Հերթական քարոզչական խաբեությունը՝ պաշտոնյաների հարստացման հաշվին

Դատարկ գրպաններով իշխանության եկած ՔՊ-ականները կարծում են, թե այն, որ պետական բյուջեի հաշվին վերջին տարիներին իրենց աշխատավարձերը կրկնապատկել-եռապատկել են, վերաբերում է նաև սովորական քաղաքացիներին։ Մինչ քաղաքացիներն ամենօրյա ռեժիմով բախվում են հարկային բեռի ավելացումների ու համատարած թանկացումների հետևանքով արագորեն խորացող սոցիալական լարվածությանը, Նիկոլ  Փաշինյանը փորձում է համոզել, որ նրանք հիմա շատ անգամ ավելի լավ են ապրում, քան ապրում էին նախկինում։ Ասում է՝ Հայաստանը գտնվում է կայուն տնտեսական զարգացման ուղեծրի մեջ, իսկ քաղաքացիները վայելում են տնտեսական աճի արդյունքները։

«2024 թվականի արդյունքներով տարեկան միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 287 172 ՀՀ դրամ՝ 2018 թվականի համեմատ աճելով 114 445 ՀՀ դրամով կամ 66,3 տոկոսով, իսկ 2023 թվականի համեմատ՝ 17 178 ՀՀ դրամով կամ 6,4 տոկոսով: 2024 թվականի արդյունքներով տարեվերջի գնաճը կազմել է 1,5 տոկոս, իսկ 2018-2024 թվականների կուտակային գնաճը կազմել է 25,3 տոկոս։ Այսպիսով, 2018-2024 թվականների աշխատավարձերի իրական աճը կազմել է շուրջ 40 տոկոս։ Այսպիսով, Հայաստանը շարունակում է գտնվել կայուն տնտեսական զարգացման ուղեծրի վրա»,- եզրակացրել է Նիկոլ Փաշինյանը։

Բայց իրականում Հայաստանի տնտեսական իրավիճակը բացարձակ կապ չունի այս եզրակացության հետ։ Հերթական խաբեությունն է, որը սպասվող ընտրություններից առաջ մատուցվում է հասարակությանը։ Այն հայտնի աճերը, որոնք վերջին տարիներին արձանագրվել են, բոլորովին հիմք չեն տալիս ասելու, որ մեր տնտեսությունը գտնվում է կայուն զարգացման ուղեծրի վրա։

Ընդհակառակը՝ նման աճերից հետո Հայաստանի տնտեսության իրական վիճակն ավելի է վատացել, ավելի է ձևախեղվել տնտեսական աճի ու ՀՆԱ-ի կառուցվածքը։ Նման կառուցվածքով տնտեսական աճերը չեն կարող նպաստել երկրում սոցիալական վիճակի բարելավմանը, և դա պարզ երևում է աղքատության ցուցանիշներում, որոնք վերջին 7 տարիներին գրեթե չեն փոխվել, եթե չասենք՝ նահանջել են։

Կարդացեք նաև

Բացի այն, որ միջին աշխատավարձի աճը քիչ կապ ունի իրական աշխատավարձի ավելացման հետ, եղած աճերն էլ հիմնականում սահմանափակ ոլորտներում են տեղի ունեցել։

Իհարկե, Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, նման «մանրուքների» մասին չի խոսում, բայց փաստը մնում է փաստ, որ աշխատավարձի աճերը թաքնված են այդ մանրուքների տակ։

Պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ Նիկոլ Փաշինյանի ասած՝ աշխատավարձերի բարձր աճերը տեղի են ունեցել առավելապես մի քանի ոլորտներում։

Դրանցից մեկն էլ, թերևս, պետական կառավարման համակարգն է, որտեղ վերջին 7 տարիներին միջին աշխատավարձը գրեթե կրկնապատկվել է։ Կրկնապատկվել է հարկատուների վճարած հարկերի հաշվին՝ պետական պաշտոնյաների՝ ինչպես աշխատավարձերի բարձրացման, այնպես էլ՝ պարգևավճարների ու հավելավճարների բաժանման հաշվին։ Երբ դեռ չէին եկել իշխանության, հայտարարում էին, թե պատրաստ են նույնիսկ անվճար աշխատել՝ հանուն ժողովրդի։

Իշխանության գալուց կարճ ժամանակ հետո պարզվեց, որ ժողովրդից գաղտնի կրկնապատկել ու եռապատկել են իրենց աշխատավարձերը, ինչի հաշվին էլ պետական համակարգում միջին աշխատավարձը բարձրացել է։ Բարձրացել է հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի շատ ավելի կտրուկ բարձրացումների հաշվին։

Սա է եղել պատճառը, որ եթե 2017թ. պետական կառավարման համակարգում միջին աշխատավարձը կազմում էր 329 հազար դրամ, հիմա հասել է 618 հազար դրամի։ Ավելացել է 289 հազար դրամով։ Նախարարը, որը նախկինում ստանում էր 500 հազար դրամին մոտ աշխատավարձ, հիմա ստանում է գրեթե 1,5 մլն դրամ։ Նախարարի աշխատավարձն այս ընթացքում գրեթե 9 անգամ ավելի շատ է բարձրացել, քան միջին աշխատավարձի աճն է։ Նույնը նաև մյուս բարձրաստիճանների պարագայում է։

Հիմնականում այսպիսի կտրուկ փոփոխությունների հաշվին էլ պետական համակարգում տեղի է ունեցել միջին աշխատավարձի կրկնապատկումը։

Մասնավորում ևս կան ոլորտներ, որտեղ աշխատավարձերը կրկնապատկվել են։ Խոսքն առավելապես ՏՏ և ֆինանսական համակարգի աշխատավարձերի մասին է։

Եթե 2017թ. դեկտեմբերին, պաշտոնական տվյալներով, ՏՏ-ում միջին աշխատավարձը 567 հազար դրամ էր, հիմա անցնում է 1 միլիոնից։ Ավելացել է գրեթե 450 հազար դրամով՝ 4 անգամ ավելի շատ, քան միջին աշխատավարձն է աճել։

Ֆինանսական համակարգում միջին աշխատավարձը նույնիսկ ավելի շատ է բարձրացել։ Անցած տարվա դեկտեմբերին հասել էր 1 մլն 286 հազար դրամի։ Այն պարագայում, երբ 2017թ. 611 հազար դրամ էր։ Ավելացել է 670 հազար դրամով։

Առանձին ոլորտների այսպիսի կտրուկ աճերի հաշվին է տեղի ունեցել միջին աշխատավարձերի այն հարյուր հազար դրամը գերազանցող ավելացումը, որի մասին ասում է Նիկոլ Փաշինյանը՝ խուսափելով խորանալ «մանրուքների» մեջ։ Բայց դա բազմահազար աշխատող քաղաքացիներին բացարձակ չի վերաբերում։

Տնտեսության բազմաթիվ ոլորտներում միջին աշխատավարձը շատ ավելի քիչ է բարձրացել, եթե անգամ բարձրացել է։ Ու եթե դա համադրում ենք գնաճի, առավել ևս՝ իրական գնաճի հետ, տեսնում ենք, որ այդ մարդկանց սոցիալական վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև վատացել է։

Հարյուր-հազարավոր քաղաքացիների աշխատավարձերի փոփոխությունները ոչ մի կերպ չեն հասցնում գնաճի ու անընդհատ ծանրացող ֆինանսական բեռի հետևից։ Իրական գնաճը, որը մարդիկ զգում են իրենց գրպանի վրա, հատկապես՝ լայն սպառման ապրանքների շատ ավելի կտրուկ թանկացումների հետևանքով, անգամներով ավելին է, քան այն միջին գնաճը, որից իշխանության գալուց հետո այդպես կառչում է Նիկոլ Փաշինյանը։

Թե վերջին տարիներին Հայաստանում կուտակային գնաճն ինչքան է կազմել, սովորական քաղաքացուն բացարձակ հետաքրքիր չէ։ Թող Նիկոլ Փաշինյանը պարզապես ասի՝ ինչպե՞ս է, որ դարձել ենք տարածաշրջանում ամենաթանկ երկիրը, և դա ինչի՞ հետևանք է։ Միջազգային կառույցներն են արձանագրում, որ Երևանում կյանքն ավելի թանկ է, քան եվրոպական քաղաքներում։ Այն պարագայում, երբ Հայաստանում աշխատավարձերն անգամներով զիջում են եվրոպականին։

Պաշտոնական տվյալներով, Հայաստանում աշխատող քաղաքացիների գրեթե 41 տոկոսը ստանում է մինչև 150 հազար դրամ աշխատավարձ։ Խոսքը կեղտոտ կամ առանց հարկելու աշխատավարձի մասին է։ Այդպիսի աշխատավարձ է ստանում շուրջ 310 հազար քաղաքացի։ Նրանց մեծ մասը նվազագույն աշխատավարձ ստացողներն են։ Այս մարդկանց աշխատավարձը վերջին 7 տարիներին եթե բարձրացել է, բարձրացել է հազիվ մի քանի հազարով, իսկ կյանքը թանկացել է տասնյակ-հազար դրամներով։

Դեռ չենք խոսում հարյուր-հազարավոր թոշակառուների, նպաստառուների ու գործազուրկների մասին։ Միայն մի ցուցանիշ բերենք. վերջին 7 տարում միջին կենսաթոշակը Հայաստանում ավելացել է ընդամենը 8,8 հազար դրամով, մինչդեռ պետական կառավարման ոլորտում, այն էլ՝ առավելապես բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի, պարգևավճարների կտրուկ ավելացումների հաշվին, միջին աշխատավարձն աճել է 289 հազար դրամ՝ 39 անգամ ավելի շատ, քան միջին կենսաթոշակն է բարձրացել։

Ահա այսպես են բաշխել պետության ու հարկատուների փողերը։ Այդքանից հետո դեռ համարձակվում են սոցիալական արդարությունից, բյուջեի եկամուտների արդարացի բաշխումից, տնտեսության ներառական աճերից, հասարակ քաղաքացու կյանքի պայմանների բարելավումից խոսել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս