Փաշինյանը դրժել է իր հեղափոխական խոստումը՝ ԶՈւ-երը չպետք է քաղաքական գործոն լինեն. Ընտրական գործընթացների հետքերով

2018 թվականի իշխանափոխությունից հետո՝ մայիսի 12-ին, երբ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության անձնակազմին և ԶՈւ բարձրագույն սպայական կազմին ներկայացնում էր այդ ժամանակ պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին, մասնավորապես, հայտարարել էր.

«Հաջորդ խնդիրը, որ մտադիր ենք առաջիկայում լուծել, և համարել ենք, որ Դավիթ Տոնոյանի թեկնածությունը դրա համար ամենահարմարն է, վերաբերում է բանակի ապաքաղաքականացմանը: Ես Արցախի Հանրապետությունում արդեն առիթ ունեցել եմ մեր բանակի, ԶՈւ-երի ներկայացուցիչներին առանձնահատուկ շնորհակալություն հայտնել, որ ներքաղաքական վերջին ճգնաժամի ընթացքում ԶՈւ-երը կարողացել են չդառնալ քաղաքական գործընթացի մաս, ինչը նախատեսված է Սահմանադրությամբ:

Սա վկայում է մեր ԶՈւ-երի ինստիտուցիոնալ կայացվածության բարձր մակարդակի մասին:

Այս գործընթացը պետք է շարունակենք: Քաղաքական պրոցեսների ընթացքում, այդ թվում՝ ընտրությունների ժամանակ, բանակը չպետք է ներքաշվի՝ որպես ընտրական գործընթացի կողմ, մեր խնդիրն է՝ ապահովել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտրության ազատությունը, և այդ առումով, առավել ևս ԶՈւ-երի ծառայող հանդիսացող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ազատ լինի իր ընտրության մեջ, որովհետև այդպես է նախատեսված Սահմանադրությամբ, օրենքներով, ու սա վերաբերում է բորորին՝ շարքայինից մինչև գեներալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ՀՀ ԶՈւ-երը չպետք է լինեն իշխանամետ, ընդդիմադիր և իրենց քաղաքական գործոն չպետք է համարեն»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք,  որ 2018 թվականի ապրիլի 23-ին Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ՝ համազգեստներով, խոսքը 209 զինծառայողի մասին է:

Իհարկե, կարող եք ասել, որ այդ ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը Վիգեն Սարգսյանն էր, բայց այդ ժամանակ Խաղաղապահ բրիգադի հրամանատարը Վաղինակ Սարգսյանն էր, ով ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար էր նշանակվել 2018-ի հունիսի 11-ին:

Իսկ սրանից հետո բազմաթիվ դեպքեր եղան, երբ զինվորականների կողմից խախտվեցին քաղաքական չեզոքությունը և զինվորական համազգեստի կրման պահանջը, որոնց մանրամասն անդրադարձել ենք, ավելին, գրավոր հարցումներ ենք ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:

Հիմա վերադառնանք ընտրությունների համատեքստ:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակվել էին ԱԺ արտահերթ ընտրություններ:

Հաջորդ օրը հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի 9-ին`ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, ժամը 08:00 մինչև 20:00 Պաշտպանության նախարարության թեժ գծով ստացվել է 55 զանգ, որոնք հիմնականում վերաբերել են ընտրությունների կազմակերպման, զորամասերից զինծառայողների տեղափոխման, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայողների քվեարկության հարցերին: Իսկ զանգերի մոտ 35%-ը ՊՆ իրավասությունից դուրս հարցեր են եղել, և քաղաքացիներն ուղղորդվել են այլ գերատեսչություններ:

Ինչպես տեղեկացրել էին Պաշտպանության նախարարությունից, ահազանգեր են եղել այն մասին, որ զինծառայողներն ընտրական տեղամաս են մտնում շարային կարգով, սակայն տեղում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ նման պատկերացում ձևավորվել է թյուրիմացաբար և խոսքը վերաբերում է հերթով ու խմբերով ընտրական տեղամաս մուտք գործելու գործընթացի կազմակերպմանը:

Բացի այս, բարձրացվել է արձակուրդում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողների քվեարկության կազմակերպման հարցը, և պարզաբանվել է, որ այդ մասով առկա են որոշ իրավական բացեր, ուստի առաջարկն ընդունվել է ի գիտություն և համակարգային լուծումներ գտնելու նպատակով կքննարկվի իրավասու կառույցների հետ:

Այսինքն, պաշտպանական գերատեսչությունն այդ ժամանակ գոնե անդրադարձել և լրատվամիջոցներին տեղեկացրել է ինչ-ինչ խնդիրների մասին, այդ օրերին համացանցում խայտառակ կադրեր բանակին առնչվող չեն եղել, երբ դեռ ՊԲ-ն էլ կար: Թե զինծառայողներից ով ինչպես է քվեարկել 2018 թվականի դեկտեմբերի արտահերթ ընտրություններում, որքանով է եղել ուղղորդում, չենք կարող ասել, այստեղ խոսքն ակնհայտ խայտառակ խախտումների մասին է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ երեք ուժ էր անցել` «Իմ քայլը» դաշինքը (88 մանդատ), ԲՀԿ–ն (26 մանդատ) և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (18 մանդատ)։ Եվ ինչպես Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել՝  «առաջին անգամ է, որ դրանց արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում»:

Արդեն 2021 թվականի հունիսի 20-ին դարձյալ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ արձանագրվել էր դեպք, երբ զինվորները քվեարկում են պատրաստի ծրարներով: Այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը Վաղարշակ Հարությունյանն էր՝ ՔՊ-ական չէր, ավելին, տարբեր տեղեկություններ էին շրջանառվում, որ դրանում նաև այդ ժամանակ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի «մատն էլ էր խառը»:

Ի դեպ, տեղեկություն կար նաև, որ Փաշինյանի օգտին «աշխատել» են նաև այն պայմանագրայինները, որոնց հարազատները 44-օրյայի ժամանակ փակել էին նրանց ճանապարհը, որպեսզի նրանք չգնան Արցախ՝ մասնակցելու մարտական գործողություններին, և հենց Տավուշում են նման դեպքեր եղել:

Իսկ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ բանակին առնչվող նման դեպքերն առավել խայտառակ պատկեր են ստացել, այդ թվում՝ 20:00-ից հետո քվեարկության դեպքերի, ընդ որում, եղել են դեպքեր, երբ զինվորները տեղամաս են մտել 20:00-ից հետո, իսկ խոսքը մի քանի տասնյակ զինվորների մասին է: «Ականատես» դիտորդական առաքելությունը հայտնել էր, որ ժամը 20։00-ից հետո մոտ 480 զինծառայողի թույլատրվել է քվեարկել:

Իհարկե, ինչպեսև սպասելի էր, իշխանություններն իրար հերթ չտալով՝ արդարացրեցին դա, եթե չասենք՝ օրենքի հետ կապված խնդիր չտեսան:

Նախ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով համացանցում տարածվող տեղեկություններին առ այն, թե ընտրությունների ավարտից՝ ժամը 20։00-ից հետո զինվորականներ են բերվել ընտրատեղամասեր՝ ընտրելու նպատակով, հայտարարել է, որ դա պայմանավորված է եղել ընտրատեղամասերում աշխատանքի դանդաղ կազմակերպման հետ։

«Երեկոյան 20։00-ից շուտ զինվորները եղել են ընտրատեղամասի դռան դիմաց՝ սպասելով իրենց հերթին, և այստեղ առաջացել է խնդիր՝ կամ փակել ընտրատեղամասի դուռը զինվորականների համար և չթողնել, որպեսզի նրանք կարողանան իրացնել իրենց ընտրելու իրավունքը, կամ նրանց ներս թողնել»,- մանրամասնել է նա՝ շեշտելով, որ այդ զինվորականները վաղուց սպասելիս են եղել ընտրատեղամասերի դիմաց և չեն կարողացել պարզապես ներս մտնել՝ պայմանավորված ընտրատեղամասում առկա հերթերով, և, որ նման խնդիր եղել է ընդամենը 2 ընտրատեղամասում։

Այնուհետև ՀՀ ԶՈւ ԳՇ պետն է լրագրողների հետ զրույցում պնդել, որ զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում: Այսինքն, համաձայն Ընտրական օրենսգրքի պահանջների՝ «կապ չունի՝ զինվո՞ր է, թե՞ հասարակ քաղաքացի, գտնվում է ընտրական տեղամասի տարածքում, նրան թույլատրվում է շարունակել իր սահմանադրական պարտականությունը»:

«Մեր զինծառայողներն ընտրական տեղամասի տարածքում են եղել սահմանված ժամին, այսինքն՝ ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել ընտրատեղամաս»,- ընդգծել է Ասրյանը։

Հակադարձմանը, որ տեղամաս կա, որ զինվորները ներս են մտել 20:00-ից հետո, ԳՇ պետը հորդորել է՝ մնացած այլ հարցերը պետք է ուղղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և այլ պատկան մարմիններին։

Պարզ է, չէ՞, որ շահագրգռվածությունը, որ զինվորները կատարեն իրենց նաև այս քաղաքացիական պարտքը, ընդդիմադիր ուժերի օգտին չէր, և շատ ցավալի էր տեսնել բանակի և զինվորի նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքի դրվագներն ու կադրերը, շփոթված զինվորներին: Հիմա գործող իշխանության կողմնակիցները կասեն՝ նախկին իշխանությունների օրոք էլ են եղել զինվորներին ուղղորդման դեպքեր, չենք բացառում, և ոչ էլ արդարացնում ենք: Պարզապես արձանագրում ենք, որ բացասական իմաստով նման դեպքերի «կատարելագործում» ունենք, և սա այն ուժի իշխանության օրոք, որի ղեկավարը 2018 թվականին խոստանում էր՝ «քաղաքական պրոցեսների ընթացքում, այդ թվում՝ ընտրությունների ժամանակ, բանակը չպետք է ներքաշվի՝ որպես ընտրական գործընթացի կողմ»:

Գուցե գործող քաղաքական և ռազմական ղեկավարությունը հիմա էլ պնդեն, որ իրենց հեղափոխական խոստումը չեն դրժել, բայց դե, փաստերը հակառակի մասին են խոսում, և իրենք էլ դա լավ գիտեն: Իսկ բանակը, իրապես, քաղաքական նախասիրություններից և խաղերից պետք է հեռու պահել, դեռ նախկին իշխանությունների օրոք եմ մշտապես ասել՝ Պաշտպանության նախարարությունը չպետք է կուսակցական լինի, գուցե սուբյեկտիվ է դիրքորոշումս, հատկապես, երբ կարող է լինել ոչ կուսակցական ԳՇ պետ, ով Պաշտպանության կուսակցական նախարարից ավելի շատ մեջբերի կամ հղում անի Նիկոլ Փաշինյանին:

Այս համատեքստում չենք կարող անտեսել այն շրջանառված տեղեկությունները, որ 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո այդ ժամանակ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը բանակը քաղաքական գործընթացներին ներգրավելու խնդրի առաջ է կանգնել, բայց դրան չի տրվել՝ հօգուտ իշխանության: Միաժամանակ, պետք է հիշեցնենք, որ 2020թ. հոկտեմբերի 27-ին, այն բանից հետոերբ նույն օրը Վազգեն Մանուկյանը պահանջել էր Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը՝ ասելով, որ ողջ իշխանությունը պետք է հանձնվի բանակին, ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը համատեղ հայտարարությամբ հանդես էին եկել՝ շեշտելով, որ անվերապահորեն կատարելու են ՀՀ Գերագույն հրամանատարի հրամաններն ու որոշումները:

«Առավելևս ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը և շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները:

ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը քաղաքական և մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից»,- նշվում էր ՊՆ և ԳՇ հայտարարության մեջ:

Իհարկե, մենք վերապահում ունենք՝ արդյո՞ք ԳՇ-ն պիտի նման հայտարարություն աներ, արդյո՞ք պատերազմի օրերին նման հայտարարություն անելն արդեն ինչ-որ առումով քաղաքական գործընթացներին խառնվել չէ:

Իսկ արդեն 2021 թվականի փետրվարի 25-ին, երբ ՀՀ զինված ուժերը պահանջեցին Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը, քաղաքական գործընթացներին խառնվելու և ռազմական հեղաշրջման փորձի մեջ Օնիկ Գասպարյանը մեղադրվեց՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, թեև այստեղ խոսքը հայրենիքի առաջ ծառացած անվտանգային խնդիրների մասին էր: Իհարկե, գուցե ճիշտ էր, որ Օնիկ Գասպարյանն ազատման դիմում գրեր և հեռանար՝ նույն հայտարարությունն անելով իր անունից, հատկապես, երբ պնդում էր, որ ԳՇ հայտարարությունը թելադրված չէր ոչ մեկի կողմից, և, որ ընդամենը պետք էր զգուշացնել հետագա անվտանգային մարտահրավերների մասին, և, որ ԶՈւ համբերության բաժակը լցվել է, թեև այդ հայտարարության տակ ստորագրողներից մինչ այսօր զինված ուժերում են, և անգամ պաշտոնական առաջխաղացում են ստացել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930