Իրականում ի՞նչ են ասել ԳՇ-ում Նիկոլ Փաշինյանին պատերազմից առաջ, ինչո՞ւ է Արծրուն Հովհաննիսյանը փորձել փրկել Փաշինյանի քաղաքական դեմքը
Վերջերս հայաստանյան ընթերցողին է ներկայացվել «44 պարտություն. 2020-ի Արցախյան պատերազմը՝ իրողություններ և հետևություններ» վերնագրով գիրքը, որը հեղինակել են Կարեն Հարությունյանը, Վիգէն Չըթըրեանը, Աշոտ Ոսկանյանը և Մկրտիչ Կարապետյանը:
Որպես 20 և ավելի տարի ռազմական ոլորտը, պատերազմական տարբեր հանգամանքները, այդ թվում՝ 44-օրյայի ռազմական դրվագներն ուսումնասիրող լրագրող-վերլուծող, որոշել էի ընդհանրական դիտարկում-վերլուծություն գրել այս աշխատության մասին, ընդ որում՝ շեշտադրելով ռազմական ուղղությունը, բայց գիրքը մանրամասն ուսումնասիրելուց հետո դրվագային անդրադարձ կատարելու ցանկություն առաջացավ:
Գրքում անտեսվել է 2020 թվականի պատերազմի ժամանակ ղեկավարած անձանց և նրանցից առաջ ղեկավարած անձանց տեսակետները կոնկրետ տեղեկությունների դեպքում, որոնց ճիշտն ու սխալը միայն նրանք կարող էին ասել։ Այսինքն՝ առնվազն փորձ չի արվել տեղեկությունները ճշտել նրանցից՝ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյան, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյան, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյան, ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյան: Ավելին, որոշ դեպքերում կարելի էր օգտվել նրանց բաց հայտարարություններից և հարցազրույցներից: Ինչևէ, անցնենք մեր առանձնացրած դրվագներին:
Դրվագ առաջին
«44 պարտություն. 2020-ի Արցախյան պատերազմը՝ իրողություններ և հետևություններ» գրքում՝ «Թավշյա հեղափոխություն՝ 2020 թվականի պատերազմի արագացուցիչը» ենթավերնագրային հատվածում, մասնավորապես, նշվում է.
«Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ 2019-ի հունվարին Նիկոլ Փաշինյանն այցելեց Գլխավոր շտաբ՝ բացատրելով, թե ուր է հասել բանակցային գործընթացը: Նա ասաց. «Պատերազմ չունենալու գինը 5 շրջանների վերադարձնելն է (առանց Ադրբեջանի կողմից Ղարաբաղի ինքնորոշումը ճանաչելու հայկական նախապայմանի): Ես կարող եմ մերժել այն, եթե կարողանամ ապավինել ձեզ: Զինվորականության պատասխանն էր՝ մենք պատրաստ ենք մեր առաքելությանը»:
Մեր տեղեկություններով, բառացի այդպիսի պայման չի դրվել ՀՀ զինված ուժերի առջև, իսկ Գլխավոր շտաբը սովորաբար իր զեկույցներում նշում է, որ իրավիճակն այսպիսին է կամ այնպիսին, բայց պատրաստ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները: Սա՝ առաջին:
Երկրորդ, մենք տեղյակ չենք վերը նշված հանդիպման ելույթների և հարցուպատասխանի ամբողջական բովանդակությանը, ուստի չպետք է կրկնել ԱԽ գրասենյակի օրինակը, երբ 2020 թվականի սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստում ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ելույթն աղավաղված էր գաղտնազերծվել.
«Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն՝ որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել…», հավելելով. « …Ամեն դեպքում զորքերը իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք …», եզրափակելով իր ելույթը՝ վերջինս նշել է. «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»:
Երրորդ, 2018 թվականի մայիսին ՀՀ պաշտպանության նախարարությունում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր Դավիթ Տոնոյանին և շեշտել էր. «Միջազգային հարաբերություններում և բանակցային գործընթացներում ՀՀ-ի դիրքերն ամրանում են և պետք է շարունակեն ամրանալ: Նաև ուզում եմ ընդգծել, որ բանակը, ԶՈՒ-երը պետք է ամուր թիկունք լինեն Հայաստանի դիվանագիտության և բանակցային գործընթացի համար»:

Այստեղ Փաշինյանը, ըստ էության, հստակ որոշել է Զինված ուժերի անելիքը: Մյուս կողմից, չմոռանանք, որ 2019 ապրիլին, այսինքն՝ Արծրուն Հովհաննիսյանի նշած ԳՇ-ում քննարկումից հետո Փաշինյանը հայտարարել է, որ բանակցությունները սկսելու է ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իր սեփական՝ զրոյական կետից:
Հավելենք նաև, որ 2019-ի մարտի 30-ին «Ամերիկայի ձայնը» հրապարակել էր ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարության տեսագրությունը՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ձևաչափով։
«Ես որպես պաշտպանության նախարար՝ ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ձևաչափով»,- հայտարարել էր Տոնոյանը և պնդել, թե ոչինչ չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ, իսկ հայկական բանակն ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները։
Ընդ որում, այս հայտարարությունն արվել էր ռազմական համատեքստում՝ ի պատասխան ադրբեջանական սադրանքների, և փակ հանդիպմանը, որտեղ Տոնոյանի արած այս հայտարարությունը, մեր տեղեկություններով, գաղտնազերծվել է:
Իսկ ավելի ուշ 2019-ի մարտի վերջին լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախկին նախարարի վերը նշված հայտարարությանն արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը, որը դեմ է տարածքային նվաճումներին և պատերազմի առաջին օրը պարտությանը համակերպվելուց էր խոսում, արձագանքել էր.
«Դավիթ Տոնոյանն ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է հաղթել այդ պատերազմում: Եթե հանկարծ պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի: Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է խաղաղ կարգավորման կարևորությունը»:
Հարցին՝ այդ հայտարարությունը համաձայնեցվա՞ծ է եղել Ձեր հետ, Փաշինյանն արձագանքել էր․ «Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման և ենթակայության ներքո»:
168.am-ը գրել էր՝ Դավիթ Տոնոյանը, Զինված ուժերը, ըստ էության, դարձել են Փաշինյանի արտաքին քաղաքական «դավադրության» զոհ, հատկապես, երբ շատ չանցած նա գեներացրել էր մյունխենյան թեզերը՝ «չկան տարածքներ, կա անվտանգություն»:
Դեռ մի կողմ ենք դնում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որ չի համաձայնել տարածքների հանձնմանը, որպեսզի իրեն չասեն՝ դավաճան է, որ չի ընդունել ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ պատերազմի 4-րդ օրն ԱԽ նիստում արած առաջարկը պատերազմական գործողությունները կանգնեցնելու, ինչպես նաև 2020 թվականի հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահի նմանօրինակ առաջարկը:
Այսինքն, 44-օրյա պատերազմին առնչվող վերոնշյալ գրքում պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ ընտրված Արծրուն Հովհաննիսյանը, ըստ էության, փորձում է փրկել Նիկոլ Փաշինյանի քաղաքական դեմքը և բանակցային գործընթացը զրոյից սկսելու պատասխանատվությունը դնում է ՀՀ զինված ուժերի վրա, ինչը, իհարկե, աբսուրդ է:
Դրվագ երկրորդ
Կարեն Հարությունյանի, Վիգէն Չըթըրեանի, Աշոտ Ոսկանյանի և Մկրտիչ Կարապետյանի հեղինակած գրքում մեջբերվում է Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, որ չնայած հետախուզական տվյալներին, Գլխավոր շտաբը պատերազմի հավանականությունը գնահատել է 30 տոկոս:
Հիշեցնենք, որ Քննիչ հանձնաժողովում Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն իրենց ասել է, որ ՀՀ ԶՈւ-երը 0046 դիրեկտիվի համաձայն՝ մաս-մաս բերվում էր առաջին աստիճանի պատրաստականության, որի համար հիմք է հանդիսացել ռադիոկլանման միջոցով սեպտեմբերի 25-ին ստացված F-16-ի օդաչուների խոսակցությունն առ այն, որ վաղն ինչ-որ կարևոր բանի պիտի մասնակցեն:
Եվ, ըստ Քոչարյանի, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն այդ ժամանակ ինտուիցիայով կատարել է նախապատրաստական բոլոր աշխատանքները, արդյոք դա զեկուցվե՞լ էր Փաշինյանին:
«Մեր ինստիտուտները որքա՞ն են հավանական գնահատել պատերազմի հավանականությունը մինչև ամսի 25-ը, 30 տոկոս է եղել հավանականության գնահատումը: Եվ դա եղել է ոչ միայն հետախուզության, այլ մի շարք այլ տվյալների, միջազգային գործընկերների հետ շփումների հիման վրա: Ինձ ուրիշ բան էլ է զեկուցվել, որ պատերազմի հավանականությունը 30 տոկոս է, և նաև հնչել է, որ սա հոգեբանական ճնշում է քաղաքական իշխանության վրա, որ նա գնա անհամաչափ զիջումների»,- 2023 թվականին Քննիչ հանձնաժողովում արձագանքել էր Փաշինյանը:
Իսկ գրքի հեղինակներն այս համատեքստում անտեսել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ Քննիչ հանձնաժողովում տված պատասխանը.
«Այդպիսի գնահատական միգուցե տրվել է հանրամատչելի դարձնելու առումով, բայց ԶՈւ-ի և իրավիճակի գնահատման առումով տոկոսներով գնահատական գոյություն չունի: Ռազմական գործողությունների սկսումը մեզ մոտ կամ գնահատվել է լիովին հավանական, կամ խիստ հավանական: Հուլիսյան դեպքերից հետո հակառակորդի և հակառակորդի դաշնակցի հայտարարությունների առումով պատերազմի հավանականությունը գնահատվեց խիստ հավանական: Եվ ԳՇ-ն խիստ հավանական գնահատելով ռազմական գործողությունների վերսկսումը՝ իրականացրել է համապատասխան միջոցներ»:
Ի դեպ, 2019 թվականին, երբ ԳՇ պետն Արտակ Դավթյանն էր, մեր տեղեկություններով, ԳՇ-ում խորհրդակցությունների ժամանակ պատերազմի հավանականությունը ևս բարձր է գնահատվել, նույնիսկ նշվել է, որ հաջորդ պատերազմը լինելու է ավելի լայնածավալ, քան 2016 թվականի Ապրիլյան պատերազմը: Ընդ որում, այս միտքը Դավթյանը մի առիթով ասել է նաև Սաթիկ Սեյրանյանին տված հարցազրույցի ժամանակ:

Շարունակելով թեման, նշենք, որ Քննիչ հանձնաժողովում ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էր՝ ռազմավարական գործընկերոջ հետ, որն ավելի մեծ հետախուզական ծառայություն ունի, քննարկվե՞լ է պատերազմի հավանականության հարցն այն ժամանակ, Հայաստանին տրամադրվե՞լ է տեղեկություն հավանական պատերազմի սկսվելու մասին:
Փաշինյանը պատասխանել էր, որ այդ թեմայով ինքն անձամբ քննարկումներ չի ունեցել:
«Բայց ինձ մի քանի անգամ զեկուցվել է, որ մեր միջազգային գործընկերները նույնպես պատերազմը քիչ հավանական են համարում և կոչ են անում, որ ՀՀ ԶՈՒ-ն կտրուկ գործողություններ չիրականացնեն՝ այսպես ասած՝ չեղած տեղից պատերազմ չսադրելու համար: Եվ ես կարծում եմ, որ ԶՈՒ ԳՇ-ի ինձ տված զեկույցը նաև այս տեղեկատվության ազդեցությամբ է ձևավորվել: Ես անձամբ այդ գնահատականի հետ այդքան էլ համաձայն չէի: Իհարկե, միշտ իմ հրահանգը եղել է այն, որ պետք է բարձր զգոնություն ապահովել: Որովհետև եթե ես հրահանգ տամ, դա կարող է դառնալ այն կանխատեսված սադրիչ գործողությունը, որի արդյունքում պատերազմ կբռնկվի, բայց իմ քաղաքական հրահանգը եղել է՝ լինել իրավիճակին համարժեք: Եվ իմ հրահանգը եղել է սա՝ երբ այդ ինդիկատորներն ի հայտ կգան, բանակը պետք է սահմանված ձևով գործի: Ես ասել եմ, որ նույնիսկ դրա համար առանձին քաղաքական խորհրդակցությունների անհրաժեշտություն չկա, որովհետև այդ ինդիկատորը կարող է ի հայտ գալ կեսգիշերն անց, և մինչև 1-2 զեկույց, քննարկում, բանը բանից կարող է անցնել»,- ասել էր նա, և ոչինչ, որ Փաշինյանը 44-օրյայից առաջ ինչ-ինչ «սադրիչ» քայլեր արեց, ինչը, իհարկե, չի արդարացնում Ադրբեջանի՝ Արցախի վրա հարձակումը:
Իսկ պատերազմի հավանականությունը 30 տոկոս գնահատելու հիմքում, ըստ Փաշինյանի, ընկած է եղել Ռուսաստանին ապավինելը, փաստորեն, բայց այդ դեպքում պետք էր ի գիտություն ընդունել այդ ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նախապատերազմյան զգուշացումները՝ «…ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական բնույթի միջոցներ՝ պատերազմը կանխարգելելու կամ, առնվազն, ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, մասնավորապես՝ հանձնարարել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների հետ (հատկապես՝ ՌԴ հետ) հարաբերությունները կտրուկ բարելավելուն»:
Իսկ առանց քաղաքական խորհրդակցությունների, Զինված ուժերի կողմից գործողություններ ձեռնարկելու մասին Փաշինյանի հրամանը, մի տեսակ «ալիբի» ստեղծելու նման մի բան է, եթե չասենք՝ երկրի ղեկավարի և գլխավոր հրամանատարի գործառույթներից հրաժարում, որի մասին պատերազմի օրերին ժամանակ առ ժամանակ հիշում էր:
Նշենք, որ Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ևս խոսել էր իրավիճակը չսադրելու որոշակի դիմումի լինել-չլինելու մասին:
«Որոշակի դիմում կար մեզ չսադրելու, սառնասրտություն ցուցաբերելու, որը հնարավորինս իրականացվել է մեր կողմից, ամեն դեպքում F16-ի խոցումը ՊԲ ՀՕՊ-ի կողմից հնարավոր էր, բայց չէր կատարվում, քանի որ իրենց իսկ կողմից որոշված էր չսադրել իրավիճակը»,- շեշտել էր Տոնոյանը՝ հավելելով, որ երկու խումբ հանդիպումներ է անցկացրել F16-ի կիրառելիությունը չեզոքացնելու նպատակով` Հայաստանի դաշնակից ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։
«Օրական ունեցել եմ 3-4 հանդիպում, առաջնահերթությունը տրվել է ՆԱՏՕ անդամ երկրների դեսպաններին: Բոլորին տրվել են Թուրքիայի F16-երի օդային դիագրամաները, և տրվել են ամենօրյա պարբերականությամբ: Խնդրանքս եղել է՝ չեզոքացրեք այդ երկրի ներգրավումն Արցախյան պատերազմի թատերաբեմում: Այդ ժամանակ դեռ ՆԱՏՕ-ն 29 անդամ ուներ, ՀՀ-ում հանդիպել եմ 12 անդամ երկրի հետ, ընդ որում, որոշների հետ՝ մի քանի անգամ»,- Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովում մանրամասնել էր Տոնոյանը:
168.am-ը գրել էր, որ Թուրքիայի ռազմօդուժի համակարգը 44-օրյային փոխկապակցված էր ՆԱՏՕ-ի հրամանատրման և վերահսկման համակարգին:
Իսկ թե ինչու Թուրքիայի մասնակցությունը չի կանխատեսվել ռազմական գործողություններին, Տոնոյանը ևս ակնարկել էր, որ սպառնալիքները գնահատելիս հաշվի են առել նաև դաշնակցային հարաբերությունները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ին ՀՀ մասնակցությունը:
«Սպառնալիքների գնահատման ընթացքում մենք գնահատում ենք նաև մեր դաշնակցային հարաբերությունները: Ինչ վերաբերում է իրական վիճակին, ինչը կատարվեց այդ ժամանակաշրջանում, սպառնալիքների գնահատման վերջին շրջափուլի ընթացքում աշխարհաքաղաքական այդպիսի պրոցեսներ չէին ընթանում: Այս մասին մանրամասն կանդրադառնամ փակ, բայց բաց մասում ասում եմ, որ հաշվի ենք առել դաշնակցի և այն դաշինքին մեր մասնակցությունը, որում գտնվում էինք»,- շեշտել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:
Հաշվի առնելով ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի դեռ հուլիսյան մարտերից առաջ արած նախազգուշացումը, որ մեր հակառակորդն այլևս միայն Ադրբեջանը չէ, այլ Թուրքիան, զուտ փաստաթղթային դաշնակցային հարաբերությունների վրա են հույս դրե՞լ։
Այս բոլոր դրվագները պատերազմի մասին գրքում ներառված չեն, և պարզ չեն նաև այս առումով ՌԴ-ից ստացված ազդակները: Եվ չնայած սրան՝ պատերազմի ընթացքում ՌԴ-ից բավարար ռազմական աջակցություն եղել է, որի մասին գրքի հեղինակներն այդքան էլ չեն խոսում: Մասնավորապես, «Մեդիամաքսին» տված հարցազրույցում Դավիթ Տոնոյանը վստահեցրել էր.
«Պատերազմի ողջ ընթացքում ես մշտական կապի մեջ եմ եղել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Եղել են օրեր, երբ մենք օրական մի քանի անգամ ենք խոսել հեռախոսով: Հասկանալի պատճառներով չեմ բացի բոլոր փակագծերը, բայց կարող եմ միանշանակ ասել, որ ծավալված պատերազմի պայմաններում Ռուսաստանն արել է առավելագույնը՝ իր դաշնակցային պարտավորությունների կատարման առումով: Ավելին, զուտ պաշտպանության ոլորտի թեմաներից բացի, ՌԴ պաշտպանության նախարարի հետ մեր մշտական աշխատանքային կապի շնորհիվ հաջողվել է լուծել մի շարք այլ կարևոր հարցեր»:
Հավելենք, որ 2020թ. նոյեմբերին ռուսական «НТВ» հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Ռոման Բաբայանն իր հաղորդման շրջանակներում հարցեր էր ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ մասնավորապես, նշելով.
1. Պարոն Փաշինյան, ճի՞շտ է արդյոք այն, որ այս հակամարտության գործնականորեն հենց առաջին վայրկյաններից, այս պատերազմի հենց առաջին օրվանից Ձեզ օգնություն է առաջարկվել: Ու այդ օգնությունը Ձեզ տրվել է, ընդ որում, տրվել է հսկայական ծավալներով: Ճի՞շտ է արդյոք, որ հայկական ռազմական և ոչ միայն ռազմական օդանավակայաններում 10-յակներով վայրէջք էին կատարում ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռները:
2. Պատասխանեք խնդրեմ, ճի՞շտ է, որ Դուք ստանում էիք այն ռազմական համակարգերը, որոնք Դուք, անձամբ Դուք խնդրում էիք: Ու Դուք դրանք ստանում էիք:
Պատասխանեք այդ հարցերին, և այդ ժամանակ մենք կհասկանանք, ունա՞կ եք Դուք պատասխան տալ այն ամենի համար, ինչ արել եք: Ի վիճակի՞ եք արդյոք պետություն ղեկավարել, և այն մարդիկ, ովքեր այսօր դեռ Ձեզ աջակցում են, միգուցե շաաա՜տ նոր բաներ իմանան:
Պատասխանեք այս հարցերին ազնվորեն, և եթե Դուք դրանց ազնվորեն չպատասխանեք, ես Ձեզ կտամ արդեն հաջորդ, առավել կոնկրետ հարցերը, և Դուք խուսանավելու տեղ չեք ունենա:
Նիկոլ Փաշինյանն այս պնդումները չի հերքել այդպես էլ:
Դրվագ երրորդ
«44 պարտություն. 2020-ի Արցախյան պատերազմը՝ իրողություններ և հետևություններ» վերնագրով գրքում ակնարկ կա, թե Սու-30-ների ձեռքբերումը քաղաքական որոշում չէր՝ սլաքն ուղղելով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին և դրա ձեռքբերմանը կողմ այլ բարձրաստիճան զինվորականությանը: Սա, իհարկե, մեղմ ասած, ծիծաղելի է, հատկապես երբ Փաշինյանը շատ լավ դա օգտագործել է սեփական PR-ի համար, ըստ էության, նաև ցույց տալով, որ հենց իր իշխանության օրոք է փորձ արվել ունենալ կործանիչ ավիացիա: Այլ հարց է, որ դրանք ձեռք բերվեցին առանց համապատասխան «ատրիբուտների», որի պատճառով կործանիչները չծառայեցին իրենց բուն նպատակին, և հետո պայմանավորվածություն կար գնելու առնվազն 8 հատ, մինչդեռ գնվեց ընդամենը 4-ը:
Կարո՞ղ ենք ասել, որ գրքի հեղինակներն ակամա հող են ստեղծում հետագայում նաև Սու-երի հետ կապված քաղաքական հետապնդումների համար։
Դրվագ չորրորդ
Գրքի հեղինակները նշում են, որ Բաքվում պահվող ՊԲ նախկին հրամանատար փորձառու Լևոն Մնացականյանին իշխանափոխությունից հետո փոխարինել է անփորձ և հրետանավոր Ջալալ Հարությունյանը, ինչն այդպես չէ: Լևոն Մնացականյանին իշխանափոխությունից հետո փոխարինել է գեներալ Կարեն Աբրահամյանը, որին էլ ավելի ուշ փոխարինել է Ջալալ Հարությունյանը: Եվ հարց է՝ արդյո՞ք, եթե Կարեն Աբրահամյանը մնար ՊԲ հրամանատարի պաշտոնում, նույն իրավիճակը չէր լինելու, հատկապես, երբ Աբրահամյանը 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալն էր, իսկ գաղտնիք չէ, որ ձախողել ենք նաև օպերատիվ կառավարումը: Իսկ առհասարակ իշխանափոխությունից հետո կադրային արագ փոփոխություններ, սխալ նշանակումներ եղել են ոչ միայն ՊԲ-ում, այլև ՀՀ ԶՈՒ տարբեր վարչություններում և ստորաբաժանումներում, այդ թվում՝ կառավարման ոլորտներում, ինչի մասին 168.am-ը ծավալուն ուսումնասիրություններ է կատարել։
Ի դեպ, լավ կլիներ, որ գրքում անդրադարձ կատարվեր Լևոն Մնացականյանին ազատելու նախապատմությանը և նրա նախապատերազմյան զգուշացումներին։
Իսկ գեներալը 2019 թվականին ասել էր.
«Իրավիճակը արտաքինից կարելի է ասել, որ հանգիստ է։ Եթե մենք իրավիճակին նայենք, կարող է սխալվենք: Հակառակորդն ամեն օր ձեռք է բերում նոր նմուշներ, ամեն օր ընդլայնում է իր զինանոցը, ամեն օր իրականացնում է դրանց յուրացման պարապմունքներ, դրա համար ընդգրկում է հրահանգիչներ տարբեր երկրներից, որի համար իհարկե վճարում է։ Չեմ կարծում, որ այդքանը արվում է խաղաղության համար: Պատերազմ լինելու է…»:
Շարունակելի…



