ՊՆ-ն հաստատում է՝ Արշակ Կարապետյանը 2021թ. նոյեմբերի 14-ին Ադրբեջանի ներխուժման ժամանակ եղել է Դուբայում. Մնացած տեղեկությունները գաղտնի են

Մարտի 14-ին 168.am-ը հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ Արշակ Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հեռավար բանավեճի ֆոնին, երբ մարտի 12-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Փաշինյանն անդրադարձել էր Կարապետյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատման պատճառներին և դրան նախորդած իրադարձություններին:

Նախ՝ ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ՝ «2021 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան նա ինձ զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանդարտ է, մինչդեռ իր զեկուցման պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժած են եղել մեր տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել», իսկ Արշակ Կարապետյանն արձագանքել էր, որ նոյեմբերի 14-ին եղել է Դուբայում և չէր կարող զեկուցել:

Դրանից հետո Փաշինյանը «կոնտրքայլ» էր արել և իր ու Արշակ Կարապետյանի վոթսափային խոսակցությունը հրապարակել՝ թվագրված 2021թ., նոյեմբերի 14:

Հրապարակված տեսանյութում Արշակ Կարապետյանը ձայնային հաղորդագրությամբ առավոտյան ժամը 9:38-ին Նիկոլ Փաշինյանին առողջություն է մաղթում և նշում. «Մեր մոտ ամեն ինչ նորմալ ա…»:

Կարդացեք նաև

Ավելի ուշ իշխանական պատգամավոր, ՀՀ ԱԺ պաշտանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել և անդրադարձել նոյեմբերյան մարտերին:

«2021թ. նոյեմբերի 14-ին` կիրակի օրը, ժամը 10:00-ին, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության շտապ նիստ՝ Սոթք-Խոզնավար իրադարձությունների շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով, որի ընթացքում բոլոր դրական և բացասական կողմերը՝ եղած պաշտոնական տեղեկատվության կոնտեքստում, պետք է քննարկվեին։ Նիստի ընթացքում հաշվի առնելով այն փաստը, որ ծառայել եմ 2-րդ բանակային կորպուսում, Վարչապետը խնդրեց, որ իմ անձնական կապերով փորձեմ առաջին ձեռքից հնարավորինս ստույգ իրադրություն նկարագրեմ։ Սենյակից դուրս եմ եկել, կարճ ժամանակ անց վերադարձել և նկարագրել իրավիճակը, որտեղ ի զարմանս մեզ բացահայտել ենք պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկատվության` ակնհայտ փափուկ ասեմ, տարընթերցումը»,- նշել էր նա:

Հիշեցնենք, որ 2021թ. նոյեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ նույն օրը «ժամը 12։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»:

Իսկ 2021 թվականի նոյեմբերի 14-ին, ժամը 16:01-ին ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ «նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն»:

Եվ հաշվի առնելով, որ յուրաքանչյուրն իր ճշմարտությունն է առաջ տանում, ինչպես վերևում նշեցինք, 168.am-ը մարտի 14-ին հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու՝

1. 2021 թվականի նոյեմբերի 14-ին ե՞րբ կամ ո՞ր ժամին է Պաշտպանության նախարարությունում կամ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում տեղեկություն ստացվել կամ զեկուցվել սահմանի մի շարք տեղամասերում մեր տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման և դիրքեր վերցնելու մասին:

2. 2021 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը որտե՞ղ է եղել, և եթե նա եղել է երկրից դուրս, ո՞վ պիտի նրան փոխարիներ: Այսինքն, որպես այդ պահին պաշտպանության նախարարի ֆունկցիաները կատարող անձ՝ ո՞վ պետք է ՀՀ վարչապետին զեկուցեր իրադրության մասին:

3. 2021 թվականի նոյեմբերյան մարտերի արդյունքում արդյո՞ք եղել են ազատումներ, եթե այո, ապա քանի՞ հոգի է ազատվել և ի՞նչ պաշտոն են նրանք զբաղեցրել:

4. ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը երբվանի՞ց է անցել ծառայության ՀՀ ԶՈՒ-երում, որտե՞ղ է ծառայել, որպես ի՞նչ է ծառայել, ե՞րբ է զորացրվել և ի՞նչ կոչումով:

5. 2021 թվականի նոյեմբերի 14-18-ը ԱՄԷ-ում անցկացվել էր «Dubai Airshow 2021» միջազգային ցուցահանդես: Ավելի ուշ ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում«Ռոստեխ» պետական կորպորացիայի «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին հայտնել էր, որ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել ռուսական Ка-52М и Ми-28НЭ հարվածային ուղղաթիռների նկատմամբ: Նշված ցուցահանդեսին ՀՀ ՊՆ-ից որևէ պաշտոնյա ներկա գտնվե՞լ է, ի՞նչ մակարդակով, և որևէ քայլ արվե՞լ է հարվածային ուղղաթիռների ձեռքբերման ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկ ամիս մտածելուց հետո պատասխան գրություն է ուղարկել, որտեղ մեր գրավոր հարցման առաջին հարցով պահանջվող տեղեկության տրամադրումը մերժվել է:

Եվ սա՝ այն դեպքում, երբ 2021 թվականի նոյեմբերի 14-ի դեպքերի հետ կապված տարբեր տեղեկություններ են հրապարակվել երկրի գործող ղեկավարի կողմից, ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է անգամ այդ ժամանակ ՀՀ ՊՆ Արշակ Կարապետյանի հետ ունեցած վոթսափային խոսակցության ձայնագրությունն ու նամակագրությունը, իսկ ՔՊ-ական պատգամավորն այլ մանրամասներ է հրապարակել ֆեյսբուքյան էջում, որտեղ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով փորձել է սեփական աղբյուրներից տեղեկություն իմանալ իրադրության մասին, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունն էլ այլ հաղորդագրություն է հրապարակել՝ ադրբեջանական առաջխաղացումների արձանագրման այլ ժամ նշելով:

Հիմա ինչ ենթադրություն կարելի է անել, երբ մեր հարցին՝ «2021 թվականի նոյեմբերի 14-ին ե՞րբ կամ ո՞ր ժամին է Պաշտպանության նախարարությունում կամ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում տեղեկություն ստացվել կամ զեկուցվել սահմանի մի շարք տեղամասերում մեր տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման և դիրքեր վերցնելու մասին», Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանության նախարարությունը կամ Էդվարդ Ասրյանի ղեկավարած Գլխավոր շտաբը հրաժարվում է պատասխանել:

Օրինակ, կարո՞ղ ենք ենթադրել, որ 2021 թվականին ՀՀ ՊՆ հաղորդագրությունը, որ «նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ», այդքան էլ ճիշտ չէ, կամ գուցե հենց այդ պահի՞ն են իմացել: Կամ՝ ՊՆ հաղորդագրությունը ճիշտ է, որն ասելու համարձակություն չունի, քանի որ Նիկոլ Փաշինյանը, նրա թիմակիցներն ասել են՝ առավոտյան ժամին է ադրբեջանական ուժերի առաջխաղացում արձանագրվել: Ո՞ւմ է փորձում փրկել ՊՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանի՞ն, ՀՀ ՊՆ-ին կամ Գլխավոր շտաբի՞ն, թե՞ չի ուզում փրկել Արշակ Կարապետյանին…:

Բոլոր դեպքերում ՊՆ-ի՝ այս հարցին պատասխանելուց հրաժարվելը չունի որևէ հիմնավորում և չի բխում պաշտպանական գերատեսչության շահերից: Սա՝ առաջին:

Երկրորդ, զավեշտալի է նաև 2021 թվականի նոյեմբերյան մարտերի արդյունքում ազատումների հետ կապված հարցի հետևյալ պատասխանը.

«Խնդրում ենք հիմք ընդունել կադրային փոփոխությունների մասին ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում առկա հաղորդագրությունները»:

Հետաքրքիր է՝ նման պատասխանի հեղինակը արդյոք երբևէ տեսե՞լ է ՊՆ կայքում տարածված որևէ հաղորդագրություն, որտեղ նշված կլինի զորամասի հրամանատարի կամ հրամանատարի տեղակալի փոփոխության մասին:

Նշենք, որ կորպուսի հրամանատարների փոփոխության մասին հրամանագրերն էլ տարածում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

Ի դեպ, նաև նշենք, որ, եթե նման տեղեկատվությունը բաց լիներ, այսինքն՝ հրապարակված, ապա գրավոր նման հարցադրման անհրաժեշտություն չէր լինի։ Իսկ եթե այդպիսին կա, ապա ՊՆ-ն կարող էր իր պատասխան գրության մեջ տեղադրել համապատասխան տեղեկության հղումը։

Այս համատեքստում հավելենք, որ իշխանական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր վերոնշյալ գրառման մեջ այս առնչությամբ նշել էր.

«Կցանկանամ նաև առանձնահատուկ մատնանշեմ, որ վերը նշված Սոթք-Խոզնավար դեպքերի հետ կապված կային/կան քրեական վարույթներ, որոնցով եղել են կալանավորված, այդ թվում` ծառայությունից ազատված մարդիկ, ինչի հետ ես խնդիր եմ ունեցել և ունեմ, այդ թվում՝ այն պատճառով, որ կալանավորվածներից կամ պաշտոնից ազատվածներից երկուսը եղել են վերը նշված իրադարձությունների ժամանակ ինձ գրեթե 100%-անոց ճշմարիտ տեղեկություն տրամադրողները։ Բայց խնդիրը ոչ թե այն է, որ ինձ գրեթե ճշգրիտ տեղեկատվություն է ներկայացվել, այլ այն, որ իրականում այդ Սոթք-Խոզնավար իրադարձությունների ժամանակ հազվագյուտ կամքով սպաներից են եղել»:

Նշենք, որ նոյեմբերյան մարտերի գործով անցնում է 2-րդ կորպուսի նախկին հրամանատար Վահրամ Գրիգորյանը, որին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատեցին Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհից հետո, որին զոհ գնաց 15 զինծառայող:

Իսկ Վիլեն Գաբրիելյանը, ըստ ՊՆ տրամադրած տեղեկության, «2016-2018 թվականներին պարտադիր զինվորական ծառայության է անցել ՊՆ N զորամասում, ունի «բժշկական ծառայության ավագ լեյտենանտ կոչում»»:

Ինչ վերաբերում է Արշակ Կարապետյանի՝ 2021 թվականի նոյեմբերին Դուբայում լինելու վերաբերյալ հարցին, ՊՆ-ից հայտնել են.

«ԱՄԷ-ում նոյեմբերի 14-18-ը տեղի ունեցած «Dubai Airshow 2021» միջազգային ցուցահանդեսին ՀՀ պաշտպանության նախարարությունից մասնակցել է երկու պատվիրակություն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ, որը մասնակցել է բուն ցուցահանդեսին (08.11.2021 թիվ 1293 հրաման), և երկրորդ պատվիրակությունը՝ ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ, գնդապետ Գ. Ասլանյանի գլխավորությամբ, որը, բացի ցուցահանդեսից, մասնակցել է նաև դրա շրջանակում կազմակերպվող Ռազմաօդային ուժերի հրամանատարների համաժողովին (08.11.2021 թիվ 1294 հրաման)»:

Նշենք, որ Դուբայում Արշակ Կարապետյանի գտնվելու և նրան փոխարինելու մասին մեր հարցին ՊՆ-ն ամբողջական պատասխան չի տվել:

Նախ շրջանցել են հարցի այն հատվածը, թե ով է փոխարինել Կարապետյանին այդ օրերին, ով պետք է ՀՀ վարչապետին զեկուցեր իրադրության մասին:

Տեղեկացնենք, որ այդ ժամանակ պաշտպանության փոխնախարարն արդեն Արման Սարգսյանն էր, և, ենթադրվում է, որ այդ օրերին Արշակ Կարապետյանին փոխարինել է հենց նա:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք որևէ քայլ արվե՞լ է հարվածային ուղղաթիռների ձեռքբերման ուղղությամբ, ինչի մասին Փաշինյանին ուղղված իր արձագանքում խոսել էր Կարապետյանը, և որի առնչությամբ 168.am-ը հիշեցրել է գրավոր հարցման մեջ՝ հղում անելով 2021-ին «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկիին, ՊՆ-ն դարձյալ զավեշտալի պատասխան է տվել՝ ընդամենը նշելով. «Միջազգային համագործակցության մասին հիմք ընդունել ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում առկա հաղորդագրությունները»:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Արշակ Կարապետյանի ազատումից հետո ոչինչ չի արվել այդ ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս