնավորապես, 2021 թվականի մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումից հետո 2021 թվականի մայիսի 27-ին

Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում առաջարկել էր Սոթք-Խոզնավար հատվածում հետ քաշել և՛ հայկական, և՛ ադրբեջանական զինուժը, տանել մշտական տեղակայման վայրեր, տեղակայել միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի Դաշնության կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ:

«Առաջարկը հետևյալն է՝ պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի Զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից: Ընդհանրապես այդ տարածքներից Զինված ուժերի ներկայացուցիչները վերադառնում են մշտական տեղակայման վայրեր, իսկ այդ տարածքներում տեղակայվում են միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներգրավվածությամբ: Որից հետո միջազգային հովանու ներքո տեղի ունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք»,- նշել էր նա:

Կարդացեք նաև

2022 թվականի մարտին էլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ Երասխից ադրբեջանական զորքի հետքաշման վերաբերյալ առաջարկ է արել և սպասում է Ադրբեջանի արձագանքին:

«Պետք է արձանագրել նաև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքներն արագացնելու անհրաժեշտությունը՝ սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնող քայլերին զուգահեռ: Գիտեք, իհարկե, որ մենք հանդես ենք եկել սահմանից զորքերի հայելային ետքաշման առաջարկով, որպես ետքաշման կողմնորոշիչ՝ նկատի ունենալով խորհրդային ժամանակների Հայաստանի և Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագիծը:

Բայց ուզում եմ իմանաք, որ բացի ամբողջական ետքաշումից, մենք հանդես ենք եկել նաև տեղային ետքաշումների առաջարկներով և այստեղ էլ սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Մասնավորապես, Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք ետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք ետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Ինչպես ասացի, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,- շարունակել էր Փաշինյանը:

Այս տարվա մայիսին էլ Պրահայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Տավուշի գյուղերի հետ կապված ադրբեջանական պահանջին, հնարավոր էր համարել զորքի հետքաշումը նաև տավուշյան հատվածում։

«Մենք ասում ենք՝ պիտի սահմանի հարց դրվի և դիտարկվի, իրենք ասում են՝ սահման չկա, դելիմիտացված սահման չկա: Մենք ասում ենք՝ եթե դելիմիտացված սահման չկա, դուք ո՞նց եք որոշում՝ մատը որ դնում եք քարտեզի վրա, դա Ադրբեջանի տարածք է: Հիմա Ադրբեջանի զորքը, ասենք, կանգնած է Պառավաքարում իքս կետի վրա, մի ուրիշ տեղ էլ Հայաստանի զորքն է կանգնած: Մենք ասում ենք՝ պատրաստ ենք ամբողջ սահմանագիծն ընդունել 1975 թվականի քարտեզներով, բայց մեր դիրքորոշումն այն է, որ պետք է իրավական հիմքերը նայենք:

Հիմա ենթադրենք՝ Ադրբեջանի կամ Հայաստանի զորքը կանգնած է այս գծի վրա, և պետք է այդ գծից հետ քաշվի, էդ սկզբունքորեն համաձայն ենք, բայց պիտի հետ քաշվի, գնա որտե՞ղ կանգնի, էդ կանգնելու տեղը, էդ գիծը ո՞նց է որոշվում:

Նշանակում է՝ այդտեղ կա սահման, եթե կա սահման, ուրեմն եկեք վերցնենք էդ սահմանը, և ադրբեջանական զորք սահմանի գծից էս կողմ պետք է չլինի, հայկական զորք սահմանի գծից էն կողմ չպետք է լինի:

Շատ հնարավոր է՝ ոչ թե դա տեղի ունենա, նոր ստորագրվի խաղաղության պայմանագիր, այլ պայմանագիրը ստորագրվի այն մասին, թե դա ֆիզիկապես ինչպես և ինչ ժամկետներում պետք է տեղի ունենա:

Մենք պատրաստ ենք՝ ոչ թե իրենք հետ գնան, նոր ստորագրենք, այլ՝ ստորագրենք, նոր հետ գնան, մենք էլ, իրենք էլ, բայց դա պետք է գրվի և ստորագրվի այնպես, որ տարընթերցման տեղիք չտա»,- մանրամասնել էր Փաշինյանը:

Չմոռանանք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից կարճ ժամանակ հետո Փաշինյանի միանձնյա որոշմամբ Սյունիքից հետ էր քաշվել հայկական զորքը և Ադրբեջանին հանձնվել Գորիս-Կապան ճանապարհը: Չմոռանանք նաև, որ 2021-2022 թվականներին Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի մոտ 140 քկմ-ն, սա, ըստ պաշտոնական տվյալների, եթե հաշվենք նաև 90-ականներին օկուպացվածները, ապա, ըստ պաշտոնական տվյալների, այս թիվը 200 քկմ է:

Իսկ թե ինչ ռիսկեր և վտանգներ է պարունակում հայկական կողմի համար զորքի հետքաշումը Երասխից, Տավուշի հատվածից, որտեղ մեր բազմաթիվ դիրքեր ռազմավարական առումով առավելություն ունեն թշնամու դիրքերի նկատմամբ, մենք մեկ անգամ չէ, որ գրել ենք, մասնավորապես, զորքի հետքաշումն Ադրբեջանին հնարավորություն է տալու նոր հարձակումներ պլանավորել և նոր բարենպաստ դիրքեր դուրս գալ:

168.am-ի հետ հարցազրույցներից մեկում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, մասնավորապես, նշել էր, որ մեծ թվով ուղղություններում հայկական բնակավայրերը բավականին մոտ են շփման գծին, այդ հատվածում նույնիսկ 1 կմ հետքաշումն ուղիղ սպառնալիք է ստեղծելու հայկական բնակավայրերի համար:

Նույն միտքը, ըստ էության, երեկ հեռավար ասուլիսի ժամանակ 168.am-ի հարցադրմանն ի պատասխան՝ հաստատել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը:

«Եթե զորքը թեկուզ մի մետր հետ քաշեցինք, կապ չունի՝ որտեղից, շատ հնարավոր է՝ Հայաստանը կորցնենք, ինչպես Արցախը կորցրեցինք: Պետք է անպայման դիմադրենք»,- ընդգծել էր նա:

Այս դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանը՝ ի դեմս երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի, մերժել զորքի հետքաշման հայկական առաջարկը, թեպետ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը որոշ հիմնավորումներ արել է։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիա տեղի չի ունեցել: Նման պայմաններում, եթե զորքը հետ քաշվի, ի՞նչ երաշխիք, որ այդ դիրքերը չի զբաղեցնի մյուս կողմը: Ադրբեջանի համար այս առաջարկն անընդունելի է,- թուրք գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Բայրամովը և հավելել,- Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ Ադրբեջանի սահմանները պետք է պաշտպանեն միայն ադրբեջանական զինվորականները: Դա մեր սուվերեն իրավունքն է: Մենք Հայաստանին կոչ ենք անում կառուցողական պատասխան տալ մեր առաջարկին, միայն այս դեպքում իրավիճակը կարող է գնալ դրական հունով»:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը միաժամանակ ասել է, թե չի կարող ասել, որ Հայաստանի ուղարկած վերջին առաջարկը չի համընկնում նախորդի հետ, մասնավորապես, այդտեղ կառուցողական որոշ փոփոխություններ են մտցվել, որոնք հույս են տալիս արագ խաղաղության հասնելու առումով:

Ամեն դեպքում, ինչո՞ւ է Ադրբեջանը մերժում զորքերի հետքաշման հայկական առաջարկը:

168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը նախ նշեց, որ չի պատկերացնում՝ ինչպես է տեղի ունենալու զորքի հետքաշումը, օրինակ, Երասխի, Ներքին Հանդի, Կապանի հատվածում, որտեղ մայրուղին սահմանագծից ուղիղ գծով մի քանի մետր հեռավորության վրա է:

«Որտե՞ղ են հետ քաշվելու, ի՞նչ է լինելու զորքի հետ այս պարագայում: Իսկ Ադրբեջանին ձեռք չի տալիս հետքաշումը, որովհետև այս ընթացքում իրենք նստել են կարևոր ռազմավարական բարձունքների վրա: Այս դեպքում ինչի՞ պետք է հետ քաշվեն: Միակ հանգամանքը, որ կարող է ձեռք տալ դա՝ սա է՝ իրենց զորքը, ցավոք սրտի, ներկա դրությամբ ավելի մարտունակ է, պատրաստված, ուստի կարող է ինչ-որ ժամանակափուլ՝ 2-3 ամիս, կողմերը պայմանավորվեն և զորքերը, պայմանականորեն ասած, 3 կմ-անոց հատվածից հետ քաշվեն, բայց լարվածության սրման պահին մոբիլ խմբերով ադրբեջանական կողմը ոչ միայն կարող է գալ իրենց թողած բնագծերը զբաղեցնել, այլ պլան մշակել և միանգամից գալ ու նստել մեր դիրքերին: Այսինքն, կրկնակի առաջ գան և վերցնեն նաև մեր դիրքերը»,- ասաց նա:

Սրա նախադեպը մենք ունենք, երբ հայկական և ադրբեջանական կողմերը պայմանավորվել են հանել իրենց դիրքերն Արցախի Փառուխ գյուղի հատվածում, բայց հետո ադրբեջանցիք եկել էին այդտեղ նստել, ինչի արդյունքում և՛ Փառուխ գյուղը, և՛ ոչ հեռու գտնվող Քարագլուխ բարձունքը հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության տակ:

168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանն ասաց, որ զորքի հետքաշումն իր մեջ մի քանի շերտանի խնդիր է պարունակում:

«Նախ հոգեբանական գործոն կա դրանում՝ թե տվյալ հատվածում ստորաբաժանումների, և թե հասարակության շրջանում: Այսինքն, երկու կողմն էլ պետք է կարողանան հստակ բացատրել՝ որն է նման գործողության պատճառը: Սա մի շերտն է: Մյուս շերտն այն է, թե ինչ գին պետք է մենք վճարենք, որ Ադրբեջանը համաձայնի այդ գործընթացին: Այսինքն, ո՞րն է լինելու դրա գինը, որտե՞ղ է երաշխիքը, որ պայմանական ինչ-որ ժամանակահատվածից հետո Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումները շատ կարճ ժամանակում չեն ներթափանցի և հեշտությամբ չեն զբաղեցնի իրենց համար բարենապաստ դիրքեր: Այսինքն, բացի զորքի հետքաշումից, նաև մեխանիզմներ պետք է ստեղծվեն և սահմանվեն, որ, օրինակ, նման ստորաբաժանումները 30-50 կմ հեռավորության վրա պետք է գտնվեն: Սրան գումարած՝ պետք է միջազգային մեխանիզմներ գործարկվեն: Այլ հարց է, թե Ադրբեջանի համար այս փուլում որքանով է նպատակահարմար զորքի հետքաշման գնալը: Իմ կարծիքով, առնվազն այս փուլում նրանք ոչ մի մոտիվացիա չունեն նման քայլի գնալու համար: Իսկ եթե գնան, և նման գործընթաց սկսվի, այստեղ մենք պետք է առավել շատ տեղեկատվության տիրապետենք, որպեսզի գնահատենք նրանց մոտիվացիան՝ որն է պատճառը, ինչու են նրանք համաձայնում դրան: Այսինքն, եթե պատկերացնենք, որ նման բան կարող է լինել, և Ադրբեջանը հետքայլ է անում իր հայտարարությունից և համաձայնում զորքի հետքաշման, պետք է հասկանալ՝ ո՞րն է եղել դրա գինը, իսկ դա, պարզ է, թանկ է լինելու»,- մանրամասնեց ռազմական վերլուծաբանը:

Վերադառնանք Բայրամովի հայտարարությանը:

Առաջին, Ադրբեջանը, ըստ էության, ասում է այն, ինչ ռազմական վերլուծաբանները, որ եթե այսօրվա պայմաններում զորքի հետքաշում տեղի ունենա, մյուս կողմը կարող է գալ և նստել մյուսի դիրքերի վրա:

Երկրորդ, այս մտավախությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի գնում մի գործընթացի, եթե չի կարողացել լեգիտիմ հիմքեր ստեղծել, որ վերցրածը կամ վերցնելիքը մնալու է իրեն:

Երրորդ, Բայրամովը հստակ ասում է՝ երկիրն ինքնիշխան է, երբ սեփական սահմանն ու դիրքերն իր զինվորն է պահում:

Չորրորդ, Ադրբեջանը չի ասում, որ սահմանների հստակեցումից հետո ինչ-որ դիրքեր է զիջելու կամ բարձունքներ:

Այսինքն, կա հստակ անվտանգային գիտակցում, ինչը պետք է ունենար նաև Նիկոլ Փաշինյանը, ով թեև մի առիթով հայտարարել է, որ՝ «պատրաստ ենք՝ ոչ թե իրենք հետ գնան, նոր ստորագրենք, այլ՝ ստորագրենք, նոր հետ գնան, մենք էլ, իրենք էլ, բայց դա պետք է գրվի և ստորագրվի այնպես, որ տարընթերցման տեղիք չտա», սակայն այլ առիթներով պնդել է նախքան ստորագրումը զորքի տեղային հետքաշման մասին տարբեր ուղղություններով, և ինչպես վերևում նշեցինք, 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Սյունիքից միակողմանի զորքի հետքաշման գնաց: Սպասենք նոր զարգացումների:

Տեսանյութեր

Լրահոս