Ոչ սթափ վիճակում գտնվող անձը մարտական հերթապահություն է իրականացրել. ՔԿ-ն «ջրի երես» է հանել, Պապիկյանը հաստատել է

Մայիսի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Ալիկ Ալեքսանյանը հայտարարել է, թե Ջերմուկի հատվածում գաղտնի կերպով ՀՀ զինված ուժերի բանակային դիրք է հանձնվել՝ հղում անելով մի կամավորի պնդման:

Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է այս պնդումը՝ նշելով.

««Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներից մեկի տարածած տեսանյութում դեռևս անհայտ անձը ստահոդ տեղեկություններ է հայտնում, թե իբր վերջերս Ջերմուկի հատվածում ՀՀ զինված ուժերի «բանակային դիրք է հանձնվել»:
Հայտնում ենք, որ նշվածն ապատեղեկատվություն է:
Իրավապահ մարմիններին հորդորում ենք ուսումնասիրել նշված տեսանյութն ու դրանում տեղ գտած տեղեկությունները՝ իրավական գնահատական տալու նպատակով»:

Այսօր արդեն ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է.

Կարդացեք նաև

«ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Ա.Ա.-ն մայիսի 21-ին Ֆեյսբուքում կից գրառմամբ հոլովակ է տեղադրել՝ «Ժողովուրդ, Ձեզանից թաքուն դիրք են հանձնում, լսեք այս կամավորի խոսքը, այս ընթացքում ՊՆ նախարարը սրտիկներով քարոզարշավ է անում», որտեղ վերջինս և մեկ անձ խոսում են Ջերմուկ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը Ադրբեջանին հանձնելու մասին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը նույն օրը պաշտոնապես հերքել է Ա.Ա.-ի և այդ անձի կողմից հայտնած տեղեկությունները:

Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու հատկանիշներով:

Նախաքննությամբ պարզվել է տվյալ տեսանյութում խոսող, դեմքի հատվածը փակված անձի ինքնությունը, ով մարտական հերթապահություն է իրականացրել N մարտական դիրքում:

Վերջինս հարցաքննության ժամանակ հերքել է որևէ դիրք հանձնելու մասին տեղեկատվությունը՝ միաժամանակ նշելով, որ գտնվելով ոչ սթափ վիճակում, մասնակցել է Ն.Կ.-ի կողմից կազմակերպված հավաքին, որտեղ հանդիպել է Ա.Ա.-ին, ով տեղեկացված լինելով իր սոցիալական խնդիրների մասին՝ անմիջապես կազմակերպել է լրագրողի հետ հարցազրույցը:

Նշել է, որ գտնվել է ոչ սթափ վիճակում և հայտնել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ»:

Թե ով որքանո՞վ է ճիշտ կամ սխալ, թողնենք հետագային, բայց մեր ուշադրությունը գրավել է մեկ այլ դրվագ. ՀՀ քննչական կոմիտեն փաստորեն հայտարարում է, որ ոչ սթափ վիճակում գտնվողն անձը մարտական հերթապահություն է իրականացրել:

Հետաքրքիր է՝ ոչ սթափ վիճակում գտնվող անձը եղել է Սասուն Միքայելյանի գլխավորած երկրապահների՞ց է, թե՞ վարժական հավաքի մասնակից, և անկախ դրանից՝ մարտական հերթապահության խայտառակ պատկեր է ստացվում:

Ի դեպ, մենք փորձել ենք ՀՀ քննչական կոմիտեից ստանալ այս հարցի պատասխանը, սակայն մեզ հետ զրույցում ասացին, թե տեղյակ չեն, և այն, ինչ գրված է հաղորդագրության մեջ, դա ընդունենք որպես հիմք, բայց այստեղ նշվում է միայն ոչ սթափ վիճակում մարտական հերթապահություն իրականացրած ինչ-որ անձի մասին, պարզ չէ՝ նա վարժական հավաքի մասնակի՞ց է, թե՞ երկրապահ:

Ավելի ուշ մեր աղբյուրներից հնարավոր եղավ պարզել, որ խոսքն աշխարհազորայինի մասին է, որը կիրառվում է ըստ անհրաժեշտության, և որոնց հետ կապված մամուլում ժամանակ առ ժամանակ աշխատավարձերի կրճատման մասին տեղեկություններ են հայտնվում:

Իսկ այն, որ վերը նշված դեպքում գործ ունենք ոչ սթափ վիճակում մարտական հերթապահության եղած անձի հետ, դա հետո նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է հաստատել:

Այս համատեքստում հիշեցնենք, որ այս տարվա մարտ ամսին վարժական հավաքով զորակոչված անձ էր ձերբակալվել՝ վարժական հավաքի զորակոչված պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Վարդենիսում 3 պահեստազորայիններ են դանակահարվել։

Նշենք, որ 2025 թվականի տարեվերջին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ՝ «եթե 2025 թվականին վարժական հավաքներին մասնակցել է 16.000 պահեստազորային, ապա 2026 թվականին նախատեսել են, որ վարժական հավաքներին մասնակցող պահեստազորայինների թիվը միջինում լինի 20.000»:

Հավելենք, որ ձևավորվել է տարածքային պաշտպանության և տեղական ինքնապաշտպանության համակարգ, որը, ինչպես Սուրեն Պապիկյանն էր հայտնել, ենթադրում է մշտական կառուցվածք՝ սկսած վաշտի օղակից մինչև հրամանատարական կազմ, որտեղ առկա են սպայակազմի մշտական հաստիքներ և աշխատակիցներ։

«Նրանց ֆունկցիան է՝ վարժական հավաքների ընթացքում ընդունել պահեստազորին, պատրաստել նրանց և մարտական հերթապահության ժամանակ ապահովել ներդաշնակեցումը»,- մանրամասնել էր նա՝ հավելելով, որ վարժական հավաքները կոչված են նաև պարզ դարձնելու, թե հնարավոր խնդիրների դեպքում ինչով պետք է զբաղվեն պահեստազորայինները և ինչպես պաշտպանեն մեր երկրի սահմանը:

Անկախ նրանից, թե խոսքն ում մասին է՝ երկրապահի՞, վարժական հավաքի մասնակցի՞, թե՞ ըստ անհրաժեշտության կիրառված աշխարհազորայինի, սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մարտական հերթապահության որակի բարձրացման և կարգապահության հետ կապված խնդիր կա, և չի կարելի պատահական անձանց դիրք վստահել, ինչի մասին ահազանգում ենք տարիներ շարունակ:

Գուցե սա, այսպես ասած՝ լավ օրից չէ, բայց այս դեպքում արդյո՞ք արդարացված է պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի կրճատումը, և արդյո՞ք հնարավոր է խոսել պրոֆեսիոնալ բանակի մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031