Ազդակներ Պետդումայից. Մոսկվան այլևս չի հանդուրժում. Ի՞նչ է սպասվում Երևանին «ֆիտոսանիտարական պատերազմից» հետո
Մոսկվայից Երևանի հասցեին գրեթե ամենօրյա ռեժիմով հնչող քննադատական հայտարարություններին է միացել նաև ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Վոլոդինը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն օգտվում է Ռուսաստանի կողմից տրամադրված հնարավորություններից՝ միաժամանակ կայացնելով Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ քաղաքական որոշումներ։
«Պետդումայի պատգամավորների կարծիքով՝ Փաշինյանը վարում է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ անբարյացակամ քաղաքականություն՝ ցինիկաբար օգտագործելով մեր երկրի կողմից տրամադրված հնարավորությունները»,- ռուսական Max ալիքում գրել է Վոլոդինը՝ պնդելով, թե «սա անազնիվ է և, ինչպես ցույց է տալիս Ուկրաինայի օրինակը, ոչ մի լավ բանի չի հանգեցնի»։ Ռուս բարձրաստիճան պաշտոնյան պնդել է, թե Մոսկվան պետք է որոշում կայացնի։
«Մենք այլևս չենք կարող լռել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին»,- գրել է Վոլոդինը՝ վերստին հիշատակելով Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին անցած տարի Հայաստանի խորհրդարանում ընդունված օրենքն ու Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդում երկու օր առաջ Հայաստանի հարցով հատուկ աշխատանքային խմբի քննարկում էր կազմակերպվել, որտեղ քարտուղար Սերգեյ Շոյգուն բավականին կոշտ հայտարարություններ էր հնչեցրել՝ Հայաստանի ղեկավարության քայլերը որակելով «անհամատեղելի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն», դրանց շարքում շեշտադրելով Հայաստանի եվրոպական ձգտումները: Սակայն ՀՀ իշխանությունները վստահ են, որ Մոսկվան կտրուկ գործողությունների չի գնա, չունի նման գործիքակազմ, իսկ հայ-ռուսական համագործակցությունը փոխշահավետ է, այսինքն՝ բխում է նաև ՌԴ-ի շահերից: Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց.
«Ես հասկանում եմ, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամ հարուցել ցանկացողների թիվը բավականին մեծ է, բայց ես ինչպես ասել եմ՝ մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու, չենք կռվելու: Ռուսաստանը գերտերություն է, որին պետք է վերաբերվել հարգանքով, և մենք վերաբերվում ենք հարգանքով»:
Նա կրկին ընդգծեց, որ ԵԱՏՄ-ն լքելու ցանկություն չունեն, իսկ այդ հարցը ԵԱՏՄ-ում կարող է բարձրացնել միայն Հայաստանը:
Նա նաև ասաց, որ ՌԴ շահերին վերաբերվում են հարգանքով և ՌԴ-ի շահերին դեմ գործողությունների չեն դիմում: Փաշինյանն ասաց, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետության ղեկավար է, ինչո՞ւ չպետք է գար Հայաստան: Ըստ նրա, Զելենսկին ՀՀ է եկել այնպես, ինչպես Ադրբեջանի հետ հակամարտության տարիներին Ադրբեջանի նախագահն այցելել է Ռուսաստան:
«Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել է «Վեստի»-ի եթերում, որ Հայաստանից ոչ միայն ծաղիկների, այլև միրգ-բանջարեղենի մատակարարումների հետ կապված խնդիրներ է արձանագրում: «Հարցն այն է, որ մենք խնդիրներ ունենք ոչ միայն ծաղիկների, այլ նաև բանջարեղենի և մրգերի հետ»,- ասել է Դանկվերտը: Ռուս պաշտոնյան նշել է, որ հայկական ձեռնարկություններում ստուգումները կշարունակվեն ևս մեկ շաբաթ։
«Այդ ստուգումների արդյունքներով էլ որոշում կընդունենք»,- հավելել է ծառայության ղեկավարը։
«Արգելքը ուժի մեջ կմնա մինչև ջերմոցների ստուգման ավարտը և արդյունքների վերլուծությունը: Չնայած Հայաստանի սննդի անվտանգության տեսչության կողմից տրված երաշխիքներին, այս տարվա առաջին ամիսներին Ռուսաստան ներմուծված 96,2 միլիոն ծաղիկների մեջ գրանցվել է սահմանված ֆիտոսանիտարական կանոնների խախտման 135 դեպք։ Սա ողջ 2025-ին հայտնաբերված դեպքերի ընդհանուր թվի 77%-ն է»,- ընդգծել է նա։
Հայկական կողմը երեկ հաղորդել էր, որ ռուս մասնագետների խումբ է ժամանել Երևան՝ ֆիտոսանիտարական ստուգումների։
Հիշեցնենք՝ «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակել է ծաղկային արտադրանքի ներմուծումը Հայաստանից։ Փաշինյանն այսօր իր ասուլիսի ընթացքում նաև այս հարցին անդրադարձավ, դրանք որակելով աշխատանքային խնդիրներ, որոնք տարվա ընթացքում պատահում են բազմաթիվ անգամներ, իսկ իրենք ԵԱՏՄ հարթակներում բարձրացնում են այդ հարցերը:
Մոսկվայի և Երևանի միջև հանրային հռետորաբանության կտրուկ խստացումը, որն արտահայտվում է ՌԴ-ից ուղղակի նախազգուշացումներով, վկայում է այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններում «ստատուս-քվոն» սպառվել է։
Ռուսաստանն այլևս պատրաստ չէ հանդուրժել Երևանի «աշխարհաքաղաքական դիվերսիֆիկացիան», երբ Հայաստանը փորձում է քաղաքականապես և ինստիտուցիոնալ մակարդակով մերձենալ Արևմուտքին, բայց միևնույն ժամանակ պահպանել ու սպառել ԵԱՏՄ տնտեսական օգուտները։ Երևանը համոզված է, որ Մոսկվան չունի բավարար գործիքակազմ, իսկ Մոսկվայում կարծես համարում են, որ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ճակատագրական է: Սակայն միանշանակ է, որ «Ռոսսելխոզնադզորի» կողմից գյուղմթերքի և ծաղիկների ներմուծման սահմանափակումները ոչ թե սովորական աշխատանքային խնդիրներ են, այլ տնտեսական առաջին հարվածները։ «Ֆիտոսանիտարական պատերազմ»-ը կարծես Ռուսաստանի ճնշման գործիքների առաջին փուլի մասին է վկայում:
Եթե ՀՀ իշխանությունները փորձեն շարունակել այս քաղաքականությունը, պետք է ամենայն հավանականությամբ պատրաստվեն Մոսկվայի կողմից տնտեսական և էներգետիկ լծակների փուլային, բայց հետևողական գործադրմանը։
Ռուսաստանը կարող է արհեստականորեն կաթվածահար անել հայկական արտահանումը Լարսի անցակետում, սահմանափակել վերաարտահանման շահավետ սխեմաները և վերանայել էներգակիրների սակագները, ինչը կարճ ժամանակում կհարվածի Հայաստանի տնտեսական աճին ու կսանձազերծի ներքին սոցիալական դժգոհություն, թեև Փաշինյանը պնդում է, որ կան պայմանագրեր, և դրանք չեն կարող խախտվել։
Նիկոլ Փաշինյանի հավաստիացումները, թե Հայաստանը հարգում է ՌԴ շահերը և չի պատրաստվում լքել ԵԱՏՄ-ն, Մոսկվայում կարծես ընկալվում են՝ որպես տակտիկական մանևրներ, քանի որ դրանք չեն համապատասխանում դե ֆակտո քաղաքական քայլերին։
Վոլոդինի կողմից Ուկրաինայի օրինակի բացահայտ հիշատակումն ազդակ է, որ Ռուսաստանը պատրաստ է գործիքներ օգտագործել Երևանի որդեգրած արտաքին քաղաքական կուրսը կոտրելու կամ իշխանության վրա ճնշումներ գործադրելու համար: Մոսկվան ստեղծում է մի իրավիճակ, որտեղ ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական համագործակցության շարունակականությունն ու արտոնություններն ուղղակիորեն պայմանավորվելու են քաղաքական հավատարմությամբ։ Ռուսաստանը ստեղծում է մի իրավիճակ, երբ Երևանի մանևրելու տարածությունը նեղանում է, և ՀՀ-ն մտնում է տնտեսական դիմակայության փուլ։
Եթե Հայաստանի իշխանություններին չհաջողվի Արևմուտքից ստանալ շոշափելի երաշխիքների այլընտրանքներ, ապա ռուսական հակազդեցությունը սպառնում է խառնել տնտեսական ու քաղաքական խաղաքարտերը:
Տնտեսական սեփական հաջողությունները՝ ռուսական շուկայի, իսկ քաղաքական ապագան՝ եվրոպական հույսերի վրա կառուցելու մոդելը կարծես չի աշխատում:



