«Վատ օրեր են մեզ սպասվում՝ չընդվզեցիր, վաղը գալու են մեր եկեղեցի ու ասեն՝ եկեք վերածենք մզկիթի». Սամվել Թադևոսյան

Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ Հովհաննավանքից հետո, հաջորդ «աղոթքը կանի Մայր Աթոռում»։

Վավերագրող, կինոռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանի կամ նրան հրամցված ծրագիրը հետևյալն է՝ գրոհել Մայր Աթոռի վրա, և նա հետևողականորեն իր գործն անում է։

«Առաքելական եկեղեցին մեր ազգային անփոխարինելի արժեքներից մեկն է, սրբությունն ու հավատքի ամբողջական կերպարը։ Նրանք, ովքեր իրենց համարում են ընդդիմություն, կամ այն ժողովուրդը, որն իր արժանապատվությունն ուզում է պահել, բայց եկեղեցին պաշտպանելու համար միայն խոսում է, ու վերջ, այսինքն՝ եթե Նիկոլ Փաշինյանի քայլերին դիմադրություն ցույց չի տալիս,  նա իր նպատակին հասնելու է։

Այս մարդը նախկինում ակնարկներով էր խոսում, 1-2 ակնարկ էր անում, որպեսզի ժողովրդի ականջը վարժվի. օրինակ, Մասիսը մերը չէ, կամ, որ դպրոցականը պետք է դառնա հետախույզ, որ պարզի, թե Մեսրոպ Մաշտոցը QR-ի ո՞ր հատվածում է գտնվում, և այլն։ Բայց հիմա նա պարզ ու հստակ ամեն ինչ ասում ու անում է։

Կարդացեք նաև

Հիմա գիտեք, թե որն է կարևոր, որ այս մարդը հետևողականորեն, հավատարիմ զավակի նման՝ մեկը մյուսի հետևից ոչնչացնում է բոլոր այն արժեքները, որոնք մեր անբաժանելի սրբություններն են։ Այս մարդը մեծ փորձառություն ունի նաև գեներալներին, հոգևորականներին բանտարկելու գործում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սամվել Թադևոսյանը։

Նրա խոսքով՝ որևէ մեկը կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանին պետք է հարցնի՝ «երբ ասում է, թե կարգալույծ եղած կաթողիկոսն իրեն կարգալույծ չի կարող անել, այդ ո՞վ է կաթողիկոսին կարգալույծ արել»։

Նրա բնորոշմամբ՝ ակնհայտ է, որ Ստեփան Ասատրյանը «թույլ տեսակի մի տղա է», որին «վերբովկա» անելու ձևն իշխանությունը գտել է, գուցե ինչ-որ բաներ են խոստացել, ու այդ տղան դուրս է եկել եկեղեցու դեմ։

«Իհարկե, մեր հոգևորականները կարող են ունենալ թերություններ, մարդիկ են, և դա այնքան բնական բան է։ Բայց այտեղ խնդիրը մեր հավաքական կերպարի, մեր հավատի խորանի՝ Առաքելական եկեղեցու մասին է։ Այստեղ մենք պաշտպանում ենք ոչ միայն մեր հոգևոր առաջնորդին, նաև մեր 1700-ամյա եկեղեցու պատիվն ենք պաշտպանում, որը սրբություն է մեզ համար։

Հիմա այս ամենը շարունակելու դեպքում մեզ ի՞նչ է սպասվելու՝ մեզ սպասվում են վատ օրեր։

Ընդդիմությունն ի՞նչ է անում, զբաղված է իր գործերով, շատ հին հայկական հիվանդություն կա՝ օրհասական պահին միասնական չլինել։ Չինական մի գյուղի բնակչության քանակ ունի Հայաստանը, սա չեմ հեգնում, հպարտ կլինեմ, որ այս պայմաններում գոնե Հայաստանից մեկ ծվեն մնա։ Հիմա ժողովուրդը սրան ընտրել էր, դե, ժողովուրդն էլ կարող է սխալվել, բայց նույն այդ ժողովուրդը հավերժական թիրախն է այն բոլոր առաջնորդների, որոնք չեն կարողանում ճիշտ ու ազնվորեն առաջնորդել ժողովրդին։ Ժողովուրդն առաջնորդների է ուղարկել տարբեր ոլորտներ՝ ԳԱԱ, մշակույթի, քաղաքականության ոլորտներ, իսկ ինքն էլ գնացել, իր գործով է  զբաղվում, որպեսզի այդ առաջնորդները խնդիրները լուծեն։ Բայց արդյո՞ք այդ առաջնորդներն իրենց գործը կատարում են, հիմա ի՞նչ մեղք ունի ժողովուրդը, որ նրա առաջնորդն իրեն տանում է ոչ թե հարթ ճանապարհով, այլ տանում է կիրճը նետելու»,- հավելեց մեր զրուցակիցը։

Սամվել Թադևոսյանի կարծիքով՝ այս իրավիճակից դուրս գալու ելքեր կան, բայց դրանք բոլորն անիրագործելի են, եթե չկա կամք, միասնության գիտակցություն։ Քաղաքական մի քանի ուժեր կան, նրանք կոչվում են քաղաքական էլիտա, նրանք պետք է միանան, իրենց համախոհների շնորհիվ գոյանա կրիտիկական հատված, որը կամք կցուցաբերի ու առաջիկա ընտրություններին նոր առաջնորդ կընտրի, որն էլ երկիրն այս վիճակից դուրս կբերի։ Եթե նման բան չեղավ, ապա կորուստներն անդառնալի կլինեն։

«Այս ամենին զուգահեռ, պետք է ակտիվ աշխատի հայ մտավորականությունը։ Ես հիշում եմ 1988 թվականի Արցախյան շարժման օրերը, երբ շարժման առաջին շարքերում՝ Ազատության հրապարակում, կանգնած էին մեր ռահվիրաները՝ Սիլվա Կապուտիկյան, Սերո Խանզադյան, Սլավիկ Սարուխանյան և այլք։ Հիշում եմ Սահակ Սահակյանին, որը երգում էր ու ոգեղեն հույս էր տալիս ժողովրդին։ Հիմա մեր մտավորականների մեծ մասը «մկան ծակին 7 թուման են տվել»։ Կան, չէ՞, մարդիկ, ովքեր իրենց աստղ են հռչակել, նրանք սովորական գրպանահատներ են, ինչ-որ բան վաստակում են, բայց մեջտեղում չկա արժանապատվություն։ Լուռ են, եթե համակերպվել են, ի՞նչ ասեմ, դե, մրցանակներ են ստանում, բաներ են անում։

Ամեն դեպքում՝ չպետք է վշտանալ, այլ պետք է մտահոգվել՝ ակռային ակռա է պետք ցույց տալ։ Ասեմ՝ երբ մարդը հեռանում է խնդրից, խնդիրը վազում է նրա հետևից ու հարվածում է թիկունքից, պետք է կանգնել խնդրի առջև ու բաց ճակատով»,- ընդգծեց Սամվել Թադևոսյանը։

Նա նաև շեշտեց՝ կան բազմաթիվ ազգեր, որոնք երազում են պետություն ունենալ, այն էլ՝ անկախ պետություն, հայ ազգն ունի այդ անկախ պետությունը, ուստի պետք է պահել։ Աշխարհի ագրեսիվությունը հասել է իր պիկին, մինչդեռ ՀՀ-ում քարանձավային դատողությունների մեջ են և մտածում են՝ Ջերմուկի գագաթը տան, որ լավ լինի, Մասիսի մասին չխոսեն՝ լավ կլինի։

«Յուրաքանչյուր գիտակից մարդ իր տրամաբանության մեջ չպետք է կարողանա տեղավորել այն, ինչն այսօր կատարվում է Հայաստանում։ Ամեն մարդ արժանի է նրան, ինչ բնույթի ներդրում է անում՝ իր տեսակը պաշտպանելու համար, ոչ մի բան հենց այնպես չի տրվելու, առավել ևս՝ հայրենիք։ Իսկ որ մենք այդ հայրենիքը սիրում էինք՝ վկան «Եռաբլուրն» է, Արցախի Եղբայրական գերեզմանոցն է, տղերքը հանուն հայրենիքի են գնացել՝ չընդվզեցիր, վաղը գալու են մեր եկեղեցի ու ասելու են՝ եկեք վերածենք մզկիթի»,- նշեց Սամվել Թադևոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս