![](/banners/BeFunky-design.jpg)
«Իշխանությունը պատերազմը բերել-կանգնեցրել է մեր դռան շեմին, խաղաղ ապրելու միակ գործոնը երբեմնի հզոր բանակի վերականգնումն է». Կարո Վարդանյան
![](https://168.am/wp-content/uploads/2024/01/Karo-Vardanyan1.jpg)
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախկին տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանը չի հավատում իշխանությունների քարոզած խաղաղությանը։ Ասում է՝ հնարավոր է խաղաղ ապրել գրեթե բոլորի հետ, բայց ոչ՝ թուրքի ու ադրբեջանցու։
«Եթե նույնիսկ մեր ազգի ուղեղն այս աստիճան մթագնել է, միևնույն է, նրանք պետք է մի քիչ գիտակցություն ունենան, հարգեն մեր ազգի լավագույն զավակների հիշատակը։ Այդ զավակները մեր փոխարեն մտածել են, թուրքի ու ադրբեջանցու թշնամանքն իրենց սեփական մաշկի վրա են զգացել։ Այդ երկու ազգը, որն ըստ էության նույնն են, ունեն ազգային տեսլական, և դրա մեջ կարևոր տեղ է զբաղեցնում, գուցե առանցքային՝ հայության ոչնչացումը, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։
Հայ ազգն առհասարակ սիրում է խաղաղ ապրել, նույնիսկ մի չնչին խնդիր չի սիրում, այս ամենը լավ իմանալով՝ թշնամին այս պահին՝ ՀՀ իշխանությունների հետ միասին, խաղում է հայ ազգի դարավոր երազանքի հետ։
Մենք հիմա էլ ենք երազում այդ խաղաղությունը, նույնիսկ այն դեպքում, երբ իշխանությունը պատերազմը բերել ու կանգնեցրել է մեր դռան շեմին։ Սրանց հետ խաղաղություն չի լինելու, խաղաղ ապրելու միակ գործոնը մեր երբեմնի հզոր բանակի վերականգնումն է, որը ոչ միայն մեզ, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգությունն էր հսկում։ Եթե մեր տարածաշրջանում այդպես ցնցում չկար, մտահոգությունները պարզապես տեսակ էին, պատճառը մեր հզոր բանակն էր։ Զգուշանում էին Հայաստանից, իմանալով, որ մեր բանակը կենսունակ է։ Բայց այսօր այս իշխանությունը բոլոր երաշխիքները տկարացրել է, խեղճացրել ու շարունակում է խոսել խաղաղությունից։ Այս ամենը նույնիսկ արդեն զզվելի է, որ այս աստիճանի հիմարի տեղ են դնում մեր հասարակությանը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կարո Վարդանյանը։
Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից կրթական ու մշակութային կենտրոնների անվանումից «ազգային» բառը հանելուն և այն «պետական» բառով փոխարինելուն, Կարո Վարդանյանն ասաց՝ իշխանությունների քայլերն արդեն նույնիսկ զավեշտալի էլ չեն։
«Այս ամենի իմաստը բացատրվում է միայն նրանով, որ իշխանություններն ազգային ամեն ինչի դեմ վաղուց պիղծ արշավանք են սկսել, կռվում են նույնիսկ բառերի հետ։ Ցավոք, այդպես էլ մենք չտեսանք հակադարձումներ այն մարդկանց կողմից, որոնք այս պահին գտնվում են այդ կրթական ու մշակութային կենտրոններում, լինի Ազգային օպերան, թատրոնը կամ մեկ այլ օջախ։ Մտավորական մարդը պետք է կարծիք ասի, եթե նույնիսկ վախենում է բողոքել, ընդվզել։ Ինչո՞ւ ես հանում այդ բառը, միևնույն է՝ այդ օջախներն իրենց անվան մեջ ունեն «պետական» բառը։ Եթե այս քոչվորները հիմնավորում են, թե «պետականը» բացարձակ արժեք է, բայց մենք պետության արժեքն իրենցից լավ գիտենք, իրենք չէ, որ մեզ պետք է բացատրեն, թե ինչ է մեզ համար հայրենիքը։ Սրանք իրենց պատվիրատուներին այս ամենով ցույց են տալիս, թե՝ տեսեք, ազգայինի դեմ այս ուղղությամբ էլ արշավ սկսեցինք։ Եթե այսպես է՝ Ազգային անվտանգության ծառայության անվանումից էլ կարող են հանել «ազգային» բառը», ինչո՞ւ այդ ամենի վրա թողեցին այդ բառը։ Ախր այս ամենի դեմ պայքարողն առաջին հերթին պետք է լինի ԱԱԾ-ն։ Դրա համար է այդ կառույցը ստեղծվել, որ պայքարի ցանկացած ոտնձգության դեմ, որն ուղղված է ազգայինի դեմ»,- շեշտեց Կարոն Վարդանյանը։
Նրա բնորոշմամբ՝ երկրում իրավիճակն աստիճանաբար ավելի է դժվարանում, հասարակությանը պետք է փորձեն հասցնել, թե ինչ իրավիճակ է։
«Մենք չգիտենք՝ մեր երկրից ինչ է մնացել, պետք է ավերի դեմ կանխել, չթողնել, որ, այսպես կոչված, ընդդիմությունը համագործակցի իշխանության հետ, այդ դաշինքի դեմը պետք է առնել, ընդդիմությունից բոլորը չէ, որ պայքարի դաշտում են։
Գիտեք, ինձ համար մի քիչ անհասկանալի իրավիճակ է, մի քիչ էլ՝ ամոթալի, որովհետև մարդիկ սկսում են ջղագրգռվել, երբ դիպչում են գրպանին, իսկ հայրենիքի դեպքում լուռ են։
Նախկինում, երբ փոքր սոցիալական խնդիր էր լինում, դա մարդիկ դարձնում էին բունտ, բայց այսօր տեսեք, նույնիսկ տրանսպորտի թանկացման դեմ չեն կարողանում նորմալ պայքարել։ Հիմա հասարակական մեծ ցնցում պետք է լիներ, հասարակական այնպիսի ալիք լիներ, որ սրանց բոլորին քշեր տաներ, որովհետև մենք հասել ենք վերջին, սա է ամեն ինչի վերջը»,- ընդգծեց Կարո Վարդանյանը։