ԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համար
Միացյալ Նահանգները հայտարարել է մինչև 10 միլիոն դոլար պարգևատրման մասին՝ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ֆինանսավորման տարբեր ուղիների վերաբերյալ տեղեկատվության համար։ Այս մասին հայտարարություն է տեղադրվել Պետքարտուղարության կայքում։
«Մինչև 10 միլիոն դոլար պարգևատրում է առաջարկվել «Հեզբոլլահ»-ի ֆինանսական ցանցերի խափանմանը հանգեցնող տեղեկատվության համար», – նշված է հայտարարության մեջ։
Պետքարտուղարությունն ընդգծել է, որ Լիբանանում ԱՄՆ-ի հիմնական նպատակը «Հեզբոլլահ»-ի աշխարհազորայինների լիակատար զինաթափումն ու Լիբանանի կառավարության լիակատար և բացառիկ վերահսկողության վերականգնումն է իր տարածքում։
Պետքարտուղարությունը նաև նշել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ինն անձանց նկատմամբ, որոնք մեղադրվում են «Հեզբոլլահ»-ի զինաթափմանն ուղղված գործողություններին խոչընդոտելու համար։
Տեղեկությունների համաձայն՝ դրանց թվում են Լիբանանի խորհրդարանի անդամներ, Լիբանանում Իրանի դեսպանը և Լիբանանի անվտանգության պաշտոնյաներ, որոնք չարաշահել են իրենց դիրքը կազմակերպությանն օգուտ տալու համար։
««Հեզբոլլահ»-ի շարունակական նվիրվածությունն ահաբեկչությանը և զինաթափվելուց հրաժարվելը խոչընդոտում են Լիբանանի կառավարությանը ապահովել այն խաղաղությունը, կայունությունը և բարգավաճումը, որին արժանի է նրա ժողովուրդը», – ասվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի հաղորդագրության մեջ։



