Պետություն ղեկավարելը հեշտ չէ. հստակ պատկերացնում եմ՝ ինչպես են աշխատում պետական մարմինները. Թաթոյան
«Խնդրում եմ, քաղաքացիները, ընտրություն կատարելիս, նաև մտածեն՝ թե ում հետ են ապահով զգում և ում հետ են ապահով զգացել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը:
Նա նշեց, որ այսքան թեկնածուների, ուժերի մեջ միայն իր ղեկավարած ուժն է և ինքն իր փորձով, կարողությունով, որ կարող է երկիրն այս վիճակից դուրս բերել: «Երբ ժողովրդին հանդիպում եմ, խնդրում եմ նկատի ունենալ, թե ով երկիրը կարող է այս վիճակից դուրս բերել: Մարդ, ով կախված չէ որևէ մեկից՝ նախկին-ներկա, էն մի երկիր ներկայացնող, էն մյուսը, որևէ մի կախվածություն ես չունեմ, որևէ մի արտաքին ուժ իմ նկատմամբ ազդեցություն չունի, իմ նկատմամբ, իմ համար Հայաստանի նկատմամբ սերն ավելի կարևոր է, քան Ռուսաստանի շահը, Ադրբեջանի շահն՝ առավել ևս, Վաշինգտոնի, Եվրոպայի, ում շահն ուզում է լինի»,- ասաց Թաթոյանը:
Նա հիշեցրեց, որ աշխատել է պետական ամենատարբեր հիմնարկներում, հստակ պատկերացնում է՝ ինչպես է պետք երկիրը կառավարել, ինչպես են աշխատում պետական մարմինները, որովհետև պետություն ղեկավարելը կատակ բան չէ: «Սա շատ բարդ պրոցես է, տեսանք՝ ինչ եղավ, մարդիկ կապ չունեին պետության հետ, եկան հայտնվեցին պետական ամենաբարձր պաշտոններում, մանկապարտեզից, համալսարանից հետո: Մեկը համալսարանից հետո առաջին աշխատանքը փոխնախարարն է, էն մեկն այնքան հիշարժան բաներ չուներ կենսագրության մեջ, որ ուսման մեջ մանկապարտեզի տարիներն էր գրել, որ լցվեր»,- ասաց քաղաքական գործիչը:
Նա նշեց, որ խնդրում է՝ քաղաքացիները նաև մտածեն՝ թե ում հետ են ապահով զգում, ում հետ են իրենք ապահով զգացել, և շատ կարևոր է, որպեսզի Հայաստանն այնպիսի ղեկավար ունենա, որ կարողանա ճգնաժամային իրավիճակներում երկիրը կառավարել:



