Կարծում եմ՝ Սիրիայում եղել է մեծ կաշառք, Ասադը կհայտարարի այդ մասին. Թուրքիան շտապում է Խաղաղության պայմանագրի հարցում, ՀՀ անվտանգության գարանտը Ռուսաստանն է, չպետք է սրել հարաբերությունները. Ռուբեն Սաֆրաստյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Սիրիայի շուրջ իրադարձությունները հաշվարկի արդյունք էր։ Լուրջ հաշվարկ էր արվել, որը Թուրքիան միայնակ չէր արել, այլ ԱՄՆ-ի հետ։ Հունվարի 20-ից հետո ԱՄՆ-ում նոր վարչակարգ կլինի, և Թրամփը վստահաբար չէր ողջունելու այն, ինչ հիմա կատարվեց։ Ռուսաստանը և Իրանը զբաղված են իրենց լուրջ խնդիրներով՝ Ուկրաինայի պատերազմով և Իսրայելի հետ հակամարտությամբ, ԱՄՆ-ում մեկ ամսից իշխանության է գալու այս գործողությանը դեմ վարչակարգ, և իսկական ժամանակն էր Թուրքիայի ու ԱՄՆ ներկայիս վարչակարգի՝ Բայդենի ջանքերը մեկտեղելու։ Ճիշտ ժամանակն էր, որը Թուրքիան ձեռքից բաց չէր թողնելու։ Ուկրաինացիներն էլ են տեղյակ եղել այս ամենից, որոշակի մասնակցություն ունեցել են, սակայն Ուկրաինայի գործոնը որոշիչ չի եղել։
- Ողջ աշխարհի վերլուծաբանները գլուխ են կոտրում՝ հասկանալու համար՝ ինչո՞ւ չկռվեց սիրիական բանակը։ Կարծում եմ՝ եղել է մեծ կաշառք։ Նման մոտեցում Իրաքի հետ կապված կա։ ԱՄՆ-ը այն ժամանակ Իրաքում էլ հասավ այն բանին, որ բանակի տարբեր ստորաբաժանումներ չկռվեցին։ Նմանատիպ մի բան էլ, կարծում եմ, Սիրիայում է եղել։ Փաստեր չունեմ, բայց հակված եմ դրան։ Կգա ժամանակ, որ այդ փաստերն ի հայտ կգան։ Գուցե որոշ ժամանակ անց Ասադն այդ մասին հայտարարություն անի։
- Թուրքերը դժվար են գնում բանակցային գործընթացների։ Նրանք սովոր են բիրտ ուժով հասնել իրենց ուզածին։ Սա է թուրքական պետական մտածելակերպը՝ զավթողականությունը։
- Սիրիայում հիմնական խաղացողը Թուրքիան է։ Իսրայելը կոնկրետ խնդիր է լուծում՝ ոչնչացնել այն զենքը, որն ուներ Սիրիան։ Խփում են գործարաններին, ռազմաբազաներին, հետազոտական կենտրոններին, նավատորմը ոչնչացրեցին։ Գրում են, որ Սիրիայի զանգվածային ոչնչացման զենքը և զենքի այլ հզոր տեսակներ 80-90%-ով արդեն ոչնչացված են։ Իսրայելը երբեք նման զենք չի ունեցել, և արաբական աշխարհի ոչ մի երկիր չի ունեցել։ Բացի դրանից, Իսրայելը խնդիր է դրել իր համար անվտանգության գոտի ստեղծել։ Հոլանի բարձունքներն արդեն գրավել են, ինչի իրավունքը չունեին, հիմա առաջ են գնում Սիրիայի տարածքում։
- Սիրիայի արևելքում հիմա այնպիսի զինված ջոկատներ կան, որոնք կապված են Ալ Քաիդայի՝ Իսլամական պետության հետ։ Դա խնդիր է։ Եվ տնտեսական խնդիրներ լուծելու համար պետք է սանձել Սիրիան։ Թուրքիայի համար դա շատ դժվար լուծելի հարց է։ Թուրքիան պետք է ահռելի դիվանագիտական ռեսուրս ներդնի, կոմպրոմիսների գնա, իսկ ես պատահական չասացի, որ Թուրքիան դժվար է գնում կոմպրոմիսների։ Թուրքիայի գործելակերպը հարկադրանքն է։ Թուրքիան պետք է ուժ կիրառի, որ Սիրիայում ստեղծված քաոսը սանձի, իսկ սրա համար ռեսուրս է պետք։ Երեկվանից Թուրքիայից լրահոս է գալիս, որ թուրքական զինված ուժերը հատել են Սիրիայի սահմանն ու առաջանում են դեպի երկրի խորքը։ Դա չի լինի ամբողջական օկուպացիա, բայց ռազմավարական կարևոր կետերը կանցնեն Թուրքիայի հսկողության տակ։ Թուրքիան աշխարհի այն պետություններից չէ, որ հեղինակություն ունի ու կկարողանա կիրառել իր այդ ռեսուրսը։ Դրա համար նրա ռեսուրսն ուժն է լինելու։ Սիրիայում մի քանի միլիոն թյուրքախոս մարդ կա։ Դա էլ է ռեսուրս։ Կա նաև փախստականների գործոնը, որոնք պետք է վերադառնան։ Ստամբուլում հիմա կան թաղամասեր, որոնք միայն արաբերեն են խոսում, սիրիացիներ են։ Ես կասկածում եմ, որ նրանք կթողնեն Ստամբուլն ու կգնան Սիրիա։

- Սիրիայի մասնատումը միանգամայն հավանական է, բայց խոշոր խաղացողները չեն ցանկանա Սիրիայի մասնատումը։ Ես նկատի չունեմ Իրանին ու Ռուսաստանին, բայց մնացած բոլորը երազում են այնպիսի Սիրիայի մասին, որը կլինի միասնական, բայց թույլ, որ կարողանան կառավարել։
- Անգլիացիները պատրաստվում են իրենց հատուկ նշանակության ստորաբաժանումները տեղակայել աշխարհի տարբեր շրջաններում։ Պատահական չէ, որ նրանցում ընդգրկվելու համար ոչ թե անգլիացի սպիտակամորթների են ընդունում, այլ տարբեր ռասաների մարդկանց։
- Արևմուտքում, ինչպես ասում են, խելքն Անգլիայինն է, ուժը՝ Ամերիկայինը։ Նրանք միասին են գործում։ Մերձավոր Արևելքը հանդարտեցնելու ու Արևմուտքի ազդեցության տակ հնարավորինս պահելու հարցն ընդհանուր արևմտյան խնդիր է։
- Անգլիայի մոտեցումը Թուրքիայի նկատմամբ 19-րդ դարից ի վեր չի փոխվել։ Դա Թուրքիան Ռուսաստանի դեմ օգտագործելու ծրագիրն է։
- Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական և ռազմավարական առումով և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը Սիրիայում պարտվեցին։ Ռուսաստանը մեծ ֆինանսական միջոցներ էր ծախսել այնտեղ բանակ տեղակայելու, Ասադին աջակցելու, զինելու համար, ինչը հիմա չկա։ Նույնը վերաբերում է Իրանին։ Իրանն իր հսկողության տակ կարող է պահել շիա բնակչությանը, որը Սիրիայում բավականին մեծ թիվ է կազմում։ Բայց Իրանը հիմա այնքան ռեսուրս չունի, որ դա դիտարկի որպես առաջնահերթություն։ Ռուսաստանը դեոևս որոշ ռազմաբազաներ պահում է Սիրիայում, բայց դա ժամանակի հարց է։ Կստիպեն, իհարկե ոչ միանգամից, որ դրանք դուրս բերվեն այնտեղից։
- Սիրիայում 50.000 մարդ կա, որն ունի ՌԴ քաղաքացիություն։ Տեղեկություն կա, որ նրանց արդեն տարհանում են, ինչպես որ կա տեղեկություն, որ Իրանն է շիաներին դուրս բերում։
- Ռուսաստանը ԽՍՀՄ չէ, բայց կարողացավ 2015-16թթ․ռեսուրսները հավաքել ու Մերձավոր Արևելքի տարածաշրջանը պահել իր հսկողության տակ։ Բայց հիմա Ռուսաստանն այդ հնարավորությունը չունի, և հողի վրա նրանից ակտիվություն սպասել պետք չէ։ Հիմա Սիրիայում Ռուսաստանի հետ հաշվի չեն նստի։
- Եթե խոսքը գնում է կոմունիկացիաների մասին, տարածաշրջանի, ինչպես նաև Հայաստանի համար կարևոր է Մեղրիի երկաթգծի գործարկումը։ Այն առաջնային նշանակություն ունի, պետք է ներդրումներ արվեն։ Իսկ որ Հարավային Կովկասը ներկա փուլում գտնվում է համաշխարհային կառույցների համակարգերին միանալու ճանապարհի սկզբին, ինձ համար ակնհայտ է։
- Ես չեմ հավատում, որ 3+3-ն իրականություն կդառնա: Աստանայի ձևաչափով 2017-ից սկսած Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան ոչ միայն բանակցում էին, այլև համաձայնագիր էին կնքել, որը Թուրքիան խախտեց: Թուրքիան Սիրիայում չպահեց պայմանավորված ստատուս-քվոն, խախտեց այն։ Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է 3+3-ին մասնակցի, որ տեսնենք՝ ինչ է կատարվում այնտեղ։ Սա՝ ինչ վերաբերում է ռեգիոնալիզացիային։ Իսկ գլոբալիզացիայի տեսանկյունից կարևոր է Պեկին-Լոնդոն ճանապարհը, այն է՝ Եվրոպա-Չինաստան կապը։ 3 ճանապարհ կար՝ հյուսիսային՝ Ռուսաստանով, հարավային՝ Իրանով, և Հարավային Կովկասով՝ Միջին միջանցքով։ Հավաքական Արևմուտքը հակված է պահել Չինաստանի հետ կապի 3-րդ ճանապարհը՝ Միջին միջանցքը, որ Ռուսաստանին ու Իրանին դուրս թողնեն տարածաշրջանային գործընթացներից։

- Զանգեզուրի միջանցքը դիտարկվում է՝ որպես Միջին միջանցքի 2-րդ ճանապարհ։ Եթե այդ միջանցքը պետք է գործարկվի, ապա այն պետք է լինի Հայաստանի վերահսկողության ներքո։
- Հայ ժողովուրդը չի կարող Արարատից հրաժարվել։ Այն մեր ինքնության կարևորագույն սիմվոլներից մեկն է։ Առանձին հայտարարությունները ոչինչ չեն փոխում։
- Սխալ է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգից. որքան էլ մենք հիմա հասկանում ենք, որ Հայաստանը հիմա էքզիստենցիալ խնդիրներ է լուծում, ու ճանաչման հարցը չի կարող առաջ մղել, բայց այդ հարցը պետք է պահել օրակարգում։
- Ինձ համար անընդունելի է Արևմտյան Հայաստանի ու «Արևմտյան Ադրբեջանի» մեջ հավասարության նշան դնելը, որովհետև Արևմտյան Հայաստանը մեր բնօրրանն է։ Անգամ միջնադարում Հայաստանը, կորցնելով իր պետականությունը, միևնույն է, մնում էր գործոն Մերձավոր Արևելքում Արևմտյան Հայաստանի շնորհիվ։ Արևմտյան Հայաստանը հայաթափվեց Ցեղասպանության արդյունքում, ինչից հետո ստեղծվեց հայկական Սփյուռքը։
- Թուրքիայի և Ադրբեջանի միջև տեսլականների տարբերություն կա։ Թուրքիայի համար որքան շուտ կնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, իհարկե, Ադրբեջանի պայմաններով, այնքան լավ։ Ինչո՞ւ… Որովհետև 44-օրյա պատերազմից հետո մեր տարածաշրջանում իրադրությունը փոխվեց․ Ռուսաստանը թուլացավ, թուրքերն ուժեղացան։ Դրա համար Թուրքիայի համար կարևոր է դա թղթով ֆիքսել։ Ադրբեջանի համար իրավիճակն այլ է․ նրանք թույլ Հայաստանից առանց պայմանագրի ցանկանում են պոկել հնարավորինս շատ բան ու ճնշումն ուժեղացնել Հայաստանի վրա։
- Ռուս-թուրքական հարաբերությունները կարող են վատանալ, բայց պատերազմի մասին խոսելն անիմաստ է, որովհետև երկուսն էլ ունեն ընդհանուր շահեր ու կփորձեն ամեն ինչ անել՝ դրանից խուսափելու համար։
- Վերջին օրերին Թուրքիայում պաշտոնական տվյալներով՝ հայտնաբերվել է 600 միլիոն դոլարի կեղծ 50 և 100 դոլարանոցներ։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ 1 միլիարդից ավելի։ Ո՞նց են այդ գումարները հայտնվել Թուրքիայում։ բանկոմատներն այնտեղ լավ չեն աշխատում։ Թուրքիան այդքան ուժեղ չէ, որքան ուզում է երևալ։ Փխրուն է նրա տնտեսական-ֆինանսական համակարգը, թշնամիներ ունի, ու Թուրքիան այդքան հիմար չէ, որ գնա ռուս-թուրքական սրացման։ Իրականում Թուրքիան այդքան հզոր պետություն չէ․ իր ՀՆԱ-ով նա աշխարհի 17-րդ պետությունն է։
- Հաքան Ֆիդանը երևույթ է, բայց չմոռանանք, որ նա քուրդ է, իսկ որքանով քուրդն ընկալելի կլինի թուրքական իսթեբլիշմենթի համար։ Այլ հարց է արևմտյան իսթեբլիշմենթը։
- Չմոռանանք, որ ռուսական Գլխավոր շտաբի քարտեզներում Թուրքիան նշվում է որպես Ռուսաստանի հիմնական հակառակորդներից մեկը։ Թուրքերին վստահել չի կարելի։ Սերժ Սարգսյանն էլ էր հիշեցրել այդ մասին, սակայն նրանց հետ աշխատել պետք է։
- Ռուբեն Ռուբինյանի հանդիպումները թուրք պաշտոնյաների հետ ոչինչ չի փոխում։ Ոչ մի գործընթաց տեղի չի ունենում։ Դրանք տեղի են ունենում ԱՄՆ-ի համար, որ տեսեք՝ ինչ-որ բան անում ենք։ Թուրքիան միանգամից չի գնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, եթե անգամ ինչ-որ թուղթ ստորագրվի։ Ինչ-որ բան կպահեն Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։
- Աշխարհում մի երկիր կա, որ ԱՄՆ-ից անվտանգության լիակատար երաշխիքներ է ստացել։ Դա Իսրայելն է։ Ուրիշ ոչ մի երկիր այդ ծավալի երաշխիք չի ստանում ու չի էլ ստանալու։ Հայաստանը որևէ երաշխիք չի ստանալու ԱՄՆ-ից:

- Մեր անվտանգության գարանտը Ռուսաստանն է՝ իր բոլոր բարդություններով։ Սա չպետք է մոռանալ ու չպետք է սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Պետք է խուսափել Ռուսաստանի բացասական արձագանքից․ իսկ դա կլինի, երբ ՀԱՊԿ-ից դուրս գանք։ Իսկ ի՞նչ ենք մենք ստանալու դրա փոխարեն Արևմուտքից։ Արևմուտքն ասում է՝ մի շտապեք։
- 2018թ․Հայաստանում տեղի ունեցածը՝ հեղափոխությունը, կարծում եմ, Ռուսաստանի թույլտվությամբ էր։ Կային այդ շարժման մեջ ներգրավված պրոարևմտյան ուժեր, բայց եթե Ռուսաստանը դրան դեմ լիներ, այդ ամենը չէր լինի։
- Ամեն դեպքում մեր ժողովրդի պատմական հիշողությունը թույլ չի տա, որ մենք հայտնվենք վտանգի մեջ։ Մենք մեր ինքնությունը պետք է լավ հասկանանք ու ավելի ուժեղացնենք։ Մենք աշխարհին հետաքրքիր ենք մեր ինքնության վրա հիմնված արտաքին քաղաքականությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։



