Թուրքերին սպասելիս. Հայաստանը՝ մի քանի մլրդ դոլարի տուգանքի ռիսկերի առաջ
Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին կեսին Հայաստանի իրական տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 5 մլրդ դրամ։ Տարադրամի համարժեքով՝ խոսքը 6 ամսում հազիվ 13 մլն դոլարի մասին է։
Կրճատվել են Ռուսաստանից, Կիպրոսից, Արաբական Միացյալ էմիրություններից և այլ երկրներից կատարված ուղղակի ներդրումների զուտ հոսքը։
Ամենամեծ անկումն արձանագրվել է Ռուսաստանից։ Ուղղակի ներդրումների զուտ հոսքերն այս երկրից տարվա առաջին կեսին նվազել են գրեթե 70 մլն դոլարով։
Նվազել են հատկապես մետաղական հանքաքարի արդյունահանման մեջ կատարվող ներդրումները։
Կիպրական ներդրումների զուտ հոսքերի կրճատումը հասնում է 25 մլն դոլարի։ Այս դեպքում էլ դրանք վերաբերում են գերազանցապես կացության կազմակերպմանը։
ԱՄԷ-ից Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ուղղակի ներդրումների զուտ հոսքերը նվազել են մետաղական հանքաքարի արդյունահանման, ինչպես նաև՝ ֆինանսական միջնորդությունների ոլորտում։
Առաջին տարին չէ, որ իրական տնտեսության մեջ կատարվող ուղղակի ներդրումների այսպիսի խայտառակ պատկեր է արձանագրվում։ Այնպես են արել, որ երբեմնի ներդրումային խոշոր գործընկեր երկրներից ներդրողները հակված չեն գալ Հայաստան, հիմա էլ հույսը կապել են թուրքական ներդրումների վրա։ Էկոնոմիկայի նախարարը սկսել է ողջունել թուրքական ներդրողներին՝ Հայաստանում ներդրումներ կատարելու համար։
Ասում է՝ սահմանների բացումից հետո բնական է, որ կարող են լինել թուրքական ներդրումներ, մենք էլ կարող ենք ներդրումներ անել Թուրքիայում։ Իբր Հայաստանի տնտեսության մեջ այնքան ներդրումներ են արել, հիմա էլ Թուրքիայի տնտեսության մեջ են ուզում անել։
Պարզ է, որ Հայաստանի տնտեսությունը ներդրումային պոտենցիալ չունի՝ Թուրքիայում ներդրումներ կատարելու համար։ Փոխարենը՝ Թուրքիայի պոտենցիալն այդ առումով հարյուրավոր անգամներով գերազանցում է Հայաստանի հնարավորություններին։ Բայց դրանից պետք է ոչ թե ոգևորվել, այլ զգուշանալ։
Թուրքական ներդրումները, որոնց հետ այդքան մեծ հույսեր են կապում Հայաստանի թրքասեր իշխանությունները, շատ արագ կարող են խեղդել տեղական արտադրողներին ու նրանց դուրս շպրտել շուկայից։ Սրանից է, որ պետք է վախենալ։ Ժամանակին էլ Վրաստանն էր ոգևորված թուրքական ներդրումներով։ Թե ինչ եղավ հետո, տեսնում ենք։ Վրաստանը, հատկապես առանձին հատվածներ, աստիճանաբար թրքանում են, վերածվում են թուրքական օջախների երկրի ներսում։
Վրաստանի դեպքում սա գուցե այնքան վտանգավոր չէ վրացիների համար, որքան կարող է վտանգավոր լինել Հայաստանի պարագայում։ Թուրքական ներդրումները լինելու են գործիք՝ ժամանակի ընթացքում Հայաստանի տնտեսությունն իրենցով անելու համար։ Տնտեսական պոտենցիալն աստիճանաբար անցնելու է թուրքերի ձեռքը։
Սրա մասին մտածելու ու Հայաստանի տնտեսությունը թուրքական էքսպանսիայից պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու փոխարեն, էկոնոմիկայի նախարարը ոգևորությամբ սպասում է թուրքական ներդրումներին։ Չնայած նրան էլ կարելի է հասկանալ՝ Հայաստանն այն օրի են հասցրել, որ ոչ մեկը չի ուզում ներդրումներ կատարել։ Դա էլ քիչ է, միջազգային արբիտրաժային դատարաններում կառավարության գործողություններից բխող հայցերի ու ֆինանսական պահանջների պակաս չկա։
Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի դեմ հերթական խոշոր գումարի հայցապահանջն է ներկայացվել «Վոլնորթ Լիմիթեդ» ընկերության կողմից, այն հիմնավորմամբ, որ կառավարությունն ապօրինի միջամտություն է ցուցաբերել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ներքին կորպորատիվ գործերին, ինչի հետևանքով խախտվել են բաժնետերերից մեկի իրավունքները։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ «Վոլնորթը», Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին (ICSID) ներկայացված արբիտրաժային բողոքով, Հայաստանից պահանջում է 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար փոխհատուցում՝ ապօրինի միջամտության և կրած վնասի համար։
Ընկերությունը ներկայացրել է ապացույցներ այն մասին, որ Հայաստանի իշխանությունները կազմակերպել և իրականացրել են բացահայտ ու գաղտնի արշավ՝ նպատակ ունենալով զավթել ԶՊՄԿ-ի վերահսկողությունը։ Ցույց է տվել, որ Նիկոլ Փաշինյանի՝ «ԶՊՄԿ-ն ժողովրդին վերադարձնելու» մասին հայտարարություններին հաջորդել են ընկերության 60 տոկոսի գաղտնի վաճառքը, ապա նաև՝ բաժնետոմսերի 15 տոկոսի նվիրաբերումը կառավարությանը։
Սրանով իշխանությունները երկիրը ներքաշել են աբիտրաժային գործընթացի մեջ, որով 1․5 միլիարդ դոլար են պահանջում Հայաստանից։
Միջազգային արբիտրաժային դատարանը մեկ այլ գործով վարույթ է ընդունել Ամուլսարի հետ կապված հայցապահանջը։ Այն ներկայացվել էր դեռևս 2023թ. Amulsar Investor Ventures LLC-ի կողմից։ Հայցվորներն ամերիկյան ներդրողներն են, որոնք միավորվել են և համատեղ հայց ներկայացրել Հայաստանի դեմ։ Հայցի ներկայացման պատճառը կրկին կառավարության գործողություններն են, որոնք խնդիրներ են ստեղծել ընկերության գործունեության համար։
Ինչպես հայտնի է, տարիներ շարունակ, չնայած կատարված հարյուրավոր միլիոն դոլար ներդրումներին, Ամուլսարի ծրագրի իրականացումը բախվում էր խոչընդոտների։ Դա շարունակվեց այնքան ժամանակ, մինչև կառավարությունը չստացավ իր «փայը»։
Որքան էլ նման փայամասնակցություններն իշխանությունները ներկայացնում են՝ որպես մեծ ձեռքբերում, հիմա տեսնում ենք, թե ինչ վտանգներ են թաքնված դրանց տակ։ Երկու դեպքում էլ Հայաստանը բախվել է մեծ տուգանքներ վճարելու ռիսկերի հետ, որոնց գինն անգամներով կարող է ավելին լինել, քան այն բաժնեմասերի արժեքը, որոնք քաղաքական նպատակահարմարություններից ելնելով՝ խարդավանքների միջոցով խլել են սեփականատերերից ու ներկայացրել այնպես, որ ժողովրդի ունեցվածքը վերադարձրել են ժողովրդին։ Հիմա այդ նույն ժողովուրդը, իշխանությունների արկածախնդրության հետևանքով, կանգնած է մի քանի տասնյակ միլիոնի բաժնետոմսերի դիմաց մի քանի միլիարդ դոլարի փոխհատուցում վճարելու վտանգի առաջ։
Ու այս ամենը միայն այդ 2 գործերով չի ավարտվում։
Եղածները քիչ էին, հիմա էլ իշխանությունների կողմից բացահայտ ճնշումներով ու քաղաքական հաշվեհարդարներով գործարար և բարերար Սամվելի Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ը կոպտորեն խլելու շուրջ սկսված միջազգային արբիտրաժային գործընթացներն են։ Դա Հայաստանի վրա կարող է հարյուրավոր միլիոն դոլարներ արժենալ՝ զուտ այն պատճառով, որ իշխանությունները որոշել են մի անմեղ հայտարարության համար պատժել միլիարդատիրոջն ու Հայաստանի տնտեսության մեջ հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ կատարած գործարարին։
Միայն այս մի քանի գործերով, միջազգային արբիտրաժային դատարաններում այսօրվա կառավարիչները Հայաստանի վրա միլիարդավոր դոլարների հասնող ֆինանսական պարտավորությունների ռիսկ են կախել։ Չհաշված, որ դրա հետևանքով Հայաստանը դուրս են թողել աշխարհի ներդրումային քարտեզից։ Ու հիմա հույսները թշնամի երկրների վրա են դրել։ Չեն հասկանում, որ նրանց նպատակը երբեք չի եղել ու չի կարող լինել Հայաստանի տնտեսության զարգացումը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

