Բաժիններ՝

Միայն Աստված է բարի

«Ինչո՞ւ ինձ բարի ես կոչում. ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստված»
(Ղուկ. 18:19)

Այն անհուն հոգին, որի խոհունությունն ու իմացականությունը չափ ու սահման չունի, որն ամեն ինչի մասին խորհում է և ամեն ինչի մեջ խորամուխ է լինում, որն առանց դույզն ինչ դժվարության ամեն տեղ ներկա է, որը իրենում պարունակում է այն գերագույն և վեհագույն կարողությունները և հատկությունները, որոնց երբեք չենք հանդիպում երկրային արարածների մոտ, անվանում ենք Աստված:

Աստծո հատկությունները և կարողությունները անբավ, անթիվ, անչափելի, անկշռելի, անհատնում, անհունորեն անսահման են: Ս. Գիրքը մեզ ուսուցանում է Աստծո կատարելությունների մասին, և տիեզերքը, որը կենդանի մի գիրք է, պատմում է Աստծո փառքի մասին, այնտեղ պատմվում է Աստծո հավիտենականության, ամենուրեքության, ամենագիտության, անմահության, ամենաիմաստության, ամենասրբության, ամենաարդարության, ամենաբարության և այլի մասին:

Բայց մենք այս քարոզով, որքան մեր միտքը և գրիչը կարող են և կարող են գեթ մի փոքր Աստծո բարության նշույլը ցույց տալ, պիտի խոսենք Աստծո բարության կատարելության մասին: Երբ հիշատակում եմ Աստծուն, կամ երբ արտահայտվում եմ Նրա մասին՝ արդեն իսկ արտահայտում եմ բարության կատարելությունը, բարության գերազանցությունը, բարության վսեմագույնը և բարության մարմնացումը: «Բարի անուն, որ ավելի վեր է քան ամենայն բարություն», որի առջև երկնքի և երկրի բոլոր բարիքները ստվերվում և անշուք են դառնում:

Կարդացեք նաև

Միայն Աստված է էապես բարի՝ բնությամբ, ի սկզբանե, իսկապես «Աստված է միայն բարի». մենք ի սկզանե բարի չենք. այլ մեր բոլոր հատկությունները տարտամ, մութ խավարի մեջ են, մանկան մեջ իսկապես չկա ո՛չ բարին և ո՛չ չարը, և սակայն ավելի «մտքով դեպի չարն է հակված» և դաստիարակության վերջում ենք բարություն ստանում, այն ժամանակ ենք սովորում, թե ինչ է բարին:

Ավա՜ղ հիմա որքան չարիք կա մեր մեջ, ստույգ է, որ հոգով և մարմնով չարիքի մեջ ենք ապրում, և շատ քչերն են բաժնեկից և հաղորդակից լինում բարու հոգուն: Բայց, ո՜հ, Աստված ոչ թե բարուն է ձգտում, այլ արդեն իսկ, բնությամբ «միայն Ինքն է բարի», էապես, լայնությամբ և երկարությամբ, խորությամբ և բարձրությամբ միայն Ինքն է բարի և մանավանդ՝ բարություն:

Միայն Աստված է ինքնիշխան և անկախ բարի, մենք բարի ենք լինում ուրիշների օգնությամբ, չի կարելի ասել, թե մենք մեր միջոցով կարող ենք բարի լինել: Բարի լինելու համար ի՞նչ միջոցներ և հնարքներ ենք մտածել, ի՞նչ ուսուցումներ են կազմակերպվում և դաստիարակություն է տարվում. ինքա՜ն, ինչքա՜ն դաստիարակության ջանքեր են լինում. դեպի բարին առաջնորդելու համար բազում աջակցություն և հոգածություն է մեզ պետք, առանց այս հոգածությունների և ջանքերի մարդը բարի չէր լինի, քանի որ միշտ հակված է դեպի չարը:

Սակայն Աստված, առանց որևէ պայմանից կամ պարագայից կախում ունենալու, բարի է. միայն Աստված է, որ ինքնիշխան բարի է, ամբողջական և անկախ: Ցանկանում եմ, որ խորհեք այս մասին, չկարծեք, որ Աստված բարի է միայն ինչ-ինչ իմաստներով, ինչ-ինչ պարագաներում և պայմաններում:

Միայն Աստված է, որ հավիտենապես և անփոփոխ բարի է: Նա հավիտենապես և բացարձակապես կատարյալ լինելով, բարությունն էլ բացարձակապես հավիտենական է. աշխարհի արարումից առաջ միայն Նա էր Ինքն Իրեն բարի, և բարի է այժմ և պիտի լինի և մնա «միայն Ինքը բարի» հավիտենապես: Եթե ի սկզբանե բարի չլիներ, [գոյերի] ավարտին էլ պիտի բարի չլիներ և քանի որ գիտենք, որ ամեն ինչ պիտի անցնի, իսկ Նա պիտի մնա, ուրեմն նաև Իր բարությունը հավիտենապես պիտի մնա:

Չխորհենք, թե Աստված մեր հանդեպ միայն այն ժամանակ է բարի, երբ մենք Իր հովանու ներքո ենք ապրում, չկարծենք, որ Աստված բարի է միայն այն ժամանակ, երբ մարդը սուրբ սրտով է Նրան կապված. ո՛չ, ո՛չ: Աստված բարի է, եթե նույնիսկ մարդը, Նրա անունը մոռանալով, Նրանից շատ հեռու ապրի, եթե նույնիսկ մարդը իր հուսահատության ժամանակ Աստծո անվան հանդեպ անեծքներ տեղա, Աստված բարի է անափոփոխ կերպով, եթե նույնիսկ մարդը Մագոգի, կամ Բաաղի պախարակելի կուռքերին պաշտի՝ Աստված բարի է անայլայլ կերպով, եթե նույնիսկ անաստվածյան փիլիսոփայությունն ուրանա Նրա գոյությունը՝ Աստված բարի է և մանավանդ բարություն է, եթե նույնիսկ երկինքն ու երկիրը մագաղաթի նման գալարվեն, Նա իր բարությամբ անփոփոխ է, եթե նույնիսկ բոլոր կողմերում սպառվեն մարդկային ձայներն ու շունչը:

Չկարծեք, թե Աստված բարի է միայն ձեր ուրախ օրերին և երջանիկ պահերին. ո՛չ. իմացեք, որ նա բարի է անգամ ձեր դժբախտության և տխրության օրերին, չխորհեք, որ Աստված բարի է միայն այն ժամանակ, երբ ձեր որդիներն ուրախ են ձեր ընտանեկան վառարանի շուրջը, որտեղ ցանկալի կյանք են ապրում. իմացած եղեք, որ Նա բարի է և բարություն նույնիսկ այն ժամանակ, երբ սև-սև դագաղները անշշուկ ձեր դռների մոտով են անցնում և բարեկամներն էլ արցունք են թափում. միայն Աստծո մասին կարելի է ասել. «ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստված» (Ղուկ. 18:19):

Ճշմարիտ է, որ «ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստված» (Ղուկ. 18:19). քանզի միայն Աստված է, որ մեր փրկության համար կամեցավ Իր սիրելի Որդուն աշխարհ ուղարկել՝ հանուն մեր սիրո Նրան զրկելով Իր երկնային փառքից. միայն Նա է բարի, քանզի մեզ բոլորիս վերակոչեց անմահության, միայն Նա է բարի, քանզի մեր փրկության համար անգին շնորհներ և միջոցներ է մատակարարում, միայն Նա է բարի, քանզի Նա է, որ մեր մեղանչելուց հետո պատրաստ է մեզ թողություն շնորհել, միայն Նա է բարի, քանզի մեզ համար երկնային օթևաններ է պատրաստում:

Բայց բարի լինելով հանդերձ չի թողնում արդարությունն ու ուղղությունը, եթե միայն բարի և քաղցր լիներ՝ պիտի նմանվեր այն գթասիրտ հորը, որն իր անհնազանդ լիրբ զավակներին միայն սիրով է խրատում, հանդիմանելու և պատժելու փոխարեն, աղաչում և պաղատում է, որից էլ ըմբոստ, չար, մոլի, լիրբ մարդիկ են դառնում: Աստված, բարի լինելով հանդերձ, առանց Իր բարությունից նշույլ անգամ կորցնելու, արդար և ուղղիղ էլ է. «արդար և ուղիղ ես Տեր», այնպես որ, երբ անիրավություն է տեսնում՝ Իր սիրտը չի կարող տանել, Նրա անսահման կատարելությունները Նրան պարտավորեցնում են Իր ամբողջ զորությամբ այն ատել: Աստված միայն բարի չէ, այլ, Իր բարությունից և քաղցրությունից առանց նշույլ կորցնելու, արդար և վրեժխնդիր էլ է:

Ծաղրելի և հերետիկոսություն պիտի լիներ, եթե մտածեինք, որ Աստված միմիայն բարի է: Բարի է, այո՛, բայց բարի լինելով հանդերձ, արդար լինելը չի թողնում, բարի է, սակայն այսուհանդերձ մեղանչած հրեշտակներին երկնքից վայր է նետել, բարի է, այն ու ամենայնիվ ժողովուրդներ և ազգեր է կործանում, երբ վերջիններիս մեղքի չափը լրանում է, «ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստված» (Ղուկ. 18:19), այդ ու հանդերձ երկրին անհատական և ընդհանրական պատիժներ է ուղարկում, «միայն Նա է բարի», այդ ու հանդերձ բազում անգամ մեղավորներին մեղանչելիս պատժում է, «միայն Նա է բարի», այդուհանդերձ անհնազանդներին կայծակնահար սատակեցնում է, «միայն Նա է բարի», այդ ու ամենայնիվ երկինքն ու երկիրը սասանեցնում է մեղավորների սրտերը շարժելու համար:

Բայց թերևս նրանք, ովքեր թերահավատության և երկմտության հոգով տոգորված են ապրում, և մյուսները, որոնք շատ անգամ Աստծո բարկության պատճառ են դառնում, ասեն. «եթե միայն Աստված է բարի և ամենաքաղցր, ինչո՞ւ են մարդիկ ենթարկվում այսքան հիվանդությունների, տառապանքների, դժբախտությունների և սովի»:

Այս ամենը, ամենևին, Աստծո բարությունը հերքող ապայցույցներ չեն, քանզի հիվանդությունների մեծ մասը մեր անզգուշությունների, անհամբերության և մանավանդ մեր մոլությունների պատճառ են, այո՜, մոլությունների:

Դժբախտությունները և տառապանքներն էլ, որոնց հաճախ ենթարկվում ենք, չեն կարող ապացույցներ հանդիսանալ ընդդեմ Աստծո բարության և քաղցրության, քանզի Աստված, Իր անհուն բարությամբ, երբեմն-երբեմն մեզ պատժում է, որպեսզի մեր հպարտությունը կոտրվի, մեր մեծամտությունը խորտակվի և մեր մոլություններից ետ կանգնենք. անշուշտ այսպես է վարվում ճշմարիտ որդեսեր հայրն իր զավակների հետ:

Մեզ հանդիպած սովը և ձախորդություները չեն կարող ստվերել Աստծո բարությունը և քաղցրությունը, քանզի սովը և ձախորդությունները օգտակար են որպես ազդարարներ և հուշարարներ. քանզի երբ մարդը միայն առատության և հաջողության մեջ լինի, Աստծուն պիտի մոռանա, ուստի ուղարկում է ձախորդություններ և սով, որպեսզի այս աշխարհի կացությունից, տարտամ և անկայուն վիճակներից զզվելով՝ հիշենք Աստծուն և ցանկանանք Նրա հետ լինել:

Ուրեմն «Ովսաննա՜» պիտի երգենք նրա անվանը, ալելուիա՜, ալելուիա՜ հավերժական. օրհնությո՜ւն Նրա սուրբ բարությանը. ցնծությո՜ւն Նրա անբիծ քաղցրությանը, սաղմոսերգությո՜ւն. Տերը բարի՛ է, Տերը քա՜ղցր է:

Օրհնյա՜լ լինի հավետ Նրա անունը, փա՜ռք Նրա անհուն շնորհներին. թող լեռներն ու բլուրները ներդաշնակ ձայնով երգեն Նրա բարությունը. անտառները թող ծափողջույններ տան, բոլոր քրիստոնյանները օրհնություններ վեր առաքեն:

«Բարի է Տերը, Նրա անվան համար սաղմոս ասացեք, քանզի քաղցր է Տերը»: Միայն Նա է բարի՜, բարի՜, ԲԱՐԻ՜. ամեն:

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ» Ա հատոր, Կ. Պոլիս, 1907թ.

Արևելահայերենի վերածեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031