«Ես կարդացել եմ, ու այդ այլանդակությունը չի կարելի տալ՝ որպես գրական գոհար». Հոգեբան
Հոգեբան Միհրդատ Մադաթյանի կարծիքով՝ սխալ է աշակերտներին, ուսանողներին իրարից հեռու նստեցնելը, դիմակներ կրելը: Ասում է՝ դիմակով մարդուն տեսնելիս՝ ինքն ուզում է հասկանալ՝ նա գեղեցի՞կ է, թե՞ տգեղ, բայց չի տեսնում:
«Անհնար է, հասկանո՞ւմ եք, դուք դիմազրկում եք ձեզ: Իսկ ես դեմք ունեմ, այդպես եմ ներկայանում ձեզ՝ ուզում է դուր գա, թե ոչ, հասկացա՞ք: Ես տեսնում եմ, որ քայլ առ քայլ ուսման փլուզում ենք կատարում: Մի կողմից՝ կարանտին ենք մտցնում, մյուս կողմից՝ դասագրքեր ենք փոխում, ինչ-որ նոր գրական գործեր ենք մտցնում: Ես կարդացել եմ, ու այդ այլանդակությունը չի կարելի տալ՝ որպես գրական գոհար: Իսկ այս կոմեդիան, որ ստեղծել են՝ որպես հեռավար կրթություն, ասեմ, որ ես էլ ուսանող երեխա ունեմ, ուշի ուշով հետևում եմ, և բավական ստոր է հայտարարել հեռավար կրթություն և ուսման վարձերը ոչ մի ձև չփոխել: Ես՝ որպես նաև բիզնեսմեն, շատ լավ հասկանում եմ, որ ձեր ծախսերը կրճատվել են, ժողովուրդ, ջեռուցում էիք շենքը, և այլն, որից իմ երեխան չի օգտվում, բայց մի բան էլ ուսման վարձերն անցած տարվա համեմատ բարձրացվել են: Սա դեռ ֆինանսական կողմն է, որի վրա թքած ունենք: Հեռավար կրթության ժամանակ այսօրվա դրությամբ ոչինչ չի տրվում երեխային»,- ասուլիսի ժամանակ ասաց հոգեբանը:
«Դասախոսը տեխնիկական խնդիրներից ելնելով՝ նշված ժամին չի կարողանում միանալ, որոշում են 20:00-ին պարապել, ոմանք դժգոհում են, առաջարկում են հանդուրժող լինել: Կոմեդիկ վիճակ է դառնում, որտեղ իրականում նյութ չի տրվում: Եթե հեռավար ուսուցում է, եկեք վարձը սարքենք 50.000 դրամ, ամեն դասախոսի մեկ անգամ նկարեք, ցանկացած մարդ 50.000 վճարի, նյութերը նայի, հետո վճարի, քննություն հանձնի, դիպլոմն ունենա: Համալսարանները փակեք, դասախոսներին էլ գործից ազատեք: Որպես քաղաքացի՝ ուզում եմ հասկանալ, որ գումար եմ վճարում, ի՞նչ եմ դրա դիմաց ստանում: Այսօրվա իշխանության խնդիրը միայն փող գանձե՞լն է: Խոցելի խմբում գտնվող երեխաներին, կորոնավիրուսով պայմանավորված՝ ասում են, թե դպրոց չգնան: Բա ո՞ւր մնացին սորոսական ՀԿ-ները, որոնք պայքարում էին նրանց իրավունքների համար. բա իրավունքները ոտնահարվում է հիմա, խեղճ երեխեքը մնում են դուրսը: Այսինքն՝ մի սերնդի ասում ենք՝ դմբո մնացեք այսպես, ոչինչ մի դարձե՞ք: Կրթական համակարգը գտնվում է ողբալի վիճակում»,- հավելեց նա:
Խոսելով դպրոցներում դիմակ կրելու արդյունքում երեխաների շրջանում ուշաթափությունների գրանցման մասին լուրերից՝ Միհրդատ Մադաթյանն ասաց. «Այն, որ ուշաթափության դեպքեր լինելու են՝ ոչ միայն ես, այլև բոլորն են խոսել այդ մասին: Մի փոքր վատառողջ ու թույլ եղավ երեխան՝ կլինի նման բան»: