Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը սրվում է․ պատերազմի սպառնալի՞ք, թե՞ տեղեկատվական «հարձակում»

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ԼՂ հակամարտության կարգավորման փուլային տարբերակի մասին հայտարարությունը շարունակում է խնդիրներ հարուցել նաև հակամարտող երկրների ներքաղաքական դիսկուրսում։ Մինչ ՀՀ ԱԳ նախարարը վստահեցնում է, որ հայկական դիրքերն ամուր են, ավելի են հաճախակիանում Ադրբեջանի իշխանությունների, նախկին ու ներկա իշխանության տարբեր թևերի և կլանների ներկայացուցիչների՝ պատերազմի վերսկսելու անհրաժեշտության մասին կոչերը և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին ուղղված քննադատությունները։

Օրերս պատերազմ սկսելու անհրաժեշտության մասին խոսել էր Ադրբեջանի նախագահի ռազմական հարցերով խորհրդականը, ապա՝ ԱԳ նախկին նախարարներից մեկը, խորհրդարականներ և քաղաքական գործիչներ։

Ուշագրավն այն է, որ զուգահեռաբար քննադատության է ենթարկվում նախարար Մամեդյարովը՝ որակվելով՝ որպես «թույլ և մեղմ» ԱԳ նախարար, և այդ «պրեսինգի արդյունքում»՝ Լավրովի հայտարարություններին հաջորդեց Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովի հարցազրույցն ադրբեջանական Minval.az կայքին, որում նա խոսել էր ոչ միայն կարգավորման փուլային տարբերակի, այլև Ադրբեջանի՝ «պատերազմելու իրավունքի մասին»։

«Ադրբեջանական կողմն աջակցում է հակամարտության կարգավորման շուրջ առարկայական և արդյունքին միտված բանակցություններին, և մենք միշտ հայտարարել ենք, որ բանակցությունները կշարունակենք, քանի դեռ տեսանելի են խաղաղ կարգավորման հնարավորությունները։ Միևնույն ժամանակ, միանգամայն ակնհայտ է՝ հաշվի առնելով՝ ինչպես մեր պետության բարձրագույն օրենքը, այնպես էլ՝ միջազգային իրավունքը, Ադրբեջանն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու լիակատար իրավունք ունի բոլոր միջոցներով իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչպես դա ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, Փարիզի խարտիայի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձևերում»,- ասել էր Մամեդյարովը:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ իր հերթին՝ մայիսի 2-ին խորհրդակցություն է անցկացրել ադրբեջանական զինված ուժերի հրամանատարական կազմի հետ՝ հայտարարելով, թե ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը կտրուկ մեծացել է հակառակորդի սադրիչ քայլերի ակտիվացման հետևանքով։

Չնայած Բաքվում սրվող հռետորաբանությանը, հայկական կողմը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մակարդակով պնդում է, որ հայկական դիրքերը շատ ավելի ամուր են, և ինքն իրեն շատ հանգիստ է զգում այդ առումով, որովհետև ընդհանուր առմամբ հասարակության մեջ, նրա խոսքով, կա կոնսենսուս այս ամենի շուրջ, որն էլ ավելի է ամրապնդում մեր դիրքերը՝ կոնսենսուս ու ներքին ուժ։

168am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը փորձեց մեկնաբանել, թե ինչ է կատարվում Ադրբեջանում, և որքանով այս հռետորաբանությունը կարող է առարկայանալ ԼՂ հակամարտության գոտում։

Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանում ներքաղաքական պայքարի շրջանակում ծավալվող խմորումները չեն ավարտվել։ Սովորաբար, ինչպես նաև այս դեպքում, նրա խոսքով, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Ադրբեջանի ձեռքբերումները կամ բացթողումներն օգտագործվում են ներքաղաքական հակառակորդների կողմից։

«Ավանդական կլանային պայքարը դեռ շարունակվում է, և ԼՂ հակամարտությունը գլխավոր խաղաքարտն է բոլոր կողմերի ձեռքում, և նորություն չեմ ասի նաև՝ ասելով, որ բոլոր երկրներում էլ ավանդաբար կան և ավելի արմատական դիրքորոշում ունեցող ուժեր, ինչպես նաև՝ ավելի մեղմ և քաղաքական կարգավորման ձգտող։ Այսինքն՝ ներկայիս հռետորաբանության պատճառը նաև ներքին հռետորաբանության և պայքարի սրացման հետևանք է։ Սակայն բուն սպառնալիքը թերագնահատելը ևս սխալ կլինի, քանի որ այդ հայտարարությունները պատահական չեն և արտահայտում են ներքին տրամադրությունները, որոնք հաշվի են առնվում նաև ավելի մեղմ դիրքորոշում ունեցող ուժերի կողմից, և շատ հաճախ չի ընդունվում այն, ինչ անում է իշխանությունը, և չի դիմում շատ ավելի կոշտ միջոցների։

Պետք է հաշվի առնել նաև այն, որ ռազմատենչ հռետորաբանությունը պայքարի տեղեկատվական բաղադրիչն է, որը միշտ կա տարբեր ծավալներով՝ կախված ժամանակահատվածից»,- նման կարծիք հայտնեց Եվսեևը։

Ըստ նրա, եթե կա բանակցություն, դա չի նշանակում, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով շարունակելու ծրագրերը վերացել են։

«Կարծում եմ՝ դրանք կան և հարմար պահի դրանք կարող են գործի դրվել, իսկ թե որքանով է ներկայումս հարմար պահ, չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ ոչ այնքան հարմար է, քանի որ ներքաղաքական դիսկուրսի սրացման ֆոնին կարելի է ենթադրել, որ նման բան կարող է տեղի ունենալ, իսկ նավթային և կորոնավիրուսային խնդիրը դիտարկելիս ավելի աննպատակահարմար է թվում։ Ուստի կարող ենք եզրակացնել, որ վտանգ կա, բայց ոչ բոլոր ուղղություններով է ներկայումս տիրող իրավիճակը նպաստում դրան։

Ակտիվ բանակցությունների մասին ՌԴ համանախագահության հայտարարությունից հետո կողմերից ևս եղան բազում հայտարարություններ, որոնք որոշակի լույս սփռեցին այն հարցի վերաբերյալ, թե որքանով ներկայումս շարունակվող բանակցությունները ունեն հստակ հիմք ու փոխհամաձայնություն կողմերից, կարելի է նկատել, որ չկա նման բան»,- ասաց նա։

Ըստ նրա՝ հայկական կողմի հռետորաբանությունը ևս մասամբ պետք է դիտարկել ներքաղաքական սպառման համար, քանի որ իշխանությունը ջանում է ցույց տալ, որ իր ռազմավարությունը հաջողված է, որ պատերազմի վերսկսման հնարավորոթյունները չափազանց քիչ են։

«Սակայն պատերազմի վտանգ կա, վերջին բոլոր հայտարարությունները ևս փաստեցին, որ դա այդպես է, և զսպման ամենաարդյունավետ մեխանիզմներից մեկը մնում է ռազմական հավասարակշռությունը կողմերի միջև»,- ասաց Եվսեևը։

Իր հերթին՝ Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ այդ հռետորաբանությունը նոր չէ, այն միշտ էլ կա, և ներքաղաքական դիսկուրսը, որը, նրա բնորոշմամբ, կա բոլոր երկրներում, միայն երկրորդական նշանակություն ունի։

«Մեկ ուրիշ հանգամանք ևս կա, երբ նման իրավիճակում կարծիք են հայտնում ռազմական գործիչները, գեներալները, պաշտպանության նախարարները, նրանք ավելի կոշտ են արտահայտվում, քանի որ դա նրանց գործն է, և նրանք ապահովում են ռազմական հռետորաբանությունը, իսկ դիվանագետի գործը բանակցելն է, և դիվանագետները սովորաբար բանակցային լուծման կողմնակիցն են։ Ուստի կարծում եմ, որ սա առանձնահատուկ փուլ չէ այդ հռետորաբանության համար, դա միշտ էլ կա, քանի որ չկան համաձայնություններ, քանի որ Ադրբեջանի համար կարևորն իր տարածքային ամբողջականությունն է, իսկ Հայաստանի համար՝ ինքնորոշման իրավունքը, սա՝ ընդհանուր կերպով ձևակերպված, հասկանում ենք, որ սրանցից բխող բազմաթիվ հարցերի շուրջ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ, և անկանխատեսելի է, թե երբ է հնարավոր փոխհամաձայնություն, կամ դրա բացակայության դեպքում՝ պատերազմ։ Ես հակված եմ կարծել, որ լինելու է երկրորդ սցենարը, քանի որ համաձայնություն հնարավոր չէ»,- ասաց Խրամչիխինը։

Տեսանյութեր

Լրահոս