Դե թող Արարատ Միրզոյանը 5 կիլո սոխ տանի Եվրոպա, ծախի, 100.000 տամ. խելքներդ գլուխներդ հավաքեք, հերի՛ք է ստեք. Հրանտ Բագրատյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Ռուսաստանի հետ տնտեսական այս պատերազմն ավարտվելու է Հայաստանի լիակատար պարտությամբ, որովհետև մենք չունենք այն քաշն ու կշիռը, որ կարողանանք դիմակայել Ռուսաստանին: Ես, իհարկե, բոլոր տեսակի պատժամիջոցներին դեմ եմ, բայց Ռուսաստանը Փաշինյանին ասում է՝ ընկեր ջա՛ն, 35 անգամ Ռուսաստան ես եկել, քո երկուշաբթին սկսվում է Ամերիկայով, երեքշաբթին՝ Եվրոպայով… մինչև շաբաթ գալիս է Ռուսաստանի հերթը… Դու ո՞վ ես ընդհանրապես:
- Ռուսաստանն ասում է՝ դու ինձ գժի տե՞ղ ես դրել, Հայաստա՛ն… ես քեզ գազ եմ տալիս, ամեն խմ-ի համար էլ 400 դոլարի սուբսիդիա եմ տալիս:
- Դիմում եմ Ռուսաստանին՝ ձեզ վատություն անում է Նիկոլ Փաշինյանը, ոչ թե հայ ժողովուրդը… Հայ ժողովրդին ձեր դեմ մի՛ տրամադրեք:
- Եվրոպացին ասում է՝ հարգելի հայեր, ձեր երկիրը կա՛մ ռուսներինը պիտի լինի, կա՛մ թուրքերինը, մենք հիմա կռվում ենք ռուսների դեմ ու ողջունում ենք ցանկացած հակառուսական քայլ: Իսկ եթե կմտնեք Թուրքիայի կամ Ադրբեջանի կազմ, ավելի լավ: Սա՛ է Եվրոպայի դիրքորոշումը: Էս մարդն ավանտյուրիստի պես ընկել է Եվրոպայի հետևից:
- Ստում են. Ադրբեջանը գազ չունի, Հայաստանն ուրիշ տեղից գազ չի կարող բերել: Իրանից գազ բերելու համար նոր գազամուղ է պետք:
- Սահակաշվիլուն ես ճանաչում եմ: Սուտասանի մեկն է, մի՛ հավատացեք նրա խոսքերին: Ադրբեջանը Վրաստանին 500 դոլարով է գազ տալիս, եթե անգամ մեզ գազ տա, նույն գնով է տալու: Վրաստանին հիմա ավելի շահավետ է, որ ռուսական գազ վերցնի, ինչը և անում է…
- Աշխարհը կիսվում է, և Հայաստանը պիտի կողմնորոշվի՝ սարի որ կողմում է: Մենք պետք է հասկանանք՝ ովքեր են շահագրգռված, որ Հայաստանը լինի: Ռուսաստանը շահագրգիռ է, որովհետև Հայաստանը չլինի՝ թուրքերը կմտնեն Ռուսաստան:
- Ադրբեջանի և Հայաստանի միջև Ռուսաստանը միշտ ընտրելու է Հայաստանին, որովհետև եթե Ադրբեջանը Հայաստանը կուլ տա, լկտիաբար քշելու է Ռուսաստանի վրա: Ղարաբաղը մի՛ վերցրեք, ռուսները դեռ 2016թ. էին ասում՝ ճանաչեք Ղարաբաղի անկախությունը, ինչը մենք չարեցինք:
- Մենք ասում ենք՝ ՀԱՊԿ-ը օգնության չեկավ մեզ, բայց շատերը, ովքեր այդ օրերին այդտեղ եղել են, տեսել են, որ ռուսական զորքն այդտեղ էր, բայց առաջ չեկան, որովհետև չգիտեին՝ Հայաստանի սահմանը ո՞րն է, որովհետև Փաշինյանը սահմանագծման մասին էր խոսում: Դրա համար էին ՀԱՊԿ-ից ասում՝ Փաշինյան, ասա՝ որն է Հայաստանի սահմանը… Վարդենիսի գյուղերին ռուսներն օգնության հասան, որովհետև հաստատ գիտեին՝ էդ գյուղերը հայկական են: Ջերմուկում չարեցին, ինչո՞ւ… Հարցրե՛ք Գլխավոր շտաբի պետին, Նիկոլ Փաշինյանին՝ վերջը, ընկեր ջան, ադրբեջանցիք սովածացան, գնացի՞ն, թե՞ չէ:

- Ադրբեջանում Իլհամ Ալիևի դեմ հարցեր են դնում՝ Վարդենիսում ադրբեջանական զորքը ինչո՞ւ կանգնեցվեց, ինչի՞ չվերցրինք ամեն ինչ: Բա որ Նիկոլ Փաշինյանը չընտրվի, մի նորմալ ազգային ուժ գա իշխանության, հատ-հատ հետ է վերցնելու կորցրածը, ի՞նչ ենք անելու:
- 44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը լսում էր միայն Արևմուտքին: Նրան ասում էին՝ ընկեր ջան, դու Ղարաբաղը պիտի կորցնես, հանձնես, որ ռուսների ոտքը Հարավային Կովկասից կտրվի: Օրեր անց՝ հունիսի 7-ին, իշխանություն կփոխվի, ամեն բան կուսումնասիրվի…
- Ադրբեջանը երբեք չի ասում՝ ինչ սահմաններով է ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև հավանություններ ունի Սևանի ու Սյունիքի նկատմամբ:
- Վրացիները կորցրին Աջարիան, թուրքերը Սահակաշվիլու օրոք ստացան ամեն ինչ: Նա բացեց Աջարիան թուրքերի համար: Գալիս էին առանց սահմանային հսկողություն անցնելու, և հետո սկսեցին լկտիանալ: Թուրքերն իրենց ձեռքը վերցրեցին Բաթումին: Աջարները, որ մահմեդական էին, հետո Աբաշիձեի օրոք դաձան քրիստոնյա, հետո՝ կրկին մահմեդական, կորցրեցին իրենց երկիրը: Հիմա Իվանիշվիլին փորձում է լուծել այդ հարցերը: Նոր օրենքներ են ընդունել, որոնցով թուրքերին այլևս հողահատկացումներ չեն անում, չնայած արդեն երևի ուշ է:
- Ախպեր, ի՞նչ է նշանակում 300 000 ադրբեջանցի ընդունելը, ինչի՞: Նախ իրենք էդ ո՞նց դարձան 300 000, 150 000 էին, երբ հայերը 500 000 էին Ադրբեջանում: Բաքվի կենտրոնում Արմենիքենդ թաղմասն էր՝ թանկ տներով, ամեն մեկն էսօր մի միլիոն դոլար փող արժե, ուրեմն հայերն էլ պիտի գնան, իրենց տները ստանան, ինչի մասին չեն խոսում:
- Մայիսի 28-ին Թրամփը բավականին ջերմ շնորհավորեց Նիկոլին, դրանից մի ժամ հետո Ալիևն ասաց՝ 3 պայման ունեմ, կանե՞ք՝ խաղաղություն կլինի: Այդ օրն Ալիևը չափալախեց Նիկոլին: Հայերը եթե խելք ունենան, պիտի ասեն՝ դուք մեզ Թրամփի թուղթը դեմ մի՛ տվեք, դա ոչ մի բան է, ինչպես չկար Վուդրո Վիլսոնը: Թրամփի խոսքը արժե զրո, զրո չարժե Ալիևի խոսքը, իսկ ի՞նչ ասաց Եվրոպան… Ոչի՛նչ:
- Մեր տարածաշրջանում ԱՄՆ-ը ու Եվրոպան կենսական շահեր չունեն: Այդպիսի շահեր ունեն Ռուսաստանը, Թուրքիան և մեր հարավում՝ Իրանը:
- Հունիսի 7-ին իշխանափոխություն կլինի, Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Ալեն Սիմոնյանին, Սուրեն Պապիկյանին, Սասուն Միքայելյանին, մյուսներին կհրավիրեն իրավապահ մարմիններ ու հարցեր կտան: Մենք մեր երկրում գործ ունենք ոչ թե դավաճանի, այլ թշնամու հետ:
- Մենք մոտ 700 միլիոն դոլարի տարեկան գյուղմթերք էինք տանում Ռուսաստան, որից 200 միլիոնը հարկ էր գալիս: Էս տարի չենք տանի, բյուջեն կպակասի: Հիմա Արարատ Միրզոյանն ու Արամ Սարգսյանն ասում են՝ մեր ապրանքները կտանենք Եվրոպա: Ես առաջարկում եմ իրենց՝ 5կգ սոխ Հայաստանից տանել Եվրոպա վաճառել, 100 000 դոլար փող կտամ: Ներկայացուցիչ դնենք հետդ, Եվրոպայի որևէ շուկայում վաճառի, կարա՞ք: Սկի Ռուսաստանում մրցունակ չեք, Եվրոպայում սանիտարական ֆիտո կանոնների խիստ պայմաններում ո՞նց եք տանելու: Արարատ Միրզոյան, խելքդ գլուխդ հավաքիր, անհեթեթ բաներ մի՛ խոսիր: Վրացիները քանի՞ շիշ գինի կամ քանի՞ կգ դեղձ ծախեցին Եվրոպայում… ԵՄ դեսպանը թող գնա, իր հարազատներին նման խորհուրդներ տա: Գժանոցի մեջ ենք ապրում, ա՛յ մարդ…

- Պատմականորեն 3000-ամյա ազգը կարող է կասկածելի էթնիկ ծագմամբ մեկի հետևից գնա՞լ: Այ մարդ, մոնոէթնիկ երկրում ադրբեջանցին գա, ի՞նչ անի, լկռտվե՞ք: Էս մարդը՝ Փաշինյանը, իրեն հայ չի համարում, չի զգում, հայկական երաժշտություն լսում է, գազազում է:
- Ալիևը Փաշինյանի շարունակությունն է: Հիմա նա հետախուզում է հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, սրան ասում է՝ բռնիր, տուր ինձ. սա էլ չի կարող անել: Փաշինյանի էդ հիստերիան նաև դրանով է պայմանավորված:
- Ես չգիտեմ՝ ինչ պիտի անի Փաշինյանը, որ անցնի: Ինքը չի հաղթելու: Նիկոլ Փաշինյանը 2-րդ համար չունի. էն Գուրգեն Սիմոնյանը Նիկոլ-2 է, անցնելու շանս չունի: Սահմանադրական մեծամասնություն Նիկոլ Փաշինյանը բացառվում է, որ ունենա: Սամվել Կարապետյանն ընդդիմության լիդերն է, թափ է հավաքում Ռոբերտ Քոչարյանը: Եթե ընտրություններին մասնակցի 60%, ապա ընդդիմությունը հաղթում է 65-35 հաշվով: Գնացե՛ք ընտրության, ժողովուրդ ջան, ու մի՛ ընտրեք Նիկոլ Փաշինյանին: Ինչո՞ւ չկա ընտրություն… Աստծուց մանանա՞ եք ուզում: Նույն ձև ոնց որ Ղարաբաղն է դատարկել, Ալիևը նույն ձևի Փաշինյանի ձեռքով դատարկելու է Հայաստանը: Ուշքի՛ եկեք: Հայ ընտրողը բողոքելու տեղ չունի, ամեն տեսակի թեկնածուներ կան: 18-ից մեկը դուրներդ չի՞ գալիս… Էդ ի՞նչ նուրբ քիմք ունեք, էսքան թեկնածու ունի ընդդիմությունը: Փաշինյանը Հայաստանը գրավել է, մենք ոսոխից Հայաստանը պիտի ազզատագրենք: Սա ընտրություն չէ, այլ ազգային-ազատագրական պայքար:
- Իր կառավարման 8 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը ոչ մի դրամ թալանված գումարներից փող չի բերել պետական բյուջե, մինչդեռ 20 միլիարդ էր խոստացել բերել:
- Ասում է՝ զենք եմ առել, սուտ է ասում. 8 միլիարդի զենք նա չի առել: Զենք առնելու համար էդ փողը բյուջե պիտի մտներ: Ինքը 1 միլիարդ 200 միլիոնի զենք է առել, այնպիսի թույլ զինատեսակներ, որ ամոթ էր դրանք զորահանդեսի ժամանակ ցույց տալը: Ադրբեջանն անօդաչուների գործարան կառուցեց ու մեր համեմատ բազմապատիկ անգամ ավել ունեն: Որ եկան մեզ վրա, ինչո՞վ եք խփելու էդ ԱԹՍ-ներին: Պաշտպանության նախարար մենք ունե՞նք, ինչի՞ համար է: Կամ՝ ԱԳ նախարարը, որ գերիների մասին հարց տան, ասի՝ ծընգլ արեցի՞ք:
- Հունիսի 7-ին ինքը հաստատ պարտվելու է, մնում է ընդդիմությունը տեր կանգնի իր ձայներին:
- Աջուձախ պետության ու բյուջեի հաշվին ՔՊ-ն կաշառք է բաժանում: Բժշկական ապահովագրությունը պայթելու է հունիսի 8-ին, բայց եկող իշխանությունն ամեն գնով պետք է բարձր որակով իրականացնի այդ ծրագիրը, ոչ թե փնթի ձևով: Ընդդիմությունն այդ առնչությամբ լավ ծրագրեր ունի: Տնտեսական լավ ծրագրեր կան, մարդիկ ինվեստիցիոն հիմնադրամներ են նախատեսում ստեղծել:

- ԱՄՆ ադմինիստրացիան վստահ է, որ Նիկոլ Փաշինյանն ընտրություններում չի հաղթելու: Դրա համար եկան, թուղթը ստորագրեցին, որ մեր ինչքան հանք կա՝ ամերիկացին շահագործի:
- Հայ ժողովուրդ, ես հավատում եմ ձեր պատմական իմաստնությանը: Դուք չեք կարող ինքնասպանության ճանապարհն ընտրել՝ ընտրելով Փաշինյանին: Ցանկացած ճաշակի ընտրություն ունեք, և ես հավատում եմ, որ իշխանությունը փոխվելու է:
Մանրամասները՝ տեսանյութում:

