«Մանվել Սարիբեկյանի ողբերգական մահվան մեղքը ՀՀ իշխանությունների ուսերին է, հասկանում եմ՝ հարվածում եմ բանակի հեղինակությանը». Վարչապետ Փաշինյանը մոռացե՞լ է լրագրող Փաշինյանին

Հետևելով Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի՝ բանակին առնչվող դրվագներին, այդ թվում,  պատերազմում զինծառայողների, անհայտ կորածների, Ազատի կացարանում տեղի ունեցած հրդեհից մահացած զինվորների ծնողների, հարազատների էմոցիոնալ, բայց արդարացի պահանջ-հարցադրումներին երկրի ղեկավարի արձագանքը, ինչո՞ւ չէ՝ այն, որ երբեմն հնարավորություն չի տրվում այս մարդկանց բառ ասել, հիշեցի «Հայկական ժամանակում» 2010 թվականի հոկտեմբերին տպագրված մի անանուն հոդված-խմբագրական՝ «Շարունակում ենք «ինքնասպանվել»» վերտառությամբ:

Հոդվածի սկզբում անդրադարձ է կատարվում նույն ժամանակում Ադրբեջանի կողմից առևանգված և ադրբեջանական գերության մեջ սպանված 20-ամյա հովիվ Մանվել Սարիբեկյանին:

«Չեմ հավատում, որ քսանամյա Մանվել Սարիբեկյանը մոլորվել է, և ադրբեջանցիները ձերբակալել են հայ սահմանախախտին: Վստահ եմ, որ անհրաժեշտ է եղել «դիվերսանտ» հայտնաբերել, իրենք են խախտել մեր սահմանը և առևանգել հայ երիտասարդին` հակահայկական անհեթեթ առասպել հյուսելու համար: Ուրեմն` Մանվելի ողբերգական մահվան մեղքը ՀՀ իշխանությունների ուսերին է:

 Հասկանում եմ, որ այս հայտարարությամբ հարվածում եմ տարածաշրջանի ամենամարտունակ բանակի հեղինակությանը` կասկած հարուցելով մեր սահմանների հուսալիության նկատմամբ, բայց հո զոռով չի` չեմ հավատում: Գուցեև սխալվում եմ: Ինչ կա որ. եթե ՀՀ պաշտպանության նախարարն է ամեն Աստծու օր սխալվում ու մարսում, ես էլ կարող եմ սխալվել: Մանավանդ որ` իմ սխալվելը դժվար թե ճակատագրական նշանակություն ունենա Հայաստանի համար: Իսկ Սեյրան Օհանյանի և նրա տերերի սխալները ոչ միայն երկիրը գլորում են անդունդը, այլև պատճառ են դառնում, որ առնվազն շաբաթական մեկ անգամ լսենք, որ հայ զինվոր է ինքնասպան եղել:

Կարդացեք նաև

Ըստ մերոնց` հայ գերի Մանվել Սարիբեկյանին սպանել են: Կամ էլ` այնքան են տանջել գազաններն ու հրեշները, որ խոշտանգված երիտասարդն այլ ելք չի տեսել` ինքնասպանությունից բացի: Երկուսն էլ հնարավոր են… Ոչ մեկս չենք կարող պարծենալ, որ հակառակորդի ձեռքն ընկնելով` փրկության միակ ելքը ինքնասպանությունը չենք տեսնի: Ինչ բոցաշունչ բնորոշումներ են հնչում ադրբեջանցիների հասցեին, ոնց է նորից ալիք տալիս «թուրքը մնում է թուրք» թևավոր խոսքը: Այս նույն մարդիկ ո՞նց են պահում իրենց, երբ մեր բանակից է հրեշավոր բոթը շամփրում օդը: Հայտնի է, թե ոնց են պահում. մեղադրում են Հայոց բանակում տիրող վիճակի մասին ահազանգողներին»,- գրում է Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի անանուն հոդվածագիրը, գուցեև՝ հենց ինքը, և շարունակում.

«Եթե մարդկային դեմքը իսպառ չեն կորցրել, ինչո՞ւ այս նույն Սեյրան Օհանյանն ու իր տերերը չեն սարսռում մտածելուց, որ բանակում այնպիսի հրեշներ են վխտում, որոնք այնչափ դժոխային են դարձնում զինվորի կյանքը, որ վերջինս գերադասում է ինքնակամ մահը: Հայրենի հողի վրա, իր ոչուփուչ հայրենակիցների միջավայրում: Ինքնասպանության վարկածներն առաջ մղողներն իրո՞ք այդքան անհուսալի բութ, քառակուսի ու անհոգի են, որ չեն հասկանում` ինքնասպանությունն ավելի ահավոր բան է, քան սպանությունը: Եթե զինվորն ինքնասպան է լինում, պարզ չէ՞, որ անելանելի վիճակում է հայտնվել` ստիպված լինելով պարանը սեփական վիզը գցել… Սարսափելի չի՞: Ինչո՞ւ դրանից հետո ոչ ոք չի պատժվում, ինչո՞ւ հրամանատարը չի հեռացվում աշխատանքից ու դատվում, ինչո՞ւ հրաժարական չեն տալիս ՀՀ պաշտպանության նախարարն ու շտաբի պետը: Ինչո՞ւ:

Որովհետև հայերը պուպուշ են` թո՞ւրք չեն: Քնքշորե՞ն են սպանում կամ «ինքնասպանում»:

Որովհետև մեր զինվորները ռոմանտիկ տղե՞րք են` գիշերները նայում են երկնքին ու մտածում, թե ինչ անծայրածիր է աշխարհը, և որքան չնչին արարած է մարդը, ու այդ առեղծվածային աշխարհի դեմ սեփական անզորությունն զգալով` որոշում են մեռնել, որ «համաշխարհային» հարցականները չշամփրե՞ն իրենց մատղաշ ուղեղները:

Լավ, հայտարարեցինք` թուրքը մնում է թուրք, մեր հերսը մի կուշտ թափեցինք, հետո՞… Իսկ ի՞նչ անուն տանք հայ Սեյրան Օհանյանին, որ այսքան ողբերգություններից հետո փորձում է նույնիսկ հայտնի տեսաերիզի սադիստ սպային արդարացնել` դե, խմած է եղել, ասում են, չխմած ժամանակ էնքան լավ տղա է: Ի՞նչ ասես… Սրանց մայրերի արցունքն արցունք է, բանակում սպանված ու «ինքնասպանված» զինվորների մղկտացող մայրերի արցունքը` ջո՞ւր: Ինչո՞ւ են այսպես ատամներով պաշտպանում դահիճներին ու մարդասպաններին:

Դժվար չի, չէ՞, որ դատեն հանցագործներին և քիչ թե շատ բաց ճակատ ներկայանան հասարակությանը, սգավոր մայրերին ու ասեն` ներեք, եթե կարող եք… Սեփական տանը թափված անմեղ արյունը չտեսնող և ադրբեջանցիների վրա հեռուներից քաջաբար բռունցք թափահարողները շա՞տ կզայրանան, եթե ասեմ` պաշտպանում են, որովհետև իրենք էլ են դահիճ ու մարդասպան: Ասում եմ, զայրացեք: Դահիճներին հովանավորողներն ավելի վտանգավոր են: Հովանավորելով սրանց` Հայաստանի ղեկավարությունը քաջալերում է դահիճներին` շարունակեք նույն ոգով, մենք տեր ենք»:

Այստեղ նախ հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանը (ծնված՝ 27.02.1990թ.) գերեվարվել էր 2010 թվականի սեպտեմբերի 11-ին: Ըստ շրջանառված տեղեկությունների՝ 20-ամյա երիտասարդը մի քանի խոշոր եղջերավոր անասունների տարել էր արոտավայր, և «Քեղուտ» հանդամասում, մառախուղի հետևանքով կորցնելով կողմնորոշումը՝ հայտնվել էր հայ-ադրբեջանական սահմանի վրա և գերեվարվել ադրբեջանցիների կողմից:

2010 թվականի հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու զինդատախազությունը համատեղ հաղորդագրություն էին տարածել, թե Սարիբեկյանը նախնական կալանքի վայրում ինքնասպանություն է գործել, բայց դրանից առաջ նրան ցույց էին տվել Բաքվի հեռուստատեսությամբ, և նաև հասցրել պնդել, որ «հայ հովիվը հետախույզ է, որը գերեվարվել է դիվերսիոն գործողության ընթացքում»:

Սպանությունից մեկ ամիս հետո էր միայն Ադրբեջանը Տավուշի հատվածում որոշել հանձնել Հայաստանին Մանվել Սարիբեկյանի դին: Ինքս անձամբ ներկա եմ եղել, պատկերը սարսափելի էր: Հայ հովիվը ենթարկվել էր խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, մարմնի վրա ֆիզիկական բռնության և խոշտանգումների բազմաթիվ հետքեր կային:

2020 թվականին ՄԻԵԴ-ը ևս արձանագրել էր, որ Ադրբեջանը խախտել է Մանվել Սարիբեկյանի կյանքի իրավունքը: Այսինքն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել էր, որ Մանվել Սարիբեկյանի մահվան առումով տեղի է ունեցել ՄԻ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) և Խոշտանգումների վերաբերյալ կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում (արգելում է խոշտանգումը և «անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը»):

Վերադառնանք «Հայկական ժամանակ»-ի 2010 թվականի հոդվածին, որտեղ հովիվի գերեվարման մեղավոր կարգվել էին ՀՀ իշխանությունները, որտեղ, ըստ էության, բանակի ներսում ինքնասպանության դեպքերը հավասարեցվում էին թշնամու արածին, և 2026 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքին: Նա չափազանց զայրանում է, երբ 44-օրյա պատերազմում մի քանի հազար տղաների արյան մեղավոր իրեն են կարգում, երբ հենց ինքն է հայտարարել՝ «կարող էինք կանխել պատերազմը, արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի», կամ՝ հուզված վրդովվում է, երբ Ազատի կացարանում հրդեհից մոխրացած տղաների հարազատները հիշեցնում են այս մասին, ասում են՝ ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի ղեկավարությանն ազատել են, դատավարություն է գնում: Իսկ դատավարությունում խայտառակ բաներ են բացահայտվում: Բայց վարչապետ Փաշինյանը մոռանում է, որ ինքը նախկինում ինքնասպանության դեպքերի դիմաց պահանջում էր Պաշտպանության նախարարի և ԳՇ պետի հրաժարական:

Ի դեպ, Ազատի կացարանի հրդեհից հետո այն ժամանակ դեռ ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը «ՍիվիլՆեթի» հետ զրույցում ևս նույնն էր պահանջել: 

«Եթե ընդդիմադիր լինեի, կպահանջեի պաշտպանության նախարարի հրաժարականը: Բայց ընդդիմադիր չեմ, Սուրեն Պապիկյանի թիմակիցն եմ, ուստի աջակցում եմ նրան՝ բանակում առկա խնդիրների լուծման հարցում»,- շեշտել էր Գաբրիելյանը՝ պնդելով ՀՀ զինված ուժերը լրջագույն վերափոխման կարիք ունեն, քանի որ համակարգը չի գործում առկա մարտահրավերներին համահունչ:

Այսօր նորից պատգամավոր դառնալու հայտ ներկայացրած Գաբրիելյանի մոտ, ըստ էության, պահվածքի և մտածելակերպի մեղմացում է տեղի ունեցել:

Հոդվածի համատեքստում հիշեցնենք, որ այս տարի ճեպազրույցներից մեկի ժամանակ Փաշինյանին լրագրողները հարց էին տվել Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղի ունեցած պատերազմական հանցագործությունների՝ հայ գերիների գնդակահարության և կանանց խոշտանգումների փաստերի վերաբերյալ, և բարձրացրել Ադրբեջանի համապատասխան պաշտոնյաներին ու զինվորականներին պատժելու պահանջի հարցը, ինչին Փաշինյանն արձագանքել էր, որ հարցի լուծումը պահանջում է ավելի լայն հայացք։

«Ես համաձայն չեմ, որ մենք հիմա՝ ես ու դուք, իրար աչքերի մեջ նայենք և իրար խաբենք, ու առավել ևս՝ խաբենք մեր ժողովրդին, որովհետև դա երկսայրի սուր է: Այդ խոսույթները հիմա գոյություն ունեն, և փաստերը որևէ մեկը չի ժխտում, բայց մենք պետք է հասկանանք՝ ինչի մասին ենք խոսում, և հենց դա է թակարդը, որից մենք չենք կարողանում դուրս գալ»,- շարունակել էր նա:

Կարո՞ղ ենք այստեղ հիշել 2010 թվականի Փաշինյանի լրագրողական պնդումը, որ «Հայաստանի ղեկավարությունը քաջալերում է դահիճներին», թե՞ Փաշինյանի համար դահիճը միշտ եղել և մնում են ՀՀ նախկին իշխանությունները:

Կասեք՝ հիմա աշխարհաքաղաքական այլ իրավիճակ է, «խաղաղություն» է հաստատված, բայց մի՞թե աշխարհաքաղաքական իրավիճակը չեղարկում է իշխանությունների պատասխանատվության հարցն այն դեպքերում, որը նկարագրել է լրագրող Նիկոլ Փաշինյանը կամ անանուն հոդվածագիրը, ընդ որում, այնտեղ խոսքը դեռ մի քանի հազար զոհի մասին էլ չէ… Իհարկե, ոչ, և ինչ-որ ժամանակ, երբ Փաշինյանը դառնա ընդդիմություն, մի՞թե չի վերադառնալու վերը նշված հոդվածների տրամաբանությանը, եթե անգամ գործ ենք ունենալու աշխարհաքաղաքական տարբեր իրավիճակների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031