Կեղծ ընտրակաշառք. Կենսաթոշակը անվանապես կբարձրանա, բայց գումարը չի ավելանա
Կենսաթոշակներն իրականում բարձրացնելու փոխարեն՝ իշխանությունները ձև են անում, թե հաջորդ տարի կենսաթոշակ են բարձրացնում։ Հազարավոր կենսաթոշակառուների դրամապանակում դրանից ոչինչ չի ավելանա։ Բազային կենսաթոշակը, որը վերաբերում է բոլոր թոշակառուներին, չեն բարձրացնում, հետվճարով են ուզում խաբել թոշակառուներին։ Մտադիր են հետվճարի ժամկետը երկարացնել մինչև 2026թ. վերջ և գործող 12 տոկոսը դարձնել 20 տոկոս։ Այս փոփոխությամբ ակնկալում են, որ կենսաթոշակառուն շանս կունենա 3-4 հազար դրամով ավելի հետվճար ստանալ, եթե անկանխիկ առևտուր անի։
Թե ինչո՞ւ են հատուկ հետվճարով խաբում թոշակառուներին, դժվար չէ հասկանալ. պարզ հաշվարկ է՝ գումար են տնտեսում թոշակառուների հաշվին։
Բազային կենսաթոշակները 3-4 հազար դրամով բարձրացնելու համար, խոսքը բոլոր կենսաթոշակառուների թոշակները բարձրացնելու մասին է, տարեկան անհրաժեշտ կլինի գրեթե 30 մլրդ դրամ։ Որպեսզի այդ 30 միլիարդը չտան, բայց ցույց տան, թե կենսաթոշակները 3-4 հազար դրամով բարձրացրել են, հերթական խորմանկությանն են դիմել, նախապատվությունը տվել են հետվճարին։
Սրանով առնվազն կիսով չափ կտնտեսեն թոշակառուներին տրվող հավելյալ գումարները։ Այն հաշվարկով, որ հարյուր-հազարավոր կենսաթոշակառուներ չեն օգտվում հետվճարից կամ մասնակի են օգտվում։
«Այդ նպատակի համար հարկ կլինի 2026 թվականին լրացուցիչ հատկացնել շուրջ 14 մլրդ դրամ, մինչդեռ նույն չափով ընդհանուր կենսաթոշակների չափերն ավելացնելու դեպքում պետք է հատկացվեին կրկնակի անգամ ավելի շատ միջոցներ»,- խոստովանում է կառավարությունը՝ հետվճարի ժամկետը երկարացնելու ու հետվճարի չափը 12-ից 20 տոկոս դարձնելու վերաբերյալ ներկայացված որոշման նախագծում։
Եթե բոլորի կենսաթոշակները 3-4 հազար դրամով ուղղակի բարձրացնելու պարագայում թոշակառուների վրա պիտի ծախսեին միջին ամսական 2.5 միլիարդ դրամով ավելի, հիմա կծախսեն ընդամենը 1.2-1.3 մլրդ դրամով ավելի։
Մի կողմից՝ գումարները կխնայեն՝ իրենց ճոխությունները փակելու համար, մյուս կողմից՝ ցույց կտան, թե կենսաթոշակները 3-4 հազար դրամով ավելացրելու շանս են տվել թոշակառուներին։ Ոչինչ, որ բազմաթիվ կենսաթոշակառուներ հնարավորություն չունեն օգտվել հետվճարից։
Բացի այդ, այնպես չէ, որ ցանկության դեպքում կենսաթոշակառուները կարող են իրենց կենսաթոշակն ամբողջությամբ ծախսել անկանխիկ եղանակով, որպեսզի դրա դիմաց հետվճար ստանան։ Կան շատ ծախսեր, որոնք անգամ մեծագույն ցանկության դեպքում անհնարին է կանխիկով կատարել։
Որոշ դեպքերում էլ այնպես են արել, որ անգամ անկանխիկ ծախսերը չներառվեն հետվճարի մեջ։
Ասենք՝ նույն կոմունալ վճարումները, որոնց դեպքում հետվճարը չի գործում։
Հատուկ են այդպես արել, լավ իմանալով, որ կենսաթոշակառուներն իրենց թոշակների մի զգալի մասը ծախսում են հենց կոմունալների վրա։ Ու երբ կոմունալները վճարելու դեպքում հետվճարը չի գործում՝ կենսաթոշակառուները զրկվում են այդ գումարների հաշվին հետվճար ստանալուց։
Իշխանությունները գիտեն, որ թոշակառուների զգալի մասը չի կարողանում օգտվել հետվճարից, բայց շարունակում են գնալ այդ արատավոր ճանապարհով։ Հետվճարի չափերը վերանայելու վերաբերյալ որոշման հիմնավորման մեջ նշել են, որ այս տարի, օգոստոսի դրությամբ, հետվճարի շահառուների թիվը միջինն ամսական կազմել է 348 հազար։ Սակայն հատուկ թաքցրել են, որ դրա մեջ միայն կենսաթոշակառուները չեն մտնում։ Մտնում են նաև սոցիալապես անապահովները, որոնք ևս հնարավորություն ունեն օգտվել անկանխիկ առևտրի հետվճարից։
Ընդհանուր առմամբ Հայաստանում 500 հազարից ավելի կենսաթոշակառու կա ու շուրջ 55 հազար նպաստառու։ Այս 555 հազար կենսաթոշակառուներից ու նպաստառուներից հետվճարից օգտվել է 348 հազարը, այն էլ՝ մասնակի։ 207 հազարն ընդհանրապես չի կարողացել օգտվել։ Նրանք կազմել են կենսաթոշակառուների ու նպաստառուների ավելի քան 37 տոկոսը։ Այս մարդկանց հետվճարը ոչինչ չի տվել, բայց դա չի խանգարում, որ իշխանությունները շարունակեն խաբել, թե նրանց թոշակներն էլ են բարձրացրել։
Բարձրացումն էլ մի բարձրացում լինի, էլի ոչինչ։ Մի կողմից՝ հարյուր-հազարավոր կենսաթոշակառուներ չեն կարողանում օգտվել հետվճարից, օգտվողներն էլ մասնակի են օգտվում, մյուս կողմից՝ ակնկալվող բարձրացումն էլ լավագույն դեպքում կարող է 3-4 հազար դրամի հասնել, եթե, իհարկե, թոշակառուն ամբողջ թոշակն անկանխիկ ծախսի։ Նման բան գործնականում գրեթե անհնարին է։ Բայց իշխանություններն իրենց հաշվարկները հենց այդ անհնարինության սինդրոմի վրա են կառուցում, երբ հայտարարում են, թե հետվճարը 12-ից 20 տոկոս դարձնելով՝ կենսաթոշակները 3-4 հազար դրամով բարձրացնում են։
Ամենամեծ զավեշտն այն է, որ կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ արձանագրել են, թե որոշման նախագծի ընդունման դեպքում՝ կենսաթոշակի միջին ամսական չափը կհասնի շուրջ 56 հազար դրամի։ Ինչպե՞ս, հայտնի չէ։
Հայտնի է, որ այս տարի Հայաստանում կենսաթոշակների որևէ բարձրացում չի սպասվում։ Դա նշանակում է, որ միջին կենսաթոշակը տարեվերջին կշարունակի մնալ նույնը, եթե նույնիսկ ավելի չիջնի։ Վերջին շրջանում իջնում է։ Միջին կենսաթոշակը ներկայումս 49 հազար դրամ է։ Հաջորդ տարի հետվճարի տոկոսը 12-ից 20 դարձնելու դեպքում, կենսաթոշակառուն շանս կունենա առավելագույնը 3-4 հազարով ավելացնել կենսաթոշակը։ Եթե մի հրաշքով անգամ բոլոր օգտվողներն օգտվեն հետվճարից ու իրենց կենսաթոշակները դրա արդյունքում 3-4 հազար դրամով բարձրանան, միևնույն է, միջին կենսաթոշակը չի կարող հասնել 56 հազար դրամի։ Առավելագույնը կհասնի 53 հազար դրամի։
Ինչպե՞ս է կառավարությունը ստացել 56 հազար դրամ, հավանաբար դժվար չէ հասկանալ։ Շատ մեծ է եղել բարձր թիվ ցույց տալու գայթակղությունը։ Հատկապես որ, խոստացել էին մինչև 2026թ. նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին։ Երկու դեպքում էլ խոստումը չեն կատարել։ Թե՛ նվազագույն կենսաթոշակի, և թե՛ կենսաթոշակի միջին չափերն այսօր անհամեմատ ավելի ցածր են, քան պարենային և սպառողական զամբյուղների արժեքները։
Հաջորդ տարի էլ, անկախ նրանից՝ հետվճարը 12-ից կդարձնեն 20 տոկոս, թե ոչ, էլի նվազագույն կենսաթոշակն ու միջին կենսաթոշակն անհամեմատ ավելի ցածր կլինեն, քան պարենային և սպառողական զամբյուղների արժեքները։ Այդպես է, որովհետև գնաճի ազդեցությունը պարենային ու սպառողական զամբյուղների վրա սովորաբար շատ ավելի մեծ է, քան կենսաթոշակների բարձրացումը, առավել ևս, որ նման «բարձրացումները» շատերի դրամապանակներում բացարձակապես ոչինչ չեն ավելացնում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

