Սահմանադրությունը սահմանում է, բայց չի՞ պարտադրում․ ո՞վ պիտի պաշտպանի Հայ Առաքելական եկեղեցին

Սահմանադրությունը 17-րդ և 18-րդ հոդվածներով ամրագրում է՝

«Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:

Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից: Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով»։

Կարդացեք նաև

Ինչպես ասում են՝ ամեն բան հրաշալի կլիներ, եթե հենց այսպես էլ լիներ․ պրակտիկ առումով այս օրերին մենք ականատեսն ենք լինում մի իրավիճակի, որը տրամագծորեն հակառակն է Մայր օրենքով սահմանվածից։

Սահմանադրության հակառակ կողմը, կամ՝ Նիկոլ «բարենորոգիչ»

Սահմանադրությունն ասում է, բայց ԱԱԾ զորքերը հունիսին Մայր Աթոռի բակում էին, իսկ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հրապարակել էր գործողությունների ծրագիր, որով պատրաստվում է ոչ միայն Կաթողիկոսին փոխել, այլև՝ Հայ Առաքելական եկեղեցու կանոնագիրքը:

«Կտրիճ Ներսիսյանից ազատում ենք վեհարանը։ Որևէ ամուսնացյալ բարեվարք քահանա նշանակվում է Կաթողիկոսական տեղապահ, ով, բնականաբար, չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

«Զազրելի բարքեր ու բարձիթողի կանոններ. այսօր եկեղեցական բարձրագույն իշխանության մեջ ավելի ցայտուն տեսանելի է անսեր ու աններող ոգին». Նիկոլ Փաշինյանի հռչակած Վեհարանի ազատագրման գործընթացի չորրորդ ամսում՝ սեպտեմբերին, եկեղեցու գործող քահանաներից առաջինը Տեր Արամ քահանա Ասատրյանը հանդես եկավ եկեղեցու բարձրաստիճաններին ուղղված այս քննադատությամբ, ապա արդեն ականատես եղանք Հովհաննավանքյան իրադարձություններին, Տեր Արամի կարգալուծությանը։

Փաշինյանն աննահանջ է իր, այսպես կոչված, վեհարանն «ազատագրելու» պլաններում, և նախօրեին էլ հայտարարեց, որ սպասվող կիրակի ևս ականատեսն ենք լինելու «ամեն գնով՝ Պատարագ» ծրագրի երկրորդ արարին, ավելին՝ խոստացավ, որ հաջորդիվ «աղոթելու են» Էջմիածնում։

Ի դեպ, իշխանամուտին ու դրա առաջին տարիներին իշխանականները՝ առաջին խոսափողի՝ Նիկոլ Փաշինյանի հանգույն, առիթը բաց չէին թողնում հիշեցնելու, որ Պետությունը և Եկեղեցին անջատ են։

Օրինակ, 2018 թվականի հունիսին Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օգատերերից մեկի հարցին, թե ինչ տեսակետ ունի «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության մասին, հայտարարել էր՝ ՀՀ-ում եկեղեցին և պետությունը անջատ են, և ես` որպես պետության ներկայացուցիչ, պետության ղեկավար, իրավունք չունեմ միջամտել եկեղեցու գործերին որևէ կերպ:

«Սա իմ պաշտոնական և պաշտոնեական դիրքորոշումն է. եկեղեցին և պետությունը անջատ են, և այդ անջատությունը պետք է հստակ պահպանել, ուստի, ձեր թույլտվությամբ, ես այդ հարցի վերաբերյալ կասեմ միայն այսքանը»,- շեշտել էր նա։

Այսօր սա արդեն արդիական չէ՝ ինչպես և Փաշինյանի շատ այլ հայտարարություններ։

Ո՞վ պիտի պաշտպանի Հայ Առաքելական եկեղեցին, եթե այդ պարտավորությունը դրված է պետության ուսերին, բայց այս պահին տեսնում ենք, որ այն չի իրագործվում․ 168am-ը հետաքրքրվեց իրավապաշտպան, փաստաբան Հովհաննես Խուդոյանից։

«Այո, պետությունը պետք է պաշտպաներ՝ իրավապահների ջանքերով, բայց իրավապահները հենց այդ ոտնձգողներն են, և իրենք իրենցից հաստատ չեն պաշտպանելու»,- ի պատասխան՝ նկատեց Հովհաննես Խուդոյանը։

Նա հավելեց, որ այսօր իրավական պաշտպանության տեսանկյունից փաստաբանները հնարավոր գործիքակազմերին դիմել են, սակայն իրավապահներն անցել են բացահայտ հանցավոր գործողություններ կատարելուն։

«Օրինակ, բոլորին հայտնի է, որ Հովհաննավանքը պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն, բայց այսօր ակնհայտ է, որ սեփականության իրավունքը խախտված է, եկեղեցին զավթված է կոնկրետ անձի կողմից։

Սա, թերևս, ուրիշի տարածք ապօրինի մուտք գործել է, շենք, շինություններ զավթել, ինքնիրավչություն, իսկ ոստիկաններն այնտեղ ծառայություն են ապահովում՝ հովանավորելու համար այդ հանցավոր գործողությունները։

Այս պահին իրավական լուծումներ չեմ տեսնում, որովհետև իրավապահները նույնիսկ փորձ էլ չեն անում ինչ-որ իրավական ծխածածկույթ տալ․ ավելին՝ քննիչը տասից ավելի հոգևորականի նույն օրը, նույն ժամին ծանուցագիր է ուղարկում․․.»,- մանրամասնեց իրավապաշտպանը։

Քանի որ ՀԱԵ-հոգևորականին՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին առնչվող դատական պրոցեսի ժամանակ 168am-ը պարբերաբար ականատեսն է լինում Կանադայի հյուպատոսի ներկայությանը, Հովհաննես Խուդոյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է Հայ Առաքելական եկեղեցու ու հոգևորականության հանդեպ կատարվողին արձագանքում միջազգային եզակի ներկայացուցիչը՝ Կանադայի հյուպատոսը, նա արձագրանեց, որ թեև ակտիվ շփումները կան, սակայն համաձայնություն չկա դրանց բովանդակությունը հանրայնացնելու։

«Բայց, ամեն դեպքում, այո՛, նկատելի է, որ վերջին ժամանակներում, երևի թե, առաջին անգամ է, որ դիվանագիտական ներկայացուցիչները մասնակցում են դատական նիստերի»,- ամփոփեց Հովհաննես Խուդոյանը։

Հիշեցնենք՝ դեռ ամիսներ առաջ 168am-ը գրավոր հարցում էր հղել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե պարոն դեսպանն ի՞նչ տեսակետ ունի Հայաստանի Հանրապետությունում հանրային դերակատարություն ունեցող անձանց ձերբակալությունների ու կալանավորումների, եկեղեցու շուրջ մեկնարկած գործընթացների մասին։

ԵՄ-ն հետևում է Հայ Առաքելական Եկեղեցու և իշխանությունների շուրջ զարգացումներին. մեր գրավոր հարցադրումներին այսպես են արձագանքել պատվիրակությունից և մանրամասնել. «Քանի որ սա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, մեղադրանքների հետաքննությունը Հայաստանի իշխանությունների իրավասության շրջանակում է։

ԵՄ-ն ընդգծում է արդարադատության և իրավապահ մարմիններում անկախության, ազնվության և հաշվետվողականության կարևորությունը, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքների և հիմնարար իրավունքների, այդ թվում՝ պատշաճ դատավարության պահպանման կարևորությունը»։

Մեր գրավոր հարցումը հղել էինք դեռ հունիսի 26-ին՝ Սամվել Կարապետյանի և Բագրատ արքեպիսկոպոսի կալանավորման դրվագներից հետո, իսկ հարցումն ուղարկելու հաջորդ օրն արդեն՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանավորումից հետո, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրականացվեցին գործողություններ, որին հաջորդեց նաև Շիրակի թեմակալ առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, ինչպես նաև քաղաքական դերակատարների կալանավորումը, և այս ամենը՝ իշխանությունների տարբեր դերակատարների կողմից մեղադրական գրառումների ու հրահանգների ներքո։

ԱՄՆ դեսպանությունից չէին արձագանքել մեր համանման հարցմանը։

Տեսանյութեր

Լրահոս