Պադավատապետության պերճանքն ու չինովնիկապետության թշվառությունը
Նախկինների ստեղծած «պադավատապետության» մասին ճառեր ասող Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո պետական ապարատի ծառայողական ավտոմեքենաները ոչ միայն չեն կրճատվել, այլև ավելացել են։
Եթե 2018թ. պետական բյուջեով ամրագրված էր 902 ծառայողական ավտոմեքենա, այս տարվա պետական բյուջեով ծառայողական ավտոմեքենաների քանակը 979 է։
Խոսքը միայն պետական ապարատի ծառայողական ավտոմեքենաների մասին է։
Կան բազմաթիվ այլ ծառայողական ավտոմեքենաներ, նաև համայնքների ենթակայության տակ գտնվող, որոնք այս թվերի մեջ չեն մտնում։ Միայն Երևանի քաղաքապետարանում գրեթե 100 ծառայողական մեքենա կա, մնացած քաղաքներին ու համայնքներին չենք անդրադառնում։ Ու ինչքան էլ Ալեն Սիմոնյանը փորձի շեղել հասարակության ուշադրությունը, թե Ազգային ժողովում 81 ծառայողական ավտոմեքենայից մնացել է 30-ը, պաշտոնական թվերն այլ բան են ասում։
Պաշտոնական թվերը վկայում են, որ նախկինների «պադավատապետությունից» բողոքող Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալուց տարիներ հետո, քիչ է, պահպանել է նախկինում եղած ծառայողական մեքենաների քանակը, մի բան էլ 77-ով ավելացրել է։ Ոչ միայն ավելացրել է, այլև «հերոս» հարկատուի վճարած հարկերի հաշվին պետական ապարատի ծառայողական մեքենաների ավտոպարկը համալրել է բազմաթիվ թանկարժեք մեքենաներով, որպեսզի հանկարծ երիտհեղափոխականները նեղություն չքաշեն հնամաշ մեքենաներով երթևեկել։
Մի քանի հարյուր հազար դոլարանոց թանկարժեք մեքենաներ են գնել, այդ թվում՝ ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ՝ իր ընտանիքի անդամների համար։
Իշխանության գալուց վեց ու կես տարի հետո հանկարծ հիշել են, որ ծառայողական մեքենաները չեն կրճատել։ Հիշել են, որովհետև առաջիկայում ընտրություններ են, ու նախկին թեզերով կրկին ժողովրդին մոլորեցնելու նպատակ ունեն։
«Ինձ թվում էր, թե մենք այդ հարցերն էականորեն, շատ ծանրակշիռ ձևով լուծել ենք, եթե ոչ՝ 100 տոկոսով, գոնե՝ 60-70 տոկոսով, բայց իրականությունը մի փոքր այլ է:
Եվ ես երեկ մեր գործընկերներին ասեցի՝ քանի որ այս ժամանակը և հանձնարարականը պատշաճ չի օգտագործվել այդ խնդիրը համակարգված և խորքային ձևով լուծելու համար, հիմա ես, ամենայն հարգանքով, այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով։ Ես գերատեսչությունների մեքենաների ցուցակներն ուզում եմ և առավոտ էլ էի դրանով զբաղված, և ուղղակի այսպես գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա:
Սա կացնային մոտեցում է, և ես համոզված եմ, որ այդ մոտեցման արդյունքում կառաջանան որոշակի կազմակերպչական խնդիրներ, բայց այդ խնդիրները կառաջանան, որովհետև մեր գործընկերները ժամանակին պատշաճ ձևով չեն արձագանքել իմ հրապարակային և ոչ հրապարակային ասածներին: Հիմա ստիպված կացինով պետք է կտրել»,- երկիրը «պադավատապետության» վերածելու վերաբերյալ բազմիցս հնչած մեղադրանքներից հետո, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վերջերս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, կարծես առաջին անգամ էր լսում, որ պետական ապարատը ճռռում է ծառայողական մեքենաների բեռից։
Եվ ինչո՞ւ միայն ծառայողական մեքենաների, նաև պետական ապարատում զբաղվածների ծանրությունից։
Ինչպես «պադավատներն» են վեց ու կես տարում կրճատել, այնպես էլ պետական ապարատն են օպտիմալացրել ու թեթևացրել պետական բյուջեի բեռը։
Երբ նոր էին եկել իշխանության, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե պետական կառավարման համակարգն ուռճացված է և պետք է կատարվեն լուրջ բարեփոխումներ։
«ՀՀ քաղաքացիները պետք է իմանան՝ ինչի վրա է ծախսվում ամեն լուման, ամեն դրամը: Սա միանշանակ է, այդպես պետք է լինի: Կառավարման համակարգն ինչպե՞ս է աշխատել մինչև հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, բոլորին բերել, տեղավորել են պետական կառավարման համակարգ»,- ասում էր Նիկոլ Փաշինյանը։
Չասենք, թե հետհեղափոխական Հայաստանում ինչպես են ընտրում կադրերին։ Բոլորն էլ լավ գիտեն, որ պետական ապարատը լցրել են ոչ միայն ծանոթ-բարեկամներով, այլև տարրական գրագիտություն ու մասնագիտական կարողություններ չունեցողներով։
Բայց խնդիրը միայն դա չէ։ Հայտարարում էին, թե պետական ապարատն ուռճացված է ու պետք է կրճատել։ Կրճատեցին, նախկին 17 նախարարություններից թողեցին 12-ը։ 5 նախարարություն փակեցին, միացրեցին, «օպտիմալացրեցին», արդյունքում՝ ունենք այն, որ այսօր պետական կառավարման ապարատն անհամեմատ ավելի շատ է ծանրաբեռնված չինովնիկներով, քան նախկինում էր։
Եթե 2018թ. պետական բյուջեով պետական «ուռճացված» ապարատը 17.644 աշխատատեղով աշխատակազմ ուներ, ու «հեղափոխականները» հայտարարում էին, թե դա լրջորեն պետք է կրճատել, թեթևացնել պետության բեռը, իրականացված «օպտիմալացումից» ու «բարեփոխումներից» հետո, 2024թ. պետական ապարատի աշխատակազմի քանակը հասել է 21.279-ի։ Ավելացել է 3635-ով։
Այսպես են օպտիմալացրել ու կրճատել։ Վեց ու կես տարում 20 տոկոսով ավելացրել են պետական կառավարման ապարատի աշխատողների քանակը։
Սրա մասին էլ երևի Նիկոլ Փաշինյանը չգիտի։ Մի օր էլ հավանաբար դրան կանդրադառնա ու էլի կասի, թե իրեն խաբել են, հանձնարարությունները չեն կատարել։
Սա դեռ միայն պետական կառավարման ապարատում է։ Ամբողջ պետական համակարգն են ահավոր ծանրաբեռնել։ Ավելի քան 16.000-ով ավելացրել են աշխատողների քանակն ու բեռը դրել «հերոս» հարկատուների վրա։ Խոսքը պետական ու համայնքային ծառայողների մասին է։
Պաշտոնական վիճակագրության տվյալներով, պետական ամբողջ համակարգում 2018թ. սեպտեմբերին 202.859 աշխատող կար։ Այս տարվա սեպտեմբերին, հրապարակված ամենավերջին տվյալներով, պետական համակարգի աշխատողների քանակը հասել է 218.966-ի։
Ավելացրել են 16.107-ով։
Թե այս մարդկանց աշխատավարձ վճարելու, թե պետական պաշտոնյաների ծառայողական մեքենաները սպասարկելու, նորերով ու թանկարժեք մեքենաներով փոխարինելու համար որքա՞ն գումարներ են ծախսվել ու ծախսվում պետության հաշվին, հավանաբար երբեք էլ չենք իմանալու։ Բայց դրանք հաստատ ոչ տասնյակ, ոչ էլ հարյուրավոր միլիոն դրամներ են։
Խոսքը միլիարդների մասին է։ Ու այդքանից հետո, երբ հարցը հասնում է թոշակառուներին, արդարանում են, թե բյուջեում փող չկա թոշակ բարձրացնելու համար։ Պարզ չէ՞, որ բյուջետային միջոցներն այսպես մսխելու դեպքում՝ չի էլ լինելու։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ