Թաքնվելով օրենքի հետևում՝ Երևանի քաղաքապետարանում անխնա վատնում են պետության փողերը

Արդարացնելու համար պետական միջոցների անխնա վատնումը՝ Նիկոլ Փաշինյանը հաճախ է կրկնում այն միտքը, թե պետական փողերն իշխանությունները ծախսում են նույն էֆեկտիվությամբ, ինչպես քաղաքացիներն են ծախսում իրենց ընտանեկան բյուջեները։

Նման համեմատություն անելն, իհարկե, տեղին չէ, որովհետև քաղաքացին իր սեփական փողն է ծախսում, իսկ իշխանությունը՝ քաղաքացու փողը, բայց եթե նույնիսկ այդպես է, ոչ մի քաղաքացի չի կարող իրեն թույլ տալ սեփական գրպանի փողերն այնպես վատնել, ինչպես վատնում են Երևանի քաղաքապետարանում։

Այս պարագայում խոսքը Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Երևանի ավտոբուս» ընկերության մասին է։ Այն դեպքում, երբ շուկայում դիզելային վառելիքի 1 լիտրի գինը՝ 510, առավելագույնը՝ 520 դրամ է, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն այդ նույն դիզվառելիքը գնում է 545 դրամով։ Ընդ որում, «բիրիքով», որը սովորաբար անհամեմատ ավելի էժան է լինում, քան մանրածախ գինն է։

Գնում է այդ գնով, որովհետև այդ փողն իր փողը չէ, ու կարող է իրեն նման շռայլություն թույլ տալ։ Հետո էլ դժգոհում են, թե քաղաքացիներն ուղեվարձը չեն վճարում։

Կարդացեք նաև

Վճարեն, որ այսպես անխնա քամուն տա՞ք։

Օրերս Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն անդրադարձել էր «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից իրականացված դիզվառելիքի գնման գործընթացին։ Արձանագրել էր, որ մայիսի 6-ին ընկերությունը մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք է բերել շուրջ 500 հազար լիտր դիզվառելիք՝ լիտրը 545 դրամով։ Այն պարագայում, որ նույն ժամանակահատվածում լցակայաններում դիզվառելիքի մանրածախ գինը կազմել է մոտ 510-520 դրամ։

Մեսրոպ Մանուկյանի գնահատմամբ՝ այս գործարքի արդյունքում քաղաքապետարանի ենթակա ընկերությունը վառելիքը ձեռք է բերել շուկայականից զգալիորեն բարձր գնով, ինչի հետևանքով Երևան համայնքին հասցվել է շուրջ 60 միլիոն դրամի վնաս։

Այս բացահայտմանը շտապել էր արձագանքել «Երևանի ավտոբուսը»՝ ուղղակիորեն հաստատելով այն, ինչ ասել է ավագանու անդամը։

««Երևանի ավտոբուս» ընկերության կարիքների համար դիզելային վառելիք ձեռք բերելու համար նախապես կազմակերպվել է գնման բաց, մրցակցային և թափանցիկ 3 ընթացակարգ՝ ԵԱ-ԷԱՃԱՊՁԲ-26/11, ԵԱ-ՀԲՄԱՊՁԲ-26/17 և ԵԱ-ԷԱՃԱՊՁԲ-26/20 ծածկագրերով։ Այսինքն, ընկերությունը սկզբնապես ընտրել է ոչ թե հրատապ կամ սահմանափակ, այլ մրցակցային ձևաչափ՝ շուկայի մասնակիցներին հնարավորություն տալով ներկայացնել գնային առաջարկներ։

Ընթացակարգերը, սակայն, չեն կայացել, քանի որ դրանց մասնակցել է միայն «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ընկերությունը, որի ներկայացրած գնային առաջարկները գերազանցել են սահմանված նախահաշվային՝ 1 լիտրի դիմաց՝ 500 դրամ արժեքը` կազմելով 1 լիտրի դիմաց՝ 550 դրամ: Բացի այդ, նույն ընկերությունը, լինելով դիզվառելիքի գործող մատակարարը, 2026-ի մարտի 24-ին պաշտոնապես հրաժարվել է պայմանագրով նախատեսված գնով դիզելային վառելիքի լրացուցիչ քանակ մատակարարելու առաջարկից՝ պատճառաբանելով համաշխարհային գնաճը»,- հայտարարել է «Երևանի ավտոբուսը» ։

Հայտարարված մրցույթները չկայանալուց հետո, հրատապության հիմնավորմամբ՝ «Երևանի ավտոբուսը» կազմակերպում է մեկ անձից գնում։ Դիմում է 7 հնարավոր մասնակիցների։ Սահմանված ժամկետում հայտ է ներկայացնում երկուսը՝ «ՍԻՓԻԷՍ ՋԵՆԵՐԱԼ» ընկերությունը՝ 1 լիտրի դիմաց 550 դրամ, և «Պրեմիում Օիլ» ընկերությունը՝ 1 լիտրի դիմաց 545 դրամ գնային առաջարկով։

«Քանի որ օրենքով և հրավերով սահմանված ժամկետում ներկայացված առաջարկների համեմատությամբ նվազագույն գինն առաջարկել է «Պրեմիում Օիլ»-ը, հենց այդ հիմքով էլ «Երևանի ավտոբուս» ընկերությունն ընտրել է նրան, ինչը բխել է գնումների գործընթացում մրցակցության, թափանցիկության ու մասնակիցների նկատմամբ հավասար վերաբերմունքի սկզբունքներից»,- փորձել է քաղաքային տրանսպորտի համար շուկայականից անհամեմատ բարձր գնով ձեռք բերված վառելիքի գնումն արդարացնել «Երևանի ավտոբուսը»՝ անուղղակիորեն խոստովանելով, որ անգործություն է ցուցաբերել, անտեսել է այն հանգամանքը, որ այդ պահին շուկայում դիզելային վառելիքի գներն անհամեմատ ավելի ցածր են, քան ներկայացված առաջարկներն են եղել։

Ու չնայած դրան, պայմանագիր են կնքել հարյուր-հազարավոր լիտր դիզելային վառելիք գնելու վերաբերյալ՝ «թաքնվելով օրենքի թերությունների հետևում։

Արդարանում են, թե առաջնորդվել են «Գնումների մասին» օրենքի պահանջներով։ Համարենք, որ այդպես է, իսկ որտե՞ղ է առողջ բանականությունը։

Եթե 545-ի փոխարեն՝ 600 կամ 700 դրամ առաջարկեին, էլի՞ գնալու էին պայմանագիր կնքեին ու արդարանային, թե օրենքի շրջանակներում են արել։

Նշենք, որ պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարելուց ընդամենը 1 օր հետո մրցույթին մասնակցած ընկերություններից մեկը դիմել է «Երևանի ավտոբուսին» և առաջարկել դիզելային վառելիքը մատակարարել 1 լիտրը 500 դրամով. 45 դրամով ավելի ցածր գնով, քան կնքված պայմանագիրի գինն է եղել։

Թե այս գործարքի արդյունքում Երևանի քաղաքային բյուջեն ինչքա՞ն վնաս է կրել, հաշվարկները կարող են տարբեր լինել։ Բայց պարզ է, որ վառելանյութի շուկայում գնային փոփոխությունները 1 օրում չեն լինում։ Սակայն այդ փոփոխություններին «Երևանի ավտոբուսում» ուշադրություն չեն դարձրել, շուկան չեն ուսումնասիրել կամ ուսումնասիրել են, բայց անտեսել։ Թե ինչո՞ւ, դա էլ հավանաբար այլ մարմինների պարզելու խնդիրն է։

Մինչ Երևանի քաղաքապետարանում ահա այսպիսի արատավոր բարքեր են տիրում, Երևանի 9 տոկոսանոց քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս օրերին ամբողջ ուժով լծվել է ՔՊ քարոզչությանը, չափչփում է մայրաքաղաքի փողոցներն ու «ափռ-ցփռ» հայտարարություններ է անում, փոխարենը զբաղվելու իր գործով։

Այսպիսի «արդյունավետությամբ» են ծախսում քաղաքացիների գումարները, հետո էլ վայնասուն են բարձրացնում, թե չեն վճարում ուղեվարձը, մատ են թափ տալիս քաղաքացիների վրա, մեղադրում, որ դրա պատճառով չեն կարողանում նոր ավտոբուսներ գնել։ Գումարների անբավարարության պատճառաբանությամբ էլ ժամանակին բարձրացրեցին ուղեվարձերը։ Բարձրացրեցին, որպեսզի իրենց այսպիսի շռայլություններ թույլ տան։

Իմանաս, որ շուկայում նույն ապրանքը 510-520 դրամ է, ու բոլորը կարող են այդքանով գնել, բայց գնաս այն 545 դրամով գնես։

Ո՞րն է սրա տրամաբանությունը։ Եթե անգամ համարենք, որ օրենքը դա թույլ է տալիս, որ այստեղ կոռուպցիա չկա, սա պետական միջոցների ակնհայտ վատնում է, որի համար մի օր պատասխան պիտի տան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930