Փաշինյանը չի կատարել իր իսկ հաստատած զրահաբաճկոնների և սաղավարտների պահանջա՞րկը. անգործությո՞ւն, թե՞ կոռուպցիոն ռիսկեր

Այսօր անազատության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հերքել է Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունը:

«Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ՝ սաղավարտների և զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված են «Սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ»,- տարածված հայտարարության մեջ նշել է Տոնոյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 13-ին Ազգային ժողովում հայտարարել է՝ «առաջին անգամ պատերազմից մի քանի օր անց իմացա, որ բանակում կա սաղավարտի և զրահաբաճկոնի խնդիր»:

Նախ, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի՝ Կառավարության լիազորություններին վերաբերող 7-րդ հոդվածը սահմանում է, որ գործադիրը պատասխանատու է զինված ուժերի և այլ զորքերի ֆինանսավորման, սպառազինման, բնակավորման համար, զորահավաքային նախապատրաստության վիճակի, ինչպես նաև՝ նյութական պահուստում անհրաժեշտ ապրանքների չնվազեցվող պաշարների ստեղծման՝ ձեռքբերման, ֆինանսավորման, ամբարման, կուտակման, պահպանման, թարմացման և ապաամրագրման ծրագրերի մշակման:

Երկրորդ, վերոնշյալ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ Անվտանգության խորհուրդը 1) իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում և վերանայում, 2) հաստատում է`

ա. զինված ուժերի զարգացման պլանը,

բ. այլ զորքերի զարգացման պլանը,

գ. զինված ուժերի ծավալման պլանը,

դ. զինված ուժերի զորահավաքային պլանը,

ե. զինված ուժերի կիրառման պլանը և այլն:

Երրորդ, Նիկոլ Փաշինյանը պատերազմից գոնե 2 օր առաջ իմացել է մարտական գործողությունների ժամկետի մասին, և այդ 2 օրվա մեջ կարող էր ինչ-որ չափով պակասը լրացնել, այնպես, ինչպես կարող էին զինված ուժերը, Պաշտպանության բանակը (ՊԲ) բերել համապատասխան բարձր վիճակի՝ պաշտպանության: Իսկ եթե ավելի գլոբալ նայենք, ապա հուլիսյան մարտերից հետո պարզ էր, որ պատերազմ է սկսվելու: Այսինքն, կրկին գործ ունենք առնվազն անգործության հետ՝ դիտավորյա՞լ, թե՞ ոչ դիտավորյալ, դա այլ հարց է:

Վերադառնանք Դավիթ Տոնոյանի մատնանշած ծրագրին և հիշեցնենք, որ անցած տարի «Մեդիամաքսի» հետ զրույցում Պաշտպանության նախկին նախարարը նշել էր.

«ՀՀ նախագահի 2018թ. փետրվարի 17-ի հրամանագրով հաստատված «ՀՀ Զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագիրը», խմբագրված և Անվտանգության խորհրդի կողմից 2019 թվականին նորից ընդունված Զինված ուժերի զարգացման պլանը, կառավարության կողմից վերանայվող «Սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը», նախաձեռնված «Պաշտպանության ռազմավարական վերանայումը» ամբողջ ծավալով չէին իրագործվել։ Մենք չհասցրեցինք պատրաստվել «անհպում» պատերազմին՝ հինգերորդ սերնդի սպառազինության կիրառմամբ»:

«Լույս» հիմնադրամի ուսումնասիրության մեջ նշվում է, որ 2018 թվականին պաշտպանության բնագավառում ՀՀ պետական բյուջեից կատարվել են 238.5 մլրդ դրամի ծախսեր` կազմելով ճշտված ծրագրի 96.3%-ը:

Ծրագրից շեղումը հիմնականում պայմանավորված է սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի անձնակազմի նյութական խրախուսման ծախսերի ցածր կատարողականով:

Բացի այդ, ճշտված պլանի թերակատարումը պայմանավորված է նաև Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված պետական արտահանման վարկի հաշվին ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ծրագրի շրջանակներում նախատեսված 3.3 մլրդ դրամ միջոցները չօգտագործելու հանգամանքով:

Նշված թերակատարման արդյունքում նախորդ տարվա համեմատ պաշտպանության ոլորտի ծախսերում արձանագրվել է 19%-ով (56 մլրդ դրամով) անկում: Սակայն նշված ծրագրերի թերակատարման պատճառների վերաբերյալ որևէ բացատրություն բյուջեի հաշվետվությունում չի նշվում՝ այն դեպքում, երբ 2018 թվականին վարչապետն իր պաշտոնավարման ընթացքում բազմիցս հայտարարել է երկրի պաշտպանության, սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման կարևորության մասին:

Նիկոլ Փաշինյանը պատերազմից առաջ հայտարարել էր, 2017 թվականից ի վեր Հայաստանի պաշտպանական բյուջեն ավելացել է շուրջ 48%-ով՝ 207 մլրդ-ից դառնալով 307 մլրդ դրամ, որից 302 մլրդ-ն ուղղվել է ռազմական պաշտպանությանը։ Իսկ 2018-2020 թվականներին մեծապես աճել է սպառազինության և ռազմական տեխնիկայի հիմնական միջոցների ձեռքբերումը՝ ի համեմատություն 2016-2018 թվականների:

Ինչ վերաբերում է հոդվածի հիմնական թեմային և ասելիքին, հարկ ենք համարում հիշեցնել, որ 27.12.2019 – 12.01.2020-ը ԲՏԱ նախարարության կողմից քննարկման է դրվում «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր:

Մասնավորապես, «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում ռազմարդյունաբերության ոլորտում պետական պատվերի մասով գործառույթները տարանջատվում են երկու մասի՝ դրանց մի մասը վերապահելով ռազմարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնին, մյուս մասը՝ ռազմարդյունաբերության ոլորտի պետական այլ մարմիններին՝ իրենց իրավասության սահմաններում:

Նշվում էր, որ ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմինը հանդես է գալիս՝ որպես պետական պատվիրատու, և մասնակցում է զինված ուժերի և այլ զորքերի զարգացման պլանների, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի մշակմանը, այդ թվում՝ մշակում է ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը, ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող կազմակերպությանը բազայինի կարգավիճակ տալու կարգը և այդ կազմակերպությունների ցանկը:

Արդեն 2020-ի հուլիսի 16-ին այս փոփոխություններն օրենսդիր մարմնի կողմից ընդունվում են:

Պատերազմի օրերին ժամանակ առ ժամանակ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում ԲՏԱ նախարարության մասնակցությամբ տարբեր գործարքների մասին՝ և՛ զրահաբաճկոնների հետ կապված, և՛ ջերմատեսիլ սարքերի: Մասնավորապես, 168.am-ին տեղեկություն էր հասել, որ «Հայաստան» հիմնադրամից 500 միլիոն դրամից ավելի գումար է կանխիկ տրվել Եվրոպայից ջերմատեսիլ սարքեր և ԱԹՍ-ներ գնելու համար, որոնք նպատակին չէին ծառայել:

Ավելին, factor.am-ի տեղեկացմամբ, «Հայաստան» համահայկական հիմնադրամից պատերազմի օրերին հավաքագրված և ՀՀ Կառավարությանը փոխանցված 52 միլիարդ 703 միլիոն 113 հազար դրամի շրջանակում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացվել է 3 մլրդ 508 մլն 471 հազար դրամ:

Այս տեղեկությունների առնչությամբ 168.am-ը հարցում էր ուղարկել ԲՏԱ նախարարություն, որտեղից գրավոր պատասխանել էին.

«Ի պատասխան Ձեր 2021 թվականի փետրվարի 5-ի հարցմանը՝ տեղեկացնում ենք.

1-ին և 2-րդ կետի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից հարցվող տեղեկություններն ընդգրկված են ՀՀ կառավարության 1998 թվականի մարտի 13-ի N 173 որոշմամբ հաստատված ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկում:

3-րդ կետի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամից որևէ գումար չի ստացել:

4-րդ կետի վերաբերյալ՝ ՀՀ կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 1674-Ն, հոկտեմբերի 27-ի N 1735-Ն և հոկտեմբերի 28-ի 1738-Ն որոշումներով ընդհանուր առմամբ շուրջ 3.4 մլրդ դրամ է հատկացվել «Ռազմարդյունաբերական համալիրի զարգացում» ծրագրի իրագործման համար: Ծրագրի նպատակները հրապարակման ենթակա չեն, քանի որ պարունակում են պետական և ծառայողական գաղտնիք»:

Եթե այս տեղեկություններն ինչ-որ ձևով հնարավոր էր հերքել, ապա այն, որ պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Հայկ Սարգսյանի («Շիշ բռնող») եղբորը՝ Նաիրի Սարգսյանին, լիազորել է պետբյուջեից կանխիկ գումարով ձեռք բերել 5մլն ԱՄՆ դոլարի զրահաբաճկոններ, ԱԹՍ-ներ, ջերմատեսիլ նշանառության սարքեր, ինչպես նաև իր թիմակից պաշտոնյա Արմեն Կոտոլյանին լիազորել է ՀՀ անունից պետբյուջեից կանխիկ գումարով ձեռք բերել 420.000 ԱՄՆ դոլարի զրահաբաճկոն՝ թվով 700 հատ, հնարավոր չէ, քանի որ կան հստակ փաստաթղթեր, ինչի մասին 168.am-ը մի քանի անգամ գրել է՝ հրապարակելով այդ և այլ փաստաթղթեր, որոնք կոռուպցիոն լուրջ ռիսկեր են պարունակում և բազմաթիվ հարցեր առաջացնում:

168.am-ը այս անգամ հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ հետևյալ հարցադրումներով.

– Պատերազմի օրերին Պաշտպանության նախարարությունը ռազմական նշանակության արտադրանքի, մարտական կամ պաշտպանական հագուստի, հատուկ միջոցների ի՞նչ նվիրատվություններ է ստացել, ումի՞ց, ի՞նչ քանակի, ո՞ր երկրի արտադրության:

– Պատերազմի օրերին Պաշտպանության նախարարությունը ինչպիսի և ինչ քանակության ռազմական նշանակության արտադրանք, մարտական կամ պաշտպանական հագուստ (զրահաբաճկոններ, և այլն), հատուկ միջոցներ է ձեռք բերել, ո՞ր երկրներից: Եվ որքան գումար է հատկացվել պետբյուջեից դրանց ձեռքբերման համար:

– Որպես լրացում՝ խնդրում ենք մանրամասնել, թե ի՞նչ դասի զրահաբաճկոններ է պաշտպանական գերատեսչությունը որպես նվիրատվություն ստացել կամ գնել, ի՞նչ քանակի, ումի՞ց:

Մեր հարցադրմանն ի պատասխան՝ Պաշտպանական գերատեսչությունից մոտ մեկ ամիս հետո գրություն էին ուղարկել, որում, ըստ էության, որևէ հարցի չէին պատասխանել:

«Հայտնում ենք, որ տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի և 12-րդ հոդվածի, ՀՀ Կառավարության 13.03.1998 N 173 որոշմամբ հաստատված ցանկի 6-րդ կետի պահանջները»,- նշված էր գրության մեջ:

Հիշեցնենք նաև, որ պետական բյուջեից կանխիկ այս գնումներին նաև անդրադարձել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2021թ. «Արմնյուզին» տված հարցազրույցում: Նա Փաշինյանի կառավարությանը մեղադրել էր պատերազմի ընթացքում ու դրանից առաջ կատարած թալանի համար։ Ս. Սարգսյանը փաստեր էր ներկայացրել, որոնց համաձայն՝ 44-օրյա պատերազմի օրերին կառավարությունը, շրջանցելով Պաշտպանության նախարարությանը, զրահաբաճկոններ էր գնել մի քանի անգամ բարձր գնով՝ 600 դոլարով։

«Գնել են մեծ քանակով զրահաբաճկոններ՝ գրեթե 600 դոլարով, ով այդ գործից քիչ թե շատ տեղեկություններ ունի, կարող է չհավատալ, բայց ես գիտեմ բազմաթիվ այդպիսի օրինակներ»,- նշել էր ՀՀ երրորդ նախագահը:

Ի դեպ, Գլխավոր դատախազությունից այդ օրերին ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում ասել էին, թե Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունները, այդ թվում՝ 600 դոլարանոց զրահաբաճկոնների վերաբերյալ, ուսումնասիրվում են, կուղարկվեն քննչական մարմիններին:

Մենք մեր հերթին փորձել էինք տեղական արտադրողներից պարզել՝ որքան կարող է պետության վրա նստել մեկ զրահաբաճկոնը՝ իր ամեն ինչով, ասել էին՝ հազիվ 400 դոլար: Բայց այդ օրերին հրաժարվեցին խոսել տեսախցիկի առաջ:

Այսօր՝ պատերազմից մոտ 1,5 տարի հետո, դեռ Նիկոլ Փաշինյանի «պահած» բանակում կարելի է հանդիպել հնամաշ համազգեստով, մի քանի համար մեծ «բուշլատ» հագած զինվորների: Ավելին հաճախ սաղավարտը, համազգեստը և զրահաբաճկոնը գունային առումով իրար հետ չեն «խոսում»՝ տարբեր «օպերաներից» են, էլ չասենք համազգեստի ոչ պատշաճ կրման մասին: Եվ եթե պատերազմի օրերին սա ինչ-որ տեղ հասկանալի էր, ապա պատերազմից հետո սա անընդունելի է: Թեպետ պատերազմի օրերին զրահաբաճկոն չունենալու պատճառով զինվորի մահը դատապարտելի է, որի պատասխանատուն իշխանություններն են, հենց Նիկոլ Փաշինյանը, որը չի կարողացել պատերազմի մեջ գտնվող երկրում համապատասխան չափի գնումներ ապահովել:

Իսկ պահանջարկ միշտ էլ ներկայացվել է ՊՆ-ի կողմից, որից հետո քննարկվում են առաջնահերթությունները: Գուցե այս դեպքում զրահաբաճկոնն ու սաղավարտները առաջնահերթ չե՞ն համարվել: Մյուս կողմից, գործ ունենք կոռուպցիոն ռիսկերի հետ: Ի վերջո, վերևում նշված ոչ մի պետական միջոցներից հատկացումների մասով հաշվետվություն չի ներկայացվել: Միգուցե Դավիթ Տոնոյանի «շարունակելին» լույս սփռի այս հարցի վրա, և ոչ միայն:

Տեսանյութեր

Լրահոս