
Եթե այստեղ լինելու են ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչներ, ես վստահ չեմ, որ դա ընդունելի է լինելու Իրանի համար․ միջազգայնագետ

Աբու Դաբիի հանդիպումից հետո Հայաստանի պաշտոնական անդրադարձն այդ հանդիպմանը բավականին սակավախոս էր․ Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն Աբու Դաբիում քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ, կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են։
Հակառակ սրան՝ ԱՄԷ-ի մայրաքաղաքում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը լուսաբանող ադրբեջանական պետական լրատվամիջոցները տարատեսակ հրապարակումներով նշում էին, թե կողմերը քննարկումներ են ունեցել սահմանազատման, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և այլ հարցերի շուրջ։
Այս հանդիպման, դրա օրակարգերի ու դրան հաջորդող հնարավոր պրոցեսների մասին 168․am-ը զրուցել է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ։
Սուրեն Սարգսյանը Աբու Դաբիի հանդիպմանն անդրադարձավ վերջին իրողությունների համատեքստում՝ հիշեցնելով նաև Փաշինյանի ստամբուլյան այցի մասին։
«Մեծ հաշվով, ամեն ինչ այս գործընթացում սկսվեց հենց այդ այցից, և տպավորություն կար, որ գործողությունների ընդհանրականացում կար․ այսինքն՝ կողմերը սկսեցին ընդհանուր մոտեցումներ ցուցաբերել տարբեր հարցերի շուրջ և, բնական է՝ առաջինը հենց ճանապարհի հարցն էր։
Նախ ֆիքսենք, որ նախ Ալիևի հետ հանդիպեց Էրդողանը, նրա հետ հստակեցրեց քայլերը, ապա Փաշինյանի հետ, որի արդյունքում արդեն Աբու Դաբիում երկկողմ հանդիպում տեղի ունեցավ Փաշինյանի և Ալիևի միջև։
Ասել է թե, սա ամբողջական փաթեթով է կարելի դիտարկել՝ որպես մեկ ամբողջական գործընթաց»,- պարզաբանեց միջազգայնագետը։
Անդրադառնալով Աբու Դաբիի հանդիպումից հետո օրակարգերի մասին հայկական տիրույթում տեղեկությունների բացակայությանը և, հակառակը, ադրբեջանական կողմում բազմաթիվ արտահոսքերին, նա նկատեց, որ նմանատիպ նախադեպերը հաճախ են լինում և նմանատիպ իրավիճակ էր նաև Նիկոլ Փաշինյանի ստամբուլյան այցից հետո։
Հայ-ադրբեջանական բանակցություններում ամերիկյան դերակատարման մասին իր դիտարկումներում ամերիկագետը ուշադրություն հրավիրեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ կայացած համատեղ հանդիպման ժամանակ օրերս արված հայտարարությանը, որով պաշտոնյան արձանագրել էր, որ մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի։
«Նա այդ մասին հայտարարեց, երբ խոսում էր տարբեր երկրներում Թրամփի առաջնորդությամբ տեղի ունեցած պրոցեսների և դրա արդյունքում կնքված խաղաղության համաձայնագրերի մասին։
Իհարկե, կողմերը թեև երկկողմ բանակցությունների ձևաչափում են և միջնորդ չկա, բայց, կարծում եմ՝ ԱՄՆ-ը տարբեր ժամանակներում տարբեր առաջարկներով հանդես է եկել, որոնցից մի քանիսը, չեմ բացառում, որ հայտնվել են բանակցությունների փաթեթի մեջ։ Թե որքանով ԱՄՆ-ը կշարունակի ներգրավվածություն ունենալ, ցույց կտա ժամանակը․ այս պահի դրությամբ, համենայն դեպս, Միացյալ Նահանգները որոշակի ակտիվություն ունեցել է պրոցեսում»,- մանրամասնեց Սուրեն Սարգսյանը։
Հստակեցմանը՝ ներգրավվածություն նշանակում է նաև «Սյունիքի ճանապարհի արտապատվիրակման» (փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի հայտարարությունում առկա ձևակերպումն է) գործառույթների ստանձնո՞ւմ ԱՄՆ կողմից, քանի որ այդ սցենարն էլ է քննարկվում, միջազգայնագետը նշեց․ «Այդ սցենարը, իհարկե, քննարկվում է, ու չեմ բացառում, որ հենց ամերիկյան առաջարկությունը դա լինի։
Ու, ցանկացած պարագայում, ստացվում է այնպես, որ այդ ճանապարհի անվտանգության ապահովումը վերապահված չի լինելու ՀՀ զինված ուժերին, ինչն իր հետևից բերելու է ամենալուրջ խնդիրները։ Եթե այստեղ լինելու են ամերիկյան պետական կամ կիսապետական կազմակերպության ներկայացուցիչներ, ես վստահ չեմ, որ դա ընդունելի է լինելու Իրանի համար։ Այնպես որ, բարդ պրոցես է, և արագ լուծումներ չկան»։
Սուրեն Սարգսյանը չբացառեց, որ կողմերն առաջիկայում հանդես գան ինչ-որ հայտարարությամբ, ինչ-որ տեքստ նախաստորագրեն, քննարկումները շարունակեն, սակայն նաև նկատեց՝ Ադրբեջանը այս պրոցեսն արագ առաջ տանելու ցանկություն չունի, քանի որ ամբողջովին չի բավարարել իր նախապայմանները և, մասնավորապես, ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու նախապայմանը։