
Փաշինյանը չի՞ տրամադրել Քննիչ հանձնաժողովին իր նախապատերազմական հարցազրույցը

Օրերս «Մի խոսքով՝ համարյա պատերազմ», կամ՝ Նիկոլ Փաշինյանի չգաղտնազերծած նախապատերազմական նյութերը» վերտառությամբ հոդվածում անդրադարձել ենք Փաշինյանի՝ 44-օրյայից օրեր առաջ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցին, որի մասին Փաշինյանն ազդարարել էր 2020 թվականի սեպտեմբերի 26-ին, և որը մինչև այս պահը չի հրապարակվել:
Այն, որ այս հարցազրույցի ամբողջական տարբերակը պատերազմից հետո չէր հանրայնացվելու, պարզ էր դեռևս 4 տարի առաջ:
Հիշեցնենք, որ Փաշինյանը 2021 թվականի սեպտեմբերին ԱԺ-ում անդրադառնալով իր նախապատերազմական հարցազրույցը չհրապարակելուն՝ մասնավորապես ասել էր.
«Իմ հարցազրույցը եթեր չի գնացել միայն մի պատճառով, քանի որ պատերազմը սկսվեց: Կարծում եմ, այդ հարցազրույցը կա, և երբ քննիչ հանձնաժողով ստեղծվի, կարծում եմ, ոչինչ չի խանգարի, որ միացնեն և դիտեն եթերային տարբերակը: Հիմա հետին թվով հարցազրույցներ հրապարակելը, հայտարարություններ անելը, չեմ կարծում՝ գործին օգուտ կտան: Մյուս կողմից՝ ընդունում եմ, որ կան խնդիրներ, հարցեր, և ՀՀ քաղաքացիները, ՀՀ ԱԺ-ն պետք է ստանան: Հույս ունեմ, որ բոլոր հարցերի պատասխանները քննիչ հանձնաժողովի աշխատանքների շրջանակում կտրվեն»:
Արդյո՞ք Քննիչ հանձնաժողովն այս հարցազրույցը դիտել է, դրանում առկա նյութը քննարկման առարկա դարձրե՞լ է: Այս հարցադրման պատասխանը մենք սեպտեմբերի 24-ին գրավոր հարցման միջոցով փորձել ենք ստանալ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից, ով շատ օպերատիվ է արձագանքել այս անգամ:
«Ի պատասխան Ձեր՝ 24.09.2025 գրության, հայտնում ենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը հրավիրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մասնակցելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Պետք է հավելել նաև, որ աշխատանքներն ընթացել են բաց և փակ ձևաչափով՝ տասը ժամից ավելի: Եվ վարչապետը տվել է քննիչ հանձնաժողովի կողմից հնչեցված բոլոր հարցերի պատասխանը»,- նշվում է Անդրանիկ Քոչարյանի պատասխան գրության մեջ:
Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարին, երբ առաջին նիստն էր գումարել 44-օրյային առնչվող քննիչ հանձնաժողովը, հայտարարվել էր, որ քննության առարկա է լինելու 7 ուղղություն՝
– Արձանագրված անհաջողությունների քաղաքական և ռազմական պատճառները և դրանց նպաստող պայմանները,
– Պաշտպանության ոլորտի ղեկավարման և կառավարման համակարգը, պատերազմին նախորդող ժամանակահատվածում պաշտպանության ոլորտում սահմանված նախապատրաստական գործողությունների ընթացքը,
– Զինվորական ղեկավար մարմինների ու պաշտոնատար անձանց գործողությունների, ընդունված որոշումների օպերատիվությունը, դրանց համապատասխանությունը և համարժեքությունը ստեղծված օպերատիվ ռազմական իրավիճակին,
– Ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո հարուցված քրեական գործերում ռազմական իրադարձությունները հաստատող կամ հերքող փաստական հանգամանքների ուսումնասիրություն,
– Զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կրման կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրություն,
– Բանակցային գործընթացը, 44-օրյա պատերազմի ավարտը:
Նիկոլ Փաշինյանն այդ չհրապարակված նախապատերազմական հարցազրույցում, ինչպես դրա անոնսից կարելի է ենթադրել, անդրադարձել է բանակցային գործընթացին, Ալիևի հետ իր պայմանավորվածություններին և զրույցներին և ոչ միայն: Արդյո՞ք չպետք էր այն քննության առարկա դարձվեր, հատկապես, երբ պատերազմից առաջ էր, և պատերազմի պարտության համար պատասխանատուներ և մեղավորներ գտնելու հարց չկար:
Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է հրաժարվել այն տրամադրել՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով: Մեղմ ասած՝ տարօրինակ է, երբ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ձեռքում չի հայտնվում շատ կարևոր նյութ, որտեղ, հնարավոր է՝ կան այն հարցերի պատասխանները, որոնք Փաշինյանի բաց և փակ հարցաքննությունների ժամանակ իշխանական պատգամավորները չեն էլ հնչեցրել:
Ի դեպ, հիշեցնենք, որ Փաշինյանը չէր ընդունել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկը՝ միասին քննիչ հանձնաժողովում մասնակցել բաց, հանրային նիստի և պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին: