Փաշինյանի անապացույց ռազմական մեղադրանքները. ի՞նչ ազդեցություն են ունեցել 44-օրյայում «անորակ» հրթիռները և հրանոթի արկերը, 42 միլիոնանոց «մետաղաջարդոնը» և «անպլատա» Ս-300-ը

168.am-ը երեկ գրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խմբի՝ խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդությունը: Տոնոյանի փաստաբանական խմբից մեզ հայտնեցին, որ դեռ չեն ստացել դատարանի որոշումը:

Նշենք, որ 2023 թվականի դեկտեմբերի վերջին՝ Նոր տարվա նախաշեմին, մոտ 2 տարի անազատության մեջ մնալուց հետո, դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել այս գործով անցնող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը:

Ավելի վաղ գրել էինք, որ 2023 թվականի նոյեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարանը մերժել էր հրթիռների գործով անցնող ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի պաշտպանական թիմի՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը՝ չնայած նրա առողջական խնդիրներին:

«Մերժման հիմնական պատճառաբանությունը հանգում է նրան, որ եթե Ստեփան Գալստյանը չլինի կալանքի տակ, կարող է ապօրինի ազդեցություն գործադրել գործով անցնող ամբաստանյալներից մեկի՝ Ավետիք Մուրադյանի վրա, որն այս պահին տնային կալանքում է: Այդ պատճառաբանությունը համարում եմ ծայրահեղ անհիմն, որովհետև Ստեփան Գալստյանը, եթե, օրինակ, նույնպես տնային կալանքի կիրառմամբ ազատվեր կալանքից, ապա թե՛ տեսականորեն, թե՛ գործնականում անհնար է պատկերացնել մի վիճակ, որ Ստեփան Գալստյանը, լինելով տնային կալանքի կիրառման սահմանափակումների ներքո, կարող էր ապօրինի ազդեցություն գործադրել Ավետիք Մուրադյանի վրա, որը տնային կալանքի սահմանափակումների ներքո է: Այսինքն, տնային կալանքի կիրառման բովանդակությունը ենթադրում է, որ մեղադրյալն իրավունք չունի իր դատական ակտով սահմանված բնակության տարածքից դուրս գալու, որևէ մեկի հետ շփվելու, որևէ մեկին հյուրընկալելու: Ըստ այդմ՝ ինչպե՞ս կարող էին տնային կալանքի պայմաններում նրանք հարաբերակցվել, որ դեռ մի հատ էլ Ստեփան Գալստյանն ապօրինի ազդեցություն գործադրեր Ավետիք Մուրադյանի վրա, ես դա չեմ պատկերացնում: Սա պարզապես շարքային պատճառաբանություն է՝ միջնորդությունը մերժելու համար: Մի բան պետք է գրվեր, գրվել է սա: Դատական ակտը ստանալուն պես իմ կողմից կբողոքարկվի»,- 168.am-ի հետ զրույցում նշել էր Գալստյանի փաստաբան Անդրանիկ Մանուկյանը, ով այդ պահին դեռ չէր ստացել դատարանի որոշումը:

Կարդացեք նաև

Փաստորեն 1 ամիս հետո, ամեն դեպքում, դատարանը հիմնավոր է համարել պաշտպանական կողմի պնդումները:

Հավելենք, որ 2023 թվականի նոյեմբերին էլ հրթիռների գործի շրջանակում մեղադրվող ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխվել էր տնային կալանքի:

Դավիթ Տոնոյանին անազատության մեջ պահելու պատճառները, իհարկե, քաղաքական են, որի մասին նա մեկ անգամ չէ, որ ասել է:

Բայց հարուցված՝ հրթիռների, ինչպես նաև հրանոթի արկերի մասին գործերը դիտարկելիս՝ ակնհայտ է դառնում, որ դրանք հանուն բանակի չեն հարուցվել: Հատկապես, երբ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվել է 2023 թվականի դեկտեմբերի 3-ին, և, որ հնարավոր է՝ գարնանը պատրաստ լինի համապատասխան զեկույցը:

Եվ այսպես. 2021 թվականին, ըստ էության, սկիզբ դրվեց հրթիռների գործին: 2021 թվականի սեպտեմբերի 25-ին ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում էր.

«Հիշատակված գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամի վնաս, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ, այն է՝ խաթարվել է զինված ուժերի բնականոն գործունեությունը, ՀՀ ՊՆ-ին հատկացված միջոցների հաշվին ձեռք են բերվել տեխնիկական բնութագրին և ՀՀ սպառազինության պահանջմունքներին չհամապատասխանող, շուկայական արժեքից էականորեն թանկ, շահագործման համար պիտանելիության ժամկետները սպառված հրթիռներ, ինչի վկայությունն է նաև այն, որ մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ»:

Սակայն հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և բանակին զենքի հիմնական մատակարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) պաշտպանական թիմը բազմիցս պնդել է, որ անպիտան համարվող հրթիռները կիրառվել են 44-օրյա պատերազմի ժամանակ և ոչ անարդյունք:

Ավելին, 2023 թվականի օգոստոսի 1-ին Քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանն անդրադառնալով Սու-30-երին, ասել էր.

«ՍՈՒ-30-ները բազմաֆունկցիոնալ միջոցներ էին, որոնք ունեին և՛ գրոհային, և՛ կործանիչ գործառույթ։ Գրոհայինի տեսանկյունից մենք 1-2 օրվա մարտական գործողությունների վարման առումով գոնե սկզբնական փուլում սպառազինության հետ կապված հագեցվածություն ունեինք, նաև այն հրթիռների, որոնք հիմա ժողովրդի մեջ կոչվում են անպիտան, ժանգոտված կամ չգիտեմ ինչ։ Այդ հրթիռները կիրառվել են նաև ՍՈՒ-30-ների ուսումնական թռիչքների ժամանակ և խոցել են թիրախները»:

Իսկ 2022 թվականի հունվարի 3-ին Դավիթ Տոնոյանը փաստաբանի միջոցով պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, մասնավորապես, նշել էր, որ՝ «անորակ» զենք-զինամթերքի հետ կապված խնդիրների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը տեղեկատվության պակաս չի ունեցել:

«Վարչապետից որևէ նման դիտարկում չեմ հիշում։ Կարծում եմ, եթե ունենար, կհայտներ, քանի որ տեղեկատվության պակաս չի ունեցել, և իմ նշանակումից ի վեր ՊՆ գնումների ողջ գործընթացը եղել է ԱԱԾ-ի, դատախազության, քննչական կոմիտեի, ՊՎԾ-ի ամենօրյա հսկողության, ստուգման և քննման ներքո: Բազմիցս եղել է, որ գնման միևնույն դրվագով քննություն են իրականացրել վերը նշված մի քանի գերատեսչություններ: Գնման որոշումը կայացվել է ՀՀ Զինված ուժերի կիրառման ապահովման համար, և խնդրո առարկա զինամթերքը կիրառվել է մարտական պատրաստության, անգամ ռազմական գործողությունների ընթացքում, և դա անհերքելի փաստ է»,- շարունակել էր Տոնոյանը՝ հիշեցնելով, որ 2021թ. դեկտեմբերի 24-ի իր հարցազրույցում Փաշինյանը նշել է, որ ունի վստահելի մասնագետ, ում անհրաժեշտության դեպքում խնդրում է ուսումնասիրել և գնահատել դատավճիռները, և հարցադրում էր արել՝ արդյոք «անպիտան հրթիռների մատակարարման» գործը տրվե՞լ է ուսումնասիրման ՀՀ վարչապետի վստահելի մասնագետին, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի օրերին զենքի մատակարար Դավիթ Գալստյանը եղել է Արցախում՝ հրամանատարական կետում, և եթե խնդիրներ լինեին հրթիռների հետ կապված, նրան տեղեկացրած կլինեին, համենայնդեպս, մինչ օրս նման բան հայտնի չէ:

Ի դեպ, Դավիթ Տոնոյանը հենց սկզբից առաջարկել էր դատավարությունը դռնբաց անել, ինչին իշխանությունները չհամաձայնեցին: Մինչդեռ կարող էին թույլատրելի սահմանում դռնբաց կազմակերպել այն, որպեսզի առնվազն ապացուցեին իրենց իսկ պաշտոնական մեղադրանքը, թե հրթիռների անպիտան լինելու պատճառով ինչ խնդիրներ չեն կարողացել լուծել 44-օրյա պատերազմի ժամանակ, դա ինչ կորուստների է հանգեցրել, որքանով է ազդել պատերազմի ելքի վրա և այլն: Հարցեր, որոնք, թերևս, հետաքրքրում են նաև հանրությանը:

Ի դեպ, հրթիռների գործից առաջ՝ 2021 թվականի փետրվարին, Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, նախազգուշացում արել էր «հրթիռների գործի» վերաբերյալ, ինչին արդեն անդրադարձել ենք։

Մասնավորապես, 2021-ի փետրվարի 23-ին Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով զենքի մատակարարման ոլորտին և այդտեղ իշխանափոխությունից հետո չարված հեղափոխություններին, նշել էր.

«2018թ. դրությամբ եղել են ահռելի մեծ գումարների պայմանագրեր, որոնք իրականացված չեն եղել: Եվ եթե մենք բոլորին ձերբակալեինք, այդ տասնյակ միլիարդների ճակատագիրը կմնար անհայտ: Մենք խնդիր ենք դրել, պարտադրել, որ մատակարարումներն իրականացվեն: Եվ երկրորդը, եթե կա զենքի մատակարարման վատ խողովակ, այդ զենքի մատակարարման վատ խողովակը չի կարելի փակել, քանի դեռ դու չունես մատակարարման թեկուզ մի փոքր ավելի կամ թեկուզ նույնպիսի վատ խողովակ, կամ մի վատ խողովակը փոխարինել մի այլ վատ խողովակով: Իսկ ի՞նչ է տեղի ունենալու այդ ժամանակաշրջանում: Որովհետև այդպես չէ, որ միանգամից, մի ինչ-որ ժամանակ դատարկ է մնալու, իսկ ո՞վ է երաշխավոր, որ այդ դատարկության շրջանում չէ, որ սկսվելու է պատերազմը»:

Այսինքն, ձերբակալությունների և կալանավորումների նպատակ ավելի վաղ է եղել, գուցե 2020 թվականի պատերազմից առաջ: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Փաշինյանն ամեն ինչից տեղյակ է եղել, և եթե զենք-զինամթերքի որակի հետ կապված խնդիր է եղել, որից տուժել ենք 44-օրյա պատերազմում, ապա դա առաջին հերթին երկրի ղեկավարի և գերագույն հրամանատարի պատասխանատվության դաշտում է:

Նույն պատմությունը եղել է նաև հրանոթի արկերի գործի դեպքում:

2022 թվականի հունիսի 17-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ՍՍԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:

«ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են, մասնավորապես՝ չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, կրակոցների արդյունքում արձանագրվել են պահանջվող նորմերից բավական մեծ չափի թերաթռիչքներ, ձգաբանական բնութագրով չեն համապատասխանել ՊՆ-ի տրամադրության տակ առկա հրանոթների կրակոցի ձգաբանական բնութագրին և ՀՀ զինված ուժերում գործող հրաձգության աղյուսակի պարամետրերին, հետևաբար՝ անհնար է եղել մատակարարված հրանոթները կիրառելու դեպքում արձակել թիրախային կրակոցներ և լուծել մարտական խնդիրներ…»,- նշվում էր ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ:

Այս գործով անցնում էր նաև բանակին զենքի հիմնական մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ): 2023 թվականի դեկտեմբերին 168.amգրել էր, որ հրանոթի արկերի գործով անցնող ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի  և զենքի մատակարար Դավիթ Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արարքը չկատարելու հիմքով: 

Մեր հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ն ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր այս տեղեկությունը: Կարելի է ասել, փորձել են թաքցնել կամ չբարձրաձայնել Փաշինյանի «ռազմական» հերթական ձախողման փաստը:

Այստեղ հարկ է հիշեցնել նաև «պլատաների գործը»։ 

2022թ. հոկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտե այցի ընթացքում հայտարարել էր, թե «ահասարսուռ անուններով հրթիռների միջից պլատաներ են հանելորոնց մեջ ոսկի կա»:

Ավելի վաղ նման հայտարարություն Փաշինյանն արել էր 2021թ. մայիսի վերջին՝ Աջափնյակ վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ՝ «ՀՀ-ում կան մարդիկ՝ սպա, ով Ս-300-ի վրայից պլատա ա հանում, որ տանի մեջի ոսկին ծախի՝ 30-40 հազար դրամով»:

2021-ին վերջին հայտարարության առնչությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցում էր ուղարկել Գլխավոր դատախազություն, որտեղից պատասխանել էին, որ 2019-ի օգոստոսին հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն, սակայն չէին նշել՝ կա՞ արդյոք մեղադրյալ:

Արդեն 2022-ի հոկտեմբերին 168.am-ը հարցում էր ուղարկել Գլխավոր դատախազություն՝ ներառելով Նիկոլ Փաշինյանի 2 հայտարարությունները և փորձելով պարզել՝ ի՞նչ փուլում է գործի քննությունը, կա՞ մեղադրյալ կամ մեղադրյալներ:

Մեր հարցմանն ի պատասխան՝ դատախազությունից հայտնել էին, որ եղել է մեղադրվող պաշտոնատար անձ, իսկ թե ով է նա, դատախազությունը գաղտնի էր պահել, սակայն, այսպես ասած, գողի ինքնությունը պարզել չեն կարողացել, ուստի այս մասով հոդվածը կասեցվել է:

Հիմա հարց՝ եթե իրականում գողություն տեղի է ունեցել, արդյոք վերը նշված զինատեսակից, այսպես ասած, գողացված մասը մինչև 44-օրյա պատերազմը տեղադրվե՞լ է, թե՞…

Ի դեպ, 2023 թվականի մարտին էլ Փաշինյանը կասկածի տակ էր դրել մինչև 2018 թվականը ՀՀ ՀՕՊ համակարգ ունենալու փաստը, ինչը խոսում է նրա ռազմական տարրական գիտելիքներ չունենալու մասին:

Դրանից օրեր անց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել էր Փաշինյանի այս և այլ պնդումներին՝ ասելով.

«Ուզում եմ հիշեցնել նրանց, ովքեր կամ անտեղյակ են, կամ հիշողության կորուստ ունեն, որ այդ ժամանակաշրջանում մենք ունեինք տարածաշրջանում երևի միակը՝ Ս-300-ի դիվիզիոններ, մենք ունեինք մեծ հեռահարության հրթիռներ, մենք այդ ժամանակահատվածում ձեռք ենք բերել 100-ից ավելի միայն ծանր զրահատեխնիկա: Այդ ժամանակահատվածում մենք ձեռք ենք բերել 100-ավոր ժամանակակից ՀՕՊ միջոցներ, մենք ձեռք ենք բերել տասնյակ-հազարներով մեծ տրամաչափի զինամթերքներ: 100 միլիոնից ավել միայն հրազենային զինամթերք ենք ձեռք բերել: Էլ չեմ խոսում «Իսկանդերի» մասին, չեմ խոսում այլ հզոր զենքերի մասին»։

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը կա՛մ անտեղյակությունից է ստում, կա՛մ ռազմական գործին չտիրապետելուց, կա՛մ դիտմամբ, և, թերևս, իմանալով, որ, այսպես ասած՝ դրա տակից կարող է դուրս չգալ, չի ցանկանում ռազմական կարևոր դրվագներն ու գործերը, մեղադրանքները հրապարակային քննարկել, ինչպես օրինակ, վերոնշյալ դեպքերում, երբ իշխանությունները չեն կարողացել ապացուցել, թե ինչ վնաս են հասցրել 2020 թվականի պատերազմին հրթիռների չկիրառումը կամ անարդյունք կիրառումը: Հանրությունը պետք է պահանջատեր լինի այս տեսակ հարցերում և հենց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ որպես գլխավոր պատասխանատուի:

Չմոռանանք, որ 42 միլիոն զենքի կամ «մետաղաջարդոնի» մասին ևս Նիկոլ Փաշինյանը խոսել է 44-օրյա պատերազմից, առաջ և մինչև հիմա նախաքննություն է ընթանում, և դարձյալ պարզ չէ՝ արդյո՞ք իրականում գործ ենք ունեցել մետաղաջարդոնի հետ և որքանո՞վ ենք տուժել դրա պատճառով 44-օրյա պատերազմի ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս