
Արցախում 2020թ. պատերազմն Ադրբեջանը նպատակ է ունեցել ամռանը սկսել. Հուլուսի Աքարը խոստացել էր պատժել Հայաստանին

5 տարի առաջ այս օրերին սկսվեցին հուլիսյան մարտերը: Այսօր ռազմական էքսկուրս ենք կատարել որոշ փաստերի հետքերով՝ ի՞նչ կար հուլիսյան մարտերից առաջ, հուլիսյան մարտերի օրերին և հուլիսյան մարտերից անմիջապես հետո, արդյո՞ք լայնածավալ մոտալուտ պատերազմ կանխատեսվում էր, ինչը տեղի ունեցավ ամիսներ հետո:
Դրվագներ 2020 թվականի հուլիսյան մարտերից առաջ
2020թ. հունիսի 8-ին դեռ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ: 168.am-ը գրել է՝ ինչու Փաշինյանն Օնիկ Գասպարյանին ԳՇ պետ չնշանակեց 2018-ին: Եվ ինչպես 2020 թվականի նոյեմբերի 17-ի իր ուղերձում ԳՇ նախկին պետն էր հայտնել, հունիսի 12-ին Նիկոլ Փաշինյանին ներկայացրել էր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները, իսկ մի քանի օր անց` նաև Անվտանգության խորհրդին:
«Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժն ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն»,- զգուշացրել էր նա:
Փաշինյանի հարցին՝ «եթե չհաջողվի պատերազմից խուսափել, ի՞նչ պետք է անենք», գեներալը պատասխանել էր. «Պետք է փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնենք հակառակորդին մեծ կորուստներ և ստիպենք հրաժարվել հետագա գործողություններից»:
Դեռ 2019 թվականին, երբ ԳՇ պետն Արտակ Դավթյանն էր, ԳՇ-ում խորհրդակցությունների ժամանակ Փաշինյանին արդեն զգուշացվել էր՝ պատերազմի հավանականությունը բարձր է, և այն լինելու է ավելի լայնածավալ, քան 2016թ. Ապրիլյան պատերազմը, ներկայացվել էին անգամ լայնածավալ պատերազմի հնարավոր սցենարները:
Վերադառնանք Օնիկ Գասպարյանի հիշատակած Անվտանգության խորհրդի նիստին:
2020 թվականի հունիսի 19-ին տեղի էր ունեցել Հայաստանի և Արցախի ԱԽ խորհուրդների համատեղ նիստ, որի ժամանակ Փաշինյանը հայտնել էր՝ Ալիևը չի ընդունում փոխզիջման որևէ հնարավորություն և սպառնում է պատերազմով՝ նշելով, որ ստեղծվել է «արևմտյան Ադրբեջան» նախաձեռնություն, որը սպառնալիք է Հայաստանի Հանրապետությանը:
Եվ նույն ժամանակ՝ հուլիսյան մարտերից առաջ, լայնամասշտաբ մարտավարական զորավարժություն էր անցկացվել Արցախում, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանն էլ հայտարարել էր. «ՊԲ-ն շարունակելու է զարգացնել իր հզորությունը և անհրաժեշտության դեպքում այս վարժադաշտի մարտական գործողությունները տեղափոխվելու են հակառակորդի դիրքեր»: Միաժամանակ, զորավարժանքներ են անցկացվել նաև ՀՀ ԶՈւ տարբեր զորամիավորումներում:
Իսկ 2020թ. հուլիսի 4-ին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում Փաշինյանին և ՀՀ ԱԽ անդամներին Օնիկ Գասպարյանը հորդորել էր զորքերը հակառակորդի հավանական ագրեսիայի դիմագրավմանը նախապատրաստելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնել, այդ թվում՝ քաղաքական և դիվանագիտական բնույթի:
Հուլիսի 10-ին Փաշինյանն ԱԽ հերթական նիստում Ազգային անվտանգության ռազմավարությանն առնչվող ուղերձ է ներկայացնում, թե «ՀՀ գոյությունը պայմանավորված է, պիտի պայմանավորվի հայ ժողովրդի կամքով»:
Այսօր, թերևս, այս ձևակերպումն էլ ավելի հասկանալի է, երբ շրջանառության մեջ է «Իրական Հայաստան» գաղափարախոսությունը:
Իսկ սրանից 2 օր հետո՝ հուլիսի 12-ին, հայ-ադրբեջանական սահմանում՝ Տավուշի ուղղությամբ, թեժ մարտեր սկսվեցին: Պաշտոնական տվյալներով՝ ամեն ինչ սկսվել էր Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Հայաստանի պետական սահմանը խախտելու փորձից։ Դեպքը տեղի էր ունեցել հայկական Մովսես և ադրբեջանական Աղդամ գյուղերի միջև ընկած միջդիրքային տարածությունում:
Ընդ որում, երբ հուլիսի 13-ի Կառավարության նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել էր տեղի ունեցածը, նա չգիտես ինչու որոշել էր՝ «հնարավոր է՝ ադրբեջանցի զինվորները մոլորվել են», ինչին նախարարն արձագանքել էր, որ նրա ստացած տպավորությունը սխալ է:
Կարճ ժամանակ անց ոչ պաշտոնական խողովակներով հայտարարվել էր հայկական կողմի նոր, ավելի բարենպաստ դիրքերի զբաղեցման մասին։ Խոսքը, մասնավորապես, «Անվախ» կոչվող դիրքն ազատագրելու մասին է, որը գտնվում է «Ղարադաշ» բարձունքի վրա, որի վրա հետո ադրբեջանական անհաջող գրոհներ են եղել: 2020 թվականի հուլիսի 14-ին Փաշինյանին ՀՀ պաշտպանության նախարարությունում ներկայացվել էին ՀՀ ԶՈՒ, հատկապես Գրիգորի Խաչատուրովի գլխավորությամբ 3-րդ բանակային կորպուսի պատժիչ քայլերը:
Ի դեպ, 2024 թվականի մայիսին 168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը նշել էր, որ «Տավուշում 2020 թվականի հուլիսյան մարտերը և դրան նախորդած 2019 թվականի փետրվարյան գործողություններն իրականացվել էին՝ ելնելով ՀՀ դիրքերի ամրապնդման ռազմավարական տրամաբանությունից»:
Նշենք, որ մի առիթով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոստովանել էր, որ Արցախում լայնածավալ պատերազմ, ինչպիսին եղավ 2020 թվականի սեպտեմբերին, ինչ-որ պահի սպասել են նույն թվականի ամռանը՝ «հուլիսյան դեպքերի ժամանակ Ադրբեջանը նպատակ է ունեցել միանգամից ռազմական գործողությունները տեղափոխել Արցախի շփման գիծ»:
Այս համատեքստում նշենք, որ հուլիսյան մարտերի օրերին առաջին իսկ պահից Թուրքիան իր աջակցությունն էր հայտնել Ադրբեջանին՝ արտաքին գործերի և ռազմական գերատեսչությունների միջոցով:
Այդ ժամանակ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը Հայաստանին սպառնացել էր պատասխան միջոցներ ձեռնարկել, թե «ադրբեջանցի զինվորների մահն անպատիժ չի մնա»:
Այս սպառնալիքին գրեթե անմիջապես հաջորդեցին 2020 թվականի հուլիսի 29-ից օգոստոսի 12-ը տեղի ունեցած թուրք-ադրբեջանական զորավարժությունները Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջևանում, որոնց «ազդեցությանը» 44-օրյա պատերազմի համատեքստում, ինչպես նաև Թուրքիայի ուղիղ մասնակցությանը պատերազմին և հենց Հուլուսի Աքարի դերակատարմանը մենք անդրադարձել ենք։
Իսկ նույն ժամանակ Հայաստանը կասեցրել էր ԵՍԶՈւ պայմանագրով և Վիեննայի փաստաթղթով Թուրքիայի տեսչական այցերը Հայաստան:
Շարունակելի…