Սեպտեմբերյան պատերազմներից առաջ և հետո. Ի՞նչ է այսօր փոխվել, և ի՞նչ չի փոխվել, իրավաբանորեն ինչպե՞ս է կոչվում հանրության հիշողության վրա «խաղալը»

Մարտի 19-ին կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ընդդիմադիր ուժերին դարձյալ մեղադրել է պատերազմ հրահրելու մեջ և անգամ հստակ ժամկետ է նշել. «Այդ բոլոր ուժերը հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչն այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ, ընդ որում, ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ՝ աշնանը: Ես վերլուծում եմ, չէ՞, տեքստերը: Իրենք պատրաստում են պատերազմ՝ ծանր հետևանքներով»:

Ինչո՞ւ դարձյալ սեպտեմբեր՝ Ադրբեջանի հետ «ռազմավարական գործա՞րք», ադրբեջանական սպառնալի՞ք, ինչ-ինչ չերևացող հանգամանքների հիման վրա հետախուզական տվյալների առկայություն և պատերազմական գործողությունների հավանականության գնահատո՞ւմ, թե՞ ընտրություններից առաջ հայ հասարակության վրա հոգեբանական ճնշում:

Ըստ էության, կյանքի իրավունք ունեն 3 վարկածն էլ: Բայց նախ խոսենք վերջինից. սեպտեմբեր ամսվա հետ կապված հանրությունը ծանր հիշողություններ ունի՝ 44-օրյա պատերազմն Արցախում սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, սեպտեմբերյան մարտերը՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ն են տեղի ունեցել, 2023 թվականին Արցախն ամբողջությամբ հայաթափվել է դարձյալ սեպտեմբերին՝ 19-20:

Այսինքն, մի կողմից՝ ՀՀ գործող իշխանությունը սեպտեմբերի 27-ին կամ սեպտեմբերի 19-ին չի գնում «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին, և, որ մոռացնել տրվի Արցախի համար պայքարը, մյուս կողմից՝ խաղում է հանրության հիշողության և էմոցիոնալ նուրբ լարերի վրա: Սա ինչ է, եթե ոչ՝ հոգեբանական տեռոր:

Կարդացեք նաև

Հիմա ինչ վերաբերում է պատերազմի կանխատեսման իշխանությունների կարողություններին և ոչ միայն, նախ՝ 44-օրյայի համատեքստում մի քանի դրվագ ընդամենը, քանի որ տարբեր առիթներով մանրամասն անդրադարձել ենք:

Այսպիսով՝ պատերազմի հստակ ժամկետը պարզ էր դարձել դրա սկսվելուց 2 օր հետո՝ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին, և այստեղ բավական է հիշեցնել միայն 2020 թվականի սեպտեմբերի 26-ին Փաշինյանի ընտանեկան թերթի՝ «Ադրբեջանական քարոզչության հայկական «ֆրիլանսերները» վերտառությամբ հոդվածը, որտեղ նա ընդդիմախոսներին մեղադրում է իրեն չհավատալու և Ալիևին հավատալու համար, բացառելով մոտալուտ պատերազմը և դրան Թուրքիայի ուղիղ մասնակցությունը:

«…Իբր՝ այդ երկու տարիներն Ադրբեջանն օգտագործեց առաջնագիծն ամրապնդելու և պատերազմի նախապատրաստելու համար, իսկ մեր իշխանությունները ներքաղաքական հակառակորդների դեմ պայքարով էին զբաղված, հիմա էլ նրանք քարոզչական հող են նախապատրաստում Թուրքիային նոր պատերազմում անմիջականորեն ներքաշելու համար, իսկ մենք հետևողականորեն փչացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, հետևաբար՝ մենք անվտանգային լրջագույն խնդիրներ ունենք և պետք է օր առաջ ազատվենք այս իշխանություններից։

Այդ երբվանի՞ց են Հայաստանում սկսել ավելի շատ հավատալ ոչ թե սեփական իշխանություններին, այլ Ադրբեջանի նախագահին, և իրավաբանորեն ինչպե՞ս է կոչվում թշնամու քարոզչությունը սեփական երկրում տարածելն ու դրա իրավացիությունը հիմնավորելը»,- նշված է հոդվածում:

Եվ ոչինչ, որ հուլիսյան մարտերից հետո այդ ժամանակ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը Հայաստանին սպառնացել էր պատասխան միջոցներ ձեռնարկել, թե՝ «ադրբեջանցի զինվորների մահն անպատիժ չի մնա»:

Նույն ժամանակում Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից հստակ պահանջ էր դնում՝ ՀՀ-ն պետք է զորքերը դուրս բերի «օկուպացված տարածքներից»:

Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին՝ հարցազրույց էր տալիս Պետրոս Ղազարյանին, որն ամբողջությամբ այդպես էլ եթեր չհեռարձակվեց, և ոչ էլ հանձնվեց 44-օրյայի քննիչ հանձնաժողովի դատին, ինչպես խոստացվել էր:

Իսկ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը դրա կանխատեսման և նույնիսկ՝ իրեն մտափոխելու պատասխանատվությունը դրել էր «համապատասխան ինստիտուտների» վրա:

Մինչդեռ դեռ 2019 թվականին ՀՀ ԶՈՒ ԳՇ-ում զգուշացրել են, որ հաջորդ պատերազմը լինելու է ավելի լայնածավալ, քան 2016 թվականի Ապրիլյան պատերազմը:

Եվ այստեղից հարց Փաշինյանին՝ իրավաբանորեն ինչպե՞ս է կոչվում կամ ի՞նչ հետևանքներ է ունենում սեփական երկրի հանրությունից ոչ միայն մոտալուտ պատերազմի փաստը թաքցնելը, այլև դրան չպատրաստվելը:

Իսկ մարտի 20-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Լրատվական ռադիո»-ի եթերում իբր փորձել է նախկիններին «կպնել»՝ 44-օրյա պատերազմում պարտության պատճառ համարելով զինապահեստի պարունակությունը՝ սաղավարտներից մինչև Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) մատակարարած զինամթերք, մասնավորապես՝ «անպիտան հրթիռները»:

Այսինքն, Անդրանիկ Քոչարյանը կրկնել է Նիկոլ Փաշինյանին, ով տարիներ առաջ ԱԺ-ում հայտարարել էր, թե՝ «առաջին անգամ պատերազմից մի քանի օր անց իմացա, որ բանակում կա սաղավարտի և զրահաբաճկոնի խնդիր», ինչին կալանավայրից արձագանքել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ ասելով, որ «սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ՝ սաղավարտների և զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված են եղել «Սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ»:

168.amգրել է, որ Փաշինյանը ԶՈՒ զարգացման պլան է հաստատել՝ առանց կարդալու և հասկանալու:

Այսինքն, եթե նույնիսկ պահեստում խնդիր է եղել, դա երկրի ղեկավարի և գերագույն հրամանատարի պատասխանատվության գոտում է, նաև՝ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն:

Այս համատեքստում հարկ է նկատել, որ ռազմատեխնիկական քրեական գործերով Փաշինյանը դեռ իր քաղաքական արդարությունը չի ապացուցել, եթե չասենք, որ որոշ մեղադրանքներ հօդս են ցնդել: 

Օրինակ, 2022թ. հոկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտե այցի ընթացքում հայտարարել էր՝ «ահասարսուռ անուններով հրթիռների միջից պլատաներ են հանելորոնց մեջ ոսկի կա»:

Ավելի վաղ նման հայտարարություն Փաշինյանն արել էր 2021թ. մայիսի վերջին՝ Աջափնյակ վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ՝ «ՀՀ-ում կան մարդիկ՝ սպա, ով Ս-300-ի վրայից պլատա ա հանում, որ տանի մեջի ոսկին ծախի՝ 30-40 հազար դրամով»:

Մի կողմ թողնենք, որ պատերազմից առաջ է սա իմացել Փաշինյանը և տեխնիկական առումով գուցե ոչինչ չի ձեռնարկել, ավելին՝ մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ եղել է մեղադրվող պաշտոնատար անձ, իսկ թե ով է նա, դատախազությունը գաղտնի է պահել, իսկ գողի ինքնությունն էլ պարզել չեն կարողացել, ուստի այս մասով հոդվածը կասեցվել է: Սա՝ նաև ի գիտություն Անդրանիկ Քոչարյանի:

Վերադառնանք հոդվածի բուն թեմային և անցնենք 2022 թվականի սեպտեմբերյան մարտերին, որի ժամանակ, ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն էր, այս գործողությունների ժամանակ հայկական կողմը տվել է ավելի քան 220 զոհ, տարբեր տեղեկություններով՝ կորցրել ենք 50 դիրք, Ադրբեջանի զինուժը, ըստ պաշտոնական տվյալների, Ջերմուկի հատվածում մխրճվել էր ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8.5 կմ լայնությամբ ճակատով և մինչև 7.5 կմ խորությամբ, այդ օրվա դրությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի մատույցներից 4.5 կմ հեռավորության վրա էր:

Եվ այսօր, երբ Սուրեն Պապիկյանը պատերազմաբեր է համարում ընդդիմախոսների հայտարարությունները, արդյո՞ք այդպիսին է համարել սեպտեմբերյան մարտերին նախորդած Բաքվի քայլերն ու հայտարարությունները, իսկ այդպիսիք եղել են: Ավելին, Փաշինյանը հենց սեպտեմբերյան մարտերի օրը խոստովանել էր հետևյալը.

«Գուցե շատերին տարօրինակ կթվա, որ Ադրբեջանն այսպիսով արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյա պատերազմի արդյունքներից: Ես հասկանում եմ, որ հիմա շատ տարօրինակ բան եմ ասում: Հիմա շատ մանրամասներ չեմ կարող ասել…»:

Սրանից կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, դե, հետո արդեն 2023 թվականի սեպտեմբերին Արցախը հայաթափվեց: Իսկ ՀՀ իշխանություններն ասում էին, որ ՀՀ զինված ուժերը չեն կարող օգնել ՊԲ-ին, որ նոր պատերազմ չլինի, չներքաշվեն այլ պատերազմի մեջ, և դեռ հարց է՝ ՀՀ ԶՈւ կիրառման պլանում ինչ էր գրված: Այս դեպքում ևս ուշագրավն այն է, որ նախ լինում է խոստում Ադրբեջանին, հետո արդեն հայտարարվում է պատերազմ թույլ չտալու մասին: Պարզ է չէ՞, որ եթե ինչ-որ բան խոսք ես տվել կամ ասել, եթե չանես ուժով են ստանալու: 44-օրյա պատերազմում էլ կարող ենք նման դետալներ գտնել, թեպետ այն, իհարկե, մի օր սկսելու էր:

Այսօր Բաքուն պահանջում է ՀՀ գործող սահմանադրությունից հանել Անկախության հռչակագիրը, որն իբր տարածքային պահանջ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, Նիկոլ Փաշինյանն էլ այն կոնֆլիկտաբեր է համարում: Բայց նույն ժամանակ շարունակելու է գործել Ադրբեջանի սահմանադրությունը, որը հենց Փաշինյանի պնդմամբ՝ տարածքային պահանջներ է ներկայացնում ՀՀ-ի նկատմամբ, դե յուրե Բաքուն պահանջում է ՀՀ տարածքի շուրջ 60 տոկոսը: Այսինքն, կա և՛ տարածքային պահանջ, և՛ կոնֆլիկտի ակտիվացման պատճառ, և ի՞նչ է պատրաստվում անել Փաշինյանը, եթե գործնականում Ալիևը որոշի իր երկրի սահմանադրությունը գործի դնել՝ հանձնել խաղա՞ղ, թե՞ պատերազմով: Տրամաբանական հարց է, չէ՞, կարող է, չէ՞, ՀՀ քաղաքացին ցանկանա այս հարցի պատասխանն իմանալ հստակ և առարկայական: Կրկնում ենք՝ կոնֆլիկտաբեր Ադրբեջանի սահմանադրությունը չի փոխվելու:

Ինչո՞ւ սա Փաշինյանը չի համարում պատերազմաբեր, բայց ընդդիմադիրների խոսքում պատերազմի հրձիգ է փնտրում, ընդ որում՝ մոռանում է, որ երբ ընդդիմադիր շրջանակներից 44-օրյայի համատեքստում իր իսկ նախապատերազմական քայլերը, հայտարարությունները, այդ թվում՝ հուլիսյան մարտերի համատեքստում, համարում էին պատերազմ «բերած», ՔՊ-ականները դա անարդար էին համարում և անգամ «հաղորդում» ՀՀ-ի դեմ, թեպետ իրենք էին ասել տարբեր առիթներով, որ Բաքվի ձեռքին ՄԱԿ-ի բանաձևերն էին, որով էլ առաջնորդվել են 2020 թվականի սեպտեմբերին:

Հավելենք, որ Փաշինյանը խոստովանել էր 2021 թվականի մայիսին ադրբեջանական ներխուժումների հետ կապված, որ բանակին չկռվելու քաղաքական հրաման է տրվել, որովհետև մեկ ամսից ԱԺ արտահերթ ընտրություններ էին, իսկ իրենք էլ խաղաղություն էին խոստանում, որը փլվեց մի քանի ամսից՝ 2021 թ. նոյեմբերյան մարտերով: 

Շարունակելով բուն թեման՝ հավելենք, որ ընթացիկ տարվա փետրվարին 168.amգրել էր Բաքվի մտավախությունների մասին Հայաստանի ԱԺ ընտրությունների ելքի հետ կապված, մասնավորապես, որ Ալիևի մերձակա շրջապատում կարծում են, որ Փաշինյանի իշխանության հետ, այո, խաղաղության օրակարգը հաստատված է, բայց անշրջելի չէ:

«Որովհետև կարող են գալ քաղաքական ուժեր, որոնք, հնարավոր է՝ կանգնեցնեն այս պրոցեսները, քանի որ այն այլ կերպ են տեսնում: Եթե ներկա գործընթացը ձգձգվի տարիներ, ապա խաղաղության օրակարգը տրանսֆորմացիայի կենթարկվի, լավ թե վատ ուղղությամբ, դա այլ հարց է: Բայց հստակ է, որ անհրաժեշտ է լինելու նոր մեխանիզմներ մշակել, հատկապես, եթե հանրաքվեն չհաջողվի»,- ՀՀ-ում հայտարարել էր նաև ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը:

Եվ մարտի 20-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Փաշինյանն առաջին անգամ այս միտքն է առաջ քաշում՝ բանակցված փաստաթղթի փոփոխության, և հենց սա է համարում պատերազմաբեր:

«Եթե նույնիսկ գնանք ամենալավատեսական կանխատեսումով, վերաբացել հաստատված խաղաղությունը, նշանակում է վերափոխելու հնարավորություն ստեղծել այն ամբողջ բովանդակությունը, որը մենք բանակցային պրոցեսի արդյունքում ի վերջո ֆիքսել ենք։ Տեսական մակարդակում կարող ենք համարել, որ այդ բովանդակությունը կարող է դառնալ ավելի լավը, բայց նույն տեսական մակարդակում այդ բովանդակությունը կարող է դառնալ ավելի վատը։ Բայց շատ ավելի հավանական է, որ այդ բովանդակությունն ամբողջությամբ կարող է փլուզվել։ Ինչպես այս պարզ, ամենաչեզոք վիճակագրական թվարկումը ցույց է տալիս, այսինքն՝ երկուսն ընդդեմ մեկի է։ Մի հնարավորություն կա, որ այդ բովանդակությունը կարող է լավանալ, և երկու հնարավորություն կա, որ այդ բովանդակությունը կարող է վատանալ։ Այս երկու հնարավորության դեպքում էլ զարգացման տրամաբանությունը տանում է դեպի պատերազմ։ Սա մենք պետք է շատ հստակ արձանագրենք»,- հայտարարել է Փաշինյանը:

Իհարկե, սա խոսում է նաև այն մասին, որ Փաշինյանի համար կարևոր է ոչ թե խաղաղությունը, այլ, որ այն իր ձեռամբ լինի:

Իսկ ընդդիմադիրների կողմից երաշխավորների առկայության անհրաժեշտության թեզին անդրադառնալով՝ Փաշինյանը նշել է, թե դա դուռ է բացում մեր տարածաշրջան և մեր երկիր խաղաղապահներ մտցնելու:

Սա, իհարկե, մեղմ ասած, ծիծաղելի է ոչ միայն, որ ԹՐԻՓՓ-ով ՀՀ տարածք և տարածաշրջան ամերիկյան այս կամ այն մակարդակի ներկայությունն է նախատեսված, այլ, որ տարածաշրջան և հենց ՀՀ խաղաղապահների, ռուս սահմանապահների հենց Փաշինյանն էր հրավիրում, հետո որոշ տեղերում տեղակայել է, որոշ ժամանակ անց հրաժարվել նրանց ծառայությունից: Դեռ չենք նշում ԵՄ դիտորդների մասին:

Փաստերը հզոր բան են: Այնպես որ՝ Փաշինյանը լավ կանի իր խաղաղության օրակարգն առանց շանտաժի և պատերազմի սպառնալիքի ներկայացնի, որը մի անգամ ձախողվել է: Իսկ պետությունն իր պահոցում պատերազմի սցենարին պատրաստություն և հակասցենարներ միշտ պետք է ունենա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031