Խաղաղության օրակարգը հաստատված է, բայց անշրջելի չէ. Բաքվում մտավախություններ ունեն Հայաստանի ԱԺ ընտրությունների ելքի հետ կապված

Փետրվարի 13-ին «Հայկական բանակին «հանցագործ» հռչակած, նախկին նախագահներին «Խոջալուի ցեղասպանության» մեջ մեղադրած ու «արևմտյան Ադրբեջան» պահանջող Ալիևի վստահելիները՝ Երևանում» վերտառությամբ հոդված ենք հրապարակել, որտեղ անդրադարձել ենք «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ադրբեջանական «քաղհասարակության» ներկայացուցիչների հերթական այցին: Մենք ներկայացրել էինք ադրբեջանական պատվիրակության որոշ անդամների ով լինելը, նրանց հայատյացության աստիճանը:

Այս անգամ նրանք ՀՀ ինքնիշխան տարածք են մտել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով (Տավուշի մարզ, Կիրանց գյուղի մերձակա հատված):

Ավելի ուշ ադրբեջանցի փորձագետներից և լրագրողներից սահմանազատված սահմանի հատումը և հայ սահմանապահների հետ հանդիպումը համարել էին հոգեբանական արգելքի հաղթահարման փորձ: Իսկ երկու օրերի քննարկումներն ամփոփվել են ասուլիսներով:

Ո՞րն էր հիմնական միտքը. Իհարկե, հունիսին սպասվելիք ԱԺ հերթական ընտրությունները: Ոչ առաջին անգամ Հայաստան եկած Ադրբեջանի իշխանություններին մերձակա շրջանակների քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը և՛ ծաղկաձորյան ասուլիսին, և՛ իր ֆեյսբուքյան էջում նկատել է, թե անհերքելի է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններն են լինելու շրջադարձային այն պահը, որից հետո է միայն հնարավոր խոսել խաղաղության օրակարգի ընդլայնման և խորացման կամ այս համատեքստում ձեռքբերումների հետկանչի մասին։

Կարդացեք նաև

«Առաջին, մեզ համար կարևոր է, թե ՀՀ-ում քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում ինչպես կձևակերպեն Ադրբեջանի հետ հարաբերություններին իրենց տեսլականը: Հայ հասարակության քանի տոկոս ձայն կհավաքեն: Երկրորդ, շատ կարևոր է, թե ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդների առաջարկած ծրագրին հայ հասարակությունը քանի՞ տոկոս ձայն կտա: Սա Ադրբեջանի համար մեսիջ կլինի՝ ինչպես է տեսնում հայ հասարակությունն Ադրբեջանի հետ հարաբերությունների խնդիրը: Այսօր խաղաղության օրակարգը հաստատված է, բայց այն, այսպես ասած, անշրջելի չէ, որովհետև կարող են գալ քաղաքական ուժեր, որոնք հնարավոր է՝ կանգնեցնեն այս պրոցեսները, քանի որ այն այլ կերպ են տեսնում: Եթե ներկա գործընթացը ձգձգվի տարիներ, ապա խաղաղության օրակարգը տրանսֆորմացիայի կենթարկվի, լավ թե վատ ուղղությամբ, դա այլ հարց է: Բայց հստակ է, որ անհրաժեշտ է լինելու նոր մեխանիզմներ մշակել, հատկապես, եթե հանրաքվեն չհաջողվի»,- ՀՀ-ում հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետը:

Նման մտավախությունը Մամեդովը հնչեցրել էր դեռևս 2025 թվականի հոկտեմբերին:

«Նիկոլ Փաշինյանի և նրա կուսակցության հաղթանակի դեպքում մենք ունենում ենք Հայաստան մի վարչապետով, որն իշխանության է լինելու 5 տարի, ավելին, ՀՀ օրենքներով վարչապետի կառավարման առաջին տարում չի կարող նրա անվստահության հարցը բարձրացվել: Այսինքն, եթե քաղաքական ուժը հաղթել է ընտրություններում, վարչապետի նրանց թեկնածուն է դարձել երկրի ղեկավար, առնվազն այդ մեկ տարում կարող են անել, ինչ ուզում են: Եվ հենց այս ժամանակահատվածն է մեզ հնարավորություն տալու ընդլայնել և խորացնել խաղաղության օրակարգը»,- մասնավորապես, caliber.az-ին տված հարցազրույցում ասել էր նա՝ ակնարկելով, որ Ռուսաստանը փորձելու է հումանիտար տարբեր ծրագրերով և ՌԴ-ի հետ առնչվող անձանց, քաղաքական շարժումների և նախաձեռնությունների միջոցով ազդել ընտրություններին չգնացող, չկողմնորոշված զանգվածի վրա, այդ թվում՝ գումար բաժանելով:

Եվ այս հանգամանքը հաշվի առնելով, մինչև ԱԺ ընտրությունները, ադրբեջանցի փորձագետները որոշել են ևս մի քանի հանդիպում անցկացնել, ինչի մասին նշել է «Թոփչուբաշով» կենտրոնի տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը, որպեսզի խաղաղության գաղափարը հասարակության առավել լայն շրջանակի հասնի:

Իսկ Բաքվի քարոզչամեքենայի վստահելի ներկայացուցիչ Ֆարհադ Մամեդովը ՀՀ-ում կազմակերպված ասուլիսի ժամանակ ազնիվ չի գտնվել՝ ասելով, որ ՀՀ սահմանադրության փոփոխությունը դա հայաստանյան ներքին խնդիրն է, քանի որ նույն ժամանակ, ինչպես հայտնել ենք, Մյունխենում Ադրբեջանի նախագահը ադրբեջանական և ֆրանսիական լրատվամիջոցների հետ զրույցում այս հարցը դիտարկել է որպես խաղաղության վերջնական պայմանագրի ստորագրման նախապայման՝ «Հայաստանի Սահմանադրությունում պետք է կատարվեն անհրաժեշտ փոփոխություններ, հենց այդ փոփոխությունները կատարվեն, կարող են հաջորդ օրն էլ խաղաղության պայմանագիրը ստորագրել»:

Ի դեպ, ադրբեջանական պատվիրակության անդամներն ընդունել են, որ Բաքվում կան փորձագետներ, որոնք շարունակում են խաղաղության չտանող ձևակերպումներ թույլ տալ, այլ հարց է, որ ակնարկել են, թե իբր իրենց երկրում չեն բռնանա նրանց կամքին: Սա, իհարկե, ազնիվ չէ, որովհետև Բաքուն ժողովրդավար պետություն չէ, և երբ գործը հասնում է ալիևյան ռեժիմին՝ լավ էլ բռնանում են: Բացի այդ, կարող են լինել սուր կամ հակադիր կարծիքներ, ինչպես ՀՀ-ում, բայց երբ բարոյական սահմաններ են հատվում, դա արդեն այլ հարց է:

Օրինակ, ադրբեջանցի ռազմական փորձագետ Ադալյաթ Վերդիևը ոչ բարոյական գրառում է անում Ֆեյսբուքում ՊԲ-ում աշխատած և բռնի տեղահանված կնոջ մասին, ով ապրում է կյանքի հետ անհամատեղելի պայմաններում՝ նրան մեղադրելով ադրբեջանցիների դեմ զենք վերցնելու մեջ և հեգնելով, որ Բաքվի բանտերում պայմաններն ավելի լավն են:

Ի դեպ, այդ փորձագետին Բաքվում մեղադրել էին ռազմական գաղտնիք հրապարակելու մեջ, դատարանը 3 տարվա պայմանական ազատազրկման որոշում էր կայացրել։ Երևի սրա համար գին պիտի վճարի:

Այս համատեքստում նշենք, որ վերջերս բանտից վաղաժամ ազատվել է 2019 թվականին Միլանի հայ առաքելական Քառասուն Մանկունք եկեղեցում Փաշինյանին հարց տված ադրբեջանցի բլոգերը՝ Աթա Աբդուլլաևը, որին շանտաժի միջոցով դրամաշորթության համար դատապարտել էին 7 տարվա ազատազրկման: Տարբեր տեղեկություններով, նա շանտաժի է ենթարկել ադրբեջանցի պաշտոնյաների, ավելի վաղ էլ կային տեղեկություններ նրա՝ իր երկրի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մասին: Ո՞վ գիտի՝ գուցե Ալիևին ինչ-որ նպատակով պե՞տք է Աբդուլլաևի վաղաժամ ազատումը:

Իսկ մինչ այդ ադրբեջանական քարոզչամեքենան հոդվածներ է հրապարակում Վեհափառի դեմ, այդ թվում՝1news.az-ը, որի գլխավոր խմբագիր Քամալա Մամեդովան արդեն երկրորդ անգամ է գալիս Հայաստան: Վերջին հոդվածներից մեկում 1news.az-ը հիշեցրել է,որ հայ հոգևորականները 44-օրյա պատերազմի ժամանակ զենք են վերցրել ձեռքներին և կռվել, ավելի ուշ համապատասխան լուսանկարներ հրապարակել, որով առավել ակնհայտ է դարձել նրանց համար ՀԱԵ-ի քաղաքացիական դիրքորոշումը:

Ավելին, ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի, պատերազմից հետո Եկեղեցին սկսել է քննադատել Նիկոլ Փաշինյանին, և գնալով սրվել է Եկեղեցի-ՀՀ իշխանություններ հարաբերությունները: Ադրբեջանական հոդվածագիրը «նուրբ» ակնարկ է անում անգամ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակին և արտոնություններին՝ նշելով, որ Հայաստանն աշխարհիկ պետություն է:

Այս համատեքստում չէինք կարող շրջանցել մեկ այլ թարմ դրվագ. «Дождь» հեռուստաալիքի հետ զրույցում Եկեղեցին վարկաբեկող ձևակերպումներ է թույլ տվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որի գնահատականն իրավական տիրույթում է, քանի որ մանկապղծության մեղադրանք կա:

Փոխարենը՝ մի քանի հիշեցում «Дождь» հեռուստաալիքին տված Ալեն Սիմոնյանի հարցազրույցից, որտեղ նա հարց է բարձրացրել ՀՀ-ում ռուսական բազայի օգտակարության վերաբերյալ:

Եվ այսպես: Առաջին, 44-օրյա պատերազմի ընթացքում «Գյանջայի դեպքերի» օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերի 4-ին, «Դոժդ» հեռուստաընկերությունն այս առնչությամբ հրապարակումներ էր արել և ռեպորտաժ էր պատրաստել՝ պնդելով, որ հայկական կողմը թիրախավորել է ադրբեջանական խաղաղ բնակավայրերը:

Ավելին, նույն օրը՝ հոկտեմբերի 4-ին, «Дождь» հեռուստաընկերությունը Ստեփանակերտում արված հարցումներ էր հրապարակել, որի ժամանակ երկու ռուս կանանց էր խոսեցրել, որոնք ներկայացել էին՝ որպես Ստեփանակերտի բնակիչ, և պնդել, որ Ստեփանակերտում սարսափելի վիճակ է:

Նրանք դժգոհել էին, որ չպետք է երիտասարդներին ուղարկել ռազմաճակատ, երբ գիտեն, որ այնտեղ նրանց «սպանելու» են:

Այսինքն, ինչպես կասեին ՀՀ իշխանությունները, հիբրիդային և տեղեկատվական պատերազմ են մղել ՀՀ-ի և Արցախի դեմ մարտական գործողությունների ժամանակահատվածում, արդյո՞ք սա նկատել է Նիկոլ Փաշինյանի թիմը, որոնք տեղական ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ պատերազմի ժամանակ սահմանափակումներ էին սահմանել:

Տեսանյութեր

Լրահոս