
Բելգիայի թագուհին ԿԳՄՍ նախարարի տեղակալի ուղեկցությամբ այցելել է Ծաղկունքի նախակրթարան

Աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Բելգիայի թագուհի Մաթիլդան ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի նախակրթարան: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Բելգիայի թագուհին և ԿԳՄՍ նախարարի տեղակալը զրուցել են նախակրթարանի սաների և մանկավարժների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով և ուսումնական գործընթացի կազմակերպմամբ: Ծաղկունքի նախակրթարանն ունի 13 սան: Այն հիմնովին վերանորոգված է, հագեցած խաղահրապարակներով, նոր գույքով ու դիդակտիկ պարագաներով:
Ծաղկունքում գործող նախադպրոցական այլընտրանքային ծառայությունը հիմնվել է 2022 թվականին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում:
Բելգիայի թագուհին հետաքրքրվել է երեխաների՝ վաղ տարիքից կրթական համակարգում ընդգրկվածության ցուցանիշով՝ ընդգծելով, որ այն համահունչ է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է այդ ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքները և նշել, որ այս առումով ցուցանիշները բարելավվել են՝ շնորհիվ ՀՀ կառավարության կողմից իրականացվող 500 մանկապարտեզների կառուցման, վերանորոգման ծրագրի: Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է՝ ընթացիկ տարվա ավարտին նախադպրոցական համակարգում երեխաների ընդգրկվածության ցուցանիշը կկազմի 85 տոկոս:
Անդրադարձ է եղել նաև համընդհանուր ներառական միջավայրի ապահովման, ենթակառուցվածքների առկայության, ինչպես նաև մանկավարժների վերապատրաստման ծրագրերին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը հայտնել է՝ տարեցտարի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ավելի մեծ թվով երեխաներ են ընդգրկվում նախադպրոցական կրթության համակարգում: Նա նաև տեղեկացրել է՝ վերակառուցվող և նորակառույց բոլոր հաստատություններում ներառական միջավայրի ապահովումը պարտադիր պահանջ է:
Արաքսիա Սվաջյանը նաև ներկայացրել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը՝ տեղեկացնելով, որ 2023 թվականի հունվարից ՀՀ բոլոր մարզերի 1-4-րդ դասարանների, ինչպես նաև նախակրթարանների երեխաները պետական բյուջեի միջոցների հաշվին տաք սնունդ են ստանում: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է՝ ծրագրի դրական ազդեցությունն արդեն զգալի է ՀՀ մարզերի դպրոցականների շրջանում․ երեխաները վերանայում են իրենց սննդակարգը՝ գիտելիք ստանալով ճիշտ և առողջ սնվելու վերաբերյալ։