«Ցավոք, այդ դիլետանտ 3 անձինք որոշումներ են կայացնում երկրի ճակատագրի վերաբերյալ». Հայկ Նահապետյան
Նախորդ ամիս հրապարակվեց ՀՀ արտաքին հետախուզության ծառայության տարեկան զեկույցը։ Ըստ զեկույցի, մեծ հավանականությամբ, 2025 թվականին Հայաստան-Ադրբեջան տարբեր հարցերով բանակցությունների երկկողմ ձևաչափերը կշարունակեն մնալ մինչ այս կողմերի փորձածներից առավել արդյունավետը։
Տարբեր փաստերի, տեղեկությունների ու երևույթների վերլուծության հիման վրա սույն զեկույցի հրապարակման պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չի գնահատում։
Այդ ամենին զուգահեռ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մտահոգիչ համարեց Ադրբեջանի հայտարարությունները, զորավարժությունների ինտենսիվ անցկացումը, ինտենսիվ թռիչքներն այլ երկրներից, որով հավանաբար ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու:
Նիկոլ Փաշինյանն էլ հունվարի 31-ին հրավիրած իր մամուլի ասուլիսի ժամանակ հերթական անգամ հայտարարեց, որ Հայաստանը հավատարիմ է մնալու խաղաղության օրակարգին։
Անվտանգային և ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով՝ այս հակասությունները հասկանալու համար անհրաժեշտ է կատարել փաստերի համարում։
«Արտաքին հետախուզության զեկույցն ուղղված էր հանրությանը, այդ զեկույցն աբսուրդի ժանրից էր, որովհետև արտաքին հետախուզության գործառույթները հանրությանն իրազեկելը չէ, այլ տրվում է երկրի ղեկավարությանը, որից նա համապատասխան հետևություններ է անում։
Այն, ինչը տվել է արտաքին հետախուզության ծառայությունը, ընդամենը ենթադրություն է, ընդ որում, շատ ցածրորակ հոդված էր։ Այն հիմնված չէր փաստերի վերլուծության վրա։ Այս կառույցի ղեկավարին հավանաբար թվում է, թե իր ղեկավարած կառույցը դեռ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտից է։ Քրիստինե Գրիգորյանը հավանաբար հոգեբանորեն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից չի տեղափոխվել արտաքին հետախուզության կառույց»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հայկ Նահապետյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, Հայկ Նահապետյանն ասաց, որ նա ևս փաստերի վրա չի հիմնվում, նրա գնահատականները ոչ ադեկվատ վիճակի արդյունք են։
«Նրա բոլոր գնահատականներն ու հաշվարկները սխալ են, ահավասիկ 2018 թվականից առ այսօր կայացրած բոլոր որոշումները սխալ են, այդ որոշումների հետևանքով երկիրը գտնվում է ճգնաժամի մեջ։
Իսկ ԱԽ քարտուղարը գնահատականներ է տվել որոշակի իրողությունների հիման վրա՝ զորավարժություններ և ռազմական թռիչքներ։ Այս երկուսի հիման վրա նա հետևություններ է անում, որ տարածաշրջանում ինչ-որ գործընթացներ կարող են լինել։ Հիմա այս երեք անձանց կամ կառույցների տված գնահատականները դասական առումով դիլետանտների տված գնահատական է։ Ցավոք, այդ դիլետանտ անձինք որոշումներ են կայացնում երկրի ճակատագրի վերաբերյալ։ Օրինակ, որոշում են կայացնում, որ Փաշինյանն ավելի սերտ հարաբերություններ պետք է ունենա Թուրքիայի հետ, մասնավորապես, երրորդ երկրում բանակցություններ վարի այդ երկրի հետախուզության ծառայության պետի հետ, որպեսզի պայմանավորվի, թե ինչ մանիպուլյացիաներով ու հնարքներով կարող է հանձնել, այդպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»»,- հավելեց Հայկ Նահապետյանը։
Նա ընդգծեց, որ պաշտոնապես չի հրապարակվել, որ ՀՀ ԱԳ փոխնախարարը Դամասկոսում հանդիպել է Թուրքիայի արտաքին հեռախուզության ծառայության պետի հետ, սակայն այդ տելեգրամյան որոշակի ալիքներ հրապարակումներ արդեն արել են։ Եթե այդ ամենը կեղծիք լիներ, ապա ՀՀ իշխանությունը կարող էր հերքել։
«Այս ամենը Նիկոլ Փաշինյանի կողմից իրավիճակի քողարկում է, իսկ խորքում կատարվում է հետևյալը՝ Փաշինյանն այս պահին իշխանությունը պահելու խնդիր ունի։ Իսկ դրա համար ինքը կգնա հերթական կամ արտահերթ ընտրությունների։ Արտահերթ ընտրությունների կգնա այն ժամանակ, երբ Ալիևից մի ստորագրություն կստանա թղթի վրա ու հայ ժողովրդին կներկայացնի՝ իբրև «խաղաղության պայմանագիր»։
Սակայն Ալիևը չի ցանկանում ստորագրել այդ պայմանագրի տակ, որովհետև հրաշալի հասկանում է, որ այն, ինչ ստանում է առանց լրացուցիչ պարտավորության, ինչո՞ւ մեկ ստորագրությամբ պարտավորություն վերցնի իր վրա։ Փաշինյանը նպատակ ունի, որ Էրդողանի մոտ քծնանքի ավելի մեծ դոզայով ներկայանալու դեպքում իշխանությունը պահելու լծակներ կունենա։
Այսինքն՝ ըստ Փաշինյանի, Էրդողանը կարող է Ալիևին հորդորել ստորագրել այդ փաստաթուղթը, որպեսզի նա Հայաստանում վերարտադրի իր իշխանությունը։ Սակայն այդպես չի լինելու, որովհետև Էրդողանի ու Ալիևի ծրագրերում Փաշինյանի իշխանությունը պահելու խնդիր չկա»,- ընդգծեց Հայկ Նահապետյանը։