Թուրքիայի «Փոքրիկ Փարիզը». գյուղ, որտեղ բոլորը ֆրանսերեն են խոսում
Թուրքիայի հյուսիսում գտնվող Չանքըրը նահանգի Յափրաքլը շրջանի Յուքարըյոզ գյուղը Թուրքիայում «Փոքրիկ Փարիզ» են անվանում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Գյուղն առանձնանում է իր յուրահատուկ տեսքով՝ եվրոպական ոճի տներով, արտասահմանյան համարներով ավտոմեքենաներով և ֆրանսերեն խոսող բնակիչներով։
1970-ականներից ի վեր տնտեսական դժվարությունների պատճառով 100-վոր գյուղացիներ մեկնել են Ֆրանսիա՝ աշխատանքի և ավելի լավ կյանքի որոնումներով։ Տարիների ընթացքում նրանց մեծ մասը հաստատվել է այնտեղ, իսկ այսօր գյուղի գրեթե յուրաքանչյուր ընտանիք ունի Ֆրանսիայում ապրող հարազատ։

Ձմռանը գյուղը գրեթե դատարկ է, սակայն ամռանը՝ արձակուրդների շրջանում, կյանքը եռում է։ Ֆրանսիայից վերադարձող բնակիչների շնորհիվ բնակչությունը հասնում է շուրջ 7000-ի։ Փողոցներում լսվում է ֆրանսերեն խոսք, իսկ տների դիմաց դրվում են թե՛ թուրքական և թե՛ ֆրանսիական դրոշներ։
Յուքարըյոզում այսօր կարելի է տեսնել եվրոպական ճարտարապետությամբ տներ, շքեղ մեքենաներ և ֆրանսերեն ցուցանակներ։

«Մենք մեր գյուղը սիրում ենք և այստեղ վերադառնալու համար միշտ պատճառ ունենք»,- ասում են Ֆրանսիայից եկածները:

