«Սա ստեղծված իրավիճակից դուրս գալու «0+1» տարբերակն է»

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 5-6-ը Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների հերթական նիստի կուլիսներում: Այս մասին օրեր առաջ Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր կառույցի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը: «Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների դինամիկան մի փոքր դանդաղել է, այդուամենայնիվ, մենք հույս ունենք, որ արտգործնախարարների առաջիկա հանդիպումը նոր թափ կհաղորդի այդ գործընթացին», – ասել էր ԵԱՀԿ ղեկավարը: Գրեմինգերը նշել էր, որ հակամարտության երկու կողմերն էլ անվտանգության գոտում կայունություն են պահպանում և արդեն իսկ իրագործել են վստահության ամրապնդմանն ուղղված մի քանի միջոցառումներ, այդ թվում՝ «ուղիղ կապի ստեղծումը Երևանի և Բաքվի միջև»:
Իր հերթին՝ ՌԴ ԱԳ նախարարը նշել էր, որ կազմակերպչական փուլում է կողմերի միջև մեկ այլ հումանիտար նախաձեռնություն՝ լրագրողական խմբերի այցեր Երևան և Բաքու: Ի դեպ, լրագրողական փոխայցերը մեկնարկել են նոյեմբերի 17-18-ին, և պաշտոնական տեղեկություն այդ այցերի մասին դեռևս չեն տարածում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի ԱԳ նախարարությունները:

Վերջերս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ասել էր, որ բանակցային գործընթացում կա առաջընթաց, սակայն այն դեռևս բառերի մակարդակում է, այնինչ ադրբեջանական կողմը ցանկանում է քննարկել ավելի կոնկրետ հարցեր: Նա հույս էր հայտնել, որ Բրատիսլավայում այս հարցը կհստակեցվի, և այդ ժամանակ պարզ կլինի՝ պատրա՞ստ է արդյոք Հայաստանը բանակցությունների, թե՞ ոչ, քանի որ փաստաթղթերն արդեն սեղանին են:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հերքել էր որևէ փաստաթղթի առկայությունը բանակցային սեղանին: Նոյեմբերի 12-ին Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին իր վարպետաց դասի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե առաջարկում է մեր խաղաղ մտադրություններն Ադրբեջանի ժողովրդին: «Անձնապես ես պատրաստ եմ սկսել երկխոսություն ոչ միայն Ադրբեջանի իշխանության հետ, այլև ժողովրդի հետ ուղիղ կերպով, քանի որ կարծում եմ՝ շատ բաներ ունենք քննարկելու»,- ասել էր Փաշինյանը:

Նշենք, որ Հայաստանի Ադրբեջանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանը և էլմար Մամեդյարովը վերջին անգամ հանդիպել էին Նյու Յորքում՝ սեպտեմբերի 24-ին: Հիշեցնենք նաև, որ վերջին հումանիտար պրոյեկտը՝ գերիների փոխանակման տեսքով, տեղի էր ունեցել այս տարվա հունիս ամսին՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:

«168 Ժամի» հետ զրույցում ռուսական «Ռեգնում» գործակալության սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նախ անդրադառնալով հումանիտար նախաձեռնություններին՝ ասաց, որ դրանք դրական են, քանի որ երկար տարիներ միմյանց հասցեին կողմերը մեղադրանքներ են հնչեցրել: Ուստի, ըստ նրա, եթե կարողանում են ինչ-որ գործընթացներ իրականացնելու հարցում պայմանավորվել, ավելին՝ եթե կարողանան պայմանավորվել նաև իջեցնել լարվածությունը տեղեկատվական պատերազմում՝ անցում կատարելով կառուցողական քննարկումների, սթափ գնահատականներ հնչեցնեն, ամենևին վատ չէր լինի: Սակայն, նրա գնահատմամբ, այս գործընթացը՝ սառը պատերազմի տարիներից, զոհեր կրելուց հետո, բավական երկար ժամանակ կպահանջի:

«Կողմերի միջև իրավիճակը, մթնոլորտը վերադարձել է ապրիլ ամսվա ընթացքում տիրող իրավիճակին, որից խոսել էր Լավրովը: Հումանիտար բնույթի պրոյեկտների քննարկումներ, գերիների փոխանակում, լրագրողական փոխայցեր տեղի ունեցան, հնարավոր է՝ այլ այցեր տեղի ունենան. սա ապրիլյան պայմանավորվածությունների շարունակությունն է: Սա նշանակում է, որ սկսվում է ոչ թե կարգավորման բազային սկզբունքների շուրջ քննարկում, ինչպիսին Մադրիդյան սկզբունքներն են՝ տարածքներ, կարգավիճակ և այլն, այլ՝ վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլեր են իրականացվում: Սա ստեղծված իրավիճակից դուրս գալու «0+1» տարբերակն է, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, քանի որ օրակարգն ընդհանուր առմամբ չի հրապարակայնացվում: Ինձ թվում է՝ Բրաստիսլավայում քննարկվելու է հենց այս իրատեսական ասպեկտը, կարծում եմ՝ հենց սրա վրա է կենտրոնանալու առաջիկա աշխատանքը, և գուցե այդ բովանդակությամբ որևէ առաջարկ կա, և դա նկատի ունի Մամեդյարովը, բայց ոչ բազային սկզբունքները: Բազային սկզբունքների քննարկման համար նախադրյալներ չկան, կողմերը մեղադրանքներով են փոխանակվել, Փաշինյան-Ալիև հանդիպման մասին դեռ խոսք չի գնում, այնուամենայնիվ, սա ավելի լավ է, քան պատերազմելը»,- ասաց Տարասովը:

Խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունից, թե՝ «Զանգեզուրն ադրբեջանական տարածք է», ռուս քաղաքագետն ասաց, որ Ալիևը դա ասաց «ինքն իրեն», ո՛չ Հայաստանում, ո՛չ Ռուսաստանում դա չեն ընդունել, աշխարհում՝ ևս: «19-րդ դարում, երբ որոշվել է Կովկասի ճակատագիրը, պարսկական պատերազմը, Ռուսաստանն է եղել նաև թատերաբեմում, այսինքն՝ այս մասին բոլորը հստակ պատկերացում ունեն, ԵԱՀԿ ՄԽ-ն ունի լուրջ պատմական տեղեկանքներ այս ամենի մասին, վաղը Թեհրանը կարող է ասել. «Դա իրանական է, ի՞նչ կապ ունի Ադրբեջանը»: Դրանք բոլորը քարոզչական փուչիկներ են՝ ուղղված ներքին լսարանին, ինչպես Փաշինյանն ասաց՝ «Արցախը Հայաստան է»: Հասկանալի է, թե ում են դրանք ուղղված: Չեմ կարծում, որ հայերն ու ադրբեջանցիներն այնքան հիմար են, որպեսզի լուրջ ընկալեն այդ տեղեկատվությունը»,- ասաց փորձագետը:

Նա նշեց, որ իր մոտ այսպիսի տպավորություն էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը տանում է դեպի խզում: «Երբ Փաշինյանը սկսեց հակասական հայտարարություններ անել, ապա ասաց, թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», ինձ թվում էր, թե նման բան է փորձում անել, գնալ բանակցային գործընթացի սառեցման, Ադրբեջանն իր հերթին՝ կարող էր դրան արձագանքել բացասաբար՝ ասելով, որ դադարեցնում է բանակցությունները, փորձելով հակամարտությունը կարգավորել այլ սցենարով: Սակայն Ադրբեջանը ևս դրանում հետաքրքրված չէ: Ադրբեջանը հասկացել է, որ ուժային սցենարը չի հաջողվում, նրանք կարող են 15 անգամ ասել, որ հարձակվելու են, պատերազմելու են, սակայն չկա նման սցենար, քանի որ Թուրքիան կենտրոնացած է այլ երկրների և այլ խնդիրների վրա. Ադրբեջանը միայնակ չի կարող նման սցենար իրագործել: Ուստի նա ավելի հետաքրքրված է բանակցային գործընթացով, քան Երևանը: Բոլոր կողմերն աշխատում են ժամանակ շահել:

Անկեղծ ասած, դա ճիշտ է, քանի որ նայեք, թե ինչ է կատարվում հարևան երկրներում՝ Իրանում, Վրաստանում դժգոհության ալիքներ են, անկայունություն է, Հայաստանն ու Ադրբեջանը սկսում են ընդհանուր շահեր գտնել: Այսինքն՝ կարող են գտնել, տեսնել նման շահեր՝ Վրաստանով են անցնում Ադրբեջանի գլխավոր կոմունիկացիաները, Վրաստանով է ապահովվում Հայաստանի ելքն արտաքին աշխարհ, այդ թվում՝ դեպի Ռուսաստան: Իրանում անկայունության դեպքում փախստականներ կհայտնվեն Ադրբեջանում, Հայաստանը կկորցնի երկրորդ ճանապարհը, այս իրավիճակում պետք է մտածել, թե ինչպես համատեղ գոյատևել: Սա է իրավիճակը: Կարծում եմ՝ ժամանակ շահելով՝ Հայաստանն այս փուլում շահում է»,- ասաց Տարասովը:
Ամփոփելով՝ Տարասովն ասաց, որ առաջիկայում նախարարական հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են միմյանց միջև դրական մթնոլորտ հաստատելուն միտված նախաձեռնություններ:

 

Տեսանյութեր

Լրահոս