ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՐԱՆԸ ԶԳՈՒՇԱՑՐԵՑԻՆ. ԱՄՆ-Ի ՀԵՏ ԴԵՌԵՎՍ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ, ՀԵՆՑ ՍՏՈՐԱԳՐՎԻ՝ ԿՈՇՏ ԱՐՁԱԳԱՆՔ ԿԼԻՆԻ. ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը  քաղաքագիտության դոկտոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ցավոք սրտի, ամեն ինչ պարզ էր նույնիսկ մինչ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը, քանի որ ԱՄՆ վարչակազմը՝ Թրամփի գլխավորությամբ, միջազգային ցանկացած պայմանավորվածության նայում է՝ որպես գործարքի, բիզնեսի:
  • ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Ծիծեռնակաբերդ ունի քաղաքական և բարոյական հարթություն: Վենսն ասում է՝ «ինձ խնդրեցին այցելել այս հուշահամալիր»: Սա հարված է մեզ, նշանակում է՝ հայերն են խնդրել, դրա համար է գնացել, թե չէ՝ չէր գնալու: Սա այս այցի կարևոր կողմն է, որովհետև վիրավորական վերաբերմունք է մեր հանդեպ, այն էլ՝ այն հարցի առնչությամբ, որը շատ զգայուն ու կարևոր է մեզ համար: Սա նշանակում է ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔ: Անգամ պաղեստինցիների էթնիկ զտման որոշումը Թրամփը փոխեց, որովհետև ազդակներ ստացավ: Մեր կողմից այդ ազդակները չկան: Մենք ազդեցիկ երկիր չենք, և մեզ նման երկրներին կհարգեն միայն այն ժամանակ, երբ դու հարգանքի արժանի կլինես: Ամեն ինչում ենթարկվողին աշխարհում ոչ ոք բանի տեղ չի դնում: Եթե դու այնպիսին ես, որ քեզ բավարար է լոկ մի լուսանկար, քեզ հենց այդպես էլ կվերաբերվեն: Դեռ իր առաջին պաշտոնավարման ժամանակ Թրամփն ասել էր՝ հայերին ասե՛ք՝ իրենց հարցերը մենք կլուծենք, բա ո՞ւր է… Մինչդեռ այդ հայտարարությունը հենց այնպես չէր արվել, դրա տակ աշխատանք կար:

Կարդացեք նաև

Հիշեցնենք. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն իր հայաստանյան առաջին այս այցի ընթացքում այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ։ Այնուհետև Վենսի սոցցանցային էջերում տարածվեց համապատասխան գրառում այցի մասին «Այսօր, փոխնախագահ Վենսն ու երկրորդ տիկին Ուշա Վենսն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր ծաղկեպսակ դնելու՝ ոգեկոչելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»։ Կարճ ժամանակ անց Վենսի աշխատակազմը գրառումը ջնջեց և հայտնեց, թե գրառումը սխալմամբ է տեղադրվել իր անձնակազմի կողմից, որոնք ԱՄՆ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունում չեն եղել: Վենսի խոսնակն իր հերթին՝ հայտարարել էր. «Այդ օգտահաշիվը կառավարվում է այն աշխատակիցների կողմից, որոնք հիմնականում տարածում են փոխնախագահի լուսանկարներն ու տեսանյութերը: Այս հարցի շուրջ փոխնախագահի տեսակետին կարող եք ծանոթանալ ինքնաթիռի մոտ նրա արած մեկնաբանությունում»,- գրել է լրատվամիջոցը: Իսկ ինքնաթիռ նստելուց առաջ Վենսն ասել էր «Նրանք խնդրեցին մեզ այցելել այդ վայրը: Ակնհայտ է, որ ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցածը շատ սարսափելի բան է»։

Այսօր ամերիկացի դեմոկրատ քաղաքական գործիչ, Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին իր X-ի էջում անդրադարձել էր Ջեյ Դի Վենսի այցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու այդ այցի մասին սոցցանցում արված գրառումը ջնջելու աղմկոտ փաստին։ Փելոսին գրել էր, որ երբ 2022 թվականին, որպես Ներկայացուցիչների պալատի խոսնակ, ինքն  այցելեց Հայաստան, իրենց Կոնգրեսական պատվիրակությունը կանգնեց Ծիծեռնակաբերդում և հստակ ու կոշտ խոսեց Հայոց ցեղասպանության մասին, որովհետև, Փելոսիի համոզմամբ, ճշմարտությունը կարևոր է։ «Այդ ճշմարտությունը հաստատվեց, երբ Ներկայացուցիչների պալատը 2019 թվականին ճնշող մեծամասնությամբ ընդունեց երկկուսակցական բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, և երբ նախագահ Բայդենը 2021 թվականին ցուցաբերեց բարոյական առաջնորդություն՝ պաշտոնապես ճանաչելով այն դիրքորոշում, որը ամոթալի կերպով հետ շրջվեց Թրամփի վարչակազմի կողմից։ Այնուամենայնիվ, խորապես հիասթափեցնող է, թեև ոչ զարմանալի, տեսնել, որ փոխնախագահը ջնջել է մի գրառում, որով ճանաչվում էր այդ ճշմարտությունը։ Պատմությունը ջնջելը վիրավորում է զոհերի հիշատակը և թուլացնում է մեր հանձնառությունը մարդու իրավունքներին ամբողջ աշխարհում»,- գրել էր Փելոսին։

  • Անկախ այն բանից, թե Հայաստանի այս խանդավառ իշխանական խմբակն ինչ է մտածում, շատ-շատերի համար Վենսի վերաբերմունքը լուրջ խնդիր էր՝ հայ-ամերիկյան հարաբերությունների տեսանկյունից դիտարկելով:
  • Որևէ փաստաթուղթ ո՛չ հիմա, ո՛չ օգոստոսի 8-ին Հայաստանն ԱՄՆ-ի հետ չի ստորագրել: Սա փաստ է: Այս ընթացքում Հայաստանը զիջեց երկու կարևոր հարց՝ TRIPP-ի ու ատոմակայանի հետ կապված: Հայաստանը պատրաստ է ցանկացած բան զիջելու, մինչդեռ Ադրբեջանը ոչինչ չզիջեց: Խնդիրը դառնում է Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը: Միակ տեղը, որտեղ վերջին տասնամյակում ԱՄՆ-ը ու Ռուսաստանն ունեցել են համատեղ մասնակցություն, Մինսկի խմբի համանախագահությունն էր, դա էլ տապալվեց Ադրբեջանի հետ համատեղ ջանքերով, որը լուծարեցին օգոստոսին Վաշինգտոնում: Հայաստանն իրագործեց Ադրբեջանի ցանկությունը՝ լուծարելով Մինսկի խումբը: Ակնհայտ է, որ այլևս չի լինելու համագործակցություն, և առաջիկա ընտրություններից հետո ԱՄՆ-ը ավելի համառորեն կպնդի, որ Ռուսաստանն այստեղից շատ արագ պետք է դուրս գա ու հայտնվի Կովկասյան լեռներից այն կողմ:
  • TRIPP-ը միակ ազատ ճանապարհն է, որով կարող են տրանսպորտային փոխադրումներ իրականացվել: Բայց խնդիրն այն է, որ մաքսային հսկողության հարցն ամերիկացիների տիրույթում է: Լավ, կարելի է, աշխարհաքաղաքական կողմնորոշում փոխել, բայց փոխարենը դու ի՞նչ ես ստանում: Ցավոք սրտի, այսօր մենք դեռ ամեն օր կորցնում ենք: Կորցրեցինք Արցախը, թեպետ վստահ եմ՝ ճիշտ աշխատանքի դեպքում այն կարելի է հետ բերել, կորցրեցինք նաև TRIPP-ի պակասող օղակը: Հիմա ատոմակայանը փակելու խնդիրն են դրել սեղանին: Քայլ առ քայլ Հայաստանը զիջում է ամեն ինչ՝ փոխարենը չստանալով ոչինչ: 
  • Այսօր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն Ադրբեջանը պատանդառել է և նրանց անվանում է ռազմական հանցագործներ և ահաբեկիչներ: Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը պայքարել է իր ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար, և եթե նրանք ահաբեկիչներ են, ինչպես նրանց անվանում է Ալիևը, ուրեմն ահաբեկիչներ են նաև 30 տարի ղարաբաղյան հարցի կարգավորմամբ զբաղվող, բանակցությունները համակարգող, տարբեր փաստաթղթերի ու հայտարարությունների հեղինակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բոլոր ղեկավարները: Դե, նրանց էլ որպես ահաբեկիչներ՝ դատեք և բանտերը գցեք:

  • Երբ սկսվում են բանակցություններ, ամեն ինչ բերվում է զրոյական կետի: Փաստ է, որ Վենսը Բաքվում ո՛չ Հայաստանի տարածքների օկուպացիայի հարցը բարձրացրեց, ո՛չ էլ, թերևս, Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների, պատանդների հարցը: Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն առևանգել են: Նրանք պատանդներ են, բայց անգամ այս խնդիրը լիարժեքորեն չի բարձրացվում:
  • Եթե դու չես ձևակերպում քո խնդիրը, չես ներկայացնում ու տեր չես կանգնում քո խնդիրներին, դու երբեք ոչինչ չես ստանա: Տպավորություն է՝ Հայաստանի իշխանությունը ցանկություն էլ չունի բարձրացնել մեր խնդիրները: Հայաստանի իշխանությունները Հայաստանի կենսական խնդիրները չեն ներկայացնում՝ որպես լուծման արժանի խնդիրներ: Նրանք մեր պետության շահերն առաջ չեն մղում: Հետևաբար՝ այս դեպքում գործընկերդ, տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ը, ամեն բանի վերաբերվում է՝ որպես գործարքի:
  • Աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններին է ձեռնտու, որ Փաշինյանը մնա իշխանության, որովհետև նրա հետ ավելի հեշտ է հասնել իրենց խնդիրների լուծմանը, քան, եթե մեկ այլ ղեկավար լինի Հայաստանում, ով հետամուտ է ազգային ու պետական խնդիրների լուծմանը, ազգային շահերի առաջմղմանը: Բայց ամեն ինչ որոշելու է հայ ժողովուրդը՝ անկախ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ազդեցությունից ու շահերից: 
  • Որպես կանոն՝ ներդրումներ, այն էլ՝ ուրիշ երկրներում, անում են մասնավոր կազմակերպությունները, ոչ թե երկրները: Տվյալ դեպքում դու գնում ես Միացյալ Նահանգների ապրանքը. ի՞նչ ԱՄՆ ներդրումների մասին է խոսքը: ԱՄՆ-ը ներդրումներ չի անելու, ԱՄՆ-ը, որպես կանոն, մեզ և այլ երկրների վաճառում է ամերիկյան ապրանքները՝ զենք, դրոններ, տեխնոլոգիաներ: Առայժմ գոնե Հայաստանն ԱՄՆ-ից որևէ հարցի լուծում չի կարող ակնկալել:
  • Իրանա-իսրայելական 12-օրյա պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը փորձում էր ռմբահարել Իրանի միջուկային պահեստարանները, անգամ նրանք, որտեղ թափոններն էին կուտակված: Դա հենց այնպես չէր արվում: Հիմա, երբ դու միջուկային համաձայնագիր ես կնքում ԱՄՆ-ի հետ, դու լրիվ կախվածության մեջ ես ընկնում նրանից: Եթե Ռուսաստանն այստեղից դուրս նետվի, դա կնշանակի՝ հակակշիռներ այլևս չկան: 
  • Չպետք է թույլ տալ, որ Հայաստանի ատոմակայանը փակեն: Ատոմակայանը Հայաստանին դարձրել է միջազգային գործոն: Դա ռազմավարական կարևորագույն նշանակության օբյեկտ է: Եթե այդ հակակշիռն էլ վերանա, Հայաստանն այլևս հետաքրքիր չի լինի որևէ մեկի համար: Շատ լավ տեսանք՝ ինչ եղավ 2020թ. պատերազմի ժամանակ. այն երկրները, որոնք 2016թ. քառօրյա պատերազմի ժամանակ ամեն ինչ արեցին, որ պատերազմը դադարի, այս 44-օրյա պատերազմում մի կողմ էին քաշվել ու սպասում էին՝ երբ պետք է ամեն ինչ ավարտվի, որ իրենց օգուտները քաղեն, իսկ Ռուսաստանի հոկտեմբերի արձագանքը մնաց անպատասխան:
  • Անընդհատ «խաղաղություն» ասելով՝ խաղաղություն չի գալիս. ընդհակառակը, ՀՀ այս իշխանությունների քայլերն ավելի ու ավելի են մեզ տանում դեպի պատերազմ: Աստված մի արասցե, եթե վաղը Թուրքիան ու Ադրբեջանն ուզենան մի այլ միջանցք բացել, որևէ մեկը միջամտելո՞ւ է. իհարկե ոչ: Արդեն իսկ շատ լուրջ կորուստներ ենք ունեցել անհավասարակշիռ ու իրար հակասող խոստումներ տալու հետևանքով:

  • Խնդիրը ոչ Ադրբեջանն ու Թուրքիան են, ոչ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը: Խնդիրը Հայաստանի իշխանություններն են: Ինչո՞ւ պիտի մյուս կողմերը Հայաստանի համար որևէ փոխհատուցում ներկայացնեն, եթե քո իշխանությունը դա չի պահանջում: Չի լինելու, իհարկե, չի լինելու:
  • Եթե այդ պայմանագրերն այդքան լավն են, նույն TRIPP-ի ու փոքր մոդուլային ռեակտորների հետ կապված, ինչո՞ւ դրանցից որևէ մեկը չի ստորագրվել: Այսինքն՝ առայժմ կա ոչ թե համաձայնագիր, այլ հուշագիր է, որը կարող է ոտքից գլուխ փոխվել, ենթադրենք, այն ժամանակ, երբ Հայաստանի իշխանությունները վստահ կլինեն, որ դրանք կարող են Խորհրդարանով անցկացնել: Եթե համաձայնագրեր չեն բերում, դա նշանակում է՝ կա՛մ բերելու բան չկա, կա՛մ դրանք բերելու հարմար ժամանակը չէ: Սա հարց է, որին պատասխան չկա: Վաղը կարող են մեկ այլ թուղթ բերել, որի մեջ այլ բան գրված լինի, ու ասեն՝ սա է, ու արդեն համաձայնագիր է: Կրկնում եմ, դեռևս որևէ թուղթ ԱՄՆ-ի հետ վերջնական ստորագրված չէ, դրանք հուշագրեր-համաձայնագրեր են մտադրությունների մասին, դրանք որևէ իրավական ուժ, պարտավորություն չեն ենթադրում, դրա համար էլ որոշ երկրներ դեռևս զգուշացնում են Հայաստանին, որ՝ մի արեք, զգույշ եղեք, իսկ եթե ստորագրեն՝ արդեն այդ երկրները կոշտ քայլերի կդիմեն: 

Հիշեցնենք. ոչ 2025թ. օգոստոսի 8-ի Թրամփի, Փաշինյանի և Ալիև միջև ստորագրված թուղթը, ոչ այս տարվա հունվարին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից ներկայացված հայտարարությունը դեռևս ստորագրված, իրավական ուժ ունեցող փաստաթղթեր չեն: Վերջիններս իրենց ներկայացրել էին «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որում հստակ, բառացիորեն ասվում էր. «Այս փաստաթուղթն ուրվագծում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար»։  

  • Ժամանակին՝ 2008 թվականի օգոստոսին, երբ ՌԴ-ն հայտարարություն էր պատրաստել՝ Օսիայում իբր վրացիների իրականացրած Ցեղասպանությունը դատապարտող, ես խոսեցի Պետդումայի նախագահ Գրիզլովի հետ ու ասացի՝ մենք չենք կարող ստորագրել, միանալ այդ հայտարարությանը, որովհետև մենք Ցեղասպանություն տեսած ժողովուրդ ենք, ու այդտեղ Ցեղասպանության փաստեր չկան, և երկրորդ՝ մեր հիմնական ճանապարհը Վրաստանով է, ինչպե՞ս կարող է Հայաստանը միանալ նման հայտարարության: Մարդը հասկացավ ինձ: Նման մի դեպք էլ եղավ 2008թ. փետրվարին, Կոսովոյի հետ կապված: Այսինքն՝ եթե դու հարգում ես քո խնդիրները, բացատրում ես դրանք տարբեր երկրներին, խնդիր չի առաջանում: Պետք է տեր կանգնել սեփական իրավունքներին, և այդ ժամանակ քեզ կհարգեն, ու դու կստանաս աջակցություն: Մենք Ռուսաստանից ստացել ենք այդ աջակցությունը: Դե թող հիմա էլ զենք տան, ինչի՞ չեն տալիս:
  • Ժամանակին Եվրամիությունը շոկի մեջ ընկավ, երբ մենք հայտարարեցինք, որ մտնում ենք ԵԱՏՄ, բայց կարճ ժամանակ անց աշխատեցին նոր փաստաթղթի վրա, ու 2017թ. ստորագրվեց CEPA-ի համաձայնագիրը (Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, Armenia-The EU Comprehensive and Enhanced Partnership Agreement (CEPA)), ընդ որում, ի տարբերություն շատ երկրների, մեր համատեղն աշխատանքն ամենաարդյունավետն էր՝ ըստ իրենց գնահատականների:

Հիշեցնենք. 2017թ. նոյեմբերի 24-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրվեց «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» (ՀԸԳՀ)։ Եվրամիությունը, որն ամբողջովին ներկա էր Գրանադայում, ունի Հայաստանի հետ ստորագրած փաստաթուղթ, որը կոչվում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (CEPA): Դրանում սևով սպիտակի վրա գրված է, որ ամբողջ Եվրամիությունն օժանդակում է Արցախի ինքնորոշման իրավունքին, տարածքային ամբողջականությանը, ուժի չկիրառման հիման վրա կոնֆլիկտի լուծմանը: Ընդ որում,  CEPA-ն վավերացրել է Եվրոպայի 27 երկիր։

  • Հայաստանի այս իշխանությունների և ԱՄՆ-ի միջև հուշագրերով Հայաստանը ստանում է իր ռազմավարական գործոնների կորուստն ու Փաշինյանի լուսանկարները տարբեր մարդկանց հետ: Լուսանկարները հերիք են այս իշխանություններին: 
  • Էդ հետախուզական դրոններն ի՞նչ են անելու, խաղաղություն է, չէ՞: Հուսանք՝ մի օր այդ հուշագրերը հուշագիր էլ կմնան ու կմոռացվեն:

  • Կարո՞ղ է որևէ մեկը բացատրել՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահին ինչի՞ հրավիրեցին Ռուսաստան ու հանդիպում կազմակերպեցին արտգործնախարար Լավրովի ու «Ռոսատոմի» ղեկավարության հետ: Դա խորհրդարանի ղեկավարի անելիք չէր: Կարծում եմ՝ ռուսական կողմից ուղերձներ ունեին փոխանցելու ՀՀ իշխանություններին: Քանի դեռ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները հուշագրերի մակարդակում է, դեռ ոչինչ, հենց այդ հուշագրերը դառնան իրավական ուժ ունեցող փաստաթուղթ-համաձայնագրեր, այլ, շատ ավելի կոշտ խոսակցություն ու արձագանք կլինի: Ալեն Սիմոնյանի այցը խորհրդարանական այց չէր: Նույն կոշտ արձագանքը կլինի Իրանից, հենց հուշագրերը դառնան համաձայնագրեր:
  • 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին ամեն ինչով աջակցում էր Իսրայելը ու ցինիկ կերպով հայտարարում՝ առևտուր է, զենքի բիզնես է: Շատերն են այդպես ասել, իհարկե: Կյանքը ցույց է տվել, որ նույն ԱՄՆ-ը, ինչ-ինչ նպատակներից ելնելով, Ադրբեջանին կարող է տրամադրել զենք, և ոչ միայն պաշտպանական, և ասել՝ բիզնես է, ի՞նչ եք ուզում: Էդ, որ ԱՄՆ ներկայությամբ երաշխավորվելու է Հայաստանի անվտանգությունը, դա ո՞նց է լինելու, բանա՞կն են զինելու, ո՛չ: Միևնույն ժամանակ Ադրբեջանի ռազմական հնարավորություններն օր օրի մեծանում են: Էդ զենքն Ադրբեջանն ո՞ւմ դեմ է կիրառելու: Կա մի բանաձև՝ «ուզում ես խաղաղություն, պատրաստվի՛ր պատերազմի»: Մենք հակառակն ենք անում:
  • Թրամփն ասում է՝ ես եմ իրավունքը, ուզում եք՝ համաձայնե՛ք, չէ, մենք մեր իմացած ձևով կանենք… Այնպես որ, Հայաստանի համար ոչ մի անվտանգային երաշխիք ու հեռանկար չկա: Ակնհայտորեն էլ ավելի է խախտվում հավասարակշռությունը, մինչդեռ պատերազմի կանխման լավագույն ձևն անվասարակշռությունն է:
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահող, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան միշտ աչքի է ընկել ցինիկ պահվածքով, անգամ, երբ դեռ համանախագահ էր: Բրայզան այսօր սոսկ սնվելու կարիք ունի, որովհետև իր քաշն ու դիրքը համապատասխան չեն, նա շատ փոքր ֆիգուր է, բայց միևնույն ժամանակ Ադրբեջանը պատրաստ է սնել Բրայզային, և նրա վերջին հայտարարությունները՝ Մադրիդյան սկզբունքների մասին, պետք է դիտարկել այդ համատեքստում: Նա նենգափոխում է իրականությունը, որովհետև Մադրիդյան սկզբունքները ոչ թե Արցախի օկուպացիայի մասին էր, այլ նրա ինքնորոշման ճանաչման:
  • Աստվածային պատժից դեռ որևէ մեկը չի խուսափել: Իհարկե, կան դուրսպրծուկներ, անձնական շահից դրդված՝ ամեն ինչի մասին խոսողներ, բայց անխուսափելիորեն պատիժը վրա է հասնելու:
  • Դեռևս 2005թ. սկզբին Վենետիկի հանձնաժողովի նիստում, երբ քննարկվում էր Հայաստանի Սահմանադրության տեքստը, որն, ի դեպ, շատ լավ ընդունվեց, Ադրբեջանի ներկայացուցիչն ասաց՝ Հայաստանի Սահմանադրության նախաբանից պետք է հանվի Անկախության հռչակագրի հիշատակումը, ինչին Վենետիկի հանձնաժողովի նախագահն ասաց, որ անիմաստ է համարում այս քննարկումը, որովհետև դա իրենց խնդիրը չէ, ու հարցը միանգամից փակվեց: Այսինքն՝ երբ աշխատում ես, արդյունքը տեսանելի է: Պետք է դիմադրել, փաստարկներ բերել, աշխատել: 
  • Եկեղեցին անում է այն, ինչ պետք է անի: Մեզնից ոմանք անում են այն, ինչ պետք է անեն: Մի փոքր խումբ է դեմ, որովհետև այնպիսի աջակցություն, ինչպիսին ունի Եկեղեցին, չունի ոչ մի պետական ինստիտուտ: Այս առումով Եկեղեցին պաշտպանված է, և Եկեղեցին ոչ ագրեսիվ կերպով, ինչը սխալ կլիներ, որ աներ, անում է անելիքը: Մի բան լավ կլիներ, որ լիներ. Արցախի ժողովուրդն ընդվզել է՝ Արցախի թեմի առաջնորդի ազգուրաց քայլը տեսնելով, մյուս ազգուրացների թեմերի հավատացյալներն էլ պետք է ակնհայտորեն իրենց անհամաձայնությունը հայտնեն: Թեմական խորհուրդներն անելիք ունեն:
  • Մեր բոլոր խնդիրները մի աղբյուրից են գալիս՝ Հայաստանի գործող իշխանությունից, և պետք է այնպիսի աշխատանք տարվի, որ հունիսի 7-ից հետո մենք այլ իշխանություն ունենանք:
  • 2021թ. էլ բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններն աջակցում էին Փաշինյանին, բայց ինքը ստացավ ընտրության իրավունք ունեցողների ձայների ընդամենը 26%-ը: Այսինքն՝ Փաշինյանը չի հաղթել, այլ պարտվել է ընդդիմությանը: Եթե մարդիկ գնային ընտրության, Փաշինյանը չէր վերընտրվի: Նույնը լինելու է հունիսին: Ընդդիմությունը պետք է այս ուղղությամբ աշխատի:

  • Որևէ Կայա Կալաս, Հաքան Ֆիդան կամ Ջեյ Դի Վենս, որքան էլ աջակցեն այս իշխանություններին, չի կարող Հայաստանի ժողովրդի, ՀՀ քաղաքացու վրա ազդել: 
  • Ընդդիմության միասնական թեկնածուով ընտրությունների գնալը կեղծ օրակարգ է. նման բան չի լինում, բայց ընդդիմությունը պետք է հասարակության հետ ակտիվ աշխատի, ու կարողանան մարդկանց բերել ընտրության: Մարդուն պետք է համոզել, որ կա հնարավորություն՝ խուսափելու բոլոր այս ու գալիք աղետներից, որոնք մինչև հիմա տեղի են ունեցել: Մարդկանց պետք է բացատրել, որ կարող ենք ունենալ արժանապատիվ պետություն: Եթե մարդիկ գնան ընտրության, արտաքին որևէ ուժ, ոչ ոք որևէ ազդեցություն չի կարող ունենալ: Հակառակը, երբ թուրքն ու ադրբեջանցին կամ ինչ-որ եվրոպացի սրանց պաշտպանում են, հայ մարդը հարց կարող է տալ՝ սրա՞նք ինչու են շահագրգիռ: Իրենք չեն կարող Հայաստանի քաղաքացու վրա ազդել: Պետք է քաղաքական ուժերը համոզեն այն մարդկանց, ովքեր ընդդիմադիր կողմնորոշում ունեն, որպեսզի նրանք գան ընտրության:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս