Ռյուտեն կարծում է, որ Հորմուզի նեղուցի հարցով պետք է զբաղվեն առանձին երկրները, ոչ թե ՆԱՏՕ-ն
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության ապահովման հարցով պետք է զբաղվեն առանձին երկրները, այլ ոչ թե դաշինքը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նա նշել է, որ բազմաթիվ եվրոպական երկրներ նախօրոք իրենց մի քանի նավեր և սարքավորումներ տեղակայում են իրադարձությունների վայրին ավելի մոտ, ինչը թույլ կտա առավելագույն օգնություն տրամադրել հաջորդ փուլում:
«Հորմուզի նեղուցը ներկայում փակ է, և ազատ նավագնացությունը գտնվում է լուրջ սպառնալիքի տակ։ Իհարկե, խնդրի լուծումը բխում է մեր բոլոր դաշնակիցների շահերից, գուցե, դա ՆԱՏՕ-ի գործը չէ՝ որպես դաշինք, բայց մենք կօգնենք, որտեղ կարող ենք», – ասել է նա Շվեդիայի Հելսինգբորգ քաղաքում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում:
Ռյուտեն նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի հանգուցային դեր խաղալ Եվրոպայի միջուկային պաշտպանության գործում։ Նա նաև կարևորել է, որ Եվրոպան աստիճանաբար ավելի մեծ ներդրում ունենա սովորական սպառազինությունների հարցում:



