ՌԴ–ն պահանջել է ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ անցկացնել Ստարոբելսկին հարվածելու կապակցությամբ
Ռուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստ անցկացնել Ստարոբելսկի հանրակացարանին հասցված հարվածի կապակցությամբ։ Այս մասին հայտնել են ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունից։
Ավելի վաղ ԼԺՀ–ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտնել էր, որ Ստարոբելսկի մասնագիտական քոլեջի ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վիրավորվել է 35 մարդ. ավելի ուշ պարզվեց, որ վիրավորների թիվը 39 է, կա նաև 4 զոհ:
«Ժամը 14։00-ի դրությամբ ԼԺՀ-ում Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետեւանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած երեխաների թիվը հասել է 39-ի։ 9 երեխաներ տեղափոխվել են հիվանդանոցներ, 3–ի առողջական վիճակը ծանր է»,– հայտնել է ՌԴ-ում երեխայի իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան։
Մոսկվա տեղափոխելու անհրաժեշտության մասին որոշում դեռ չի կայացվել։
«Նախնական տվյալներով՝ հնարավոր է` փլատակներում ևս 18 երեխա կա։ Աղոթում ենք, որ զոհերի թիվը չավելանա», – նշել է նա։
Լվովա-Բելովան հավելել է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։



