Իրանն ԱՄՆ–ի ռազմաբազաների վրա հարձակման ժամանակ խոցել է նախանշված թիրախների 70%-ը. «Fars»
Իրանը Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաների վրա հարձակման ժամանակ խոցել է նախանշված թիրախների 70%-ը։ Այս մասին հայտնում է իրանական «Fars» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին։
Գործակալությունը հայտնում է, որ Իրանի բալիստիկ հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը կարողացել են հաղթահարել Հորդանանում գտնվող ամերիկյան Ալ-Ազրաք բազայի, Քուվեյթում գտնվող Ալի աս-Սալեմ ավիաբազայի և Բահրեյնում գտնվող ամերիկյան 5-րդ նավատորմի բազայի հակաօդային պաշտպանության համակարգերը։
Ավելի վաղ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ ամերիկացի զինվորականներն ավարտել են իրենց հարվածներն Իրանին՝ ի պատասխան Apache ուղղաթիռի վրա հարձակման (օդաչուները չեն տուժել): Ինչպես պնդում է CENTCOM-ը, գործողության ընթացքում խոցվել են իրանական ՀՕՊ օբյեկտները, ցամաքային կառավարման կետերը և Հորմուզի նեղուցի մոտակայքում գտնվող դիտարկման ռադարը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պարտավոր կլինեն պատասխանել Apache ուղղաթիռին հասցված հարվածին: Ավելի ուշ CENTCOM-ը հայտարարեց Իրանին պատասխան հարվածներ հասցնելու մասին։

