«Ներկա փուլում մեր պետության ապագան որոշվում է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովում. գիտակցո՞ւմ են արդյոք ԿԸՀ-ի անդամները իրենց այդ պատասխանատվությունը». Խոսրով Հարությունյան
ՀՀ նախկին վարչապետ (1992-93թթ.), ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներկա փուլում, առանց չափազանցության, մեր պետության ապագան որոշվում է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովում։
Գիտակցո՞ւմ են արդյոք ԿԸՀ- ի անդամները իրենց այդ պատասխանատվությունը։ Կասկածելի է և դրա համար բոլոր հիմքերը կան։
Ուստի հանրային ճնշման գլխավոր թիրախը այս պահին պետք է լինի այդ կառույցը, նրա նախագահն ու անդամները։
Անհրաժեշտ է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովից պահանջել, որպեսզի ընտրություններին մասնակցած ընդդիմադիր ուժերի պատգամավորության թեկնածուները (յուրաքանչյուրից մեկ հոգի) ներկա գտնվեն և անարգել հետևեն ձայների վերահաշվարկին։ Առավել ևս, որ այդ պահանջը չի հակասում գործող օրենսդրությանը։
ԿԸՀ-ի անդամները պետք է հայտնվեն հանրային լուրջ ճնշման տակ։
Ընտրակեղծիքների արդեն հայտնի փաստերով հանցագործության վերաբերյալ պետք է հաղորդում ներկայացնել դատախազություն՝ պահանջով քրեական պատասխանատվության ենթարկել ԿԸՀ- ի նախագահ Վահագն Հովակիմյանին։
Հանրային պայքարի կազմակերպման տեսակետից, կարծում եմ, նպատակահարմար է նախաձեռնել ընդդիմադիր ուժերի համակիրների պերմանենտ հանրահավաք (նման փորձ նախկինում եղել է), օգտագործելով այն ԿԸՀ-ում ձայների վերջնահաշվարկի ընթացքի և փաստերի հանրայնացման համար։
Այդ նախաձեռնությունը կնպաստի նաև հասարակության կոնսոլիդացմանը և այն քաղաքական կապիտալի վերածելուն։
Անգործությունը անթույլատրելի է»:

