Պետական պարտքը կշարունակի աճել. Իշխանությունը շարունակում է նոր վարկեր վերցնել
Պետական պարտքը 7.5 մլրդ դոլարով ծանրաբեռնած ՔՊ-ականների վարչախումբը հիմա էլ միջոցներ է փնտրում պարտքի ցուցանիշներն արհեստական նվազեցնելու ու նոր պարտքեր վերցնելու լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու համար։ Ավելի քիչ պարտքեր վերցնելու կամ արագացված տեմպերով եղած պարտքերը մարելու, պետական պարտքի բեռը թեթևացնելու փոխարեն՝ պատրաստվում են պետական պարտքի ցուցանիշներից հանել Կենտրոնական բանկի պարտքն ու դրանով նվազեցնել պետական պարտքի մեծությունը։
Պատճառաբանությունն այն է, որ իբր Կենտրոնական բանկի պարտքը պետական պարտքի հետ կապ չունի։ Այսքան տարի ունեցել է, հիմա, երբ պետական պարտքը հասցրել են չափից դուրս ավելացնել, պարզվում է՝ չունի։
Ունի՞, թե՞ չունի, դժվար չէ հասկանալ։ Կենտրոնական բանկը պետությունից դուրս չի գործում, պետական կառույց է, ունի կարևոր ֆուկցիա պետության մեջ, ոչ միայն պատասխանատու է գնաճի համար, այլև ապահովում է երկրի ֆինանսական կայունությունը։ Ու եթե պարտք ունի, դա չի կարող կապ չունենալ պետության հետ։ Վաղը, եթե այնպես ստացվի, որ Կենտրոնական բանկը, ենթադրենք՝ սնանկանա կամ չկարողանա պարտքերը փակել, ո՞վ է փակելու այդ պարտքը։ Պարզ չէ, որ այդ պարտքերը մնալու են պետության վրա ու պետությունից են դրանք պահանջելու։
Քանի որ պետությունն է պատասխանատու պետական ցանկացած կառույցի գործունեության համար, հետևաբար՝ պետությունն է պատասխանատվություն կրում նաև նրանց ստանձնած պարտավորությունների նկատմամբ։
Այնպես որ, պետք չէ հեծանիվ հորինել. ինչպես կառավարության, այնպես էլ Կենտրոնական բանկի պարտքերը պետական պարտքեր են։ Այլ բան, որ իշխանության համար ձեռնտու չէ այդպես ընդունելը։ Դրա համար էլ որոշել են, որ Կենտրոնական բանկի պարտքերը պետք է հանել պետական պարտքի ցուցանիշներից։
Եվ քանի որ Կենտրոնական բանկն այս պահին 522 մլն դոլարի պարտք ունի, պետական պարտքն այդքանով կպակասեցնեն։
Եթե հիմա պետական պարտքը 14.2 մլրդ դոլար է, այս արհեստական վերաձևումից ու միջամտությունից հետո, ավտոմատ կդառնա 13.6 միլիարդ։
Արտաքուստ պետական պարտքը կնվազի, բայց իրականում կմնա նույնը։ Դրանից ոչ պետական պարտքի բեռը կնվազի, և ոչ էլ պարտքը։ Պարզապես կառավարությունը հնարավորություն կստանա պետական պարտքի ավելի փոքր ցուցանիշներ ցույց տալ։
Մինչև հիմա պետական պարտքը ներառում էր կառավարության ու Կենտրոնական բանկի պարտքերը։ Բայց ի տարբերություն կառավարության, Կենտրոնական բանկի պարտքերը բավական համեստ են։ Այն հիմնականում տատանվել է 500-600 մլն դոլարի սահմաններում։ Վերջին 7 տարիներին Կենտրոնական բանկի պարտքերը նույնիսկ մի փոքր նվազել են։ Այնինչ՝ կառավարության պարտքերն աստղաբաշխական տեմպերով աճել են։ Դրա հետևանքով էլ մեծացել է ճնշումը պարտքի ցուցանիշների վրա։ Ուստի՝ որոշել են Կենտրոնական բանկի պարտքերը հանել պետական պարտքից։
Ու որպեսզի այս ամենը շատ աղաղակող չլինի, իբր միջազգային ֆինանսական կազմակերպությունների պարտադրանքով, համայնքների պարտքերն են պատրաստվում ներառել պետական պարտքի ցուցանիշներում։
Իհարկե, ճիշտ է, որ համայնքային պարտքերը պիտի ներառված լինեն պետական պարտքի մեջ։ Դրանք ևս պետության պարտավորությունների մեջ են մտնում։ Ուստի, ոչ միայն պիտի ներառվեն պետական պարտքի ցուցանիշներում, այլև լինեն խիստ հսկողության տակ։ Հատկապես այն պայմաններում, երբ տեսնում ենք, թե ինչ մեծ աշխորժակ ունի պարտքերի նկատմամբ ոչ միայն կառավարությունը, այլև Երևանի քաղաքապետարանն ու քաղաքային իշխանությունը։ Պարտքերով ավտոբուսներ են գնում ու ցույց են տալիս, թե մեծ գործ են անում՝ քաղաքային տրանսպորտն են թարմացնում։ Հիմա էլ պատրաստվում են պարտքերով 250 էլեկտրական ավտոբուս ձեռք բերել, որի նախնական արժեքը հասնում է գրեթե 250 մլն եվրոյի։ Դա էլ քիչ է, պարտքերով մետրոյի կայարան են մտադիր կառուցել։ Կրկին խոսքը հարյուրավոր միլիոն դոլարների մասին է։
Այս գումարները մնալու են պետության վրա ու չեն կարող դուրս լինել պետական պարտքերից։ Միանգամայն օրինաչափ է, որ դրանք պիտի ներառվեն պետական պարտքի մեջ։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ Կենտրոնական բանկի պարտքերը պետք է դուրս մնան պետական պարտքի ցուցանիշներից։
Կենտրոնական բանկի պարտքը պետական պարտքից հանելու արդյունքում ակնկալում են, որ պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կնվազի 2 տոկոսային կետով։ Ներկայումս այն 50 տոկոսի սահմաններում է։ Երկու տոկոսային կետը փոքր ցուցանիշ չէ, ու դա ևս մի քանի հարյուր միլիոն դոլարի նոր պարտքեր վերցնելու լրացուցիչ հնարավորություն է այս իշխանությունների համար։ Պարտքեր վերցնելը նրանց համար դարձել է հոբբի։ Անընդհատ նոր պարտքեր են վերցնում, պարտքերով ասֆալտ անում, մարդկանց աչքին թոզ փչում՝ պարտքերն էլ թողնում սերունդների վրա։
Կենտրոնական բանկի պարտքերը «ջրելուց» բացի, ՀՆԱ նկատմամբ պետական պարտքի հարաբերությունը կնվազեցնեն նաև ժամանակագրական փոփոխություններով։
Եթե նախկինում պետական պարտքի կշիռը չափում էին՝ հարաբերելով նախորդ տարվա ՀՆԱ-ի հետ, հիմա կանեն նույն տարվա հետ հարաբերելով։ Ու քանի որ սովորաբար տվյալ տարվա ՀՆԱ-ն ավելի մեծ է լինում, քան նախորդ տարվանը, դա էլ կնպաստի պարտքի ցուցանիշների «բարելավմանը»։
Թե ինչո՞ւ իշխանությունները հիմա որոշեցին գնալ պարտքը «թեթևացնելու» ճանապարհով, դժվար չէ հասկանալ։ Սա նշանակում է, որ անգամ այսքան պարտքեր կուտակելուց, պարտքն աննախադեպ ավելացնելուց հետո էլ, առաջիկայում պատրաստվում են մեծաքանակ պարտքեր վերցնել։
Պարտքերով են երկիրը պահում։ 7 տարում ավելի շատ պարտք են կուտակել, քան Հայաստանի նորանկախ պատմության նախորդ ամբողջ ժամանակաշրջանում։
Վերջին տվյալներով, պետական պարտքը հասել է 14.2 մլրդ դոլարի։ Երբ ՔՊ-ականների խմբակը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, զավթում էր իշխանությունը, պետական պարտքը 6.7 մլրդ դոլար էր։ 7.5 մլրդ դոլարով պարտքն ավելացրել են, բայց էլի կանգ չեն առնում։
Միջոցներ են փնտրում, պայմաններ են ստեղծում՝ պարտքն ավելացնելու ու սահմանափակումները շրջանցելու համար։ Իբր որոշել են, որ պետական պարտքը չպիտի գերազանցի ՀՆԱ 60 տոկոսը։ Բայց այնպիսի «լուսանցք» են թողել, որ ցանկացած պահի կարող են գերազանցել։ Գերազանցելու համար կառավարությունն ընդամենը պիտի ստանա Ազգային ժողովի համաձայնությունը։ Իսկ Ազգային ժողովի համաձայնությունը ստանալը ե՞րբ է խնդիր եղել իշխանության համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

