Բաքվի ոչ ռազմական պատերազմները՝ ընդդեմ Հայաստանի
Նոյեմբերի 25-ին 168.am-ն անդրադարձել է հայ «քաղհասարակության» ներկայացուցիչների Բաքու այցին, մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը, վերջինիս ուղերձին՝ հայ հասարակությանը:
Նշենք, որ Հաջիևի ուղերձը հայ հասարակությանը փոխանցելու կամ ներկայացնելու պարտավորությունը ստանձնել էր «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը: Այն է՝ «Ադբեջանի համար Հայաստանի հետ պատերազմն ավարտվել է, Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային որևէ պահանջ չունի, ադրբեջանական կողմը ցանկանում է ներկա վիճակից կառուցել համապարփակ ու երկարաժամկետ խաղաղություն, և պատրաստ են այդ ճանապարհով գնալ առաջ»:
Ի դեպ, սույն փորձագետը Բաքվի այցից հետո մի քանի անգամ կրկնել է՝ «Հայաստանի քաղաքական դաշտում ով դեմ է հայ-ադրբեջանական կարգավորմանը՝ կա՛մ օտարերկրյա գործակալ է, կա՛մ քաղաքական ապուշ»:
Բնականաբար, այստեղ գործ ունենք մանիպուլյացիայի հետ, որովհետև ոչ ոք Հայաստանում չի ցանկանում պատերազմ, դեմ չէ հայ-ադրբեջանական հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Այլ հարց է, որ իշխանությունները, իշխանամերձ շրջանակները խաղաղությունը հաստատված փաստ են համարում, միայն, որովհետև սահմանին հիմա չեն կրակում (սա էլ, որովհետև հայկական կողմը չի տրվում սադրանքների, կա չկրակելու հրաման, և բավարարվում են ադրբեջանական պահանջները), և ոչինչ, որ Հայաստանի դեմ շարունակվում է թուրք-ադրբեջանական հիբրիդային պատերազմը, տեղեկատվական պատերազմը, իրավաքաղաքական պատերազմը, պատմամշակութային պատերազմը, և այլն: Սրանք ոչ պակաս վտանգավոր են, եթե չասենք՝ որոշ դեպքերում շատ ավելի վտանգավոր, քան իրական պատերազմը, իսկ հայկական կողմը ոչ մի դիմադրություն, հակահարձակում, հարձակում չի դրսևորում վերը նշված պատերազմների դեպքում:
Ավելին, Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը չնկատելու են տալիս ադրբեջանական նոր պահանջները, կամ՝ դրանք «պարզեցնում». օրինակ, իշխանությունները ժամանակ առ ժամանակ փորձում են համոզել, որ «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը Բաքուն կամ Ալիևն օգտագործում է՝ ի պատասխան Արցախ վերադառնալու հայկական կողմի պահանջի, որ համանուն հասարակական կազմակերպությունն իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում:
Մինչդեռ մեկ տարի առաջ «Վերադարձի իրավունք. արդարության ապահովումը Հայաստանից բռնի վտարված ադրբեջանցիների համար» կոնֆերանսի մասնակիցներին ուղղված իր ուղերձում Ալիևը հայտարարել էր.
«Հայաստանը պետք է բանակցություններ սկսի համայնքի հետ և գործնական քայլեր ձեռնարկի արևմտյան ադրբեջանցիների հիմնարար իրավունքները վերականգնելու համար»:
Այս տարի «Մշակութային ժառանգություն և վերադարձի իրավունք. Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնումը՝ որպես արդարության, հաշտեցման և խաղաղության ուղի» միջազգային համաժողովի մասնակիցներին հղած իր ուղերձում Ալիևը կրկնել է իր այս պահանջը: Ընդ որում, Բաքվի բռնապետը շեշտել է, որ Հայաստան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի ապահովումը չի նշանակում միայն ֆիզիկական վերադարձ «հայրենիք», այլև հոգևոր ամբողջականության, մշակութային ժառանգության և հասարակության պատմական հիշողության վերականգնում:
«Հայաստանում ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պահպանումն ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջն է»,- ընդգծել է Ալիևը՝ այն տեղավորելով համամարդկային արժեքների, թշնամության էջը փակելու և երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտ ձևավորելու համատեքստում:
Այսինքն, «Արևմտյան Ադրբեջան» համայնքի մոտեցումներն Ադրբեջանի նախագահը միանգամայն կառուցողական է համարում՝ հիմք համարելով նաև վաշինգտոնյան փաստաթղթերը:
Եվ նաև այս հեռանկարը հաշվի առնելով ենք վտանգավոր համարել վաշինգտոնյան փաստաթղթերը, մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագիրը, որի 10-րդ հոդվածը սահմանում է.
«Կողմերը կարող են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական, տարանցիկ փոխադրման ու տրանսպորտային, բնապահպանական, հումանիտար և մշակութային, համագործակցություն հաստատելու նպատակով կնքել համաձայնագրեր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»:
Մյուս կողմից, համաձայնագրի այլ հոդվածներում նշվում է, որ կողմերը չպետք է տարածքային պահանջներ ներկայացնեն միմյանց հանդեպ, ինչպես նաև՝ «դիվանագիտական, տեղեկատվական և այլ ոլորտներում որևէ կերպ չպետք է իրականացնեն, խրախուսեն սույն Համաձայնագրին հակասող թշնամական գործողություններ»:
Բայց արի ու տես, որ վերը նշված կոնֆերանսում և Ալիևի ուղերձում Բաքուն Հայաստանը ներկայացնում է՝ որպես խաղաղ բնակչությանը բռնի տեղահանող (մոռանալով սումգայիթյան, Բաքվի ջարդերը, ավելի ուշ՝ նաև Արցախի հայաթափումը), «մշակութային ժառանգություն» ոչնչացնող երկիր (մոռանալով Արցախի հայկական եկեղեցիների, պատմամշակութային արժեքների ոչնչացումը): Ավելին, Բաքվի «դատավարության» ժամանակ Հայաստանը նաև «ռազմական հանցագործ» և «ցեղասպան պետություն» է որակվում՝ ղարաբաղյան շարժման օրերից մինչև Արցախի հայաթափման ժամանակահատված:
Ի դեպ, դեկտեմբերի 4-ին Բաքվի դատարանում ամփոփվել են Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ներկայացուցիչների պաշտպանների ելույթները:
Եվ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտպաններն անդրադառնալով 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող «Գյանջայի դեպքերին»՝ հայտարարել են, որ այստեղ իրենց պաշտպանյալը որևէ մեղավորություն չունի՝ «Գյանջային և մյուս քաղաքներին հրթիռային հարվածներ Արայիկ Հարությունյանի որոշմամբ չեն հասցվել», այլ քննության նյութերն ու փաստացի իրավիճակը ցույց են տվել, որ հրթիռներն արձակվել են Հայաստանի տարածքից և ՀՀ ղեկավարության հրամանով։ Սա՝ Հայաստանի դեմ Բաքվի կողմից մղվող իրավաքաղաքական պատերազմի մասին:
Վերադառնալով «Արևմտյան Ադրբեջան» եզրույթին և Ադրբեջանի սահմանադրությանը, հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանն են հայտարարել, որ Ադրբեջանը, հղում անելով իր Սահմանադրությանը, հավակնում է ՀՀ տարածքների 60 տոկոսին:
«1919թ. նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունն Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռիի, Շիրակի մարզերի տարածքները մասամբ, ՀՀ տարածքի շուրջ 60 տոկոսը: Այսպիսով, Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Ակնհայտ է, որ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթով պաշտոնական Բաքուն ցանկանում է առարկայացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած տարածքային պահանջները, որոնք, ինչպես վերը ցույց տվեցի, արձանագրված են Ադրբեջանի Սահմանադրության մեջ»,- 2024 թվականի դեկտեմբերին «Արմենպրես»–ի հետ հարցազրույցում ասել էր Փաշինյանը:
Իսկ սրանից հետո մի անգամ ասել է՝ Հայաստանում «Արևմտյան Ադրբեջան» չկա, մեկ այլ դեպքում հորդորել՝ լուրջ չընդունել համանուն համայնքին: Եվ այսօր, ինչպես Փաշինյանը նշել է իր այս հարցազրույցում, շարունակում է առարկայացնել «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը, ինչ է անում Հայաստանը, ուժեղ պայքար է մղում ընդդիմախոսների դեմ՝ լինի դա քաղաքական գործիչ, հոգևորական, զինվորական թե շարքային քաղաքացի, ինչն իրականում հաճախ ոչ այնքան անձերի դեմ է, որքան պետական ինստիտուտների, հայկական ինքնության և պատմահոգևոր արժեքների, որոնք սպառնալիք են համարվել Ադրբեջանի կողմից:
Այսինքն, Փաշինյանը չի ցանկանում երկխոսության գնալ Եկեղեցու հետ, իր ընդդիմախոսների հետ, բայց մի օր հաստատ ստիպված է լինելու Ալիևի պահանջով բանակցություններ վարել «Արևմտյան Ադրբեջան» վերտառությամբ համայնքի ներկայացուցիչների հետ:
