Տեսնում եմ Եկեղեցու դեմ արշավի արտահայաստանյան պլանավորման խոտաններն ու սխալ հաշվարկները. Վլադիմիր Մարտիրոսյան
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագիտության թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը իր Ֆեյսբուքի էջում գրում է.
«Ձեռքով սրտիկի փոխարեն երկար, ծանր գրառում: Կներե՛ք սրտիկով սիրտ շահել չեմ կարող: Վաղվա Օհանավանք 2-ին ընդառաջ ներկայացնեմ ձեզ մի մասնագիտական վերլուծություն առավել խորը պատկերացնելու համար հակաեկեղեցական արշավի իրական մոտիվները: Դա է նաև պատճառը, որ ես այս արշավի հաջողությունը կամ տապալումը համարում եմ վերջնախաղային այս իշխանության համար, որովհետև դրա տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը ազգային պետության ավարտ:
Եկեղեցու դեմ ծավալված հակամարտությունը ոչ թե այս իշխանության խելագարության կանխավարկածն է, այլ խորը արտաքին պլանավորում, որը ծառայում է որպես իշխանական օրակարգի շղարշ: Հայաստանի ներքաղաքական և ինստիտուցիոնալ դինամիկայում հակաեկեղեցական արշավը վերջին վեց ամիսների ընթացքում փաստացի վերածվել է Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական ներքին օրակարգերից մեկին։ Դա պատահական չէ այլ խորը պլանավորման արդյունք:
Առաջին հայացքից՝ այն ներկայացվում է որպես աշխարհիկ պետության ինքնահաստատման փորձ՝ իբր ուղղված եկեղեցու քաղաքականության մեջ ունեցած ներգրավվածության դեմ։ Փաշինյանին հանձնարարված է նախընտրական փուլում իրեն համար ամեն վտանգավոր հանգամանք ՝ «նախկիններ, երեք նախագահներ, գործող ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ, շարժումներ» տեխնիկապես և գաղափարապես տեղավորել մեկ հարկի տակ և անցնել հարձակման այդ բևեռի վրա մինչև ոչնչացում:
Այդ այսպես կոչված մեկ հարկը շատ հմուտ կերպով դարձավ Հայ Առաքելական Եկեղեցին:
Խորքային վերլուծությունը վկայում է, որ այս հակամարտությունը իրականում գործել է որպես իշխանության ինքնապահպանման մեխանիզմ և հասարակական ուշադրության շեղման գործիք։ Քաղաքագիտական տեսանկյունից, մենք գործ ունենք օրակարգային մանիպուլյացիայի (agenda manipulation) դասական դրսևորման հետ, որի միջոցով իշխանությունը ձևավորում է արհեստական բևեռացում՝ հասարակության ինքնագիտակցությունը բաժանելով «նոր առաջադեմ իշխանության» և «նախկին և հետադիմական եկեղեցու» ճամբարների։
Այդ բևեռացումը, ըստ քաղաքական հաղորդակցության տեսության, նվազեցնում է հանրային ուշադրությունը այն գործընթացներից, որոնք կարող են լուրջ հետևանքներ ունենալ պետական ինքնիշխանության, տնտեսական անվտանգության և ինստիտուցիոնալ կայունության վրա։
Քաղաքական նպատակահարմարությունը և օրակարգի արհեստական շեղումը, իշխանության կողմից եկեղեցու դեմ տարվող քարոզչական և վարչական հարձակումների ուժգնացումը համընկել է արտաքին քաղաքական վճռորոշ փուլերի հետ։
Այդ ժամանակահատվածում օրակարգային գերակայությունը տրվել է ՀԱԵ-ի դեմ հակադրությանը՝ փոխարենը մոռացության մատնելով Հայաստանի համար կենսական հետևանքներով հարցեր՝
• Խաղաղության փաստաթղթի բովանդակությունը և տարածքային զիջումների ռիսկերը
• Միջանցքի շուրջ բանակցային իրական ընթացքը,
• Տնտեսության կառավարման և արտաքին կախվածությունների խորացումը։
Այս համատեքստում Եկեղեցու դեմ հարձակումը կարելի է դիտարկել որպես հասարակական ուշադրության շեղման տեխնոլոգիա՝ նախատեսված՝ հանրային քննարկումից դուրս մղելու այն, ինչը քաղաքական տեսաբաններ՝ Յան Մյուլլերի և Հանս Լուրհմանի կողմից որակվել են, որպես «պետական ինքնիշխանության դեգրադացիա հանուն իշխանական հարմարության»։
Սա փաստացի հանգեցրել է ինստիտուցիոնալ բալանսի խախտման՝ իշխանության ինքնահաստատման նպատակով:
Հայաստանի քաղաքական համակարգը, ըստ սահմանադրական կառուցվածքի, հիմնված է իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ Սակայն երբ գործադիր իշխանությունը պատերազմ է հայտարարում ոչ թե քաղաքական կուսակցությանը, այլ ազգային ինստիտուտին՝ եկեղեցուն, այն իրականում թուլացնում է ինստիտուցիոնալ հակակշիռների համակարգը։
Քաղաքագիտական տեսանկյունից սա բերում է ինստիտուցիոնալ մոնիզմի, երբ բոլոր հանրային լեգիտիմության աղբյուրները (պետություն, կրոն, հանրային կարծիք, դատական իշխանություն) աստիճանաբար ենթարկվում են մեկ քաղաքական կենտրոնի կամ պետությունը վոլյունտարիզմով գործում է մեկ միասնական իշխանական կամքի հիման վրա և այդ կամքից դուրս ինստիտուցիոնալ ինքնուրույնություն գոյություն չունի և ջախջախման ենթակա է:
Այս երևույթը բնորոշ է պոպուլիստական ռեժիմներին, որտեղ իշխանությունը ձգտում է դառնալ միակ լեգիտիմ որոշողն ու թելադրողը հանրային բարոյականության և ազգային ինքնության։ Փաշինյանի ռեժիմը այս գործընթացում օգտագործում է եկեղեցու դեմ պայքարը՝ որպես «բարոյական մաքրման» հռետորական միջոց՝ փաստացի ապահովելով հասարակության հոգևոր ինքնության քաղաքականացումը։
Սա անելու համար ողջ ուժով կյանքի է կոչվում քաղաքական բևեռացումը և բոլոր սոցիալական, ավանդական կառույցների դեգրադացիան:
Բևեռացումը Հայաստանում վերածվել է իշխանության պահպանման հզոր գործիքի։ Փաշինյանի ռեժիմը զարգացրել է «կեղծ հակադրությունների քաղաքականություն», որտեղ հասարակությունը բաժանվում է ոչ թե գաղափարական, այլ բարոյական և գոյաբանական ճամբարների՝ «լուսավորն» ընդդեմ «հետադիմականի» (հիշեք, թե ինչու է կրթվելը նորաձև), «ժողովրդավարն» ընդդեմ «հոգևոր ավանդապաշտի» ( հիշեք, թե ինչպես է այսօր ծաղրի ենթարկվում ազգային հասկացությունը օտարամոլ առաջադեմ դարձած, բայց բնույթով գեղջկականների կողմից):
Այս բևեռացումը մանիպուլյատիվ բնույթ ունի և նպատակ ունի ոչ թե լուծելու հասարակական հակասությունները, այլ ոչնչացնելու հանրային համերաշխության հիմքերը։ Քաղաքագիտորեն՝ սա մոտ է Բալթյան երկրների քաղաքագիտական դպրոցի՝ «բաժանարար պոպուլիզմի տեսությանը», երբ իշխանությունը արհեստականորեն արտադրում է սոցիալական և արժեքային հակադրություններ, որպեսզի թուլացնի հնարավոր համախմբումը իր դեմ և բաժանարար պոպուլիզմի օգնությամբ կառուցի հասարակության ներսում թշնամի՝ դրա արհեստական ստեղծման մեխանիզմի միջոցով: Այս մոդելից Փաշինյանը օգտվում է շռայլորեն փոխարինելով Հայաստանի արտաքին թշնամիներին ներքին թշնամիների ստեղծմամբ:
Այս ընթացքում Եկեղեցու դեմ քարոզչական և իրավական արշավի ֆոնին տեղի են ունեցել մի շարք առանցքային գործընթացներ, որոնք նվազագույն հանրային ուշադրություն են ստացել, սակայն ռազմավարական առումով կարող են ունենալ աղետալի հետևանքներ․
1. Միջանցքի շուրջ հրատապ ու արագ բանակցություններ՝ առանց խորհրդարանական վերահսկողության և հանրային քննարկման, ինչը հարված է սահմանադրական ժողովրդավարությանը։
2. Տնտեսական կառավարման կենտրոնացում և ներդրումային անկում, պայմանավորված քաղաքական անկայունության և արժեքային բևեռացման աճով։
3. Արտաքին քաղաքական հավասարակշռության խաթարում, որի արդյունքում Հայաստանը դառնում է ոչ թե անկախ դերակատար, այլ տարածաշրջանային ուժերի շահերի օբյեկտ։
Քաղաքագիտական տեսանկյունից՝ սա ցույց է տալիս իշխանության կողմից պետական ինքնիշխանության ընկալման փոփոխություն: Այսինքն պետական շահը այլևս չի դիտվում որպես հանրային կամ պատմական ամբողջություն, այլ դիտվում է որպես իշխանության գոյատևման միջոց։
Չնայած բոլորիս ներկայացվում է մի թեզ, որ սա հանուն է այլ ոչ թե ընդդեմ:
Փաշինյանը դժվար հասկանա, որ իր միջոցով Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պայքարը մշակվել է, որպես հայկական ինքնավարության ոչնչացման օրինակ: Հայոց եկեղեցին, անկախ իր ներքին խնդիրներից, պատմականորեն եղել է ազգային ինքնության ինստիտուցիոնալ պահապանը։ Երբ քաղաքական իշխանությունը հարձակվում է այդ ինստիտուտի վրա, այն իրականում հարձակվում է ազգային ինքնության վրա՝ փորձելով զրկել հասարակությանը ինքնավերարտադրման և հիշողության աղբյուրից։
Քաղաքագիտական առումով սա կոչվում է ինստիտուցիոնալ դեկապսուլյացիա՝ երբ ազգային ավանդական ինստիտուտները զրկվում են իրենց ինքնավարությունից և ենթարկվում են քաղաքական վերահսկողության։ Այս գործընթացը ոչ միայն փլուզում է ինստիտուցիոնալ հավասարակշռությունը, այլև ստեղծում է այն, ինչ Հաննա Արենդթը բնորոշում էր որպես «արժեքազուրկ հասարակություն իշխանական վակուումում»:
Այսպիսով.
Վերջին վեց ամիսների ընթացքում Փաշինյանի վարչակարգի՝ Եկեղեցու դեմ ուղղված հակամարտությունը պետք է դիտարկել ոչ թե որպես աշխարհիկ պետության ինքնահաստատման փորձ, այլ որպես իշխանության ինքնապահպանման և օրակարգային շեղման գործիք։
Այն ծառայել է հետևյալ նպատակներին․
1. Հանրային ուշադրության շեղում արտաքին և ներքին լուրջ գործընթացներից,
2. Ինստիտուցիոնալ հակակշիռների թուլացում և իշխանության կենտրոնացում,
3. Քաղաքական բևեռացման միջոցով հանրային համերաշխության փլուզում,
4. Պետական ինքնիշխանության սահմանափակում՝ հանուն անձնական իշխանական կայունության։
Այս ամենը վկայում է, որ Հայաստանի քաղաքական համակարգը գնում է դեպի պոստպոպուլիստական ավտորիտարիզմի փուլ, որտեղ ձևական ժողովրդավարական կառուցվածքների ներքո աստիճանաբար ոչնչացվում են հանրային վերահսկողության և ինստիտուցիոնալ հավասարակշռության մեխանիզմները։
Հիշե’ք.
Փաշինյանի՝ Վեհափառի դեմ ուղղված պայքարը պետք է հասկանալ ոչ թե որպես գաղափարական կամ բարոյական բախում, այլ որպես
սեփական իշխանության և սեփական վարկանիշի փրկության փորձ,
ազգային ինքնագիտակցության մեխանիկական ապամոնտաժման գործընթաց,
արտաքին ուժերի շահերին ծառայող ներքին քաղաքական շեղող գործողություն։
Այն, ինչ թվում է որպես հակաեկեղեցական քարոզ, ըստ էության ինքնիշխանության դեմ ուղղված քաղաքական-հոգեբանական պատերազմ է՝ սեփական ժողովրդի գիտակցության դաշտում։ Ես ոչինչին այդքան չեմ հավատում, որքան այս արշավի ձախողմանն ու մեր ազգային պետության վերածննդին:
Կասեք՝ ինչո՞ւ, որովհետև խորքային տեսնում եմ այս արշավի արտահայաստանյան պլանավորման խոտանները և սխալ հաշվարկները, ինչպես նաև ներհայաստանյան դերակատարների դրա կատարյալ ձախողումը»:

