Կառավարությունը չի հավատում Նիկոլ Փաշինյանին
Տարեսկզբից խոսում են բյուջեի հարկային եկամուտների բարձր կատարողականների մասին, սակայն կառավարությունը հույս չունի, որ այս տարի էլ կհաջողի նախատեսած հարկերն ամբողջությամբ ապահովել։
Հիշեցնենք, որ անցած տարի գրեթե 200 մլրդ դրամի հարկեր չհավաքվեցին։
Այս տարի հարկային եկամուտների թերակատարումը նախորդ տարվանից ավելի քիչ կլինի, բայց ակնկալվում է, որ պատմությունը կկրկնվի։
Կառավարության կանխատեսումներով, որը ներկայացված է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում, այս տարվա վերջին բյուջեի հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 690 մլրդ դրամ։ Սա 30 միլիարդով քիչ է 2025թ. հաստատված բյուջեով նախատեսված հարկային եկամուտներից։
Չհաշված, որ տարվա ընթացքում տնտեսական գործընթացներով պայմանավորված ճշգրտումներից հետո, կառավարությունը հարկային եկամուտների ցուցանիշն ավելացրել է՝ հասցնելով 2 տրիլիոն 728 մլրդ դրամի։
Ստացվում է, որ ճշգրտված պլանի նկատմամբ էլ բյուջեի հարկային եկամուտների կանխատեսվող թերակատարումը կգերազանցի 38 մլրդ դրամը։
Սա նշանակում է, որ տարեվերջին ընդառաջ հարկերի հավաքման ակնկալիքները լավատեսական չեն։ Սպասվում է, որ մուտքերի աճն աստիճանաբար կդանդաղի։ Որոշ միտումներ արդեն նկատվում են։ Օգոստոսին, ինչպես նաև սեպտեմբերին հարկերի հավաքման աճի տեմպերը, նախորդ ամիսների նկատմամբ, բավականաչափ դանդաղել են։ Ու եթե այդ երևույթը շարունակվի հետագա ամիսներին, բյուջեի հարկային մուտքերի կատարման ռիսկերը կմեծանան։
Բյուջեի հարկային եկամուտների թերակատարում է սպասվում, չնայած տնտեսական ակտիվության տեմպերի արագացմանը։ Պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ 8 ամիսների տվյալներով, տնտեսական ակտիվության աճը հասել է 7.1 տոկոսի։ Տարեսկզբին, երբ ակտիվությունն անհամեմատ ցածր էր, հարկերի հավաքման աճի տեմպերն ավելի բարձր էին։ Տարեվերջին ընդառաջ տնտեսական ակտիվության աճն արագացել է, բայց հարկերի հավաքման հետ կապված ակնկալիքները նվազել են։
Առաջիկայում կտեսնենք, թե մինչև ուր կհասնի այս միտումը։
Տարօրինակ է, որ այս պայմաններում կառավարությունը հույս ունի, որ տեղի կունենա հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարելավում, այն էլ՝ 1 տոկոսային կետի չափով։ Նախորդ տարվա 23,5 տոկոսից ՀՆԱ-ում հարկերի հավաքման մակարդակը կհասնի 24,5 տոկոսի։ Առաջին հայացքից կարող է թվալ՝ լուրջ ձեռքբերում է ակնկալվող 1 տոկոսային կետի բարելավումը։ Բայց երբ նայում ենք, թե ինչ է տեղի ունեցել նախորդ տարի, պատկերն ամբողջանում է։
Նախորդ տարի կառավարությանը ոչ միայն չհաջողվեց որևէ կետով բարելավել հարկերի հավաքագրման մակարդակը, այլև տեղի ունեցավ բավական կտրուկ նվազում։ 2023թ. 24 տոկոսից հարկեր-ՀՆԱ-ն վերադարձավ 23,5 տոկոսի։ Ու այս տարի դրա վրա է կառավարությունը մտադիր 1 տոկոսային կետով բարելավում մտցնել։
Առաջիկայում սա կփորձեն ներկայացնել՝ որպես հերթական աննախադեպ կամ հեղափոխական ձեռքբերումը, բայց դրանում արտառոց ոչինչ չկա։ Ընդհակառակը՝ ստացվում է, որ 2 տարվա ընթացքում կառավարությունը կարողացել է ՀՆԱ-ում հարկերն ավելացնել հազիվ 0,5 տոկոսային կետով, միջին տարեկան ընդամենը 0,25 տոկոսային կետով, որը նույնիսկ ավելի ցածր է, քան սովորաբար սահմանվող 0,3 տոկոսային կետը։
Վերջին տարիներին առաջին անգամ չէ, որ կառավարությունը տնտեսության մեջ հարկերի հավաքման մակարդակի նվազում է արձանագրում։ Պարբերաբար նման երևույթներ դիտարկվում են, որոնց, բնականաբար, կարող է հաջորդել նաև առաջին հայացքից ավելի բարձր թվացող ակտիվությունը։ Բայց այդ «ակտիվությունը» շատ հարաբերական է, երբ ցուցանիշները դիտարկում ենք մի փոքր ավելի երկարաժամկետ հատվածի կտրվածքով։
Կառավարության կանխատեսումն այս տարվա համար հենց այդ հարթության մեջ է։ Չնայած դեռ վաղ է ասել, որ այդ կանխատեսումն էլ իրականություն կդառնա։
Տպավորություն է, որ ամեն ինչ արել են «նկարելու» կառավարության գործունեության ծրագրով ամրագրած ՀՆԱ-հարկեր հարաբերության ցուցանիշը։ Թեպետ էլի չեն կարողացել հասնել խոստացած մակարդակին։
Խնդիրն այն է, որ կառավարության ծրագրի ավարտին ՀՆԱ-ում հարկերի հավաքագրման մակարդակը պիտի հասներ 25 տոկոսի։ 2024թ. այն հազիվ 23,5 տոկոս էր։ Հայտարարում են, որ այս տարին կավարտեն 24,5 տոկոսով։ Հաջորդ տարվա համար էլ ակնկալիքը 0,4 տոկոսային կետ է։ Բայց պարզ է, որ դա ձևական ցուցանիշ է։ Գրել են, որպեսզի հնարավորինս մոտեցնեն խոստացված 25 տոկոսին։ Որ հաջորդ տարվա համար ՀՆԱ-հարկեր 0,4 տոկոսային կետի բարելավումն օդից վերցրած թիվ է, վկայում է նաև այն, որ 2027-2028թթ. ակնկալիքները տարեկան ընդամենը 0,1 տոկոսային կետ են։
ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը, թերևս, ամենակարևոր ցուցանիշն է՝ բնութագրելու հարկային մուտքերի արդյունավետությունը։ Որքան այդ ցուցանիշը փոքր է, այնքան տնտեսության ստվերն ավելի մեծ է։ Վերջին տարիներին ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսում է հարկերի աննախադեպ աճերի մասին, հավանաբար առաջիկա բյուջեի ներկայացումների առիթն էլ բաց չի թողնի, այնուհանդերձ այնպես չէ, որ տնտեսությունից հարկերի հավաքման տեմպերն էական փոփոխության են ենթարկվել։
2019թ. հարկեր-ՀՆԱ-ն 22,4 տոկոս էր։ Հաջորդ տարին այն մնաց նույնը, որևէ բարելավում տեղի չունեցավ։ 2021թ. տնտեսության մեջ հարկերի հավաքման մակարդակը կազմեց 22,7 տոկոս, 2022թ.՝ 23,1 տոկոս, 2023թ.՝ 24 տոկոս, 2024թ.՝ 23,5 տոկոս։
Ստացվում է՝ 2019-2024թթ. ՀՆԱ-ում հարկերի հավաքագրման մակարդակը կարողացել են բարելավել ընդամենը 1,1 տոկոսային կետով։
Սա երբևիցե արձանագրված վատագույն ցուցանիշներից մեկն է՝ նման ժամկետի կտրվածքով։ Այդքանից հետո ակնկալում են, որ այս տարի 1 տոկոսային կետով թռիչք պետք է արձանագրեն։ Եթե նույնիսկ դա էլ հաջողվի, միևնույն է՝ շատ բան չի փոխվելու։ Միջին տարեկան արդյունքը կարող է տատանվել 0,2-0,3 տոկոսի սահմաններում, ինչն ամենևին էլ ձեռքբերում չէ, եթե չասենք՝ ձախողում է։ Հատկապես որ, այս ընթացքում տեղի է ունեցել նաև տնտեսության առանձին հատվածների հարկային բեռի բավական լուրջ ավելացում ու ծանրացում։
Այդքանից հետո, բյուջեի եկամուտների աննախադեպություններից են խոսում։ Անվանական աճերով փորձում են խաբել քաղաքացիներին, երբ անվանական աճերով չեն որոշվում տնտեսությունից հարկերի հավաքման որակն ու արդյունավետությունը։ Կա ավելի կարևոր ցուցանիշ և այդ ցուցանիշը ՀՆԱ նկատմամբ հարկերի մակարդակն է։ Այստեղ է, որ արդյունքներն այդքան համեստ են։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

