ԻՆՔՆԱՆՍԵՄԱՑՄԱԲ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՎԵՐԱԾՆՎԻ
Այն, թե ինչպես է իշխանությունը շարունակ պնդում, որ Արցախը «երբեք Հայաստանին չի պատկանել», ոչ միայն իրականացվող արտաքին քաղաքական գիծը հիմնավորելու փորձ է, այլև քաղաքական ժխտման մեխանիզմ՝ ուժեղացված մոլեռանդ կրկնությամբ։ Ճնշված տրավման այստեղ վերադառնում է ոչ թե ճանաչման, այլ անվերջ ինքնաարդարացման ձևով։
«Մենք չենք կորցրել, որովհետև դա մերը չէր»` տրամաբանությունը հոգեբանորեն հասկանալի է. իշխանությանը այն թույլ է տալիս խլացնել պարտության ցավալի զգացողությունը, թոթափել սեփական պատասխանատվությունը և ազգային աղետը ներկայացնել որպես «պատմական պատրանքից» ազատվելու դարման։ Սակայն երբ այդ ձևակերպումը վերածվում է մանտրայի, հարց է առաջանում` եթե թեման իսկապես փակված է և ակնհայտ, ինչո՞ւ է պետք դրան վերադառնալ կրկին ու կրկին։
Այստեղ ինքնաբերաբար առաջ է գալիս ֆրոյդյան դիտանկյունը, որը թույլ է տալիս հասկանալ այդ կրկնության մոլուցքային բնույթը։ Ինչպես մարդը, որը չի կարողանում ազատվել մեղքի զգացումից և այդ պատճառով շարունակաբար վերադառնում է ցավոտ թեմային, այդպես էլ իշխանությունն է պարբերաբար դիմում ինքնաարդարացման նույն իր բանաձևին, թե` «Արցախը մերը չէր, հետևաբար այն չենք կորցրել»։ Բայց որքան համառորեն և հաճախակի է հնչում այդ ժխտումը, այնքան քիչ է այն նմանվում իրականության ճանաչման և ավելի շատ նման է ծանրագույն տրավմայի ախտանշանի։
Այս մազոխիստական պրակտիկային պետք է վերջ դնել։ Ոչ ոք չի կասկածում, որ Արցախը հանդիսանում է մեր պատմական Հայրենիքի մի մասը՝ հիշողության, մշակույթի, եկեղեցիների, գերեզմանոցների, ընտանեկան պատմությունների և քաղաքական պայքարի տարածք։ Հայերի բազմաթիվ սերունդների համար Արցախը եղել է արժանապատվության, դիմադրության և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի խորհրդանիշ։
Հայաստանի նորագույն պատմությունն ու պետականաշինությունն անհնար է հասկանալ առանց Արցախ՝ որքան էլ վերաշարադրվեն պատմության դասագրքերը։ Դեռևս Խորհրդային Միության փլուզումից 3 տարի առաջ Հայաստանում ձևավորվեց հասարակական դաշինք Արցախի ժողովրդին բնաջնջումից փրկելու և նրա ինքնորոշման իրավունքին աջակցելու շուրջ։ Արցախը դարձավ անկախության քաղաքական և հոգևոր հիմնաքարերից մեկը և ազգային համախմբման գլխավոր աղբյուրը։
44-օրյա պատերազմում կրած պարտությունը և դրան հաջորդած Արցախի հանձնումը ստիպեցին հայությանը հիմնովին վերանայել մեր աշխարհընկալումը և նորովի հասկանալ, թե ի՞նչն է այժմ մեզ միավորում, Արցախի կորստից հետո ի՞նչ հիմքի վրա պետք է զարգանա հայկական պետականությունը։ Առանց ապագայի շուրջ նվազագույն համաձայնության ձևավորման՝ ներքաղաքական մրցակցությունը շարունակելու է կառուցվել ոչ թե պետության զարգացման, այլ անվերջ հաշվեհարդարների և պալատական բարիքների համար պայքարի։
Հայաստանին անհրաժեշտ է նոր հասարակական դաշինք։ Այն չի կարող կառուցվել պատմական ինքնաժխտման և ինքնախարազանման վրա։ Այն պետք է ելնի կատարվածի հետ ազնիվ առերեսումից. Արցախի կորուստը ոչ միայն արտաքին ագրեսիայի, միջազգային անտարբերության և անվտանգության նախկին հենարանների անհուսալիության, այլև քաղաքական առաջնորդների արկածախնդրության, անպատասխանատվության և ուժերի հարաբերակցության փոփոխությունը ժամանակին ու սթափ գնահատելու, իրատեսական ռազմավարություն ձևավորելու նրանց անկարողության արդյունք էր։ Անվտանգության և ազգային նպատակների մասին նախկին պատկերացումները փշրվեցին` բախվելով արտաքին և ներքին նոր հանգամանքներին։ Նոր հասարակական դաշինքը պահանջում է սեփական պատասխանատվության ճանաչում ոչ թե ինքնանվաստացման, այլ ինքնամաքրման նպատակով։
Այս գործընթացում առանձնահատուկ տեղ պետք է ունենան Արցախից վտարված մեր հայրենակիցները։ Նրանց ճակատագիրը չի կարելի դիտարկել բացառապես բնակարանի, նպաստների և զբաղվածության համատեքստում։ Սոցիալական խնդիրների լուծումը կենսականորեն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Արցախի հայերի ճակատագիրն ազգային արժանապատվության և հիշողության հարց է։ Իրենց պատմական հողերը հարկադրաբար լքած հարյուր քսան հազար արցախահայերը ոչ միայն հայկական ողբերգության զոհերն են, այլև դրա կենդանի կրողները։
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1990-95թթ.)
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր (1995-99թթ.)
ՀՀ արտակարգ և լիաղոր դեսպան



