Երևանի գրեթե բոլոր ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքների վերահաշվարկ է. ԿԸՀ նախագահ
Երևանի գրեթե բոլոր ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքների վերահաշվարկ է։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Որովհետև «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածուն այդպես է ներկայացրել։ Իսկ մեր մոտեցումն այն է, որ անկախ դիմումի հետ կապված խնդիրներից՝ վերահաշվարկն իրականացվի»,– ասաց նա։
Վահագն Հովակիմյանը պարզաբանեց, որ թեկնածուների ներկայացրած դիմումների մեծ մասը իրավական առումով պատշաճ ձևակերպված չի եղել, սակայն հանձնաժողովները ընդառաջել են։
«Վերահաշվարկի դիմումներից քչերն են, որ եղել են պատշաճ ներկայացված, օրինակ՝ ԿԸՀ–ն են ներկայացրել, բայց ընտրատարածքային հանձնաժողով պետք է ներկայացնեին և այլն, կամ ընտրատարածքային հանձնաժողովին թեկնածուն ներկայացրել է բոլոր ընտրատեղամասերի վերահաշվարկի համար, որի իրավունքը չուներ, քանի որ պետք է ներկայացներ այնտեղ, որտեղ արդյունքների ամփոփմանը ներկա է եղել։ Բայց մոտեցումը եղել է այն, որ այն տեղամասերում, որտեղ կուսակցությունները ցանկանում են, որ վերահաշվարկ լինի, ընտրատարածքային հանձնաժողովներն իրենց նախաձեռնությամբ վերահաշվարկ են իրականացնում։ Այսինքն՝ դիմումը պատշաճ չի եղել ու մերժվել է, բայց սեփական նախաձեռնությամբ ընտրատարածքայինը վերահաշվարկ է սկսել»,–մանրամասնեց ԿԸՀ նախագահը։

