«Պլատաների գործով» Գլխավոր դատախազության պատասխանը և Փաշինյանի մանիպուլյացիան

2022թ. հոկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտե այցի ընթացքում հայտարարել էր.

«Ամեն անգամ, երբ գնում ենք որևէ հարց լուծելու, տեսնում ենք, որ այդ հարցը լուծելու գործիքը չկա, կամ այդ գործիքի կաղապարը կա, իսկ ներսի, այսպես ասած, կատալիզատորը չկա, ինչպես պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, երբ պարզվեց, որ, ասենք, ահասարսուռ անուններով հրթիռների միջից, կարող է, պլատաներ են հանել, որոնց մեջ ոսկի կա: Եվ սա արտահայտում է ամբողջը: Շատ դեպքերում այսօր սա մենք ենք զգում, ներկաներն են զգում, երբ գնում են պետության համար ճակատագրական նշանակություն ունեցող խնդիր լուծելու, այդ գործիքը վերցրած գնում են, որ օգտագործեն, պարզվում է՝ այդ գործիքի կաղապարը կա, ներսի ողջ պարունակությունը հանված է, և հայտնի չէ՝ ով է հանել: Բայց դա չէ էականը: Փաստն այն է, որ այդ գործիքով հնարավոր չի լինում այդ խնդիրը լուծել»:

Ավելի վաղ նման հայտարարություն Փաշինյանն արել էր 2021թ. մայիսի վերջին՝ Աջափնյակ վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

«Մեզ ինչի մեջ ասես մեղադրում են, ընդհուպ նրա համար, որ գնացել ենք զորամասեր, ժուչոկներ ենք դրել, որ հակառակորդի հրթիռները… Իրանք իրանց հետ են համեմատում, որովհետև, ցավոք, ՀՀ-ում կան մարդիկ՝ սպա, ով Ս-300-ի վրայից պլատա ա հանում, որ տանի մեջի ոսկին ծախի՝ 30-40 հազար դրամով: Եթե էսպիսի երևույթ կա ՀՀ-ում, ամեն ինչի մեջ էլ կմեղադրեն, բայց պետք է իմանաք, որ մենք մեր երկրի նկատմամբ հարյուր տոկոսով ազնիվ ենք: Մեզ դավաճանության մեջ է մեղադրում այն կուսակցությունը, որը պետականությունը սենց թողել ա…»,- հայտարարել էր նա:

Կարդացեք նաև

2021-ին ավելի ուշ ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ պարզելու՝ Նիկոլ Փաշինյանի հայտնած ենթադրյալ գողության դրվագին տրվե՞լ է քրեադատավարական ընթացք, կա՞ արդյոք հարուցված քրեական գործ, կա՞ն մեղադրյալներ, կասկածյալներ, ի՞նչ խափանման միջոց է նրանց համար կիրառված, և առհասարակ, Ս-300 զենիթահրթիռային համալիրներից ծառայողների կողմից գողություն կատարելու փաստով երբևէ հարուցվե՞լ է քրեական գործ, և այլն:

Ընդդիմադիր պատգամավորի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունից պատասխանել էին, որ նշված փաստի առթիվ 2019-ի օգոստոսին հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն, սակայն չէին նշել՝ կա՞ արդյոք մեղադրյալ:

Նիկոլ Փաշինյանի՝ հրթիռային համակարգից պլատաների գողության մասին վերջին հայտարարության համատեքստում էլ ՀՀ գլխավոր դատախազություն հարցում էր ուղարկել 168.am-ը՝ հետևյալ հարցադրումներով՝

1. Հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտե կատարած այցի շրջանակում հետևյալ հայտարարությունն էր արել.
«Պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, երբ պարզվեց, որ ասենք ահասարսուռ անուններով հրթիռների միջից, կարող է, պլատաներ են հանել, որոնց մեջ ոսկի կա: Եվ սա արտահայտում է ամբողջը: Շատ դեպքերում այսօր սա մենք ենք զգում, ներկաներն են զգում, երբ գնում են պետության համար ճակատագրական նշանակություն ունեցող խնդիր լուծելու, այդ գործիքը վերցրած գնում են, որ օգտագործեն, պարզվում է՝ այդ գործիքի կաղապարը կա, ներսի ողջ պարունակությունը հանված է, և հայտնի չէ՝ ով է հանել: Բայց դա չէ էականը: Փաստն այն է, որ այդ գործիքով հնարավոր չի լինում այդ խնդիրը լուծել»:

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ՝ հրապարակայնորեն մատնանշած փաստի առթիվ քրեական գործ հարուցվել է, եթե այո, ապա ե՞րբ է հարուցվել, ի՞նչ փուլում է քննությունը: Կա՞ մեղադրյալ կամ մեղադրյալներ, հայտնի՞ է, թե ինչ հրթիռային համակարգի մասին է խոսքը:

2. 2021-ի մայիսի 28-ին Աջափնյակում ՔՊ համակիրների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե նույնաբովանդակ հայտարարություն էր արել.

Այս հայտարարությունից հետո 2021թ. նոյեմբերի 24-ին ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազին՝ ճշտելու, թե վարչապետի հայտարարության հիման վրա քրեական գործ հարուցվե՞լ է, կա՞ կասկածյալ, մեղադրյալ, դատապարտյալ։ ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Գ. Հակոբյանը պաշտոնապես պատասխանել էր, որ նման քրեական գործ հարուցվել է դեռ 2019 թվականին։ Պատգամավորը պատկան մարմիններին ուղղված իր հարցն ու ստացված պատասխանը հրապարակել էր իր ֆեյսբուքյան էջում:

Խնդրել էինք պատասխանել մեր հարցերին, նաև նշել, թե ի՞նչ փուլում է այս քրեական գործի քննությունը, կա՞ արդյոք մեղադրյալ:

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են.

«Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Ձեր հարցմանը՝ հրթիռներից ոսկյա դետալներ պարունակող սարքերի հափշտակության փաստի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ վարչապետի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 24-ին կատարված հայտարարությանը, հայտնում ենք, որ դեռևս 2019 թվականի օգոստոսի 16-ին առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու և պաշտոնատար անձի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ 2003թ. օգոստոսի 1-ին ուժի մտած Քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին Քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով և 375-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը ՀՀ նախկին Քր.օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ մեկ անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան և առկա է մեղադրական դատավճիռ, իսկ ՀՀ նախկին Քր.օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով կասեցվել է՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով»:

Ի դեպ, 2003թ. օգոստոսի 1-ին ուժի մտած Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի 1-ին կետը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով գողությանը, իսկ 375 հոդվածի (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 1-ին մասը սահմանում է.

 «Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»:

Թե ո՞վ է եղել մեղադրվողը կամ պաշտոնատար անձը, որը թույլ է տվել պաշտոնական դիրքի չարաշահում, Գլխավոր դատախազությունը չի մանրամասնել:

Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, մեղմ ասած, մանիպուլյատիվ է, անվիճելի է: Եվ հետո՝ ինչպես է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք 2019-ին քրեական գործ է հարուցվել, իսկ Ս-300-ից պլատաների չլինելու մասին միայն պատերազմի օրերին է Փաշինյանը իմացել:

Ավելին, նրա այդ հայտարարություններն ի՞նչ են նշանակում՝ պատերազմի ժամանակ թերությունը վերացված չի՞ եղել:

Այս հարցերին արդեն հենց Փաշինյանը որպես գերագույն հրամանատար պիտի պատասխանի:

Տեսանյութեր

Լրահոս